ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/9097/05/18 2020 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/9097/05/18 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
2020 թվականի դեկտեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արմեն Դանիելյանի ընդդեմ ՀՀ Նախագահի՝ ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի «Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արմեն Դանիելյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արմեն Դանիելյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի «Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրը` միջնորդելով վերականգնել հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 11.09.2018 թվականի որոշմամբ Արմեն Դանիելյանի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2018 թվականի որոշմամբ Արմեն Դանիելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.09.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Դանիելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը .
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված նյութական և դատավարական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 72-րդ, 73-րդ, 80-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 60-րդ հոդվածը և 53-րդ հոդվածի 1-ին մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական ակտի մասին դրա հասցեատերը պետք է ծանուցված լինի՝ կամ այդ ակտը նրան հանձնելու միջոցով կամ էլ այդ ակտի հրապարակման միջոցով: Այնինչ ՀՀ Նախագահի հրամանագիրը Արմեն Դանիելյանին հանձնվել է միայն 21.08.2018 թվականին։ Քանի որ Արմեն Դանիելյանը սույն գործով հայցադիմումը ներկայացրել է 28.08.2018 թվականին, հետևաբար նա չի խախտել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ Նախագահի վիճարկվող հրամանագրի մասին ծանուցելու պարտականությունը դրված է այն ընդունող մարմնի վրա: Արմեն Դանիելյանը, չունենալով ՀՀ Նախագահի վիճարկվող հրամանագիրը ստանալուն ուղղված գործողություններ կատարելու պարտականություն, այդ գործողությունը կատարել է 2018 թվականի օգոստոսին: Հետևաբար հայցադիմումը ժամանակին չներկայացնելու օբյեկտիվ պատճառ է հանդիսացել ՀՀ Նախագահի վիճարկվող հրամանագիրը չունենալը, իսկ այն ստանալուն ուղղված միջոցների բացակայությունը, դրանցից զրկված լինելը հիմնավորելու պարտականություն Արմեն Դանիելյանը չի կրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն նույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է, հետևաբար վիճարկման հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանը պարտավոր է անդրադառնալ նշված հայցատեսակի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները պահպանված լինելու հարցին, քանի որ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու և այն վերականգնելու միջնորդություն ներկայացված չլինելու հանգամանքը հայցադիմումը վերադարձնելու հիմք է: Միևնույն ժամանակ, եթե վիճարկման հայցը ներկայացվել է դատավարական ժամկետների խախտմամբ և առկա է այդ ժամկետը վերականգնելու միջնորդություն, ապա դատարանը պարտավոր է քննարկել նշված միջնորդությունը՝ կայացնելով համապատասխան որոշում: Ըստ այդմ, միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու հանգամանքը հիմք է հայցվորին դատական պաշտպանություն տրամադրելու համար, մինչդեռ միջնորդությունը մերժելու պարագայում հայցադիմումի ընդունումը ենթակա կլինի մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի (այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի) ուժի մեջ մտնելու կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելու հանգամանքով:
Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով:
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցներին, այդ թվում նաև ակտի հասցեատիրոջն օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելուն հաջորդող օրվանից, եթե oրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեuված չէ:
Այսպիսով, գրավոր վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելու, այսինքն՝ վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:
Ընդ որում, օրենսդիրը սահմանել է գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու հատուկ կանոն՝ միևնույն ժամանակ նախատեսելով բացառություն նշված կանոնից այն պարագայում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքն է խնդրել օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ առկա են առանձին տեսակի վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական (անհատական իրավական) ակտի ուժի մեջ մտնելու առանձին իրավակարգավորումներ, որին անդրադարձ կկատարվի ստորև՝ սույն գործի փաստերի հաշվառմամբ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է վարչական ակտի, այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ որոշման մասին հայցվորի իրազեկմամբ, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել վարչական ակտի կամ վարչական բողոքի վերաբերյալ որոշման ընդունման մասին հայցվորի իրազեկվելուն կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում, հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն, եթե վիճարկման հայցը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետների պահպանմամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատարանի մատչելիության իրավունքը ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): Այնուամենայնիվ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ չնվազեցնի անձի մատչելիության իրավունքն այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51 և 55):
Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմքը համապատասխան հայցն է՝ միաժամանակ ամրագրելով այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Ընդ որում, օրենսդիրը հատուկ նախատեսել է բաց թողնված դատավարական, այդ թվում նաև՝ հայց ներկայացնելու ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ու վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Սակայն հարկ է նկատել, որ հայց ներկայացնելու ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, երբ վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրը որոշակի է:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն. առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ու վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը, իսկ միջնորդության առկայության պարագայում քննարկում է այն և կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին համապատասխան դատական ակտ՝ դրանից բխող իրավական հետևանքներով:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Դանիելյանը 28.08.2018 թվականին փոստային կապի ծառայության միջոցով դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրը (հայցադիմումը վարչական դատարանում ստացվել է 30.08.2018 թվականին) (հատոր 1-ին, գ.թ. 4-10):
Արմեն Դանիելյանը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն՝ նշելով, որ հայցվորը սահմանված կարգով չի իրազեկվել ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի մասին, այն Արմեն Դանիելյանին է հանձնվել միայն 21.08.2018 թվականին և ուժի մեջ է մտել դրանից հետո: Չունենալով իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրը՝ հայցվորը զուտ օբյեկտիվ պատճառներով զրկված է եղել այն դատական կարգով վիճարկելու հնարավորությունից: Իսկ այդ հնարավորության ընձեռումից հետո երկամսյա ժամկետում հայցվորը կազմել է և դատարան է ներկայացրել հայցադիմումը (հատոր 1-ին, գ. թ. 27-29):
Դատարանը մերժել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արմեն Դանիելյանի միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը: Դատարանը պատճառաբանել է, որ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու, ապացույցները ձեռք բերելու և ներկայացնելու, այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ Արմեն Դանիելյանն սկսել է միջոցներ ձեռնարկել 2018 թվականի օգոստոս ամսին, այսինքն` վիճարկվող հրամանագրի կայացումից շուրջ հինգ տարի անց: Բացի այդ, միջնորդությամբ չեն ներկայացվել այնպիսի փաստեր և փաստարկներ, որոնք վկայում են, որ Արմեն Դանիելյանը 2013 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում օբյեկտիվորեն զրկված է եղել այդ միջոցները ձեռնարկելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը մերժել է Արմեն Դանիելյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել անփոփոխ՝ համաձայնելով Դատարանի վերոգրյալ դատողությունների հետ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում նույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի` հրապարակման ենթակա հրամանագրերը և կարգադրությունները հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության Նախագահը` դրանց ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի (...) անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: (...) Եթե նույն մասով սահմանված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում` հանձնարարություններ) սահմանող կամ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող՝ ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի «Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրն անհատական իրավական ակտ է, որը նախատեսում է Արմեն Դանիելյանի իրավական վիճակը վատթարացնող դրույթ, քանի որ այդ իրավական ակտով վերջինս ազատվում է դատախազության համակարգում իր զբաղեցրած պաշտոնից: Հետևաբար, սույն գործով վիճարկվող՝ ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրը, իրավահարաբերության պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ուժի մեջ է մտնում Արմեն Դանիելյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Ընդ որում, այդ իրազեկումը կարող է կատարվել Արմեն Դանիելյանին հանձնելու կամ նրա տրամադրած (նշած) հասցեով ուղարկելու կամ այլ պատշաճ կարգով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկման հայցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ ներկայացված լինելու հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի ընդունման մասին Արմեն Դանիելյանի պատշաճ կարգով իրազեկվելու հանգամանքով: Ըստ այդմ, սույն գործով էական նշանակություն է ստանում «պատշաճ կարգով իրազեկելու» եզրույթի բովանդակության բացահայտումը ՀՀ Նախագահի հրամանագրին վերաբերող մասով:
Ինչպես վերն արդեն նշվել է՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով փաստորեն սահմանվել է ՀՀ Նախագահի անհատական իրավական ակտ հանդիսացող հրամանագիրն ուժի մեջ մտնելու հատուկ կանոն, այն է՝ դրա ընդունմանը հաջորդող օրվանից, ինչպես նաև՝ բացառություն այդ կանոնից, այն է՝ նույն իրավանորմով սահմանված պայմանների առկայության դեպքում տվյալ անհատական իրավական ակտը (...) պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ ՀՀ Նախագահի անհատական հրամանագրերը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հրապարակելու պարտադիր կանոնը միտված է նաև այդ հրամանագրի ընդունման մասին դրա հասցեատիրոջը պատշաճ կարգով իրազեկելուն: Այսինքն՝ ՀՀ Նախագահի անհատական հրամանագրերին վերաբերող մասով «պատշաճ կարգով իրազեկելու» եզրույթի բովանդակությունն է կազմում այդ իրավական ակտի պարտադիր հրապարակումը, հետևաբար, ՀՀ Նախագահի անհատական հրամանագրերի պարագայում դրա ուժի մեջ մտնելու պահը, ուստիև հրամանագիրը դատական կարգով վիճարկելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի ընթացքը պետք է հաշվարկվի՝ հիմք ընդունելով տվյալ հրամանագրի հրապարակման օրը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրով Արմեն Դանիելյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 32): ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրը հրապարակվել է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջում՝ https://www.president.am/hy/decrees/item/995/ հղումով:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի ընդունման մասին Արմեն Դանիելյանն իրազեկվել է դրա հրապարակման եղանակով: Ընդ որում, Արմեն Դանիելյանի հետագա վարքագիծը, մասնավորապես նշված ժամանակից սկսած աշխատանքի չներկայանալը կամ աշխատանքի ներկայանալուն խոչընդոտելու համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունները չվիճարկելը, ևս հաստատում է ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի ընդունման մասին Արմեն Դանիելյանի իրազեկված լինելու մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրն ուժի մեջ է մտել այն հրապարակելու հաջորդող օրվանից։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման հիմքով ՀՀ Նախագահի 15․10․2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագիրը կարող էր հրապարակվել ոչ ուշ, քան դրա ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հրամանագրի հրապարակման օրը 15․10․2013 թվականին հաջորդող երրորդ օրն ընդունելու պարագայում անգամ, ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի մասին Արմեն Դանիելյանը պատշաճ կարգով իրազեկվել է 21․10․2013 թվականին (2013 թվականի հոկտեմբերի 19-ը և 20-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), հետևաբար այն վիճարկելու հայցադիմումը ՀՀ վարչական դատարան կարող էր ներկայացվել ներառյալ մինչև 21.12.2013 թվականը: Մինչդեռ, սույն հայցադիմումը Արմեն Դանիելյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 28.08.2018 թվականին (փոստային կապի ծառայության միջոցով)՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետն այն պատճառաբանությամբ, որ ինքը սահմանված կարգով չի իրազեկվել ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի մասին, իսկ այն իրեն հանձնվել է միայն 21.08.2018 թվականին և ուժի մեջ է մտել դրանից հետո:
Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում ընդգծել, որ միջնորդությունը վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու որևէ հիմնավոր տվյալ չի պարունակել: Դրան հակառակը, միջնորդության մեջ ներառված տվյալի համաձայն՝ ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի մասին Արմեն Դանիելյանն իրազեկվել է միայն 21.08.2018 թվականին, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է վերջինս ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, եթե գտնում էր, որ ժամկետ բաց չի թողնվել:
Միևնույն ժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի ընդունման մասին Արմեն Դանիելյանի իրազեկման օրվա վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ հաստատվում է վիճարկման հայցադիմումը դատավարական ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հանգամանքը, ուստի առկա է եղել միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն:
Անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու հիմքերի բացակայության մասին ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու հայցվորի միջնորդությունը մերժելու հիմքում դրել են ոչ թե վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկված լինելու, այսինքն՝ վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա մասին հիմնավորումները, այլ՝ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու, ապացույցները ձեռք բերելու և ներկայացնելու, այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ Արմեն Դանիելյանի կողմից ուշացած, այն է՝ 2018 թվականի օգոստոս ամսից միջոցներ ձեռնարկելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ հիմնավորումները որևէ նշանակություն չունեն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատական ակտ կայացնելու համար, քանի որ նշված հարցի լուծումը պայմանավորված է ոչ թե ակտի հասցեատիրոջ կողմից միջոցների ձեռնարկման, այլ բացառապես վիճարկվող վարչական ակտի մասին օրենքով սահմանված եղանակով իրազեկման հանգամանքով:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ Նախագահի 15.10.2013 թվականի թիվ ՆՀ-264-Ա հրամանագրի ընդունման մասին հայցվորն իրազեկվել է 21.10.2013 թվականին դրա հրապարակման միջոցով, իսկ սույն գործով վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 28.08.2018 թվականին (փոստային կապի ծառայության միջոցով)՝ չներկայացնելով որևէ հիմնավորված փաստարկ 21.12.2013 թվականից մինչև 28.08.2018 թվականն ընկած ժամանակահատվածը հարգելի պատճառով բաց թողնելու մասին, հետևաբար Դատարանը՝ մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են հիմնավոր դատական ակտեր:
Այսպիսով, սույն բողոքի քննությամբ չհաստատվեցին Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 72-րդ, 73-րդ, 80-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 60-րդ հոդվածը և 53-րդ հոդվածի 1-ին մասը խախտելու փաստերը, ուստի վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: