Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-470-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (30.10.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2020
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.10.2020
Дата вступления в силу
30.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-124-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասի «առնվազն երեսնօրյա պարբերականությամբ» բառերը փոխարինել «իր կողմից կամ ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը,» բառերով․

 2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածով նախատեսված քաղվածքները ավանդատուին տրամադրվում են գրավոր եղանակով՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ ավանդատուն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հրաժարվել է հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ հաշվի քաղվածքները փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում, ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։ Ավանդատուն իրավունք ունի նաև սույն հոդվածով նախատեսված քաղվածքներն ստանալու բանկի տարածքում՝ առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Հաշվի քաղվածքները էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում՝ ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցներով ստանալու իր իրավունքից:».

3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասի «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

 2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Ավանդատուն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում, ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։ Ավանդատուն իրավունք ունի նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունն ստանալու բանկի տարածքում՝ առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում՝ ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից:».

 3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1-ին մասով․

«5.1. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով և 6-րդ հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում բանկն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ։»:

 

Հոդված 3․ Օրենքի 12-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ բանկը պարտավոր է հօգուտ ավանդատուի վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) բանկը ձեռնարկել է ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և

2) փաստացի վերացրել է ավանդատուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և

3) ավանդատուի իրավունքի խախտման հետևանքով ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:

2․ Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:

 Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված՝ ավանդատուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:»:

 

Հոդված 4.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

2․ Սույն օրենքի 1-ին հոդվածը և 2-րդ հոդվածի 1-3-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված՝ ավանդատուների կողմից այդ հոդվածներով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

3․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն հայտարարելու որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ և դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա։

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն ավանդային պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն ավանդատուի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան

ՀՕ-470-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան