Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-20-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2015-23.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.231
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.02.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.03.2012
Дата вступления в силу
24.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 8-ին

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգի գործունեության կանոնները և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի և հավատարմագրված կամ հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` համապատասխանության գնահատման մարմիններ) հարաբերությունները:

2. Սույն օրենքը կարգավորում է փորձարկում, տրամաչափարկում, տեխնիկական հսկողություն, սերտիֆիկացում և համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմինների հավատարմագրման գործընթացը` անկախ հավատարմագրման և համապատասխանության գնահատման պարտադիր կամ կամավոր հիմքերից:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) հավատարմագրում՝ համապատասխանության հավաստում սույն օրենքով սահմանված կարգով համապատասխանության գնահատման հատուկ գործունեություն իրականացնելու նպատակով` հիմնավորելով, որ համապատասխանության գնահատման մարմինը կատարում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ պահանջները` ներառելով դրանք համապատասխան ոլորտների հավատարմագրման համակարգերում.

2) Հավատարմագրման ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն ունի բացառիկ լիազորություններ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրման ապահովման ոլորտում.

3) հավատարմագրման վկայագիր` պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում.

4) հավատարմագրման ոլորտ` համապատասխանության գնահատման որոշակի ծառայություններ, որոնց համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.

5) հավատարմագրման նշան` Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնին տրված նշան` հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար.

6) բողոքարկում` համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ ազգային մարմնի կայացրած որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջ: Որոշումները վերաբերում են դիմումի ընդունման մերժմանը, գնահատում իրականացնելու մերժմանը, ուղղիչ գործողություններ իրականացնելու պահանջին, հավատարմագրման ոլորտի փոփոխությունների կատարմանը, հավատարմագրումը մերժելուն, կասեցնելուն կամ դադարեցնելուն, ինչպես նաև այլ գործողությանը, որը խոչընդոտում է հավատարմագրմանը.

7) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը.

8) համապատասխանության գնահատման մարմին` մարմին, որն իրականացնում է համապատասխանության գնահատման գործունեություն` ներառելով տրամաչափարկումը, փորձարկումը, սերտիֆիկացումը և տեխնիկական հսկողությունը.

9) հավատարմագրմանը հավակնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ` համապատասխանության գնահատման մարմին, որը հավատարմագրման նպատակով դիմել է Հավատարմագրման ազգային մարմին.

10) հավատարմագրման ընդլայնում` հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց.

11) շահագրգիռ կողմեր` հավատարմագրմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգիռ կողմեր: Ուղղակիորեն շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակիորեն շահագրգիռ` նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա.

12) հավասարի սկզբունքներով փորձագիտական գնահատում` հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների անդամ հավատարմագրման ազգային մարմինների սահմանած պահանջներին համապատասխան Հավատարմագրման ազգային մարմնի գնահատման գործընթաց.

13) հավատարմագրման կրճատում` հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցման գործընթաց.

14) հավատարմագրման կասեցում` հավատարմագրման ոլորտի ժամանակավորապես լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու գործընթաց.

15) հավատարմագրման դադարեցում` հավատարմագրումն ամբողջությամբ դադարեցնելու գործընթաց.

16) փորձարկում` ընթացակարգի համաձայն համապատասխանության գնահատման օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.

17) տրամաչափարկում (կալիբրավորում)` գործողություն, որը հատուկ պայմաններում նախ կապ է ստեղծում չափանմուշների (էտալոնների) միջոցով ստացված չափման անորոշություններով մեծության արժեքների և չափման անորոշություններով համապատասխան ցուցմունքների միջև, ապա օգտագործում է այդ տեղեկությունը ցուցմունքից չափման արդյունք ստանալու նպատակով կապ ստեղծելու համար.

18) տեխնիկական հսկողություն` հատուկ պահանջների կամ մասնագիտական դատողության հիման վրա արտադրանքի նախագծման, արտադրանքի պատրաստման գործընթացի կամ տեղադրման փորձաքննություն, որով որոշվում է դրա համապատասխանությունը ընդհանուր պահանջներին.

19) սերտիֆիկացում` արտադրանքի, գործընթացի, համակարգի կամ անձի համապատասխանության հավաստում երրորդ կողմի միջոցով.

20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.

21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված և գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատմանը մասնակցելու համար.

22) պարբերական գնահատում` գործունեության տեսակների լրակազմ, բացառությամբ կրկնական գնահատման, հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից հավատարմագրման պահանջների շարունակական կատարումը հսկելու համար.

23) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, կառավարման համակարգերի, ֆիզիկական անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

24) իրազեկություն` գիտելիքները և հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն:

(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 3.

Հավատարմագրման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության հավատարմագրման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 4.

Հավատարմագրման նպատակները

 

1. Հավատարմագրման նպատակներն են`

1) պաշտոնապես հավաստել համապատասխանության գնահատման մարմնի` համապատասխանության գնահատման որոշակի տեսակի ծառայություններ մատուցելու իրավասությունը.

2) նպաստել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմինների կարողությունների և ծառայությունների կատարելագործմանը, բարձրացնել սպառողների վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ.

3) ապահովել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը միջազգային հավատարմագրման համակարգերի ընթացակարգերին ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում տեխնիկական խոչընդոտները.

4) ստեղծել պայմաններ Հավատարմագրման ազգային մարմնի և նրա կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների միջազգային ճանաչման համար:

 

Հոդված 5.

Հավատարմագրման հիմնական սկզբունքները

 

1. Հավատարմագրումը ծառայություն է, որը ներկայացնում է հանրային շահերը:

2. Հավատարմագրումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`

1) օրինականություն.

2) կամավորություն (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ պահանջ չի սահմանվում).

3) շահագրգիռ բոլոր կողմերի համար հավասար իրավունքներ.

4) անկախություն.

5) անկողմնակալություն.

6) թափանցիկություն.

7) արհեստավարժություն.

8) հավատարմագրման գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիություն.

9) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված հավատարմագրման պահանջների կիրառում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 6.

Հավատարմագրման ազգային համակարգի կառուցվածքը

 

1. Հավատարմագրման ազգային համակարգը կազմված է միմյանց հետ համագործակցող հետևյալ մասնակիցներից`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.

1.1) հավատարմագրման խորհուրդ.

2) Հավատարմագրման ազգային մարմին, ներառյալ` հավատարմագրման տեխնիկական կոմիտեները.

3) համապատասխանության գնահատման մարմիններ:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 7.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`

1) մշակում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը.

2) խրախուսում է հավատարմագրումը համապատասխանության գնահատման ոլորտներում` ընդունելով հավատարմագրումը որպես հիմնական գործիք համապատասխանության գնահատման մարմինների գնահատման գործընթացում.

3) իրականացնում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում` երաշխավորելով, որ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները պահպանվում են և ձեռնարկվում ուղղիչ գործողություններ` հավասարության սկզբունքով իրականացված փորձագիտական գնահատման արդյունքների հիման վրա.

4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ հավատարմագրման բնագավառում.

5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

5.1) հաստատում է հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը և կարգը.

6) իրականացնում է այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 8.

Հավատարմագրման ազգային մարմինը

 

1. Հավատարմագրման ազգային մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Հավատարմագրման ազգային մարմնի անվանումն է «Հավատարմագրման ազգային մարմին»: Այն պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ:

3. Հավատարմագրման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններ հավատարմագրող միակ մարմինն է:

4. Հավատարմագրման ազգային մարմինը`

1) կառուցվածքով անկախ է իր կողմից գնահատվող համապատասխանության գնահատման մարմիններից ու առևտրային ճնշումներից և ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.

2) ապահովում է իր գործողությունների օբյեկտիվությունը և անաչառությունը.

3) ապահովում է, որ հավատարմագրման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացվի իրազեկ անձանց կողմից, որոնք չեն մասնակցել գնահատման գործընթացին.

4) ունի համապատասխան ընթացակարգեր` ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար.

5) սահմանում է համապատասխանության գնահատման գործունեության այն տեսակը, որն իրավասու է գնահատելու (անհրաժեշտության դեպքում հղում կատարելով համապատասխան օրենքներին, այլ իրավական ակտերին և ազգային ստանդարտներին).

6) մշակում է արդյունավետ կառավարման և ներքին ստուգման իրականացման համապատասխան ընթացակարգեր.

7) իր պարտականությունների պատշաճ կատարման համար ունի բավարար թվով իրազեկ աշխատակիցներ.

8) փաստաթղթերով հիմնավորում է գնահատման և համապատասխանության հավաստման որակի վրա ազդեցություն ունեցող աշխատակիցների պարտականությունները և իրավունքները.

9) մշակում, կիրառում և պահպանում է աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքների և իրավասության գնահատման ընթացակարգերը.

10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձևով` խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից` հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, արտադրության ծավալը և սերիական բնույթը.

11) հրապարակում է աուդիտի տարեկան հաշվետվությունը` կազմված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:

(8-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 9.

Հավատարմագրման խորհուրդը

 

1. Հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմվում է 9 անդամից և ձևավորվում երեք շահագրգիռ կողմերից`

1) 4 պետական կառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներից.

2) 2 հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչներից.

3) 3 հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. Խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է լիազորված պետական կառավարման մարմինը:

3. Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես նախագահ:

4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:

6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարին երկու անգամ:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհուրդը`

1) մշակում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ.

2) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում Հավատարմագրման ազգային մարմնի տարեկան ծրագրի վերաբերյալ.

3) հաստատում է հավատարմագրման վկայագրի և համապատասխանության գնահատման չկանոնակարգվող ոլորտներում համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.

4) հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը և կազմը.

5) մասնակցում է Հավատարմագրման ազգային մարմնի աշխատակարգի մշակմանը.

6) Հավատարմագրման ազգային մարմնին խորհրդատվություն է տրամադրում հավատարմագրման ոլորտում քաղաքականության իրականացման հարցերով.

7) ստեղծում է բողոքարկման հանձնաժողով և սահմանում բողոքարկման հանձնաժողովի գործունեության ու բողոքարկումների քննարկման կարգը.

8) սահմանում է հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը.

9) իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմնի հաստատած գործունեության կարգով Խորհրդին վերապահված այլ գործառույթներ:

(9-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-43-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 10.

Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինը

 

1. Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման իրականացումը.

2) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաև տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.

4)  կազմակերպում է հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ և շնորհում համապատասխան վկայագրեր.

4.1) համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի համար կազմակերպում է որակավորման դասընթացներ և տրամադրում վկայագրեր.

4.2) որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և տրամադրում վկայագրեր.

4.3) տրամադրում է համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

5) հրապարակում և տրամադրում է տեղեկատվություն հավատարմագրմանն առնչվող խնդիրների վերաբերյալ.

6) հավատարմագրման բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և մասնակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.

 7) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների բլանկների տպագրությունը և դրանք համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրումն ու հաշվառումը.

8) իր իրավասության սահմաններում կնքում է համագործակցության և համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման երկկողմանի և բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր.

9) հավատարմագրման բնագավառում իրականացնում է նաև այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

(10-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 11.

Հավատարմագրման տեխնիկական կոմիտեները

 

1. Հավատարմագրման տեխնիկական կոմիտեները ստեղծվում են Խորհրդի կողմից.

2. Հավատարմագրման տեխնիկական կոմիտեների հիմնական գործառույթներն են`

1) համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրությունը.

2) համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման փաստաթղթերի (գնահատումների) ուսումնասիրության արդյունքում կայացնում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ որոշումներ:

3) ընդունում է հավատարմագրումը ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաև կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշումներ:

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 12.

Համապատասխանության գնահատման մարմինները

 

1. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ համապատասխանության գնահատման մարմինները`

1) փորձարկման և տրամաչափարկման (կալիբրավորման) լաբորատորիաները.

2) արտադրանքի սերտիֆիկացման մարմինները.

3) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.

4) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.

5) տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինները.

6) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմին Հավատարմագրման ազգային մարմնից կարող է ստանալ տեղեկատվություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ:

3. Համապատասխանության գնահատման մարմինները համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման հայտերն ընդունում են թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

(12-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Հոդված 13.

Հավատարմագրման գործընթացը

 

1. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջների համաձայն:

3. (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

(13-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 14.

Համապատասխանության գնահատման մարմինների իրավունքները

 

1. Համապատասխանության գնահատման մարմինները`

1) օգտագործում են Հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրման նշանը սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինելու դեպքում.

2) դիմում են Հավատարմագրման ազգային մարմին` ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաև կասեցնելու կամ դադարեցնելու հավատարմագրումը.

3) բողոքարկում են հավատարմագրման գործընթացը և հավատարմագրման մասին որոշումները:

 

Հոդված 15.

Համապատասխանության գնահատման մարմինների պարտականությունները

 

1. Համապատասխանության գնահատման մարմինները պարտավոր են`

1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները և կատարել Հավատարմագրման ազգային մարմնի հետ կնքած պայմանագրով ամրագրված պարտավորությունները, սույն օրենքով և համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պարտականությունները.

2) Հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա կատարել վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար.

3) մշտապես համապատասխանել այն ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի և իրավական ակտերի պահանջներին, որոնց համաձայն նրանք հավատարմագրվել են.

4) վկայակոչել հավատարմագրումը և կիրառել հավատարմագրման նշանը միայն հավատարմագրված ոլորտում.

5) հավատարմագրման դադարեցման դեպքում Հավատարմագրման ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագրի բնօրինակը.

6) համագործակցել Հավատարմագրման ազգային մարմնի հետ` հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով:

7) Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել տեղեկատվություն համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ:

(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 16.

Հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

 

1. Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում շահագրգիռ կողմերին:

2. Հավատարմագրման կանոններն ու ընթացակարգերը, ինչպես նաև հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների ռեեստրները ենթակա են հրապարակման Հավատարմագրման ազգային մարմնի կողմից:

(16-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 17.

Հավատարմագրման նշանը

 

1. Հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանում է Խորհուրդը:

2. Արգելվում է չհավատարմագրված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի կիրառումը:

 

 Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18.

Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին

 

1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է անդամակցել, համագործակցել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին, մասնակցել նրանց գործունեությանը և համաձայնագրերի շնորհիվ ձեռք բերել հավատարմագրման վկայագրերի ճանաչում:

2. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից չճանաչված համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:

3. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է դիմում ներկայացնել հավատարմագրման միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ անդամակցության կարգավիճակի փոփոխության վերաբերյալ:

4. Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման համար դիմում է հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում: Նման փորձագիտական գնահատումն իրականացվում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ընթացակարգով:

 

Հոդված 19.

Հավատարմագրման ազգային մարմնի և օտարերկրյա հավատարմագրման մարմինների միջև համագործակցությունը

 

1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է կնքել երկկողմ համագործակցության համաձայնագրեր հավատարմագրման օտարերկրյա մարմինների հետ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերը կարող են ներառել Հավատարմագրման ազգային մարմնի և որևէ օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ համապատասխանության գնահատման մարմինների գնահատման և հավատարմագրման իրականացման մասին դրույթ:

 

Հոդված 20.

Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրման ծառայությունների մատուցումը օտարերկրյա մարմիններին

 

1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է հավատարմագրման ծառայություններ մատուցել օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմիններին` հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային պահանջներին համապատասխան:

 

Հոդված 21.

Հավատարմագրման բնագավառում միջազգային համագործակցության մասին տեղեկատվության տրամադրումը

 

1. Հավատարմագրման ազգային մարմինը տրամադրում է տեղեկատվություն երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների ճանաչման, ինչպես նաև Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման վկայագրերի վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը ենթակա է հրապարակման Հավատարմագրման ազգային մարմնի կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 22.

Հավատարմագրման ազգային մարմնի ֆինանսավորումը

 

1. Հավատարմագրման ազգային մարմնի ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված հատկացումները.

2) հավատարմագրման ծառայություններից, գնահատումներից և տարեկան անդամավճարներից ստացված միջոցները.

3) հավատարմագրման վերաբերյալ հրատարակություններից ու դասընթացներից ստացված միջոցները.

4) միջազգային ծրագրերին, նախագծերին և համաձայնագրերին մասնակցությունից ստացված միջոցները.

5) օրենքով չարգելված այլ միջոցներ:

2. Մինչև երեք հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների անդամակցության ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 23.

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 24.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն հավատարմագրման վկայագրերը, որոնց գործողության ժամկետը չի լրացել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

2. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

(24-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 25.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. մարտի 5
Երևան
ՀՕ-20-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.05.2023, ՀՕ-178-Ն 23.06.2023, ՀՕ-20-Ն
17.12.2014, ՀՕ-236-Ն 09.01.2015, ՀՕ-20-Ն
30.04.2013, ՀՕ-43-Ն 15.06.2013, ՀՕ-20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան