ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 8-րդ կետի «տրամաչափագրումը» բառը փոխարինել «տրամաչափարկումը» բառով.
2) 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.
21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված և գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատմանը մասնակցելու համար.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
«24) իրազեկություն` գիտելիքները և հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) հավատարմագրման խորհուրդ.».
2) 2-րդ կետից հանել «հավատարմագրման խորհուրդը և» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5.1-ին կետից հանել «համապատասխանության գնահատման մարմնի և սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված» բառերը.
3) 6-րդ կետի «ակտերին, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային և միջազգային փաստաթղթերին համապատասխան» բառերը փոխարինել «ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերի «իրավասու» բառը փոխարինել «իրազեկ» բառով.
2) 3-րդ կետից հանել «համապատասխանության» բառը.
3) 5-րդ կետի «) այլ իրավական ակտերը և ստանդարտները» բառերը փոխարինել «, այլ իրավական ակտերին և ազգային ստանդարտներին)» բառերով.
4) 11-րդ կետի «հրատարակում է» բառերը փոխարինել «հրապարակում է» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված. 9. Հավատարմագրման խորհուրդը
1. Հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմվում է 9 անդամից և ձևավորվում երեք շահագրգիռ կողմերից`
1) 4 պետական կառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներից.
2) 2 հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչներից.
3) 3 հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
2. Խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է լիազորված պետական կառավարման մարմինը:
3. Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես նախագահ:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարին երկու անգամ:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհուրդը`
1) մշակում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ.
2) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում Հավատարմագրման ազգային մարմնի տարեկան ծրագրի վերաբերյալ.
3) հաստատում է հավատարմագրման վկայագրի և համապատասխանության գնահատման չկանոնակարգվող ոլորտներում համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
4) հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը և կազմը.
5) մասնակցում է Հավատարմագրման ազգային մարմնի աշխատակարգի մշակմանը.
6) Հավատարմագրման ազգային մարմնին խորհրդատվություն է տրամադրում հավատարմագրման ոլորտում քաղաքականության իրականացման հարցերով.
7) ստեղծում է բողոքարկման հանձնաժողով և սահմանում բողոքարկման հանձնաժողովի գործունեության ու բողոքարկումների քննարկման կարգը.
8) սահմանում է հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը.
9) իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմնի հաստատած գործունեության կարգով Խորհրդին վերապահված այլ գործառույթներ:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը «պարբերական գնահատման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև արտահերթ գնահատման» բառերով.
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաև տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.».
4) 4-րդ կետը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «և որակավորման» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ կետերով.
«4.1) համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի համար կազմակերպում է որակավորման դասընթացներ և տրամադրում վկայագրեր.
4.2) որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և տրամադրում վկայագրեր.
4.3) տրամադրում է համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.».
6) 9-րդ կետի «, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային և միջազգային փաստաթղթերին համապատասխան» բառերը փոխարինել «համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հավատարմագրման տեխնիկական կոմիտեները ստեղծվում են Խորհրդի կողմից:».
2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման փաստաթղթերի (գնահատումների) ուսումնասիրության արդյունքում կայացնում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ որոշումներ.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ընդունում է հավատարմագրումը ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաև կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշումներ:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը փոխարինել «թղթային և էլեկտրոնային տարբերակներով» բառերով:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները և կատարել Հավատարմագրման ազգային մարմնի հետ կնքած պայմանագրով ամրագրված պարտավորությունները, սույն օրենքով և համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պարտականությունները.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել տեղեկատվություն համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ:»:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «համար նախատեսված գրանցամատյանները» բառերը փոխարինել «ռեեստրները» բառով:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերապահումներով տրված հավատարմագրման վկայագրերն առավելագույնը գործում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-236-Ն |