Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-243-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2015-01.01.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.17
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը

 

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը ներառում է`

1) պետական կենսաթոշակային ապահովությունը.

2) կուտակային բաղադրիչը.

3) կամավոր կենսաթոշակային բաղադրիչը:

2. Պետական կենսաթոշակային ապահովությանը, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

3. Պետական կենսաթոշակային ապահովությունը (այսուհետ նաև` պետական կենսաթոշակային համակարգ) պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց ապահովում է պետական կենսաթոշակով:

4. Կուտակային բաղադրիչը օրենքով սահմանված կուտակային հատկացումների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է կուտակային կենսաթոշակով:

5. Կամավոր կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված կամավոր կենսաթոշակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների կամ ապահովագրական վճարների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ կենսաթոշակով (եկամտով):

(1-ին հոդվածը խմբ., փոփ. 21.06.14 ՀՕ-77-Ն)

 

Հոդված 2.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:

2. Քաղաքացիների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել պետական կենսաթոշակային ապահովության այլ պայմաններ:

 

Հոդված 3.

Պետական կենսաթոշակային ապահովության իրավական կարգավորումը

 

1. Պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 4.

Պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքները

 

1. Պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներն են`

1) կենսաթոշակի իրավունքի իրականացումն ապահովելը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) պետական կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը և զարգացումն ապահովելը.

3) սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելը.

4) կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն չափ ապահովելը:

 

Հոդված 5.

Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը

 

1. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ նաև` լիազոր մարմին) սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 6.

Կենսաթոշակ վճարելու միջոցները

 

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

 

Հոդված 7.

Կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը

 

1. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու և բնակվելու ժամանակահատվածում: Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա կենսաթոշակ չի ստանում այն պետությունից, որի քաղաքացին է:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում:

2. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), և նրան նշանակվել է կենսաթոշակ (այսուհետ` կենսաթոշակառու):

3. Պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:

4. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-100-Ն)

(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 8.

Կենսաթոշակի տեսակները

 

Սույն օրենքով սահմանվում են կենսաթոշակի հետևյալ տեսակները.

1. աշխատանքային`

1) տարիքային,

2) արտոնյալ պայմաններով,

3) երկարամյա ծառայության,

4) հաշմանդամության,

5) կերակրողին կորցնելու դեպքում,

6) մասնակի.

2. զինվորական`

1) երկարամյա ծառայության,

2) հաշմանդամության,

3) կերակրողին կորցնելու դեպքում.

3. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

(8-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-156-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հոդված 9.

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

 

1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:

2. 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.

Կենսաթոշակի անցնելու տարեթիվը

2012 թ.

2013 թ.

2014 թ.

2015 թ.

2016 թ. և հետո

Աշխատանքային ստաժը

6 տարի

7 տարի

8 տարի

9 տարի

10 տարի

3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

4. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

5. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

 

Հոդված 10.

Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

 

1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝

1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.

2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.

 

Ծննդյան տարեթիվ

Տարիք

Կենսաթոշակի անցնելու տարեթիվ

01.01.1960-30.06.1960

54,5

2014

01.07.1960-31.12.1960

55

2015

 

2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝

1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.

2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին:

4. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 ցուցակները, պաշտոնների թիվ 3 և թիվ 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.12.13 ՀՕ-120-Ն)

 

Հոդված 11.

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

 

1. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.

2) օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.

3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

2. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

3. Սույն հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 12.

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

 

1. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.

Տարիքային խումբը

Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով

մինչև 23

2 տարի

23-ից մինչև 26

3 տարի

26-ից մինչև 29

4 տարի

29-ից մինչև 32

5 տարի

32-ից մինչև 35

6 տարի

35-ից մինչև 38

7 տարի

38-ից մինչև 41

8 տարի

41-ից մինչև 44

9 տարի

44-ից բարձր

10 տարի

2. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից:

3. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

(12-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 13.

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

 

1. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.

1) 18 տարին չլրացած երեխային.

2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.

5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.

5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.

6) (կետն ուժը կորցրել է 11.12.13 ՀՕ-120-Ն)

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած կերակրողի խնամքի տակ եղած լինելու հանգամանքից:

Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված են եղել նույն բնակության վայրում (հասցեում):

Սույն մասի 5-րդ և 5.1-ին կետերում նշված անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունի մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու ժամանակահատվածում:

2. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:

3. Որդեգրողը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի հարազատ ծնողին հավասար, իսկ որդեգրվածը` հարազատ երեխային հավասար: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենսաթոշակի ընտրության իրավունք ունի:

4. Խորթ հայրը և խորթ մայրը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հորը և հարազատ մորը հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ խորթ դստերն անչափահաս տարիքում խնամել են առնվազն 5 տարի:

Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:

5. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

6. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-100-Ն)

7. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային ստաժը` ըստ տարիքային խմբերի:

8. Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն սահմանելու օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ստաժը` ըստ տարիքային խմբերի:

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած անձի աշխատանքային ստաժի տևողությունից:

9. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

(13-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ., լրաց. 11.12.13 ՀՕ-120-Ն)

 

Հոդված 14.

Մասնակի կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

 

1. Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.

2) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), և լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

2. Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժին համամասնորեն:

3. Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:

Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

4. Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

 

Հոդված 15.

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:

Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`

1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.

2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.

3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.

բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.

գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

3. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:

4. (մասն ուժը կորցրել է 11.12.13 ՀՕ-120-Ն)

5. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

(15-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-82-Ն, խմբ., փոփ. 11.12.13 ՀՕ-120-Ն)

 

Հոդված 16.

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը

(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն)

 

1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:

(16-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հոդված 17.

Զինվորական կենսաթոշակի իրավունքը

 

1. Զինվորական կենսաթոշակի իրավունք ունի`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ նաև` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը.

2) վարժական հավաքների կանչված զինապարտը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցը.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը:

 

Հոդված 18.

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

 

1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում համապատասխան մարմիններում, ինչպես նաև քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին (այսուհետ` զինծառայող), որը`

1) զինվորական ծառայությունից (այսուհետ նաև` զինծառայություն) սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ.

2) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս.

3) հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:

2. Զինծառայողին կենսաթոշակ է նշանակվում զինծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում:

3. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

 

Հոդված 19.

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,

ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,

ԶԱԳ-ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից):

2. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի նախկինում սահմանված չափերից:

(19-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-121-Ն, 01.12.14 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 20.

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և  ժամկետը

 

1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված այն զինծառայողին, որը հաշմանդամ է ճանաչվել զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սակայն զինծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով, այդ ժամկետից ուշ, սակայն զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:

2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից:

3. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

(20-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 21.

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`

1) առաջին խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը.

2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը.

3) երրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը:

2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը (ըստ հաշմանդամության խմբերի) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը չի կարող ցածր լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափից:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:

(21-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-121-Ն)

 

Հոդված 22.

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և  ժամկետը

 

1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված անդամներին` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից և ծառայության տևողությունից:

2. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև`

1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:

3. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի ընտանիքի անդամներին:

 

Հոդված 23.

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

2) երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:

2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի (այդ թվում՝ երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:

(23-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-121-Ն)

 

Հոդված 24.

Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար դրամական բավարարումը որոշելու կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 11.12.13 ՀՕ-121-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(գլուխն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

 

Հոդված 25.

Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

 

Հոդված 26.

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

 

Հոդված 27.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

 

Հոդված 28.

Սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 29.

Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները

 

1. Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները.

2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները.

3) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածը (բացառությամբ ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի).

4) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը` մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

2. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև`

1) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.

2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.

3) ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` ութ տարուց ոչ ավելի.

5) օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` հինգ տարուց ոչ ավելի.

6) ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

7) բռնադատված կամ քրեական հետապնդման ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները` եռակի չափով` սկսած 14 տարեկանից.

8) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամանակահատվածները:

3. Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե`

1) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և ստացել է աշխատավարձ.

2) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և վճարել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար):

4. 2013 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների՝

1) անձը ստացել է աշխատավարձ (եկամուտ).

2) անձը վճարել է եկամտային հարկ:

5. Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու) հանգամանքից:

(29-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 30.

Աշխատանքային ստաժը հաշվարկելու առանձնահատկությունները

 

1. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս երկարամյա ծառայության ստաժում հաշվարկվում են`

1) մխոցային օդանավերով կատարած յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.

2) ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ կատարած յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.

3) վթարային-փրկարարական (որոնողական-փրկարարական) ստորաբաժանումներում օդանավերի թռիչքային անձնակազմում մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ.

4) ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը, որպես երկու տարվա ստաժ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.

5) պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տասը մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման, որպես երկու տարվա ստաժ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:

2. Բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:

4. Թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները:

Օդային երթևեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները:

Ինժեներատեխնիկական ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու և օդային երթևեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակահատվածները:

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:

5. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածը:

6. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու ժամանակահատվածները, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի կողմից կատարվող տարեկան նվազագույն եկամտային հարկի չափով վճարումներ կատարած լինելու դեպքում: Տվյալ տարվա ընթացքում սահմանված չափից պակաս եկամտային հարկ վճարած լինելու դեպքում աշխատանքային ստաժը համամասնորեն պակասեցվում է:

7. Մահացած կերակրողի աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս նրա աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև թռիչքային ժամերով հաշվարկված երկարամյա ծառայության ստաժը:

8. Բռնադատված լինելու ժամանակահատվածները 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են եռակի չափով` սկսած 14 տարեկանից, անկախ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի առկայությունից:

9. Աշխատանքային ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվող ժամանակահատվածները, այդ ժամանակահատվածները հաշվարկելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, լրաց. 11.12.13 ՀՕ-120-Ն)

 

Հոդված 31.

Զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները և դրանք հաշվարկելու առանձնահատկությունները

 

1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են`

1) համապատասխան մարմինների համակարգերի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմերի պաշտոններում զինծառայության, քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի ծառայության, ինչպես նաև համապատասխան մարմինների ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

2) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում զինվորական ծառայության, ինչպես նաև դրանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

3) դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների` կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

2. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են`

1) եռակի չափով`

ա. զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինվորական ծառայությունը` հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում,

գ. 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածը,

դ. սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամանակահատվածը,

ե. մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակահատվածը,

զ. զինծառայությունն այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, ովքեր զինծառայությունից արձակվել են կամ այդ պետություններից հետ են կանչվել զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակահատվածը,

է. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ.

2) կրկնակի չափով`

ա. զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայության ժամանակահատվածը` թռիչքների տարեկան նորմաները կատարելու դեպքում,

բ. գերության ժամանակահատվածը, եթե զինծառայողը կամավոր չի գերվել և գերության ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործություն չի կատարել,

գ. 1961 թվականի հունվարի 1-ից մինչև 1982 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական մասնագետների (բացի օդաչուներից)` այն երկրներ գործուղվելու ժամանակահատվածը, որոնց բանակները մարտական գործողություններ են կատարել կամ ռազմական օգնություն են ցույց տվել այլ երկրների (անկախ այդ մարտական գործողություններին նշված զինծառայողների մասնակցությունից),

դ. 1976 թվականի հունվարի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի, իսկ 1997 թվականի օգոստոսի 11-ից` 2000 մետր և ավելի բարձրության բարձրլեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածը,

ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ.

3) մեկուկեսի չափով`

ա. պարաշյուտիստների ծառայության ժամանակահատվածը` համապատասխան մարմինների սահմանած թռիչքների տարեկան նորմաները կատարելու դեպքում, և սակրավորների ծառայության ժամանակահատվածը,

բ. հատուկ ստորաբաժանումներում զինծառայող կանանց ծառայության ժամանակահատվածը` ըստ համապատասխան մարմինների սահմանած պաշտոնների ցանկի,

գ. զինծառայության ժամանակահատվածն այն վայրերում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել,

դ. 1992 թվականի փետրվարի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայության ժամանակահատվածը,

ե. 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից` 1700-2000 մետր բարձրության լեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածը,

զ. 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածը,

է. ազգային անվտանգության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» ստորաբաժանումում զինծառայության ժամանակահատվածը,

ը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ.

4) այլ բնույթի գործունեության մեկ ամսվա ժամանակահատվածը` որպես մեկ ամսվա զինվորական ծառայություն`

ա. մինչև զինվորական ծառայության անցնելը ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի և քաղաքացիական ավիացիայի համակարգերի օդաչուական և ինժեներատեխնիկական անձնակազմի անդամի աշխատանքային ստաժը,

բ. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած և սպայական պաշտոնում առնվազն 5 տարի ծառայած սպաների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակահատվածը.

5) այլ բնույթի գործունեության մեկ տարվա ժամանակահատվածը` որպես 6 ամսվա զինվորական ծառայություն`

ա. պահեստից զորակոչված սպայական անձնակազմի զինծառայողի` մինչև զինծառայության անցնելը բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը` 5 տարուց ոչ ավելի,

բ. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորած, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած ու սպայական պաշտոնում առնվազն 5 տարի ծառայած զինծառայողների ուսման ժամանակահատվածը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 32.

Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը և ստաժը հաշվառելու կարգը

 

1. Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:

3. Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

4. Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

5. Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների լիազորած ներկայացուցիչներ:

6. Աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

 

Հոդված 33.

Կենսաթոշակ նշանակելը

 

1. Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:

Կենսաթոշակի իրավունք ունեցող` տասնչորս տարին լրացած անձը կարող է կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ:

2. Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:

4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը կայացվում է, եթե ներկայացված փաստաթղթերը և առկա տեղեկատվությունը բավարար են անձին կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է աշխատանքային ստաժում չհաշվառված ժամանակահատված:

7. Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար.

4) անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:

8. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:

9. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(33-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, լրաց. 19.06.13 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 34.

Կենսաթոշակ նշանակելու ժամկետները

 

1. Կենսաթոշակ նշանակվում է`

1) կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ օրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

(34-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 35.

Կենսաթոշակ վճարելը

 

1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

2. Կենսաթոշակը վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպության միջոցով:

Կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

4. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի,  իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի բանկային հաշվին փոխանցելն է:

5. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարի տրամադրումն է անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-100-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-100-Ն)

9. Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:

10. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

11. Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

12. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:

13. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում:

14. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով դադարեցվում է (լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում)`

1) սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալու դեպքում.

2) կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում:

(35-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, խմբ., լրաց. 19.06.13 ՀՕ-82-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-120-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-156-Ն)

 

Հոդված 36.

Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելը

 

1. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

2. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել:

3. Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

4. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:

5. Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(36-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, խմբ., փոփ. 19.06.13 ՀՕ-82-Ն, լրաց. 11.12.13 ՀՕ-120-Ն)

(36-րդ հոդվածի 3-րդ մասի  2-րդ պարբերության` «եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19 և 31-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 14.10.14 ՍԴՈ-1167 որոշմամբ:)

 

Հոդված 37.

Կենսաթոշակի տեսակը փոխելը

 

1. Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

2. Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:

3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող:

4. Կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը կենսաթոշակի տեսակը փոխելիս հաշվառվում է նույնությամբ:

5. Կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:

(37-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 38.

Կենսաթոշակը վերահաշվարկելը

 

1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

3. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:

4. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`

1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(38-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն, 20.06.13 ՀՕ-64-Ն, փոփ., խմբ. 19.06.13 ՀՕ-82-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-156-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-121-Ն, 19.05.14 ՀՕ-32-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 39.

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

(վերնագիրը փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

1. Անձին բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության ղեկավարը տվյալ վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանն այդ մասին գրավոր տեղեկացնում է` նշելով այդ անձի անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրի հասցեն: Եթե անձը կենսաթոշակի իրավունք ունի, սակայն նրան կենսաթոշակ չի նշանակվել, ապա կազմակերպության ղեկավարը տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

2. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ կազմակերպություններում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը:

Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ կարգով:

3. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

4. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 40.

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

 

1. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմին:

2. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 41.

Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը

 

1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է`

1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.

3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.

4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.

5) սույն օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում.

6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

8) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում.

9) օտարերկրյա քաղաքացուն այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.

10) կենսաթոշակի իրավունքը կորցնելու կամ կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.

11) Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում.

12) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

13) (կետն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

14) կենսաթոշակառուի` իր կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում.

15) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում:

Սույն մասում նշված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված հիմքով` հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ ծնողներ կամ զավակներ ունենալու հետևանքով, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:

Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

2. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.

2) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

2.1) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.

3) սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու) դեպքում:

Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու օրվանից, իսկ սույն մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

3. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է`

1) կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում`

ա. տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից,

բ. աշխատանքից ազատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա.

5) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու մասին փաստաթուղթը ներկայացնելու դեպքում` բնակության իրավունք ձեռք բերելու օրվանից.

6) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնից ազատվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` արձակվելու կամ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

7) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.

8) սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված հիմքերով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում` զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:

3.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

3.2. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս դեպքում անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի և կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

4. Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է`

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 3-րդ կետի «բ» ենթակետի, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ 3-րդ մասի 4-րդ կետի հիման վրա վերականգնվելու դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանք ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունն ստորագրելու (բանկ ներկայանալու) մասին բանկից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում:

Սույն մասով սահմանված դեպքում կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում:

(41-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, լրաց., փոփ. 19.06.13 ՀՕ-82-Ն, փոփ. 11.12.13 ՀՕ-120-Ն, 12.12.13 ՀՕ-156-Ն, 19.05.14 ՀՕ-32-Ն, 11.12.13 ՀՕ-121-Ն, լրաց., փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 42.

Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակ վճարելը

 

1. Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակառուի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակը վճարում է նախկին բնակության վայրից նրա կենսաթոշակի գործն ստանալուց հետո: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:

2. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-100-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-100-Ն)

(42-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 43.

Կենսաթոշակից պահումներ կատարելը, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը

(վերնագիրը լրաց. 19.06.13 ՀՕ-82-Ն)

 

1. Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:

2. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվող ամսական գումարից:

3. Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:

4. Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափը, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:

5. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:

(43-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն, լրաց., խմբ., փոփ. 19.06.13 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 44.

Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը

 

1. Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

3. Ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

4. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:

5. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:

6. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:

(44-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-82-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

Հոդված 45.

Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ստեղծելու նպատակը

 

1. Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան) ստեղծելու նպատակն է ապահովել անձի կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացումը:

 

Հոդված 46.

Շտեմարան ներառվող տվյալները

 

1. Շտեմարանը ներառում է`

1) ֆիզիկական անձանց, ինչպես նաև կենսաթոշակառուներին վերաբերող հետևյալ տվյալները.

ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին,

բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը,

գ. սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),

դ. սեռը,

ե. բնակության վայրի հասցեն,

զ. քաղաքացիությունը,

է. աշխատանքային ստաժում հաշվառվող` օրենքով սահմանված այլ գործունեության ժամանակահատվածներին վերաբերող տվյալները,

ը. վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների չափերը, այդ գումարները վճարելու օրը, ամիսը և տարին.

2) վարձու աշխատողի դեպքում նաև`

ա. աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու օրը, ամիսը, տարին,

բ. աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք համարվող փաստաթղթերի (պայմանագրի, հրամանի և այլնի) տվյալները, մասնագիտությունը (պաշտոնը), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածներին վերաբերող տվյալները,

գ. գործատուի (գործատուների)` հարկ վճարողի հաշվառման համարը, լրիվ անվանումը, գտնվելու վայրի կամ պետական գրանցման վայրի հասցեն, պետական ռեգիստրում գրանցվելու օրը, ամիսը, տարին և գրանցման համարը,

դ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը` ըստ գործատուների և ամիսների.

3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև`

ա. պետական գրանցման օրը, ամիսը և տարին, պետական ռեգիստրում գրանցվելու համարը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարին,

բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) և ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) օրը, ամիսը և տարին,

գ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, հարկը վճարելու օրը, ամիսը և տարին.

4) նոտարի դեպքում նաև`

ա. պաշտոնի նշանակվելու և պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին,

բ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը, հարկը վճարելու օրը, ամիսը և տարին.

5) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստացողների դեպքում` նաև եկամուտ ստանալու ժամանակահատվածը, եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը, հարկը վճարելու օրը, ամիսը և տարին.

6) արտոնագրային վճար վճարողների դեպքում` նաև հարկային մարմնում գրանցվելու օրը, ամիսը և տարին, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը:

2. Շտեմարանը ներառում է նաև կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարին, կենսաթոշակի չափը, ինչպես նաև կենսաթոշակառուներին վերաբերող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տվյալները:

(46-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն, 01.12.14 ՀՕ-210-Ն)

 

Հոդված 47.

Շտեմարանը ձևավորելը և վարելը

 

1. Շտեմարանը ձևավորվում է հարկային մարմնից, պետական կառավարման և այլ մարմիններից ստացված և անձանց` կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացրած տվյալներից:

2. Շտեմարանը վարում է լիազոր մարմինը:

3. Շտեմարանը ձևավորելու և վարելու, հարկային մարմնից սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալներն ստանալու, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիններից տվյալներ ստանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Շտեմարան ներառված տվյալները պաշտպանվում են օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 48.

Լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Լիազոր մարմինը`

1) մշակում և վարում է պետական կենսաթոշակային ապահովության միասնական քաղաքականությունը.

2) վերահսկում է պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականությունը.

3) իրականացնում է կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) և վճարելու մեթոդական ղեկավարումը.

4) կազմում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց կատարումը.

5) գործատուներից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում` ստուգում դրանց հավաստիությունը.

6) հարկային մարմնից ստանում է շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

7) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին` շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու և դրանք փոփոխելու համար.

8) իր լիազորությունների շրջանակում քննարկում է կենսաթոշակային օրենսդրության խախտումները.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.

10) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.

11) օրենքով սահմանված կարգով քննարկում է կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, վճարելու մասին դիմումները.

12) կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելուց հետո` տասն օրվա ընթացքում, կենսաթոշակառուին անվճար տրամադրում է կենսաթոշակի վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

13) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

14) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

15) վարում է կենսաթոշակային ապահովության կայքէջը.

16) կատարում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:

2. Շտեմարանը վարելու, գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիներին ու կազմակերպություններին շտեմարանից տվյալներ տրամադրելու, շտեմարան ներառվող տվյալները փոփոխելու համար առաջարկություններ ներկայացնելու, կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալների հավաստիությունն ստուգելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 49.

Ֆիզիկական ու իրավաբանական անձանց և կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք և կազմակերպություններն իրավունք ունեն`

1) լիազոր մարմնից խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ ստանալու պետական կենսաթոշակային համակարգի գործունեության մասին, լիազոր մարմին ներկայացնել կենսաթոշակային ապահովության հարցերին վերաբերող դիմումներ.

2) լիազոր մարմնից ստանալու շտեմարանի` իրենց վերաբերող տվյալներ և դրանք փոփոխելու մասին առաջարկություններ ներկայացնել լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) դիմելու լիազոր մարմին` իրենց կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու (կենսաթոշակ վճարելը վերսկսելու) համար:

2. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք և կազմակերպությունները կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար ներկայացնում են հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների տված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 50.

Կենսաթոշակառուի պարտականությունները

 

1. Կենսաթոշակառուն պարտավոր է`

1) լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ.

2) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:

2. Սույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման սույն օրենքով սահմանված կարգով, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա:

(50-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն)

 

Հոդված 51.

Կենսաթոշակին վերաբերող որոշումները բողոքարկելը

 

1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Հոդված 52.

Պատասխանատվությունը կենսաթոշակային ապահովության օրենսդրությունը խախտելու համար

 

1. Կենսաթոշակային ապահովության օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 53.

Օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը

 

1. Սույն օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերն իր իրավասության շրջանակում ընդունում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 54.

Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը, 7-րդ գլուխը, 48-րդ հոդվածի 6-րդ կետը և 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքը, բացառությամբ 9-րդ գլխի, որն ուժը կորցնում է 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 55.

Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Այդ դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում պահպանվում են նույնությամբ:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից (առանց հավելումների), ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միաժամանակ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով կենսաթոշակ ստացող անձանց՝ երկու կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանվում է մինչև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն նշանակելը:

2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի հիման վրա ձևավորված անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում տվյալներն ամբողջացվում են (այդ թվում` 2012 թվականի տվյալները լիազոր մարմին են ներկայացվում), և դրանք, ինչպես նաև կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա ներառված տվյալները պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան են ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը մահացած` զինվորական կենսաթոշակ ստացած կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստը վճարվում է մահացածի կենսաթոշակի (ներառյալ` կենսաթոշակին տրվող հավելումները) տասնհինգապատիկի չափով, իսկ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված անձանց մահվան դեպքում՝ չորս հարյուր երեսունհինգ հազար դրամ:

4. Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

1) առաջին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

(55-րդ հոդվածը լրաց. 11.12.13 ՀՕ-120-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30

  Երևան

 ՀՕ-243-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-418-Ն 14.11.2024, ՀՕ-243-Ն
31.10.2024, ՀՕ-372-Ն 09.11.2024, ՀՕ-243-Ն
22.12.2023, ՀՕ-426-Ն 01.01.2024, ՀՕ-243-Ն
22.11.2023, ՀՕ-380-Ն 08.12.2023, ՀՕ-243-Ն
14.06.2023, ՀՕ-216-Ն 13.10.2023, ՀՕ-243-Ն
08.12.2022, ՀՕ-527-Ն 01.02.2023, ՀՕ-243-Ն
07.12.2022, ՀՕ-504-Ն 01.02.2023, ՀՕ-243-Ն
23.12.2022, ՀՕ-617-Ն 29.01.2023, ՀՕ-243-Ն
09.06.2022, ՀՕ-230-Ն 01.07.2022, ՀՕ-243-Ն
04.05.2022, ՀՕ-113-Ն 20.05.2022, ՀՕ-243-Ն
24.03.2021, ՀՕ-161-Ն 23.10.2021, ՀՕ-243-Ն
03.02.2021, ՀՕ-72-Ն 01.04.2021, ՀՕ-243-Ն
18.06.2020, ՀՕ-322-Ն 30.06.2020, ՀՕ-243-Ն
04.03.2020, ՀՕ-109-Ն 25.06.2020, ՀՕ-243-Ն
16.04.2020, ՀՕ-217-Ն 30.04.2020, ՀՕ-243-Ն
22.01.2020, ՀՕ-77-Ն 20.02.2020, ՀՕ-243-Ն
25.06.2019, ՀՕ-77-Ն 01.01.2020, ՀՕ-243-Ն
01.07.2019, ՀՕ-112-Ն 25.07.2019, ՀՕ-243-Ն
28.03.2019, ՀՕ-7-Ն 11.04.2019, ՀՕ-243-Ն
11.09.2018, ՀՕ-384-Ն 06.10.2018, ՀՕ-243-Ն
23.03.2018, ՀՕ-290-Ն 09.04.2018, ՀՕ-243-Ն
23.03.2018, ՀՕ-238-Ն 30.03.2018, ՀՕ-243-Ն
21.12.2017, ՀՕ-287-Ն 01.01.2018, ՀՕ-243-Ն
06.12.2017, ՀՕ-239-Ն 01.01.2018, ՀՕ-243-Ն
17.11.2017, ՀՕ-218-Ն 23.12.2017, ՀՕ-243-Ն
15.11.2017, ՀՕ-200-Ն 23.12.2017, ՀՕ-243-Ն
15.12.2016, ՀՕ-247-Ն 09.01.2017, ՀՕ-243-Ն
16.12.2016, ՀՕ-221-Ն 01.01.2017, ՀՕ-243-Ն
21.12.2015, ՀՕ-1-Ն 23.01.2016, ՀՕ-243-Ն
17.12.2015, ՀՕ-176-Ն 01.01.2016, ՀՕ-243-Ն
01.12.2014, ՀՕ-210-Ն 01.01.2015, ՀՕ-243-Ն
01.12.2014, ՀՕ-197-Ն 01.01.2015, ՀՕ-243-Ն
21.06.2014, ՀՕ-77-Ն 01.07.2014, ՀՕ-243-Ն
11.12.2013, ՀՕ-121-Ն 01.07.2014, ՀՕ-243-Ն
19.05.2014, ՀՕ-32-Ն 28.06.2014, ՀՕ-243-Ն
12.12.2013, ՀՕ-156-Ն 01.01.2014, ՀՕ-243-Ն
11.12.2013, ՀՕ-120-Ն 01.01.2014, ՀՕ-243-Ն
19.06.2013, ՀՕ-82-Ն 27.07.2013, ՀՕ-243-Ն
20.06.2013, ՀՕ-64-Ն 01.07.2013, ՀՕ-243-Ն
13.11.2012, ՀՕ-202-Ն 01.01.2013, ՀՕ-243-Ն
19.03.2012, ՀՕ-100-Ն 05.05.2012, ՀՕ-243-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան