ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ |
Սույն օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`
- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը.
- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.
- էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը.
- շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:
Հոդված 2. | ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
էներգաարդյունավետության ցուցանիշ` էներգատեղակայանքների համար Ազգային ստանդարտներով ամրագրված էներգակիրների օգտագործման կամ կորստի բացարձակ, տեսակարար կամ հարաբերական մեծությունը ցանկացած տեսակի արտադրանքի արտադրությունում (ծառայության մատուցման ընթացքում) կամ տեխնոլոգիական պրոցեսում.
էներգախնայողություն` իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը.
էներգակիր` զանազան ագրեգատային վիճակներում գտնվող նյութ (պինդ, հեղուկ, գազային) կամ մատերիայի այլ ձևեր (պլազմա, դաշտ, ճառագայթում և այլն), որոնցում կուտակված էներգիան կարող է օգտագործվել էներգամատակարարման նպատակով.
էներգակիրների արդյունավետ օգտագործում` տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով.
էներգետիկ փորձաքննություն` խորհրդատվական ծառայություն` ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ փորձաքննական եզրակացություն.
ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական և (կամ) ջերմային էներգիա, կենսագազ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
էներգատեղակայանք` էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման, կուտակման, բաշխման և սպառման համար նախատեսված սարքավորումներ կամ փոխկապակցված սարքավորումների և կառույցների համալիր.
վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` հողմային, արեգակնային, ջրային, երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրների համախումբ, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով.
վերականգնվող էներգետիկա` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտ:
Հոդված 3. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնելիս`
ա) էներգետիկ, այդ թվում` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ արտադրող, փոխադրող, փոխակերպող, պահեստավորող և օգտագործող էներգատեղակայանքների, մեքենաների, սարքավորումների և ապրանքների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում.
բ) շենքերի և կառուցվածքների էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ ու հերմետիկացնող նյութերի և շինվածքների մշակման, արտադրության, ներմուծման ոլորտներում.
գ) էներգակիրներ սպառող արտադրատեխնիկական համալիրների (այդ թվում` լուսավորման, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման համալիրների) ու շենքերի և կառուցվածքների էներգաարդյունավետ նախագծերի, տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների մշակման ու ներդրման ոլորտներում.
դ) էներգետիկ ռեսուրսների որակի որոշման, հաշվառքի և սպառման կարգավորման սարքերի ու տեխնիկական համալիրների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտում, ընդ որում` ջրային ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիայի ստացման դեպքում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև ներառյալ 10 000 կՎտ կայանային դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայանների (փոքր հիդրոէլեկտրակայաններ) վրա.
զ) էներգետիկ ռեսուրսների, այդ թվում` վերականգնվող, արդյունավետ օգտագործման համար կազմակերպական, գիտահետազոտական, նախագծային, փորձաքննական, մշակման, կառուցման, վերակառուցման և կարգաբերման աշխատանքների կատարման ոլորտներում:
(3-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-130-Ն)
Հոդված 4. | ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 5. | ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը հիմնված է այդ գործունեության շրջանակներում ներգրավվող կողմերի կամավորության սկզբունքի վրա:
2. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն են`
ա) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով տնտեսության էներգետիկ պահանջարկի բավարարման մակարդակի բարձրացումը.
բ) էներգախնայողության իրականացումը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող իրավական և տնտեսական մեխանիզմների ստեղծումը և կիրառումը.
գ) ներկրվող և արդյունահանվող էներգետիկ ռեսուրսների ծավալների աճի դեպքում` աճի նկատմամբ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման գերակայության ապահովումը.
դ) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև դրան նպաստող նոր տեխնոլոգիաների կիրառման աճի ու զարգացման ապահովումը.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների իրացման մրցունակության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը.
զ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումներում բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայության ապահովումը.
է) էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի էներգաարդյունավետ արտադրության խրախուսումը, այդ թվում` ինքնավար էներգաարտադրողների համար.
ը) վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և էլեկտրաէներգետիկական համակարգի համատեղ աշխատանքի խրախուսումը` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով.
թ) սպառողների կողմից տարբեր տեսակի էներգակիրների և էներգախնայողական տեխնոլոգիաների ընտրության և օգտագործման խրախուսումը.
ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի պետական (ազգային) նպատակային ծրագրերի իրագործումը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 6. | ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ |
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը պետության կողմից վարվող քաղաքականության մշակումն ու իրականացումն է հետևյալ ուղղություններով`
ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական (ազգային, նպատակային) ծրագրերի մշակումը, ընդունումը և իրականացումը.
բ) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների կազմակերպումը և համակարգումը.
գ) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման պետական ծրագրերում, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում էներգախնայողության պահանջների ընդգրկումը.
դ) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման ու կիրառման ապահովումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) էներգախնայողության և էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը և ներդնումը.
զ) էներգատեղակայանքների համապատասխանության կամավոր հավաստման համակարգի ապահովումը.
է) էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ գործող և կառուցվելիք օբյեկտների նախագծերի էներգետիկ փորձաքննությունների իրականացման համակարգի ստեղծումը.
ը) էներգետիկ փորձաքննության գործունեության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
թ) էներգակիրների հաշվառման և վիճակագրության ապահովումը.
ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման նախագծերի և ծրագրերի ֆինանսավորմանն աջակցումը.
ժա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով ուսուցման կազմակերպումը, գիտատեխնիկական առաջընթացին, տեղեկատվությանը և քարոզչությանն աջակցումը.
ժբ) էներգախնայողության ծրագրերում և վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցությանն աջակցումը:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարմանը մասնակցում են կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում և ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատասխանող և կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն)
Հոդված 7. | ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ |
Ստանդարտացման Ազգային մարմնի կողմից «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունվում են էներգախնայողության Ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվում են`
ա) էներգատեղակայանքների էներգաարդյունավետության ցուցանիշները.
բ) էներգետիկ ռեսուրսների արդյունահանման, արտադրման, վերամշակման, փոխակերպման, փոխադրման, պահեստավորման և սպառման էներգաարդյունավետության ցուցանիշները.
գ) շենքերի և կառուցվածքների ջեռուցման, լուսավորման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական համալիրների էներգաարդյունավետության ցուցանիշները.
դ) արտադրական պրոցեսների էներգաարդյունավետության ցուցանիշները.
ե) էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության բնապահպանական ցուցանիշները:
(7-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-130-Ն)
Հոդված 8. | Էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորումը |
(վերնագիրը խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն)
Էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն)
Հոդված 9. | ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
Վիճակագրության ազգային մարմինն իրականացնում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, պահեստավորվող և օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով էներգետիկ հաշվեկշիռներ ներկայացնելու համար:
Հոդված 10. | ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ և ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը և կրթությունը կազմակերպելու նպատակով կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է`
ա) կրթական համակարգի հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի դասընթացների, համապատասխան գիտամեթոդական աշխատանքների նախատեսում.
բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմունքների և տեխնիկայի գծով ճարտարագիտական կադրերի վերապատրաստման դասընթացների նախատեսում:
Հոդված 11. | ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ |
Կառավարության լիազորած մարմինների կողմից էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկատվության տարածումն իրականացվում է`
ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի խնդիրների հանրային քննարկմամբ, նրանց բնապահպանական, տնտեսական և սոցիալական առավելությունների լրատվությամբ և քարոզչությամբ.
բ) էներգաարդյունավետ էներգատեղակայանքների և էներգախնայողական ցուցադրական նախագծերի մասին լրատվությամբ.
գ) էներգախնայողական տեխնոլոգիաների, մեքենաների և էներգատեղակայանքների ցուցահանդեսների կազմակերպմամբ.
դ) էներգետիկ ռեսուրսների խնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ազգային անհրաժեշտության և նպատակահարմարության քարոզչությամբ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 12. | ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ |
Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, կառավարության որոշումներից, ինչպես նաև Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի ընդունած իրավական այլ ակտերից:
(12-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն)
Հոդված 13. | ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ |
1. Էներգետիկ փորձաքննության նպատակն է եզրակացություն տալ էներգաարդյունավետության փաստացի և Ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատական մեծությունների վերաբերյալ:
2. Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին:
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպություններից:
3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված համապատասխանության հավաստման հայտատուները:
(13-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն)
Հոդված 14. | ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ |
1. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման մեթոդները և փաստաթղթային ձևակերպումների կարգը:
2. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը` Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է կառավարությունը:
Հոդված 15. | ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ |
1. Էներգետիկ փորձաքննության իրականացումը պարտադիր փաստաթղթավորում է փորձաքննություն իրականացնող անձը` էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը նախատեսում է փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերի, փորձաքննության արդյունքների հիման վրա էներգետիկ փորձաքննության եզրակացության և էներգետիկ փորձաքննության հաշվետվության կազմումը:
3. Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթերն են: Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:
4. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունները, էներգետիկ փորձաքննության հաշվետվությունները, էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը և էներգետիկ փորձաքննության անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան էներգետիկ փորձաքննության անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Հոդված 16. | ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձի էներգետիկ տնտեսության (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ: Էներգետիկ փորձաքննության եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով:
2. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից: Էներգետիկ փորձաքննության եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի մոտ:
3. Էներգետիկ փորձաքննության դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման համար:
Հոդված 17. | ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ փորձաքննության ընթացքի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման, ինչպես նաև էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
2. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում է փորձաքննողի ու ստորագրվում և (կամ) կնքվում էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի ղեկավարի կողմից:
Հոդված 18. | ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության հիմնական ուղղություններն են`
ա) էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և սարքերի պատրաստման փորձի փոխանակումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստանդարտների և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչումը.
գ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեղեկատվության փոխանակումը.
դ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությունը միջազգային էներգախնայողական և վերականգնվող էներգետիկայի ծրագրերին.
ե) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակումն ու նախագծերի իրականացումը:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. | ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում`
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանում է վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համատեղ աշխատանքի պայմանները.
բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն առաջարկություն է ներկայացնում կառավարություն` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում անհրաժեշտ լրացումներ կատարելու վերաբերյալ.
գ) կառավարությունը, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեման և ընդունում համապատասխան որոշում` ուղղված հողահատկացումների և այլ անհրաժեշտ թույլատրությունների գործընթացի պարզեցմանը.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-130-Ն)
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունում է սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումն ապահովող որոշումներ` վերականգնվող էներգետիկայի արագացված զարգացմանը նպաստող սակագնային երկարաժամկետ քաղաքականության կիրառման մասին:
(20-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|