ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) լրացնել հետևյալ բովանդակությամբ 283-րդ հոդվածով՝
«Հոդված 283. Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում՝ հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով)՝ 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հրապարակում է առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
