ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 16-ին
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները սույն օրենքի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.
1) արտաքին պետական հաշվեքննություն (այսուհետ՝ հաշվեքննություն)՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված չափանիշների և պահանջների պահպանման գնահատում: Գնահատումն իրականացվում է հաշվեքննության առարկայի իրականացման համար իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո.
2) հաշվեքննության առարկա՝ հաշվեքննության օբյեկտի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեություն.
3) հաշվեքննության օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմիններ և հիմնարկներ.
4) ֆինանսատնտեսական գործունեություն` հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական և համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործում.
5) ծրագրային կետ` հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի (այսուհետ` գործունեության ծրագիր) 1-ին և 2-րդ մասերի միավոր, որում նշվում են հաշվեքննության օբյեկտը, առարկան.
6) հաշվեքննության առաջադրանք` հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող փաստաթուղթ, որում նշվում են ծրագրային կետում ներառված հաշվեքննության օբյեկտը, առարկան, կատարման ժամկետը, հաշվեքննությունը ընդգրկող ժամանակաշրջանը, հաշվեքննության տեսակը, ընթացակարգը, հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը, պաշտոնատար անձինք, այդ թվում` հաշվեքննողները, փորձագետները և մասնագետները.
7) հաշվեքննության տեսակներ` ֆինանսական, համապատասխանության, կատարողականի.
8) հաշվեքննության ընթացակարգեր՝ զննում, դիտարկում, հարցում, արտաքին հաստատում, վերլուծական ընթացակարգ, վերահաշվարկ և վերակատարում.
9) ստուգում՝ ստուգման առարկան կարգավորող իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված չափանիշների և պահանջների պահպանման գնահատում: Գնահատումն իրականացվում է ստուգման առարկայի իրականացման համար իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո: Ստուգումը կատարվում է հաշվեքննության օբյեկտին առնչվող իրավաբանական անձանց մոտ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, հաշվեքննության տեսակներով ու զննման, դիտարկման, հարցման, արտաքին հաստատման, վերահաշվարկի և վերակատարման ընթացակարգերով.
10) ստուգման առարկա՝ ստուգման օբյեկտի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեություն.
11) ստուգման օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավաբանական անձ.
12) ստուգման առաջադրանք` հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող փաստաթուղթ, որում նշվում են ծրագրային կետում ներառված հաշվեքննության օբյեկտին առնչվող ստուգման օբյեկտը, առարկան, կատարման ժամկետը, ստուգումն ընդգրկող ժամանակաշրջանը, հաշվեքննության տեսակը, ընթացակարգը, ստուգումն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը, պաշտոնատար անձինք, այդ թվում` հաշվեքննողները, փորձագետները և մասնագետները.
13) հաշվեքննող՝ հաշվեքննություն, ստուգում իրականացնող հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայող.
14) մասնագետ՝ պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացում ներգրավվող՝ համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ.
15) փորձագետ՝ պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացում ներգրավվող՝ հաշվեքննության և ստուգման վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ:
(1-ին հոդվածը լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 2. | Հաշվեքննիչ պալատի կարգավիճակը |
1. Հաշվեքննիչ պալատն արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ պետական մարմինն է:
2. Հաշվեքննիչ պալատի նստավայրը Երևան քաղաքն է:
Հոդված 3. | Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը |
1. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին և հանրությանը ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:
Հոդված 4. | Հաշվեքննիչ պալատի գործառույթները |
1. Սույն օրենքով սահմանված հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի ապահովման համար հաշվեքննիչ պալատն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննության իրականացում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ.
2) սույն մասի 1-ին կետում նշված հաշվեքննության շրջանակներում սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ստուգման կատարում:
Հոդված 5. | Հաշվեքննիչ պալատի լիազորությունները |
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և հիմնարկներում: Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն չի իրականացնում պետական և համայնքային բյուջեների միջոցներից չֆինանսավորվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և հիմնարկներում:
2. Հաշվեքննիչ պալատն ստուգում չի իրականացնում այն իրավաբանական անձանց մոտ, որոնց վերապահված են պետական կամ տեղական ինքնակառավարման գործառույթներ, և դրանց իրականացումը չի ֆինանսավորվում պետական կամ համայնքային բյուջեներից: Հաշվեքննիչ պալատը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվեքննության շրջանակում ստուգում է իրականացնում իրավաբանական անձի մոտ, եթե՝
1) ոչ առևտրային իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից.
2) առևտրային իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի 50-ից ավելի տոկոսը պետական կամ համայնքային մասնակցությամբ է.
3) իրավաբանական անձին իրավական ակտով և պայմանագրով վերապահվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների իրականացում` պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին` միայն սույն կետով նախատեսված իրավական ակտի և պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար, եթե դրանցով նախատեսված է նման ստուգման հնարավորություն.
4) իրավաբանական անձը պայմանագրով ստացել է պետական բյուջեից վարկեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական երաշխիքով ապահովված վարկեր կամ այլ ֆինանսական միջոցներ, միայն այդ միջոցների օգտագործման հետ կապված՝ սույն կետով նախատեսված պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար, եթե այդ պայմանագրով նախատեսված է նման ստուգման հնարավորություն.
5) իրավաբանական անձը պայմանագրով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների կողմից ստացել է դրամաշնորհներ կամ սուբսիդիաներ, միայն այդ միջոցների օգտագործման հետ կապված՝ սույն կետով նախատեսված պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար, եթե այդ պայմանագրով նախատեսված է նման ստուգման հնարավորություն:
3. Սույն հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում հաշվեքննիչ պալատն իրավասու է համապատասխանաբար հաշվեքննություն, ստուգում (այսուհետ՝ նաև հաշվեքննություն) իրականացնելու ինչպես հաշվեքննության օբյեկտում, այնպես էլ հաշվեքննիչ պալատի աշխատավայրում: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված դեպքերում հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունն իրականացնում է իր աշխատավայրում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված իրավաբանական անձանցից հաշվեքննիչ պալատն իրավասու է փաստաթղթեր կամ տեղեկատվություն պահանջելու միայն այն դեպքում, երբ դրանք հասանելի չեն դառնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
4. Հաշվեքննիչ պալատը՝
1) Ազգային ժողով է ներկայացնում՝
ա. տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ,
բ. եզրակացություն պետական բյուջեի կատարման վերաբերյալ,
գ. սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ընթացիկ եզրակացություններ.
2) իրավասու է ուսումնասիրելու իր կողմից հաշվեքննվող մարմինների ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը:
5. Եթե հաշվեքննության ընթացքում հաշվեքննիչ պալատը գալիս է հետևության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա համապատասխան նյութերը հաշվեքննիչ պալատի որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Այդ մասով հաշվեքննիչ պալատը կարող է դադարեցնել հաշվեքննությունը: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տրամադրված նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է հաշվեքննիչ պալատին:
6. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում կամ արդյունքում կարող է հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, ինչպես նաև վերադաս ունենալու դեպքում՝ վերադասին, առաջարկել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց, եթե վերջիններս չեն կատարում սույն օրենքի և հաշվեքննություն իրականացնող անձանց՝ սույն օրենքից բխող օրինական պահանջները:
Հոդված 6. | Միջազգային համագործակցությունը |
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության և դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների և նրանց միջազգային կազմակերպությունների հետ:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. | Հաշվեքննիչ պալատի գործառութային անկախության սկզբունքը |
1. Հաշվեքննիչ պալատն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է հաշվեքննության ենթակա մարմիններից և կազմակերպություններից:
Հոդված 8. | Հաշվեքննիչ պալատի ֆինանսական անկախության սկզբունքը |
1. Հաշվեքննիչ պալատի ծախսերը հանդիսանում են պետական բյուջեի ծախսերի բաղկացուցիչ մաս:
2. Հաշվեքննիչ պալատի ֆինանսավորումը պետք է ապահովի հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթների իրականացումը:
Հոդված 9. | Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության ստանդարտները |
1. Հաշվեքննիչ պալատը կարող է մշակել ուղեցույցներ, մեթոդաբանություն` առաջնորդվելով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներով:
Հոդված 10. | Մասնագիտական կարողությունների ապահովման և շարունակական զարգացման սկզբունքը |
1. Հաշվեքննիչ պալատը սահմանում է չափորոշիչներ հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվողների համար, ինչպես նաև հաստատում է հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիական ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիրը:
(10-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 11. | Կոլեգիալության սկզբունքը |
1. Հաշվեքննիչ պալատը կոլեգիալ մարմին է:
Հոդված 12. | Օբյեկտիվության սկզբունքը |
1. Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ողջ գործընթացն իրականացվում է օբյեկտիվ` փաստերի հետազոտման, վերլուծության ու եզրահանգման միջոցով:
Հոդված 13. | Քաղաքական չեզոքության սկզբունքը |
1. Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
2. Հաշվեքննիչ պալատը քաղաքական իրադարձություններին և նպատակներին որակում չի տալիս: Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ որակում չի տալիս և դրանց հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում:
3. Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:
Հոդված 14. | Հաշվեքննիչ պալատի գործունեության հրապարակայնության և թափանցիկության սկզբունքը |
1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 1-7-րդ, 9-14-րդ և 16-17-րդ կետերով սահմանված որոշումները, բացառությամբ անհատական իրավական ակտերի, հաշվեքննիչ պալատի ֆինանսական հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտորական կազմակերպության եզրակացությունները ենթակա են հրապարակման, բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվության:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հրապարակվում են ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հաշվեքննիչ պալատի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԸ, ՆԻՍՏԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 15. | Հաշվեքննիչ պալատի կազմը |
1. Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից` հաշվեքննիչ պալատի նախագահից և վեց անդամից:
Հոդված 16. | Հաշվեքննիչ պալատի նիստերը |
1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունը կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի (այսուհետ՝ նիստ) միջոցով: Հերթական նիստերը հրավիրվում են ամիսը մեկ՝ հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից: Արտահերթ նիստ հրավիրվում է հաշվեքննիչ պալատի նվազագույնը երեք անդամի նախաձեռնությամբ:
2. Նիստերի օրակարգը նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկվում է հաշվեքննիչ պալատի անդամներին, նիստին հրավիրված անձանց, Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն։
3. Նիստերը նախագահում է հաշվեքննիչ պալատի նախագահը:
4. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հաշվեքննիչ պալատի առնվազն չորս անդամ:
5. Նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ առնվազն չորս կողմ ձայնի առկայության դեպքում:
6. Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ, ունի մեկ ձայն և քվեարկում է կողմ կամ դեմ:
7. Հաշվեքննիչ պալատի որոշումներն ստորագրում է նիստը նախագահողը: Որոշման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի անդամի կողմից հատուկ կարծիքի առկայության դեպքում կարծիքը կցվում է որոշմանը:
8. Նիստերն արձանագրվում են հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով։ Արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հաշվեքննիչ պալատն իր պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն նիստում քննարկված հարցերի և ընդունված որոշումների վերաբերյալ:
9. Հաշվեքննիչ պալատն իր նիստում քննարկում և հաստատում է՝
1) հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը (այսուհետ՝ գործունեության ծրագիր).
2) գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությունը.
3) գործունեության ծրագրում փոփոխությունը և (կամ) լրացումը.
4) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.
5) ընթացիկ եզրակացությունները.
6) հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը.
7) հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը, ծախսերի նախահաշիվը և վերջինիս կատարողականը, սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նշված ֆոնդերից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումները.
8) հաշվեքննության առաջադրանքը.
9) հաշվեքննիչ պալատի ներքին իրավական ակտերը և դրանցում փոփոխությունները և լրացումները.
10) հաշվեքննիչ պալատի կանոնակարգը.
11) հաշվեքննիչ պալատի կանոնադրությունը.
12) հաշվեքննության իրականացման մեթոդաբանությունը և ուղեցույցները, հաշվեքննիչ պալատի անդամների գործունեությանն առնչվող՝ միջազգային իրավական պրակտիկայով պայմանավորված ուղենշային չափանիշները, հաշվեքննողների համար ներքին ծառայողական հարաբերությունների շրջանակում կիրառվող էթիկայի կանոնները և որակի կառավարման համակարգի գործառույթի իրականացման մեթոդաբանությունը.
13) հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների՝ սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան պաշտոնի անձնագրերը.
14) հաշվեքննիչ պալատի աշխատանքներում մասնագետների և փորձագետների ներգրավման կարգը.
15) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-31-Ն)
16) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների միջև աշխատանքների պարբերական վերաբաշխումը.
17) հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքների պարբերական վերաբաշխումը.
18) հաշվեքննիչ պալատի անունից հանդես եկող անձի լիազորությունների շրջանակը, տալիս լիազորագիր.
19) օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է օրենքով նախատեսված կարգապահական տույժեր և խրախուսանքներ, ինչպես նաև լսում է հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները և բավարար հիմքերի առկայության դեպքում ձեռնարկում միջոցներ պատասխանատվություն կիրառելու համար.
20) հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների հաջորդ տարվա մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ինչպես ներքին կարողությունների օգտագործմամբ, այնպես էլ այլ կառույցներում վերապատրաստման միջոցով:
(16-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 17. | Հաշվեքննիչ պալատի անդամը |
1. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած այն քաղաքացին, որն ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոնների առնվազն 3-րդ ենթախմբի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:
2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից ավելի ժամանակահատված, ապա հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին: Այս դեպքում հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այն չի համալրվում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից պակաս ժամանակահատված:
3. Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
4. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, չի կարող ընտրվել այն անձը, որը`
1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ենթարկվել է քրեական պատասխանատվության, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) օրենքով սահմանված կարգով զրկված է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
5. Հաշվեքննիչ պալատի անդամները, ներառյալ՝ պալատի նախագահը, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
6. Հաշվեքննիչ պալատի անդամի, այդ թվում՝ նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անհամատեղելիության պահանջի խախտման կամ հաշվեքննիչ պալատի անդամի որևէ կուսակցության անդամ լինելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքերում:
7. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարում են՝
1) պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
2) հաշվեքննիչ պալատի անդամի՝ հանցագործության կատարման համար դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.
3) եթե ի հայտ է եկել հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկում.
4) հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի դեպքում.
5) հաշվեքննիչ պալատի անդամի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
6) նրա մահվան դեպքում:
8. Հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի մասին դիմումը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին տեղեկացվում է հաշվեքննիչ պալատը: Այդ տեղեկությունը տեղադրվում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների դադարման այլ հիմքեր ի հայտ գալու պարագայում հաշվեքննիչ պալատի նախագահն այդ հիմքերն ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողով։
(17-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 18. | Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները |
1. Հաշվեքննիչ պալատի անդամը, այդ թվում՝ հաշվեքննիչ պալատի նախագահը՝
1) համակարգում է հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի կամ մի քանիսի աշխատանքները.
2) ապահովում է իր համակարգման ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով հաշվեքննության իրականացումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան.
3) սույն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում որոշում է իր համակարգման ներքո գտնվող հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կազմակերպման հարցերը և այդ կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության արդյունքների համար հաշվեքննիչ պալատի առջև կրում է պատասխանատվություն.
4) իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանումներում ձևավորում է հաշվեքննություն իրականացնող հաշվեքննողների աշխատանքային խմբեր.
5) վավերացնում և հաշվեքննիչ պալատի հաստատմանն է ներկայացնում իր համակարգման ներքո հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների հաշվեքննության առաջադրանքների և ընթացիկ եզրակացությունների նախագծերը.
6) կատարում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ սահմանված հանձնարարություններ.
7) ներկայացնում է հաշվեքննիչ պալատը՝ պալատի որոշմամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում:
Հոդված 19. | Հաշվեքննիչ պալատի նախագահը |
1. Հաշվեքննիչ պալատի նախագահը՝
1) ապահովում է հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը.
2) օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակներում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համապատասխան քաղաքացիական ծառայողներին.
3) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ.
4) ներկայացնում է հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
5) հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորությունների իրականացման անհնարինության, ինչպես նաև բացակայության դեպքերում հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը դնում է հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի վրա:
2. Հաշվեքննիչ պալատի նախագահը հաշվեքննիչ պալատի անդամներից մեկի վրա նախապես դնում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունը: Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինողի բացակայության դեպքում հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինում է հաշվեքննիչ պալատի անդամի առավել երկար ստաժ ունեցող անդամը:
(19-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 20. | Հաշվեքննիչ պալատի գործունեության երաշխիքները |
1. Հաշվեքննիչ պալատը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում և հաշվեքննիչ պալատի կանոնակարգին համապատասխան, յուրաքանչյուր տարի կազմում ու Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (հաշվեքննիչ պալատի ծախսերի նախահաշվի նախագիծը)` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
2. Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաշվեքննիչ պալատի՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով ներկայացված բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով և հաշվեքննիչ պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը:
4. Պետական բյուջեով հաշվեքննիչ պալատի գծով նախատեսված տարեկան ծախսերի նախահաշիվները ներառում են հաշվեքննիչ պալատի անդամների և քաղաքացիական ծառայողների խրախուսման և համակարգի զարգացման նպատակային ֆոնդը, որը չի կարող գերազանցել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված չափը:
5. Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի (առանց աշխատակիցների խրախուսման և համակարգի զարգացման նպատակային ֆոնդի գծով ծախսերի) ընդհանուր գումարի երկու տոկոսին:
6. Աուդիտորի որակավորում ունեցող հաշվեքննիչ պալատի անդամները և քաղաքացիական ծառայողները սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված ֆոնդերի միջոցների հաշվին ստանում են դրամական պարգևներ՝ օրենքով սահմանված կարգով:
(20-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 21. | Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումները |
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-31-Ն)
2. Հաշվեքննիչ պալատ պետական մարմնում գործում են հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ, հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ: Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-31-Ն)
4. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում հաշվեքննիչ պալատի նախագահը:
(21-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 22. | Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողներին ներկայացվող պահանջները |
(վերնագիրը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-31-Ն)
1. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում պետք է ներառվեն նաև առնվազն հետևյալ պահանջները.
1) հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված աուդիտորի որակավորում և աուդիտորի կամ հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական և դրանց հավասարեցված ստորաբաժանման ղեկավար պաշտոնների խմբում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2) հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած աուդիտորի որակավորում և աուդիտորի կամ հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական և դրանց հավասարեցված ստորաբաժանման ղեկավար պաշտոնների խմբում նվազագույնը չորս տարվա աշխատանքային ստաժ:
2. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողները և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողներն առնվազն երեք տարին մեկ անցնում են վերապատրաստում` հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրով սահմանված կարգով:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 23. | Հաշվեքննիչ պալատի որակի կառավարման համակարգը և արտաքին աուդիտը |
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունն իրականացնում է օրինականության և տնտեսման, նպատակային ու ծախսային արդյունավետության սկզբունքների համաձայն:
2. Հաշվեքննիչ պալատի ֆինանսական, հսկողության և կառավարչական գործընթացների հետ կապված ռիսկերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հաշվեքննիչ պալատ պետական մարմնում ստեղծվում է որակի կառավարման համակարգ:
3. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են ամենամյա արտաքին աուդիտի` մրցութային հիմունքներով ընտրված արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից:
4. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության մրցույթը կազմակերպում է Ազգային ժողովի աշխատակազմը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
(23-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 24. | Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը և հաշվեքննիչ պալատի կանոնադրությունը |
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
1. Հաշվեքննիչ պալատի գործունեության ներքին ընթացակարգը, հաշվեքննության կազմակերպման և իրականացման ներքին ընթացակարգերը, ինչպես նաև գործունեության ծրագրի, գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության և ընթացիկ եզրակացության ձևանմուշները սահմանվում են հաշվեքննիչ պալատի կանոնակարգով: Կանոնակարգով մասնավորապես սահմանվում է հաշվեքննիչ պալատի անդամների, ինչպես նաև հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների միջև աշխատանքի պարբերական վերաբաշխման սկզբունքը`
1) հաշվեքննիչ պալատի անդամը վեց տարվա ընթացքում առավելագույնը երկու տարի կարող է համակարգել հաշվեքննություն իրականացնող նույն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները, բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի.
2) հաշվեքննիչ պալատի անդամը վեց տարվա ընթացքում առավելագույնը երկու տարի կարող է համակարգել միևնույն պետական և տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված գործունեության ոլորտում հաշվեքննություն իրականացնող որևէ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները, բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի.
3) հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող նույն կառուցվածքային ստորաբաժանումը վեց տարվա ընթացքում առավելագույնը երկու տարի կարող է միևնույն պետական և տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված գործունեության ոլորտում հաշվեքննություն իրականացնել, բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի.
4) հաշվեքննությունը հաջորդ տարում շարունակվելու դեպքում հաշվեքննությունն իրականացնում են այն սկսած հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը և հաշվեքննիչ պալատի անդամը:
2. Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների միջև պարտականությունների բաշխումը, կազմակերպման և իրականացման կարգը հաստատվում են հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:
(24-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
ԳԼՈՒԽ 4
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԸՆԹԱՑԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 25. | Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը |
1. Յուրաքանչյուր տարի հաշվեքննիչ պալատը հաստատում է գործունեության ծրագիրը մեկ տարվա համար՝ հաշվեքննիչ պալատի նախորդ գործունեության ծրագրի ավարտման ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ։
2. Գործունեության ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.
1) պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման հաշվեքննություն.
2) հաշվեքննություն՝ ըստ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ կազմված հաշվեքննության առարկայի, հաշվեքննվող օբյեկտի, հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման.
3) հաշվեքննիչ պալատի ներքին գործընթացների ծրագիր` հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման, որակի կառավարման համակարգին, անձնակազմի կառավարմանն ու վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը և սույն օրենքով հաշվեքննիչ պալատին վերապահված այլ հարցեր:
3. Հաշվեքննիչ պալատն իրավասու է գործունեության ծրագրի 2-րդ մասում իրականացնելու հիմնավորված փոփոխություն և (կամ) լրացում՝ գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ: Դրա վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Գործունեության ծրագրի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ծրագրային կետի կատարումը տվյալ տարում չավարտվելու դեպքում տեղափոխվում է հաջորդ տարի:
Հոդված 26. | Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը |
1. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվեքննության ավարտից հետո ընթացիկ եզրակացության նախագիծը ներկայացնում է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը համակարգող հաշվեքննիչ պալատի անդամին՝ վավերացման:
2. Ընթացիկ եզրակացության նախագիծը հաշվեքննիչ պալատի անդամի կողմից վավերացվելուց հետո ներկայացվում է հաշվեքննիչ պալատի հաստատմանը: Ընթացիկ եզրակացության նախագծի հետ պալատ են ներկայացվում նաև վերջինիս կազմման համար հիմք հանդիսացող հաշվեքննության արձանագրությունները ու դրանց վերաբերյալ հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի առարկությունները և բացատրությունները:
3. Ընթացիկ եզրակացության վերաբերյալ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացնում դրա նախագիծն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
4. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները համապատասխանաբար այդ ժամանակահատվածների ավարտման օրվանից հետո՝ չորս ամսվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով:
5. Գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի՝
1) կատարման արդյունքում կազմված՝
ա. կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը ներառում է հաշվետվություն հաշվեքննության առարկայի տնտեսման և (կամ) նպատակային արդյունավետության և (կամ) ծախսային արդյունավետության վերաբերյալ,
բ. ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները ներառում են սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի տեղեկատվությունը և 2-րդ կետի «ա» կամ «բ» կամ «գ» կամ «դ» ենթակետով նախատեսված կարծիքը.
2) կատարման արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը, ըստ անհրաժեշտության, ներառում է՝
ա. գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու մասին,
բ. գրառում` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ,
գ. առաջարկություններ հաշվեքննության օբյեկտի ղեկավարությանը և այլ շահագրգիռ կողմերին,
դ. հաշվեքննության արձանագրությունների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների ներկայացրած առարկությունները և բացատրությունները,
ե. եզրակացություններ,
զ. այլ տեղեկատվություն:
6. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագրի 2-րդ մասում ընդգրկված ծրագրային կետի հաշվեքննության արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է ծրագրային կետում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, որն ընթացիկ եզրակացությունն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հաշվեքննիչ պալատին տրամադրում է ընթացիկ եզրակացությունում ամրագրված անհամապատասխանության, խեղաթյուրման վերացման, առաջարկությունների իրականացման և ընթացիկ եզրակացությանը վերաբերող այլ գրավոր տեղեկատվություն:
7. Հաշվեքննիչ պալատը սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն կցում է համապատասխան ընթացիկ եզրակացությանը և ներկայացնում Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տեղեկատվության տրամադրման պահանջի խախտման դեպքում հաշվեքննիչ պալատը նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դրա վերաբերյալ տեղեկատվությունը կցում է ընթացիկ եզրակացությանը և ուղարկում է Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(26-րդ հոդվածը խմբ. 03.10.18 ՀՕ-396-Ն)
Հոդված 27. | Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը |
1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմվում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության միջոցով` օգտագործելով նույն տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները:
2. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը բաղկացած է հետևյալ մասերից.
1) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն.
2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք, որը, ըստ անհրաժեշտության, ներառում է՝
ա. դրական եզրահանգում, եթե ստացվել է բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար, և էական խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել,
բ. ոչ լիարժեք եզրահանգում, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած չեն, և հաշվետվություններն էականորեն խեղաթյուրված են, կամ հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած չեն, և անհնար է ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար,
գ. բացասական եզրահանգում, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած են, և հաշվետվություններն էականորեն խեղաթյուրված են,
դ. հրաժարում եզրահանգում ներկայացնելուց, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած են, և անհնար է ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար:
3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն Ազգային ժողով ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։
Հոդված 28. | Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը |
1. Տարեկան հաղորդումը բաղկացած է երեք մասից՝
1) պետական բյուջեի կատարողականի հաշվեքննության հետ կապված՝ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն.
2) գործունեության ծրագրի 2-րդ մասում ընդգրկված ծրագրային կետերի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
3) նախորդ տարվա ընթացքում գործունեության ծրագրի 3-րդ մասի իրականացման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի տեղեկատվությունը և արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունը:
2. Տարեկան հաղորդման 2-րդ մասում ներառվում է միայն այն ծրագրային կետերի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, որոնց մասով ընթացիկ եզրակացությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կամ 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը:
3. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
(28-րդ հոդվածը փոփ. 03.10.18 ՀՕ-396-Ն)
Հոդված 29. | Հաշվեքննությունների վերլուծությունների արդյունքների հրապարակայնացումը |
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության արդյունքների վերլուծության հիման վրա քննարկում է անհամապատասխանությունների և խեղաթյուրումների պատճառները, որի արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ կարող է ներկայացնել առաջարկություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի փոփոխման և (կամ) լրացման վերաբերյալ:
2. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության արդյունքների վերլուծության հիման վրա կարող է առաջարկություններ ներկայացնել նաև բյուջետային ծրագրերում նկարագրված ոչ ֆինանսական չափորոշիչների բարելավման վերաբերյալ:
3. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունների վերլուծության արդյունքում պարզում է հաճախ հանդիպող անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև քննարկումներ է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հետագայում այդ անհամապատասխանությունների և խեղաթյուրումների կանխարգելման և բացառման համար:
4. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունների վերլուծության արդյունքում պարզում է օրինական և արդյունավետ կառավարման դրսևորումները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև քննարկումներ է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ դրանց հաղորդակցման և քարոզչության համար:
Հոդված 30. | Հաշվեքննիչ պալատի կողմից տեղեկատվության տրամադրման կարգը |
1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեության ծրագիրը, ընթացիկ եզրակացությունները, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը և գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը հաստատելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն, միաժամանակ դրանք տեղադրում է հաշվեքննիչ պալատի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում:
2. Մինչև հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը հաշվեքննիչ պալատի անդամներին, հաշվեքննողներին, հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայողներին, ներգրավված մասնագետներին ու փորձագետներին և հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է հաշվեքննության վերաբերյալ որևէ ձևով նախնական գնահատականների և եզրակացությունների հրապարակումը։
(30-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
ԳԼՈՒԽ 5
ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 31. | Հաշվեքննության նպատակը |
1. Հաշվեքննության նպատակն է պարզել հաշվեքննության առարկայի օրինականության ու տնտեսման, նպատակային և ծախսային արդյունավետության սկզբունքների պահպանումը։
2. Հաշվեքննության իրականացմամբ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրում է հաշվեքննության օբյեկտի ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը: Ներքին աուդիտի համակարգը արդյունավետ գնահատելու դեպքում հաշվեքննիչ պալատը կարող է հիմնվել վերջինիս արձանագրած արդյունքների վրա:
Հոդված 32. | Հաշվեքննության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը |
1. Հաշվեքննիչ պալատին առցանց հասանելի են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հաշվեքննության օբյեկտներին պատկանող պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական և համայնքային սեփականության օգտագործմանն առնչվող էլեկտրոնային շտեմարանները, բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվության:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվեքննության օբյեկտներին պատկանող պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական և համայնքային սեփականության օգտագործմանն առնչվող տեղեկատվության առցանց տրամադրման անհնարինության դեպքում այն հաշվեքննիչ պալատին տրամադրվում է հաշվեքննիչ պալատի հարցման հիման վրա՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, հարցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել ևս 15 օրով՝ էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով։
Հոդված 33. | Հաշվեքննության տեսակները, սկզբունքները և ընթացակարգերը |
1. Հաշվեքննության տեսակներն են`
1) ֆինանսական հաշվեքննություն՝ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում են պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման ֆինանսական փաստաթղթերի վարման պահանջների կատարումը և դրա արդյունքում ձևավորված հաշվետվությունների արժանահավատությունը.
2) համապատասխանության հաշվեքննություն՝ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման համապատաuխանությունն իրավական ակտերին, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված այլ գործարքներով սահմանված չափանիշներին և պահանջներին.
3) կատարողականի հաշվեքննություն` հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման տնտեսող, նպատակային և ծախսային արդյունավետ լինելը:
2. Կատարողականի հաշվեքննության սկզբունքներն են՝
1) տնտեսում՝ կատարողականի հաշվեքննության սկզբունք, որով գնահատվում է, թե ինչքանով են նվազագույնի հասցվել նախատեսված (ձեռք բերվող) ռեսուրսներին ուղղված ծախսերը` սահմանված ժամկետի, որակի, քանակի, ծավալի պահպանմամբ և համարժեք հատուցմամբ.
2) նպատակային արդյունավետություն (օգտավետություն)՝ կատարողականի հաշվեքննության սկզբունք, որով գնահատվում են սահմանված նպատակների իրականացումը և պլանավորված արդյունքների ստացումը.
3) ծախսային արդյունավետություն (արդյունավետություն)՝ կատարողականի հաշվեքննության սկզբունք, որով գնահատվում է նախատեսված ռեսուրսների օգտագործմամբ համապատասխան որակով, քանակով և ժամկետում առավելագույն արդյունքների ստացումը:
3. Հաշվեքննության ընթացակարգերն են՝
1) զննում՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է հաշվեքննության առարկայի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացված փաստաթղթերի և գրանցումների, ինչպես նաև ակտիվների, կատարված աշխատանքի, մատուցված ծառայության և մատակարարված ապրանքի փաստացի վիճակի ուսումնասիրություն.
2) դիտարկում` հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է հաշվեքննության օբյեկտում ականատես լինել հաշվեքննության օբյեկտի պատասխանատու անձանց կողմից հաշվեքննության առարկային վերաբերող գործընթացի կամ ընթացակարգի կատարմանը.
3) հարցում՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որով հաշվեքննության օբյեկտի պատասխանատու անձանց գրավոր և բանավոր կարգով ներկայացվում է տեղեկատվության ստացման պահանջ.
4) արտաքին հաստատում` հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է սույն օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացում` որպես հաշվեքննիչ պալատի հարցման պատասխան.
5) վերլուծական ընթացակարգ՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որով ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները գնահատվում են իրենց հետ փոխկապակցված այլ տվյալների համեմատման և համադրման միջոցով.
6) վերահաշվարկ՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է ելակետային տվյալների հիման վրա հաշվարկի ճշտության պարզում.
7) վերակատարում՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որով հաշվեքննողները վերարտադրում են հաշվեքննության օբյեկտի հսկողության գործընթացները:
4. Հաշվեքննիչ պալատն իր գործունեության ընթացքում ազատ է հաշվեքննության տեսակի և ընթացակարգի ընտրության հարցում, բացառությամբ, եթե սույն օրենքով սահմանված է տվյալ հաշվեքննության առարկայի համար հաշվեքննության որոշակի տեսակ կամ ընթացակարգ:
Հոդված 34. | Հաշվեքննության իրականացման կարգը |
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունը կազմակերպում և իրականացնում է սույն օրենքի պահանջներին համապատասխան: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու հիմնարկներում իրականացվող հաշվեքննության արդյունքում կազմվում է եզրակացություն կամ ընթացիկ եզրակացություն։ Իրավաբանական անձանց մոտ իրականացվող հաշվեքննության արդյունքում կազմվում է հաշվեքննության արձանագրություն։
2. Հաշվեքննությունն իրականացվում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաստատված հաշվեքննության առաջադրանքի հիման վրա:
3. Հաշվեքննության առաջադրանքի նախագիծը կազմում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամին` հավանության: Կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող հաշվեքննիչ պալատի անդամը հաշվեքննության առաջադրանքի նախագիծը ներկայացնում է հաշվեքննիչ պալատի հաստատմանը:
4. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագրի 2-րդ մասի ծրագրային կետի կատարումն սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ գործունեության ծրագրում ավելացված նոր ծրագրային կետի դեպքում՝ ծրագրային կետի ավելացման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հաշվեքննությունն սկսելուց յոթ աշխատանքային օր առաջ հաշվեքննության օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին պատշաճ ձևով տեղեկացնում է հաշվեքննության անցկացման, դրա տեսակների, ընթացակարգերի, ժամկետների, հաշվեքննվող ժամանակաշրջանի մասին:
5. Հաշվեքննության խմբի աշխատանքները ղեկավարում է հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Հաշվեքննության առաջադրանքի մեջ չնշված անձինք չեն կարող մասնակցել հաշվեքննությանը:
6. Հաշվեքննության առաջադրանքում նշված օբյեկտում զննման և դիտարկման ընթացակարգի իրականացման ժամկետը սահմանվում է մինչև 24 աշխատանքային օր, որը հաշվեքննության ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 12 աշխատանքային օրով` հաշվեքննիչ պալատի որոշմամբ:
7. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության, ինչպես նաև հաշվեքննության ընթացքում հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքում հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կասեցվում է: Կասեցման հիմքերի վերացումից հետո հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով:
Հոդված 35. | Հաշվեքննության արձանագրությունը |
1. Հաշվեքննողն արձանագրում է հաշվեքննության արդյունքները, դրա վերաբերյալ կազմում և իր ստորագրությամբ հաստատում է հաշվեքննության արձանագրությունը: Հաշվեքննության արձանագրությունն ստորագրած հաշվեքննողը պատասխանատվություն է կրում դրանում արձանագրված տեղեկատվության արժանահավատության և ամբողջականության համար:
2. Հաշվեքննության արձանագրությունը, ըստ անհրաժեշտության, ներառում է՝
1) գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու մասին.
2) գրառումներ` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ.
3) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
3. Ծանոթացման և ստորագրման նպատակով հաշվեքննության արձանագրությունը ներկայացվում է հաշվեքննության կամ ստուգման առաջադրանքում նշված համապատասխան հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, որը հաշվեքննության արձանագրությունն ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում համաձայնության դեպքում ստորագրում է այն կամ գրավոր ներկայացնում է առարկություններ և բացատրություններ` կազմված հաշվեքննության արձանագրությունում նշված անհամապատասխանությունների կամ խեղաթյուրումների, ինչպես նաև այլ տեղեկատվության վերաբերյալ, որոնք կցվում են հաշվեքննության արձանագրությանը:
4. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվեքննության արդյունքում կազմված հաշվեքննության արձանագրությունը և դրա վերաբերյալ առարկությունները և բացատրությունները ներկայացնում է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը համակարգող հաշվեքննիչ պալատի անդամին:
5. Հաշվեքննության ընթացքում կազմվող հաշվեքննության արձանագրությունները հանդիսանում են ընթացիկ եզրակացության հիմք:
Հոդված 36. | Հաշվեքննողի լիազորությունները |
1. Հաշվեքննողն իրավասու է տվյալ ծրագրային կետի շրջանակներում՝
1) իրականացնելու հաշվեքննություն.
2) հաշվեքննության օբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջելու հաշվեքննության առարկային առնչվող առկա էլեկտրոնային շտեմարանների հասանելիություն, փաստաթղթեր, անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվություններ, դրանցից դուրս գրելու տեղեկություններ և ստանալու պարզաբանումներ: Օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությանը հաշվեքննողը կարող է ծանոթանալ տվյալ գաղտնիքի համար օրենքով սահմանված դեպքում և կարգով.
3) հաշվեքննության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ հաշվեքննվող օբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից ստանալու գրավոր, բանավոր բացատրություններ.
4) մուտք գործելու հաշվեքննության օբյեկտի տարածքներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
5) անհրաժեշտության դեպքում հաշվեքննության գործընթացին ներգրավելու հաշվեքննության օբյեկտի մասնագետներին՝ հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ:
2. Հաշվեքննողը պարտավոր չէ բացատրություններ տալ հաշվեքննության ընթացքի վերաբերյալ, բացառությամբ հաշվեքննության վերաբերյալ հանձնարարություններ տալու իրավասություն ունեցող անձանց պահանջի դեպքի:
3. Հաշվեքննիչ պալատն իրավասու է հաշվեքննվող օբյեկտից պահանջելու և ստանալու հաշվեքննության առարկայի շրջանակներում կնքված պայմանագիրը, ինչպես նաև դրանից բխող այն փաստաթղթերը, որոնք պայմանագրի կամ գործարքի մյուս կողմը պարտավոր է տրամադրել հաշվեքննվող օբյեկտին:
4. Հաշվեքննողը պարտավոր է՝
1) հաշվեքննությունն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ հաշվեքննության օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին ներկայացնել հաշվեքննության առաջադրանքը.
2) անաչառ և համակողմանի հավաքել և արձանագրել հաշվեքննության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.
3) իրականացնել հաշվեքննության գործընթացի փաստաթղթավորում.
4) չխոչընդոտել հաշվեքննության օբյեկտի բնականոն աշխատանքին.
5) հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել հաշվեքննությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.
6) հաշվեքննության օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին ծանոթացնել հաշվեքննության արդյունքներին.
7) հաշվեքննության ընթացքում հանցագործության առերևույթ հատկանիշների կասկածի ի հայտ գալու պարագայում անհապաղ տեղեկացնել հաշվեքննիչ պալատին։
Հոդված 37. | Մասնագետը և փորձագետը |
1. Հաշվեքննիչ պալատն իրավասու է սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով հաշվեքննության գործընթացում ներգրավելու համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետի կամ հաշվեքննության վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետի:
2. Մասնագետը կամ փորձագետը իրավասու է հաշվեքննության ընթացքում իրականացնելու սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված իրավունքները և պետք է կրի 4-րդ մասով սահմանված պարտականությունները:
Հոդված 38. | Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Հաշվեքննության կամ ստուգման առաջադրանքում նշված համապատասխան հաշվեքննության օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձը, իսկ իրավաբանական անձանց մոտ հաշվեքննության իրականացման դեպքում նաև համապատասխան ծրագրային կետում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձն իրավասու է՝
1) ծանոթանալու հաշվեքննության արձանագրությանը.
2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հաշվեքննողների գործողությունները:
2. Հաշվեքննության օբյեկտի ղեկավարը իրավասու է հաշվեքննության արձանագրության վերաբերյալ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով ներկայացնելու առարկություններ և բացատրություններ:
3. Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձը պարտավոր է`
1) անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ստեղծել հաշվեքննողների գործունեության համար.
2) հաշվեքննության ընթացքում հաշվեքննողի պահանջով երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել հաշվեքննության առարկայի վերաբերյալ առկա և հասանելի ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն, փաստաթղթեր և գրանցումներ.
3) հաշվեքննության ընթացքում անհապաղ տեղեկացնել հաշվեքննողին տրամադրված տեղեկատվության, փաստաթղթերի և գրանցումների ցանկացած փոփոխության և լրացումների մասին.
4) չխոչընդոտել հաշվեքննության ընթացքին, կատարել հաշվեքննողների օրինական պահանջները:
4. Ծրագրային կետում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարը պարտավոր է մեկամսյա ժամկետում հաշվեքննիչ պալատին տրամադրել ընթացիկ եզրակացությունում արձանագրված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների վերացման, առաջարկությունների իրականացման և ընթացիկ եզրակացությանը վերաբերող այլ գրավոր տեղեկատվություն:
5. Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայողների` հաշվեքննությանը վերաբերող օրինական պահանջները պարտադիր են հաշվեքննության օբյեկտի ղեկավար և այլ պաշտոնատար անձանց համար:
(38-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
ԳԼՈՒԽ 6
ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 39. | Հաշվեքննիչ պալատի համագործակցությունն այլ մարմինների հետ |
1. Հաշվեքննության իրականացման համար հաշվեքննիչ պալատը կարող է օգտագործել հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի արդյունքները: Այդ նպատակով հաշվեքննիչ պալատն ուսումնասիրում է հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը և ներկայացնում առաջարկություններ դրա բարելավման համար:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանումների կարողությունների զարգացման և գործնական խնդիրների լուծման հարցում կարող են համագործակցել հաշվեքննիչ պալատի հետ:
3. Հաշվեքննիչ պալատի հարցման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները տրամադրում են տեղեկատվություն իրենց կողմից հաշվեքննության օբյեկտի կամ հաշվեքննության առարկայի՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանի վերաբերյալ իրականացրած վերահսկողության, հսկողության, ստուգումների, ներքին աուդիտի արդյունքների մասին կամ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությանը վերաբերող պահանջված այլ տեղեկատվություն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հոդված 40. | Հաշվեքննիչ պալատի ակտերն Ազգային ժողով ներկայացնելը |
1. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններն Ազգային ժողով են ներկայացվում սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված ժամկետներում և կարգով: Յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողով է ուղարկում այդ եռամսյակի ընթացքում ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը՝ բաշխված ըստ ամիսների:
2. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով:
3. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունն Ազգային ժողովում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկման ընթացքում:
4. Հաշվեքննիչ պալատն իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով:
5. Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովում՝ առանց որոշում ընդունելու:
(40-րդ հոդվածը լրաց. 03.10.18 ՀՕ-396-Ն)
ԳԼՈՒԽ 7
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 41. | Ծառայությունը հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-31-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-31-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-31-Ն)
4. Հաշվեքննիչ պալատ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվում է քաղաքացիական ծառայություն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
(41-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 42. | Հաշվեքննիչ պալատի անդամների և պալատի քաղաքացիական ծառայողների վարձատրությունը |
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
1. Հաշվեքննիչ պալատի անդամների, պալատի քաղաքացիական ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(42-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 43. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքը:
3. Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը, կանոնադրությունը, հաստիքացուցակը, պաշտոնի անձնագրերը ենթակա են հաստատման հաշվեքննիչ պալատի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվեքննիչ պալատի անդամին և հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերող աուդիտորի որակավորման դրույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածն ընդգրկում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածը:
5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայողներին վերաբերող աուդիտորի որակավորման դրույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածն ընդգրկում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածը:
6. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների հաշվեքննության մասին դրույթը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը և 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացություններն օգտագործելու մասին դրույթն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
7. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 17-20-րդ կետերով սահմանված հաշվեքննիչ պալատին վերապահված լիազորությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացվում են հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից:
(43-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 44. | Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը որպես հաշվեքննիչ պալատի անդամներ:
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ծառայողներին հաշվեքննիչ պալատի ծառայողներ համարելը
Հոդված 45.
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները համարվում են հաշվեքննիչ պալատ պետական մարմնի քաղաքացիական ծառայողներ:
(45-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-31-Ն)
Հոդված 46. | Հաշվեքննիչ պալատի իրավահաջորդությունը |
1. Հաշվեքննիչ պալատը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավահաջորդը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվեքննիչ պալատն առաջին տարում իրագործում է Ազգային ժողովի արդեն ընդունած՝ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, իսկ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնում հաշվեքննիչ պալատը:
3. Հաշվեքննիչ պալատի տարեկան առաջին հաղորդումը պարունակում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի վերջին տարեկան գործունեության ծրագրով նախատեսված ծրագրային հարցերով սահմանված վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 30 Երևան ՀՕ-58-Ն
ՆախագահՍ. Սարգսյան