ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 6-ին
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1.
ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:
ՀՈԴՎԱԾ 2.
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակցության սահմանափակման նպատակով:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ՀՈԴՎԱԾ 3.
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
ՀՈԴՎԱԾ 4.
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ապրանք` իրացման համար նախատեսված ձեռնարկատիրական գործունեության արդյունք (ներառյալ աշխատանքները, ծառայությունները).
փոխադարձ փոխարինելի ապրանքներ` ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական և տեխնիկական բնութագրերով և այլ հատկանիշներով այնպես, որ գնորդի համար մեկը մյուսով փոխարինելն էական նշանակություն չունենա.
ապրանքային շուկա` Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ.
տնտեսվարող սուբյեկտ` անհատ ձեռնարկատեր, առևտրային կազմակերպություն, ինչպես նաև անձանց խումբ.
մրցակցություն` ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները.
ծանուցում` ծանուցագիրը շահագրգիռ անձանց գտնվելու կամ բնակվելու վայրով կամ փոստային հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը.
փայաբաժին` բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայավճարներ, ավանդներ.
անձանց խումբ` իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը`
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինել (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50 տոկոսից ավելին,
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել գործադիր մարմնի իրավասությունները,
- անձն իրավունք ունի նշանակել միանձնյա գործադիր մարմին և (կամ) իրավաբանական անձի կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձն իրականացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի իրավասությունները,
- նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին կամ նույն իրավաբանական անձանց առաջարկությամբ ընտրված են մեկից ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) իրավաբանական անձինք իրավունք են ստանում տնօրինել մեկից ավելի իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի քվեարկող փայաբաժնի կեսից ավելին,
- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք իրավունք ունեն ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով գումարային տնօրինել մեկ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի քվեարկող փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը կամ նույն իրավաբանական անձի կողմից առաջարկված անձինք կազմում են իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր.
փոխկապակցված (աֆիլացված) անձինք` ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:
Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են`
- կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը,
- անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը,
- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,
- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին: Անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձինք են`
- անձը, որն ընդգրկված է անձանց խմբի մեջ, որին պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատերը,
- իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:
Անձանց խումբը դիտվում է մեկ տնտեսվարող սուբյեկտ, եթե դրա մասնակիցների միջև գոյություն ունի վերահսկողություն` սույն օրենքով սահմանված կարգով: Եթե մի քանի տնտեսվարող սուբյեկտների համատեղ գործունեությունը հանգեցնում է մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողության հաստատման, ապա դրանցից յուրաքանչյուրը համարվում է վերահսկող:
2. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի իմաստով:
(4-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-29-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 5.
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՐԳԵԼՈՒՄԸ
1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն պայմանագրերը, համաձայնագրերը կամ նրանց համաձայնեցված գործողությունները (այսուհետ` համաձայնություններ), որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը: Դրանք են`
ա) խտրական գների սահմանումը.
բ) ապրանքային շուկայում գների արհեստական բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը.
գ) շուկայի բաժանումը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների խմբերի և այլն.
դ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելը (սահմանափակելը) կամ շուկայից նրանց դուրս մղելը:
2. Տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:
3. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում քսան տոկոսը:
4. Մինչև համաձայնություն կնքելը տնտեսվարող սուբյեկտները կարող են սահմանված կարգով ստանալ եզրակացություն` դիմումը հանձնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ
ՀՈԴՎԱԾ 6.
ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ
1. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող`
ա) չունի մրցակից կամ չի հանդիպում որևէ էական մրցակցության.
բ) իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից էական մրցակցության չհանդիպելու չափորոշիչները, գերիշխող դիրքի և ապրանքային շուկաների սահմանների, ինչպես նաև գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը սահմանում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը:
(6-րդ հոդվածը լրաց. 28.06.02 ՀՕ-398-Ն)
ՀՈԴՎԱԾ 7.
ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ
1. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի չարաշահումը:
2. Գերիշխող դիրքի չարաշահումն արտահայտվում է`
ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ, որը հանգեցնում է մրցակցության սահմանափակմանը կամ իրականացվում է մրցակից չունեցող (էական մրցակցության չհանդիպող) տնտեսավարող սուբյեկտի կողմից.
բ) առևտրի կամ արտադրության արդիականացման սահմանափակմամբ, արհեստական պակասորդի ստեղծմամբ` արտադրության չհիմնավորված կրճատման, ապրանքներն ի վնաս սպառողի շահերի պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով.
գ) առանձին գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբ` նրանց համար ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ.
դ) պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
ե) տնտեսվարող սուբյեկտների վերակազմավորման կամ տնտեսական կապերի խզման պարտադրմամբ.
զ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով:
(7-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-29-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 8.
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Նույն ապրանքային շուկայում համակենտրոնացում է համարվում`
ա) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.
բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցների առնվազն 35 տոկոսի ձեռքբերումը.
գ) մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողության ձեռքբերումը:
Վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է արտահայտվել վերջինիս`
- միջոցների առնվազն 30 տոկոսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերմամբ,
- որոշումների վրա ներազդելու իրավունքով.
դ) այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի`
- կանոնադրական կապիտալի 50 տոկոսը,
- քվեարկող փայաբաժնի 20 տոկոսը:
Տնտեսվարող սուբյեկտներին պատկանող փայաբաժինը ներառում է նաև նրանց հաշվին ձեռքբերված և այլ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող փայաբաժինը, և եթե այդ տնտեսվարող սուբյեկտն անհատ ձեռնարկատեր է, ապա նաև նրան պատկանող այլ փայաբաժինը: Եթե մի քանի տնտեսվարող սուբյեկտներ միաժամանակ կամ հաջորդաբար ձեռք են բերում մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի` սույն ենթակետում նշված քանակությամբ փայաբաժինը, ապա դա նույնպես դիտվում է որպես համակենտրոնացում այն ապրանքային շուկայում, որտեղ գործում է տվյալ տնտեսվարող սուբյեկտը.
ե) տնտեսվարող սուբյեկտների որևէ այլ միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի մրցունակության վրա: Տնտեսվարող սուբյեկտների միավորումը չի համարվում համակենտրոնացում, քանի դեռ այն չի հանգեցրել համակենտրոնացմանը մասնակից տնտեսվարող սուբյեկտների (այսուհետ` մասնակից) միջև փոխկապակցվածության հաստատման:
ՀՈԴՎԱԾ 9.
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ
1. Համակենտրոնացումը, որի ստեղծմանը նախորդող գործունեության վերջին տարվա արդյունքով մասնակիցների ընդհանուր համախառն եկամուտը կազմել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, կամ որի առնվազն մեկ մասնակից մտցված է տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ռեեստրի (գրանցամատյանի) մեջ, ենթակա է հայտարարագրման:
2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման կազմակերպաիրավական ձևն ու մասնակիցներից յուրաքանչյուրի մասին պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) տարեկան համախառն եկամուտը.
բ) տարեկան համախառն եկամուտը տվյալ ապրանքային շուկայում.
գ) անունը, գրանցման և գործունեության հասցեն.
դ) գործունեության հիմնական տեսակը.
ե) ապրանքների ցանկը.
զ) տվյալներ ոչ ռեզիդենտ մասնակցի` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներկայացուցչի մասին: Հայտարարագրողի ցանկությամբ հայտարարագրի մեջ կարող են մտցվել նաև ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ:
ՀՈԴՎԱԾ 10.
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը, բացառությամբ այն դեպքի, որը, նպաստում է տվյալ ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի զարգացմանը, արգելվում է:
2. Համակենտրոնացումը թույլատրվում է սույն օրենքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:
3. Հայտարարագիրը ներկայացնելուց հետո 2 ամսվա ընթացքում որոշում չկայացվելու դեպքում համակենտրոնացումը համարվում է թույլատրված:
4. Համակենտրոնացման թույլտվությունը կարող է պարունակել պայմաններ և սահմանել պարտավորություններ:
5. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտի կողմից համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ համակենտրոնացմանը մասնակցելը` մինչև սույն հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնելը:
6. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 11.
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:
2. Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:
3. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետևանքով վնաս է կրել, իրավունք ունի դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը` դիմելով դատարան: Սույն իրավունքը վերապահվում է նաև շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին:
Հոդված 12.
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿԱՄ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼԸ
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով շփոթություն կարող է առաջանալ, մասնավորապես`
ա) գրանցված կամ չգրանցված ապրանքային և սպասարկման նշանների,
բ) ֆիրմային անվանումների,
գ) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ` գրանցված կամ չգրանցված արդյունաբերական նմուշի, ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի,
դ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ` գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների,
ե) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում` գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի,
զ) ապրանքների սպառողական պահանջարկը խթանելու նպատակով օգտագործվող հռչակավոր մարդկանց, ինչպես նաև գրականության կամ արվեստի հանրաճանաչ կերպարների անվան ժողովրդականության կամ համբավի նկատմամբ:
Հոդված 13.
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿԱՄ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄԸ
1. Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով վարկաբեկումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում և, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքների`
- արտադրության գործընթացի,
- որոշակի նպատակի համար դրանց պիտանիության,
- որակի, քանակի կամ այլ բնութագրերի,
- առաջարկման կամ մատուցման պայմանների,
- գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:
Հոդված 14.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԵՑՈՒՄԸ
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև սույն օրենքի 13 հոդվածի 2-րդ կետում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ:
Հոդված 15.
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԱՄԲԱՎԻ, ՎԱՐԿԱՐԺԵՔԻ ՎՆԱՍՈՒՄԸ
1. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Սույն հոդվածի իմաստով տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասումը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում թվարկված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:
Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում թվարկված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը, մասնավորապես որոշակի ապրանքների համար գրանցված կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանին նման նույնական նշան կիրառելով` միանգամայն տարբեր այլ ապրանքների համար:
Հոդված 16.
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
1. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված են համարվում տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունները, այդ թվում` արտադրության գաղտնիքները (նոու-հաու), եթե դրանք`
ա) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ և համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար.
բ) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առևտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորությունները.
գ) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկատվությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր, որոնք կարող են արտահայտված լինել համապատասխան պայմանագրի կնքման և (կամ) դրա պայմանների ապահովման, նախազգուշական այլ միջոցների ձեռնարկման տեսքով` պահպանելով այն նույնականացման տեղեկակիրներում` փաստաթղթերի, համակարգչային ֆայլերի, տեսագրման և ձայնագրման ժապավենների, տվյալ տեղեկատվությունը մարմնավորող իրի տեսքով և այլն:
Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձևերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի և բաշխման եղանակները, պայմանագրի ձևերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) և այլն:
Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը և տեղեկությունները:
2. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը կամ բացահայտմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
3. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ կետում նշված իրավունքները ծագում են անկախ չբացահայտված տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն) և գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները:
4. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված տեղեկատվության ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման գործարար շրջանառության սովորույթներին հակասող եղանակներից են`
ա) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.
բ) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը, լուծումը կամ դրան հարկադրումը.
գ) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.
դ) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է վերոհիշյալ ենթակետերում նշված գործողությունների կատարում:
5. Չբացահայտված տեղեկատվության օգտագործում է համարվում դրա կիրառումը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ինչպես նաև դրա կիրառմամբ ստացված կամ մշակված (վերամշակված) ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը:
6. Չբացահայտված տեղեկատվության բացահայտում է համարվում ինչպես դրա հրապարակումը, այնպես էլ փոխանցումը մեկ այլ անձի, որը, գաղտնի պահելով այն, կարող է նյութական կամ այլ օգուտ ստանալ:
7. Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն, եթե այն հանդիսանում է կամ դրան հետևում է`
ա) նոր քիմիական խառնուրդի, բաղադրության կամ միացության օգտագործմամբ դեղագործական կամ գյուղատնտեսական քիմիական ապրանքների հավանություն ստանալու նպատակներով իրավասու մարմին ներկայացված և զգալի ջանքերի արդյունք հանդիսացող փորձարկման կամ այլ չբացահայտված տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տվյալների բացահայտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հասարակության շահերի պաշտպանության համար, կամ եթե արդեն ստեղծված են անբարեխիղճ առևտրային օգտագործումից տվյալների պաշտպանության երաշխիքներ:
Սույն կետի իմաստով տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում է համարվում դրանց վաճառքն այլ անձանց, օգտագործումը նույն կամ նման ապրանքներ արտադրելու համար և այլն:
8. Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է դա տարածելու (հրապարակելու) իրավունքը չունեցող անձից, որի մասին ինքը չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ իրեն պատճառված վնասի հատուցում` սկսած այն պահից, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:
9. Հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման հետ կապված բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը` դատարանը կարող է թույլատրել դրա հետագա օգտագործումը մինչև կատարված ծախսերի փոխհատուցումը:
10. Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի դրանք օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից և վերջինիս հանդեպ դրա օգտագործման համար պատասխանատվություն չի կրում:
11. Չբացահայտված տեղեկատվությունն օրինականորեն տնօրինող անձը կարող է դրա բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն տրամադրել այլ անձի` համապատասխան պայմանագրի հիման վրա:
12. Համապատասխան պայմանագրի հիման վրա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել դրա գաղտնիության պահպանման համար և չբացահայտված տեղեկատվության օրինաչափ տիրապետողի հետ հավասար որպես այդպիսին ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը դրա գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարեցնելուց հետո, եթե այդ տեղեկությունը շարունակում է պահպանել իր չբացահայտված բնույթը:
(16-րդ հոդվածը խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 26.05.04 ՀՕ-86-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 17.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
1. Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով ստեղծվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
2. Հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է սույն օրենքի, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
Հոդված 18.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումն ու խրախուսումը.
բ) բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը.
գ) հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը.
դ) տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
2. Սույն նպատակներն իրականացնելու համար Հանձնաժողովը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները`
- վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.
- քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը և ընդունում է որոշումներ.
- վարում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրը (գրանցամատյանը).
- դիմում է դատարան` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ.
- մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացումը և այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և դրանց սահմանված կարգով ներկայացմանը.
- մասնակցում է իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը.
- համագործակցում է օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ.
- մշակում և իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ.
- ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.
- ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը, հրատարակում է տեղեկագիր.
- կատարում է հրապարակային բացատրական աշխատանք` սույն օրենքի դրույթներով սահմանված պատասխանատվության մասին հասարակությանն իրազեկ դարձնելու նպատակով.
- իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
Հոդված 19.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հանձնաժողովն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրավունք ունի`
ա) ընդունել որոշումներ`
- սույն օրենքի խախտման փաստերի,
- ապրանքային շուկայի սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,
- գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),
- տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման,
- տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար տույժի ենթարկելու վերաբերյալ.
բ) իրականացնել վերահսկողություն տնտեսվարող սուբյեկտների կողմից համաձայնության պայմանների կատարման (պահպանման) նկատմամբ.
գ) տալ եզրակացություններ`
- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերի` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, դրանց վերացման կամ փոփոխման, խախտումների վերացման,
- կնքվող համաձայնությունների,
- իրականացվելիք համակենտրոնացումների վերաբերյալ.
դ) դիմել դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև դրանց փոփոխման կամ լուծման պահանջով.
ե) նշանակել տուգանքներ, կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ.
զ) ընդունել իրավական ակտեր, այդ թվում` հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների, գերիշխող դիրքի չարաշահման և անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հետ կապված կարգեր.
է) տալ պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին` օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.
ը) կատարել օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
11. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:
12. Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման (հետազոտության) համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է քննարկման (հետազոտության) ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնել իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում պարտականությունից կամ պատասխանատվությունից:
2. Սույն օրենքով սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:
(19-րդ հոդվածը խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն փոփ., լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն)
Հոդված 20.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ և ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ, տեղակալ և հինգ անդամ:
2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հանձնաժողովի անդամները, բացառությամբ առաջին կազմի, նշանակվում են հինգ տարի ժամկետով:
3. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունները սահմանվում են`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
երեք անդամը` երեք տարի,
Հանձնաժողովի նախագահի տեղակալը` չորս տարի,
Հանձնաժողովի նախագահը` հինգ տարի ժամկետով:
4. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության:
5. Հանձնաժողովի անդամներն ու ծառայողներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ ապրանքային շուկայի մասնակիցներից:
6. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել անձինք, որոնք`
ա) չունեն բարձրագույն կրթություն.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.
գ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
դ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար.
ե) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
Հոդված 21.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա, սույն օրենքի 20 հոդվածի 6-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարման, այլ աշխատանքի անցնելու դեպքերում, կամ եթե նա թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, հիվանդության կամ այլ պատճառով 6 ամսից ավելի չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը տասն օրվա ընթացքում նշանակում է նոր անդամ` հինգ տարի ժամկետով:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա կարող է կրկին նշանակվել որպես Հանձնաժողովի անդամ:
Հոդված 22.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքն ու թվաքանակը հաստատում է Հանձնաժողովը:
Հոդված 23.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
1. Հանձնաժողովի նախագահը`
ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
բ) համակարգում և ապահովում է Հանձնաժողովի և նրա աշխատակազմի բնականոն աշխատանքը.
գ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին և քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ.
դ) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը.
ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.
զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.
է) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, ընդունում է որոշումներ նրանց խրախուսման կամ կարգապահական տույժի ենթարկելու մասին, իրականացնում է սույն օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Հանձնաժողովի անդամներից տարիքով առավել ավագը:
Հոդված 24.
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ
1. Հանձնաժողովի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը`
ա) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց.
բ) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:
2. Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին, եթե վերջինս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն:
Հոդված 25.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ
Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:
(25-րդ հոդվածը խմբ. 04.05.05 ՀՕ-91-Ն)
Հոդված 26.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հանձնաժողովի կանոնադրությունը սահմանում է Հանձնաժողովի գործունեության կարգը, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները և դրանց գործունեության կարգը, դրանց ղեկավարների և աշխատակիցների իրավասության շրջանակները, ինչպես նաև Հանձնաժողովի ներքին կառավարմանը վերաբերող այլ հարցեր:
2. Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:
Հոդված 27.
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հանձնաժողովը`
1. Յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում`
1) տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման,
2) տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի,
3) տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմների,
4) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:
2. Յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`
1) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության մասին.
2) ապրանքային շուկաների վերլուծությունը.
3) տնտեսական մրցակցության կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները.
4) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
(27-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-436-Ն)
Հոդված 28.
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
1. Սույն օրենքով նախատեսված գործառույթները կատարելու համար, Հանձնաժողովի պահանջով, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
2. Տնտեսավարող սուբյեկտներին առնչվող հարցի քննարկման կապակցությամբ Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված` իրենց առնչվող հարցի քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
3. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և տրամադրված ձևերով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռքբերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` մինչև նշված վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 15-ը:
(28-րդ հոդվածը խմբ. 25.12.03 ՀՕ-29-Ն, լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն)
Հոդված 29.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
1. Հանձնաժողովն իր տարեկան ծախսերի նախահաշիվը (հայտը) ներկայացնում է կառավարություն, որն այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում առանձին տողով անփոփոխ ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը:
2. Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներին աշխատավարձի վճարումը:
Հոդված 30.
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն հինգը:
3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:
4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:
6. Նիստում պատասխանատվության միջոցների կիրառման հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը նիստից առնվազն 10 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին՝ նշելով քննարկման ենթակա հարցի բնույթը:
Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:
7. Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ, տալ բացատրություններ և բերել փաստարկներ, առարկել նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաև ներկայացնել այլ միջնորդություններ:
8. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում (եզրակացություն) այն փաստերի շարադրմամբ, որոնք դրված են տվյալ որոշման հիմքում: Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է: Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
9. Որոշման (եզրակացության) ընդունումից հետո հինգ օրվա ընթացքում դրա պատճենը տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ դա կայացվել է, կամ ուղարկվում է նրան պատվիրված նամակով:
10. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել դատական կարգով` երեսունօրյա ժամկետում:
11. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:
(30-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն)
Հոդված 31.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Օրենքով նախատեսված դեպքերում Հանձնաժողովն իրավասու է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, այդ թվում` տալ նախազգուշացում և խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու կարգադրություն, նշանակել օրենքով նախատեսված չափերով տուգանք, կասեցնել համակենտրոնացումը կամ ուժը կորցրած ճանաչել այն:
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են Հանձնաժողովի կողմից` նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ:
Հոդված 32.
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Որևէ անձի կողմից սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է կարգադրություն արձակել նախազգուշացումով և խախտումը շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ (այսուհետ` նաև կարգադրություն), որն ուժի մեջ է մտնում նախազգուշացվող անձին հանձնելու պահից:
2. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն արձակելու (որոշումը հրապարակելու) օրվանից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից:
3. Կարգադրությունը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում` նաև այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Հանձնաժողովի որոշման համար:
Հոդված 33.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌևՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
1. Առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:
2. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները և ծառայողական տեղեկատվությունը:
3. Առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսվարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 34.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հանձնաժողովն իրավասու է իր կողմից անցկացվող հետազոտությունների հիման վրա որոշում ընդունել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և սպառողների դիմումների, տեղեկատվության, զանգվածային լրատվական միջոցների հաղորդումների և իր տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են սույն օրենքի խախտման մասին:
Հոդված 35.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հանձնաժողովի որոշումը կատարվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից` որոշման մեջ նշված ժամկետում:
2. Հանձնաժողովն իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան: 3. Հանձնաժողովն ազատվում է հայցադիմում ներկայացնելու համար սահմանված տուրքից:
Գ Լ ՈՒ Խ 7
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 36.
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանն ուղղված իրավախախտումները (հակամրցակցային համաձայնությունները), որոնք արտահայտվել են՝
- խտրական գների սահմանմամբ,
- ապրանքային շուկայում գների բարձրացմամբ կամ իջեցմամբ,
- շուկայի բաժանմամբ տարածքային սկզբունքով` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների շրջանների,
- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով կամ շուկայից նրանց դուրս մղելով՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:
3. Գերիշխող դիրքի չարաշահումը, որն արտահայտվել է՝
- իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների սահմանմամբ, օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ,
- առևտրի կամ արտադրության արդիականացման սահմանափակմամբ՝ ի վնաս սպառողի շահերի, այդ թվում՝ արհեստական պակասորդի ստեղծմամբ՝ արտադրության չհիմնավորված կրճատման, ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով,
- որոշակի գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբ,
-պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների կատարման պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ,
- տնտեսական լծակների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի պարտադրմամբ,
- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:
4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի երկու տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի երկու տոկոսի չափով:
5. Անբարեխիղճ մրցակցությունը, որն արտահայտվել է`
- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացմամբ,
- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկմամբ,
- հասարակության մոլորեցմամբ,
- տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասմամբ,
- չբացահայտված տեղեկատվության նկատմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հազարապատիկի չափով:
6. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հինգհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի երկուհազարապատիկի չափով:
7. Հանձնաժողովի աշխատակիցների վրա սույն օրենքով և Հանձնաժողովի կանոնադրությամբ դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի մինչև հարյուրապատիկի չափով:
(36-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն, խմբ. 04.05.05 ՀՕ-91-Ն)
Հոդված 37.
Հանձնաժողովի որոշումը չկատարելը
Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշումը (բացառությամբ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու մասին որոշման) չկատարելը` որոշման մեջ նշված ժամկետում`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հազարապատիկի չափով:
(37-րդ հոդվածը խմբ. 04.05.05 ՀՕ-91-Ն)
Հոդված 38.
ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Եթե սույն օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե անօրինական որոշումներով, գործողություններով (անգործությամբ) իշխանության գործադիր, այդ թվում` Հանձնաժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 39.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հանձնաժողովի պաշտոնատար անձը սույն օրենքի խախտման համար կրում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 40.
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սույն օրենքի պահանջների խախտման համար ֆիզիկական կամ պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 41.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում է Հանձնաժողովի նախագահին, նրա տեղակալին և անդամներին:
Հոդված 42.
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |