ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի սեպտեմբերի 28-ին
ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեության և ինկասացիոն կազմակերպության հասկացությունները, ինկասացիոն գործունեության իրականացման կարգը, ինչպես նաև սահմանում է այդ գործունեության ընթացքում ինկասացիոն կազմակերպությունների կողմից օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները:
(մասն ուժը կորցրել է 31.05.06 ՀՕ-101-Ն)
(1-ին հոդվածը փոփ. 31.05.06 ՀՕ-101-Ն)
Հոդված 2. | ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ինկասացիոն գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ինկասացիոն կազմակերպություն` սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առևտրային իրավաբանական անձ.
կանխիկ դրամ` շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հետ կանչված և հանված, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամը, ինչպես նաև կանխիկ արտարժույթ, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ.
այլ արժեքներ` արժեթղթեր, վճարահաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաև այլ գույք, որը պատվիրատուն ցանկանում է փոխադրել.
բանկ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ, բանկի գլխամաս, բանկի տարածքային ստորաբաժանումներ.
վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություն, վարկային կազմակերպության գլխամաս, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումներ.
հաճախորդ` բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայություններից օգտվող անձ.
պատվիրատու` անձ, որն ինկասացիոն կազմակերպության հետ կնքել է կանխիկ դրամի և (կամ) այլ արժեքների ինկասացիայի մասին պայմանագիր:
Հոդված 4. | ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) և հանձնումը (ինկասացիա):
Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաև կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:
2. Ինկասացիոն գործունեություն կարող են իրականացնել միայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առևտրային իրավաբանական անձինք, որոնց կանոնադրական կապիտալը կազմում է առնվազն 20 միլիոն դրամ:
3. Ինկասացիոն կազմակերպությունները և նրանց մասնագիտացված աշխատակիցներն իրենց գործառնական պարտականությունները կատարելու համար իրավունք ունեն օգտագործելու քաղաքացիական և ծառայողական զենք, իսկ առանձին դեպքերում` ոստիկանության կողմից ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի առանձին տեսակներ: Ինկասացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է կառավարությունը:
4. Ինկասացիոն կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ միավոր զրահապատ ավտոտրանսպորտային միջոց: Այն պետք է ունենա գունային տարբերակում, սարքավորված լինի ռադիոկապով, ինչպես նաև հատուկ ձայնային և լուսնասպիտակ առկայծող փարոսիկների տեսքով լուսային ազդանշաններով:
5. Ինկասացիոն կազմակերպությունն իրավունք չունի իրականացնելու այլ գործունեություն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 31.05.06 ՀՕ-101-Ն)
Հոդված 5. | ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ |
1. Ինկասացիոն կազմակերպության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կառավարության սահմանած կարգով:
2. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը սահմանվում է «Լիցենզավորման մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության սահմանած լիցենզավորման կարգով, որը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) հետ:
3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է անժամկետ:
4. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցներն անցնում են նաև հատուկ պատրաստության ստուգումներ, որոնց անցկացման կարգը և պայմանները սահմանվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(5-րդ հոդվածը խմբ. 28.09.16 ՀՕ-139-Ն)
(հոդվածը 05.10.22 ՀՕ-373-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 6. | ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կառավարության լիազորած մարմինը` «Զենքի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
(հոդվածը 05.10.22 ՀՕ-373-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Գ Լ ՈՒ Խ 2.
ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱ
Հոդված 7. | ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ և ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ |
1. Կենտրոնական բանկի` իր կողմից լիցենզավորվող կազմակերպությունների համար սահմանած առավելագույն սահմանաքանակը գերազանցող կանխիկ դրամի ինկասացիան պարտադիր իրականացնում են ինկասացիոն կազմակերպությունները:
2. Այլ արժեքների փոխադրումը կարող է իրականացվել ազատ` ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից:
Հոդված 8. | ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ և ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ և ՀԱՆՁՆՄԱՆ ՁևԵՐԸ |
1. Ինկասացիոն կազմակերպությունների և նրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման և պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
2. (մասն ուժը կորցրել է 31.05.06 ՀՕ-101-Ն)
(8-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.05.06 ՀՕ-101-Ն)
Հոդված 9. | ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ և ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ և ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ |
Ինկասացիոն կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովագրել իր կողմից փոխադրվող կանխիկ դրամը, ինչպես նաև ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների կյանքը և առողջությունը: Կանխիկ դրամի տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով կարող է ապահովագրողի և ինկասացիոն կազմակերպության համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի` գլխավոր պոլիսի միջոցով:
Այլ արժեքների ապահովագրումը կատարվում է պատվիրատուի ցանկությամբ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 10. | ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության հետևյալ միջոցները`
ա) նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական.
բ) լիցենզիայի գործողության կասեցում.
գ) լիցենզիայի գործողության դադարեցում:
Հոդված 11. | ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ |
Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները, եթե`
ա) ինկասացիոն կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի չափին.
բ) ինկասացիոն կազմակերպությունն իրականացրել է սույն օրենքով չնախատեսված գործունեություն.
գ) խախտվել են ինկասացիոն կազմակերպության անձնակազմի պատրաստվածության և տեխնիկական միջոցների պահանջվող վիճակն ապահովելու միջոցառումների կատարման վերաբերյալ պետական լիազորված մարմնի սահմանած պահանջները.
դ) ինկասացիոն կազմակերպությունը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում չի կատարել պետական լիազորված մարմնի` սույն օրենքով սահմանված խախտումները վերացնելու հանձնարարականը.
ե) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված են այլ դեպքեր:
Հոդված 12. | ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ |
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և այդ մասին տեղեկացվում է ինկասացիոն կազմակերպությանը:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:
3. Նախազգուշացումը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել, եթե տվյալ իրավախախտման համար սույն օրենքով լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում նախատեսված չէ:
Սույն օրենքով նախատեսված իրավախախտման մեկ տեսակի համար կարող է կիրառվել պատասխանատվության մեկ միջոց:
Հոդված 13. | ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ |
Ինկասացիոն գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիայի գործողության կասեցման դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված դեպքում:
Հոդված 14. | ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
1. Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված դեպքում:
Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետով թույլ տված խախտումը վերացնելու մասին պետական լիազորված մարմնի հանձնարարականը չկատարելու դեպքում:
2. Ինկասացիոն կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվում է նաև ինկասացիոն կազմակերպության կողմից լիցենզիա ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, գործունեություն չիրականացնելու դեպքում:
3. Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց վեց ամիս հետո:
2. Սահմանել, որ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և լիցենզավորվող ինկասացիոն կազմակերպությունները պարտավոր են վեցամսյա ժամկետում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
3. Սահմանել, որ պետական լիազորված մարմինը և Կենտրոնական բանկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ընդունում են սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերը:
|
Ռ. Քոչարյան |
|