Կառավարության աշխատակարգում և արդարադատության նախարարության կանոնադրության մեջ սույն օրենքի իրականացումն ապահովող փոփոխությունները կատարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «փորձաքննության,» բառից հետո լրացնել «ներառյալ մոտարկման համապատասխանության որոշման,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) մոտարկում՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակելու միջոցով միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցում առանձին ոլորտներում տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված իրավական կարգավորումներին:»։
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «սույն օրենքին» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ սույն հոդվածում՝ Համաձայնագիր) նախատեսված մոտարկման շրջանակներում մշակված նախագծերի դեպքում՝ նաև սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված Եվրոպական միության օրենսդրությանը» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորումը ներառում է նաև առանձին նշում՝
1) Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և
2) ներկայացված նախագծի՝ Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (նաև չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
2. Կառավարության աշխատակարգում և արդարադատության նախարարության կանոնադրության մեջ սույն օրենքի իրականացումն ապահովող փոփոխությունները կատարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-287-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: