Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 16.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.11.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
11.11.2022
Дата вступления в силу
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԿԴ/0144/01/20

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

մասնակցությամբ դիմող՝

դիմողի ներկայացուցիչ՝

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ռ. ԲԱԼՈՅԱՆԻ

Զ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

11 նոյեմբերի 2022 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի որոշման դեմ դիմող Ռուբեն Բալոյանի և նրա ներկայացուցիչ Զ.Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ, թիվ ԿԴ/0144/01/20 քրեական գործի դատաքննության ընթացքում, ամբաստանյալ Ռոման Մելիքի Մովսիսյանի պաշտպան Ռուբեն Բալոյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա՝ դատական տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի մարտի 22-ի որոշմամբ դիմող Ռ.Բալոյանի և նրա ներկայացուցիչ Զ.Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Ռ.Բալոյանը և նրա ներկայացուցիչ Զ.Վարդանյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 7-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը խախտել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 313-րդ և 314.1-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

4.1. Ըստ բողոքաբերների՝ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ դատական սանկցիա կիրառելու մասին որոշումն առանձին փաստաթղթի ձևով կայացրել է առանց խորհրդակցական սենյակ հեռանալու:

4.2. Բողոքի հեղինակները նշել են, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ Ռ.Բալոյանի նկատմամբ դատական սանկցիա՝ դատական տուգանք կիրառելիս չի պատճառաբանել տուգանքի՝ օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վերջինիս արտահայտվելու իրավունք չի տրամադրել և չի էլ պատճառաբանել այդ իրավունքից զրկելը:

5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 22-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ փոփոխել կայացված որոշումը և վերացնել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ի՝ դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է. «(...) 2021 թվականի սեպտեմբերի 07-ին կայացած դատական նիստի ընթացքում, երբ դատարանի կողմից իրականացվել է վկա Ռ.Խաչատրյանի հարցաքննությունը՝ պաշտպան Ռ.Բալոյանը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ, նախագահողի կողմից պաշտպան Ռ.Բալոյանին հայտարարվել է նկատողություն և վերջինիս պարզաբանվել է, որ եթե շարունակի նման պահվածք դրսևորի դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ՝ Դատարանը ստիպված կլինի նրա նկատմամբ կիրառել խիստ դատական սանկցիա, սակայն պաշտպան Ռ.Բալոյանի կողմից շարունակվել է դրսևորվել ոչ պատշաճ վարքագիծ և անհարգալից վերաբերմունքէցուցաբերելդատավարությանկողմերիևդատարանինկատմամբ, մասնավորապես՝ դատավարության կողմերի ներկայացրած առարկությունների և հայտարարությունների ժամանակ նստած տեղից ընդհատել է վերջիններիս, դրանով դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ»2:

7. Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 22-ի որոշման համաձայն`

«(...) Կապված վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկի հետ առ այն, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի սեպտեմբերի7-իորոշումըկայացրելէառանցխորհրդակցականսենյակհեռանալու, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասով տրված է որոշումների սպառիչ ցանկը, որոնքդատարանը պարտավոր էկայացնելխորհրդակցական սենյակում: Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վկայակոչված նորմում ուղղակի չնշված որոշումների կայացման ընթացակարգի ընտրությունը թողնված է դատարանի հայեցողությանը: Այս առումով անդրադառնալով վերաքննիչ բողոքի պատճառաբանությանն առ այն, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ձևակերպվել է առանձին փաստաթղթի ձևով, ուստի այն ենթակա էր կայացման խորհրդակցական սենյակում, վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ դատական ակտին բովանդակային առումով ներկայացվող պահանջների պահպանված լինելու պարագայում որոշման կայացման վերոնշյալ ընթացակարգը չի կարող դատական ակտը բեկանելու հիմք հանդիսանալ՝ հատկապես այն դեպքում, երբ դատարանն իրավասու էր այն կայացնել նաև տեղում՝ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու: (...)

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի մյուս պատճառաբանությանը, վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը:

(...) ՀՀ քրեական դատավարության 314.1-ին մասի վերլուծությունից բխում է, որ դատարանը կայացնելով քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող անձանց նկատմամբ տուգանք կիրառելու կամ անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշում, կարող է նրանց չտրամադրել արտահայտվելու իրավունք, եթե դատական սանկցիայի ենթակա անձն այն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար:

Վերոգրյալի համատեքստում դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչի ուսումնասիրության արդյունքում վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դիմող Ռուբեն Բալոյանի՝ տվյալ գործով վկա Ռուզաննա Խաչատրյանին ուղղվող մեղադրանքից դուրս հարցը հանելուց հետո Ռ.Բալոյանը, դատարանի կողմիցբազմիցսնախազգուշացվելովդատականսանկցիակիրառելուդատարանի իրավասության մասին, շարունակել է նույն վարքագիծը, բարձր տոնով խոսել է դատավարության մասնակիցների, այդ թվում՝ դատական նիստը նախագահող դատավոր Գ.Մարգարյանի հետ, ընդհատել է դատավարության մասնակիցների կողմից ներկայացվող առարկությունները և հայտարարությունները, ինչի արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից Ռ.Բալոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն և վերջինս նախազգուշացվել է նման վարքագիծը շարունակելու դեպքում առավել խիստ դատական սանկցիա կիրառելու՝ դատարանի իրավասության մասին, ինչին ի պատասխան Ռուբեն Բալոյանն անհարգալից տոնով պատասխանել է՝ «Կիրառեք», ինչն արձանագրված է նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վիճարկվող որոշման մեջ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոշարադրյալ փաստական

հանգամանքները վկայում են դիմող Ռուբեն Բալոյանի կողմից դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու մասին, այսինքն՝ դիմողը չարաշահել է իր արտահայտվելու իրավունքը և շարունակել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարքագիծը, ինչպիսի պայմաններում դատական սանկցիա կիրառելիս Ռուբեն Բալոյանի արտահայտվելու հնարավորության որոշակի սահմանափակումն իրավաչափ է:

Անդրադառնալով Ռուբեն Բալոյանի նկատմամբ կիրառված դատական սանկցիայի՝ 100.000 ՀՀ դրամ դատական տուգանքի չափի հիմնավորվածության վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված պատճառաբանություններին, վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն համարժեք է Ռուբեն Բալոյանի վարքագծի բնույթին և նրա կողմից թույլ տրված խախտմանը (...)»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանը պաշտպան Ռ.Բալոյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս, թույլ տվել է արդյո՞ք քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտում:

9. ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: (…)

(…)

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

9.1. Կարծիքի ազատ արտահայտման իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է։ Միաժամանակ, այն ինչպես միջազգային իրավական փաստաթղթերով, այնպես էլ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով և օրենքով սահմանված կարգով ենթակա է սահմանափակման՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության (հանրային շահերի) կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով4:

10. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ (…)

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների ևպատասխանատվության հետ, կարողէպայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ (…) արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

10.1. Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) նախադեպային դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ազատ արտահայտվելու իրավունքը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ տարրերից մեկը, դրա զարգացման և անհատների ինքնիրացման հիմնական պայմաններից մեկը։ Այս իրավունքը կարող է ենթարկվել սահմանափակման, որը, սակայն, պետք է մեկնաբանվի խիստ, իսկ դրա անհրաժեշտությունը պետք է լինի համոզիչ։

Նշված իրավունքի սահմանափակումը գնահատելիս պետք է պարզել, թե արդյո՞ք այն համարժեք էր հետապնդվող օրինական նպատակին՝ դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելուն5, ինչպես նաև անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք այդ միջամտության հիմնավորումներն անհրաժեշտ էին ու բավարար: Մասնավորապես, ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակելիս,կիրառվողսանկցիաներիբնույթնուխստությանաստիճանը հանգամանքներ են, որոնք պետք է հաշվի առնվեն սահմանափակման իրավաչափությունը որոշելիս։ Անգամ կիրառվող տուգանքի համեմատաբար նվազ չափը չի կարող նվազեցնել ազատ արտահայտվելու իրավունքին միջամտության բացասական ազդեցությունը, հատկապես այն դեպքերում, երբ այդ միջամտությունը կիրառվում է փաստաբանի նկատմամբ, ով պետք է ապահովի իր վստահորդի շահերի արդյունավետ պաշտպանությունը6։

Այս առումով հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի քննարկվող հոդվածի սահմանափակման իրավաչափությունը և համաչափությունը որոշելիս, գնահատում է վիճարկվող արտահայտությունների բնույթն ու բովանդակությունը և այն համատեքստը, որի շրջանակներում նշված արտահայտություններն արվել են7։ Մասնավորապես, իր նախադեպային որոշումներից մեկով՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումը Եվրոպական դատարանը գնահատել է չհիմնավորված և ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին ոչ համարժեք՝ նշելով, որ.

– թեև դիմումատուի վիճարկվող արտահայտությունները կրել են բացասական երանգ և թշնամական բնույթ, դրանք հանդիսացել են գնահատողական դատողություններ և չէին կարող մեկնաբանվել իբրև անհիմն անձնական հարձակում, քանի որ չեն հետապնդել՝ որպես հիմնական նպատակ, փորձագետներին, դատախազին կամ դատարանին վիրավորելը,

– դիմումատուին հնարավորություն չի ընձեռվել արտահայտվել Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված իր իրավունքը սահմանափակելու առնչությամբ։ Մասնավորապես, կարևորվել է այն հանգամանքը, որ դիմումատուին որևէ հնարավորություն չի տրվել բացատրություն տալ կամ պաշտպանվել՝ դատարանի կողմից դատական տուգանքի կիրառման կապակցությամբ8։

11. Բարձր պահելով ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումների անհրաժեշտության շեմը՝ Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ հանրության առաջ արդարադատության իրականացման վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքի հետ մեկտեղ, փաստաբանների քննադատությունը չպետք է հատի որոշակի սահմաններ։ Ավելին, փաստաբանի՝ դատարանում ազատ արտահայտվելու իրավունքն անսահամանափակ չէ, և բավականաչափ կարևորություն ունեցող որոշ շահերի պաշտպանության դեպքերում, ինչպես օրինակ դատարանի հեղինակությունն է, այդ իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել։ Այնուամենայնիվ, պաշտպանի ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումը միայն բացառիկ դեպքերում կարող է ընդունելի լինել ժողովրդավարական հասարակությունում9։

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ փաստաբաններն իրենց հատուկ կարգավիճակով պայմանավորված՝ կենտրոնական դիրք են զբաղեցնում արդարադատության իրականացման գործընթացում՝ հասարակության և դատարանի միջև հանդես գալով որպես միջնորդներ: Նման կարգավիճակով է բացատրվում նրանց վարքագծի նկատմամբ որոշակի սահմանափակումների նախատեսումը։ Հաշվի առնելով փաստաբանների առանցքային դերն այս համակարգում՝ իրավաչափ է ակնկալել, որ վերջիններս պետք է նպաստեն արդարադատության պատշաճ իրականացմանը՝ այդպիսով ապահովելով հանրային վստահությունը10։

Արդարադատության պատշաճ իրականացման համար առանցքային է իրավական գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցների կողմից ընդհանուր իրավական սկզբունքներն ու էթիկայի արժեքները կիսելը։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ փաստաբանը, որը ներկա է գտնվում կամ մասնակցում է դատարանում քննվող դատական գործին, պետք է պահպանի վարքագծի կանոնները։ Փաստաբանների արտահայտվելու ազատությունն իր սահմանափակումներն ունի՝ պահպանելու համար Եվրոպական կոնվենիցայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված՝ դատական համակարգի հեղինակության և անաչառության մասին դրույթը։ Մասնավորապես, պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից։ Դատավորների և փաստաբանների մասնագիտական վարքից բխող հարաբերությունները պահանջում են միմյանց գործառույթների նկատմամբ հարգանք և դատավորների ու փաստաբանների միջև կառուցողական երկխոսություն11։ Փաստաբանները պետք է հարգանք դրսևորեն դատական իշխանության նկատմամբ և իրենց լիազորություններն իրականացնեն այնպես, որ այն համապատասխանի ներպետական իրավական նորմերին և մասնագիտական չափանիշներին (ստանդարտներին)12։

12. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաև դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:

2. Դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը՝

1) չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները.

2) չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որևէ այլ կերպ խախտում է դատական նիստի կարգը.

3) դատական նիստի դահլիճում անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ»:

Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝«(…) 3. Դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանը, որպես կանոն, ապահովում է նրա լսված լինելու իրավունքը:

4. Դատական սանկցիան պետք է համաչափ լինի անձի վարքագծի բնույթին և հետևանքին»:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Պաշտպանը պարտավոր է` (…)

2) ենթարկվել (…) դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

(...)

4) դատական նիստում պահպանել կարգուկանոն (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի (մինչ 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՕ-23-Ն օրենքը գործող խմբագրությամբ) համաձայն` «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նկատողություն.

2) դատական նիստերի դահլիճից հեռացում.

3) դատական տուգանք.

2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:

3. Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ քրեական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:

4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում է դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:

5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա (...)»:

Նույն օրենսգրքի 314.3-րդ հոդվածի համաձայն` «1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100.000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (...)»:

14. Սույն որոշման 9-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդարադատության պատշաճ և արդյունավետ իրականացման հիմնական երաշխիքներից մեկը վարույթի բնականոն ընթացքի ապահովումն է, որի լիարժեք իրացման տեսանկյունից կարևորվում է դատավարությանը մասնակցող անձանց կողմից վարքագծի կանոնների պահպանումն ու դատավարության կողմերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորումը։ Միաժամանակ, օրենսդիրն անձի կողմից իր դատավարական իրավունքները չարաշահելու կամ դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու կամ որևէ այլ կերպ դատական նիստի կարգը խախտելու դեպքում դատարանին լիազորում է դատավարությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ պաշտպանի, ինչպես նաև դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառել դատական սանկցիա: Այլ կերպ՝ դատավարությանը մասնակցող և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ դատական սանկցիայի կիրառումը հանդիսանում է դատական քննության բնականոն ընթացքը խոչընդոտելուն ուղղված մասնակցի գործողություններին հակազդման միջոց` նպատակաուղղված դատական նիստերի ընթացքում կարգուկանոնի պահպանմանը և դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորման ապահովմանը:

Միևնույն ժամանակ, դատական սանկցիա կիրառելու դատարանի լիազորությունը կանոնակարգող քրեադատավարական իրավանորմերը մեկնաբանելիս և դրանցով սահմանված իրավական մեխանիզմները գործադրելիս, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դրանք չեն կարող հանգեցնել անձի արդար դատաքննության իրավունքի չեզոքացմանը, և հանրային ու մասնավոր իրավաչափ շահերը պետք է հավասարակշռվեն այնպես, որ դատական իշխանության հեղինակության պաշտպանությունը չհանգեցնի դատավարության մասնակցի, մասնավորապես պաշտպանության կողմի՝ Սահմանադրությամբ և միջազգային իրավանորմերով երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի անհիմն սահմանափակման։

14.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է ընդգծել, որ դատական սանկցիայի կիրառման իրավաչափությունն ապահովելու և դրա կամայական կիրառումը բացառելու համար օրենսդիրը, ի թիվս այլնի, սահմանում է, որ անձի նկատմամբ կիրառվող սանկցիան պետք է համաչափ լինի նրա վարքագծի բնույթին և հետևանքներին, ինչպես նաև դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս, որպես կանոն, պետք է ապահովվի նրա լսված լինելու իրավունքը: Այստեղից հետևում է, որ դատարանը, դատական սանկցիա կիրառելիս և դրա կոնկրետ տեսակն ընտրելիս, պետք է հաշվի առնի ոչ միայն դատական սանկցիայի հիմք հանդիսացող գործողության բնույթն ու բովանդակությունը, այլև անձի նկատմամբ դրա ներգործության առանձնահատկությունն ու աստիճանը համադրի նրա ոչ իրավաչափ վարքագծով այլ անձանց կամ արդարադատության շահերին հասցված վնասի հետ։

Դատական սանկցիա կիրառելուց առաջ անձին լսված լինելու հնարավորություն ընձեռելը նպատակ ունի մի կողմից՝ կանխել դատական սանկցիայի կիրառումը, քանի որ եթե դատավարության մասնակիցն ընդունում է իր արարքի հակաիրավականությունն ու հայցում դատարանի ներողամտությունը, ապա նրա նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել, մյուս կողմից՝ նպատակ է հետապնդում պարզել անձի նկատմամբ համաչափ սանկցիա կիրառելու բոլոր անհրաժեշտ հանգամանքները: Ընդ որում՝ հատկանշական է, որ քրեադատավարական օրենսդրությունը, հաշվի առնելով «դատական տուգանք» և «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիաների առավել խիստ բնույթը, նշված սանկցիաները կիրառելիս դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտող մասնակցին արտահայտվելու հնարավորություն չտրամադրելու դեպքում դատարանի համար սահմանում է նշված իրավունքի սահմանափակումը հիմնավորելու պարտադիր պահանջ:

14.2. Անդրադառնալով «դատական տուգանք» սանկցիայի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն ունի դրամական բնույթ և հակաիրավական կոնկրետ վարքագծի դրսևորման դեպքում, որպես պատժիչ միջոց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ կարող է կիրառվել առավելագույնը 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչը նշանակում է, որ դատարանը, ելնելով համաչափության սկզբունքից, որոշում է, թե կոնկրետ դեպքում ի՞նչ չափով պետք է նշանակի տուգանքը, որպեսզի հնարավոր լինի հասնել դատական սանկցիայի կիրառման նպատակներին։ Ընդ որում՝ դատավարությանը մասնակցող անձի նկատմամբ դատական տուգանք կիրառելիս, ինչպես նաև դրա չափը սահմանելիս, դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է իր որոշմամբ հիմնավորի, որ հարկադրանքի հենց այդ միջոցը և կոնկրետ այդ չափն է համարժեք անձի կողմից դրսևորած ոչ իրավաչափ վարքագծին։

15. Սույն գործի նյութերի ուսումասիրությունից երևում է, որ դատաքննության փուլում՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ի դատական նիստի ընթացքում, նիստը նախագահող դատավորի կողմից պաշտպան Ռ.Բալոյանին հայտարարվել է նկատողություն՝ դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, և վերջինիս պարզաբանվել է նշված վարքագիծը շարունակելու դեպքում ավելի խիստ դատական սանկցիա կիրառելու հնարավորության մասին: Նախազգուշացումից հետո պաշտպան Ռ.Բալոյանը շարունակել է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատավարության կողմերի և դատարանի նկատմամբ, մասնավորապես՝ դատավարության կողմերի ներկայացրած առարկությունների և հայտարարությունների ժամանակ ընդհատել է վերջիններիս, բարձր տոնով խոսել է դատավարության մասնակիցների, դատական նիստը նախագահող դատավորի հետ, ինչից հետո նրա նկատմամբ կիրառվել է դատական տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ռ.Բալոյանի նկատմամբ տուգանք կիրառելիս, վերջինիս չի տրամադրել արտահայտվելու հնարավորություն՝ առանց հիմնավորելու նման սահմանափակման անհրաժեշտությունը:

16. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-14.2-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Բալոյանի նկատմամբ նկատողություն հայտարարելուց հետո, նույն վարքագիծը շարունակելու պայմաններում, դատարանն իրավասու էր վերջինիս նկատմամբ կիրառել առավել խիստ՝ կոնկրետ դեպքում «տուգանք» դատական սանկցիան։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական տուգանքի ձևով սանկցիա կիրառելիս Առաջին ատյանի դատարանը խախտել է դրա կիրառման ընթացակարգային կանոնները, այն է՝ պաշտպան Ռ.Բալոյանին արտահայտվելու հնարավորություն չի տվել, և միաժամանակ չի հիմնավորել նման սահմանափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ դիմողը չարաշահել է իր արտահայտվելու իրավունքը և շարունակել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որպիսի պայմաններում այդ իրավունքի սահմանափակումը եղել է իրավաչափ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական տուգանքի ձևով սանկցիա կիրառելիս արտահայտվելու հնարավորություն չտրամադրելու դեպքում, դատարանը բոլոր դեպքերում կրում է այդ իրավունքի սահմանափակումը հիմնավորելու պարտականություն։

16.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Ռ.Բալոյանի նկատմամբ դատական տուգանքի՝ օրենքով սահմանված առավելագույն չափի կիրառումը՝ առանց հիմնավորման, չի հանդիսացել նրա կողմից դրսևորած վարքագծին համաչափ միջամտություն:

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, դիմող Ռ.Բալոյանի նկատմամբ դատական տուգանք կիրառելիս, վերջինիս այդ կապակցությամբ արտահայտվելու հնարավորություն չտալով և միաժամանակ չհիմնավորելով նշված իրավունքը չտրամադրելը, ինչպես նաև առանց հիմնավորման դրա առավելագույն չափը կիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի խախտում։

18. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 4.1-րդ կետում մատնանշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի վերլուծության հիման վրա փաստում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված է դատական քննության ժամանակ լուծվող հարցերի կապակցությամբ դատարանի կողմից որոշումների կայացման երկու կարգ. կամ դատարանը որոշում է կայացնում առանձին փաստաթղթի ձևով՝ խորհրդակցական սենյակում, կամ որոշումը կայացնում է դատական նիստի ընթացքում՝ այն ներառելով դատական նիստի արձանագրության մեջ: Ընդ որում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սպառիչ ամրագրել է այն որոշումների ցանկը, որոնք կարող են կայացվել միայն խորհրդակցական սենյակում՝ շարադրված առանձին փաստաթղթի ձևով՝ մյուս բոլոր որոշումները խորհրդակցական սենյակում կամ տեղում՝ դատական նիստի ընթացքում կայացնելու կարգի ընտրությունը թողնելով դատարանի հայեցողությանը:

Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջինատյանի դատարանը կայացրել է դատական սանկցիա կիրառելու մասին որոշում, որը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասում: Այսինքն՝ նշված դատական ակտը խորհրդակցական սենյակում կայացնելու օրենսդրական պարտադիր պահանջ առկա չլինելու պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավասու էր այն կայացնել ինչպես խորհրդակցական սենյակում, այնպես էլ տեղում՝ դատական նիստի ընթացքում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն այս առումով իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի դատողություններին13 և գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը կայացնելով առանձին փաստաթղթի ձևով՝ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, օգտվել է օրենսդրորեն իրեն վերապահված հայեցողությունից և այս առումով որևէ խախտում թույլ չի տվել:

19. Ամփոփելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը պաշտպան Ռ.Բալոյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելիս, թույլ են տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «ՀՀ դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Պաշտպան Ռ.Բալոյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի որոշումը բեկանել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի` սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործի հավելված, թերթ 34։

3 Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 2, թերթեր 31-32։

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՍԴՈ-1396 որոշման 6-րդ կետը։

5 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Amihalachioaie v. Moldova գործով 2004 թվականի ապրիլի 20-ի վճիռը, գանգատ թիվ 60115/00, 34-րդ կետ։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Morice v. France գործով 2015 թվականի ապրիլի 23-ի վճիռը, գանգատ թիվ 29369/10, 124, 127-րդ կետեր։

7 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Nikula v. Finland գործով 2002 թվականի մարտի 21-ի վճիռը, գանգատ թիվ 31611/96, 44-րդ կետ, Janowski v. Poland գործով 1999 թվականի հունվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 25716/94, 30-րդ կետ։

8 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Čeferin v. Slovenia գործով 2005 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 73797/01, 59-66-րդ կետեր։

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kyprianou v. Cyprus գործով 2005 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 73797/01, 174-րդ կետ։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Nikula v. Finland գործով վերը նշված վճիռը, 45-րդ կետ։

11 Տե՛ս Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 2013 թվականի թիվ 16 կարծիքը։

12 Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` «Փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման ազատության մասին» 2000 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ Rec(2000)21 հանձնարարականը։

13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան