115.0097.20.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
20.07.1998 թ. |
N 97-Պ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ) ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածին և ՀՀ կառավարության 1997 թ. նոյեմբերի 3-ի «ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 483 որոշման համապատասխան, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական ձեռնարկությունների գործունեության լիցենզավորման գործընթացի կանոնակարգման նպատակով`
Հրամայում եմ
1. Հաստատել «Աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական ձեռնարկությունների գործունեության թույլտվության (լիցենզիայի) տրման կարգը» (կցվում է):
2. Աշխատանքի և զբաղվածության վարչությանը`
- սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
Նախարար` |
Գ. Եգանյան |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թ. հուլիսի 20-ի թիվ 97-Պ հրամանով |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ) ՏՐՄԱՆ
Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական ձեռնարկությունների (այսուհետև` ձեռնարկություն) գործունեության թույլտվության (այսուհետև` լիցենզիա) տրման կարգը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Աշխատանքի տեղավորման գործունեության համար լիցենզիա տալիս է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետև` նախարարություն):
2. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
3. Լիցենզիայի գործողության ժամկետը երեք տարի է:
4. Լիցենզիայի գործունեության ժամկետը լրանալու դեպքում ձեռնարկությանը տրվում է նոր լիցենզիա` ընդհանուր հիմունքներով:
5. Ձեռնարկության լուծարման դեպքում լիցենզիան կորցնում է իր իրավաբանական ուժը:
6. Ձեռնարկության իրավաբանական հասցեի, կազմակերպական իրավական տեսակի փոփոխման, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում նախարարությունը ձեռնարկության գրավոր դիմումի հիման վրա 15-օրյա ժամկետում տալիս է լիցենզիայի վերաձևակերպման տարբերակը: Նման դեպքերում, մինչև լիցենզիայի վերաձևակերպումը, ձեռնարկությունը իր գործունեությունը իրագործում է նախկին լիցենզիայի հիման վրա:
7. Լիցենզիայի կորցնելու դեպքում նախարարությունը ձեռնարկության գրավոր դիմումի հիման վրա կորցրած լիցենզիան ճանաչում է անվավեր և 15-օրյա ժամկետում տալիս է կորցրած լիցենզիայի կրկնօրինակը, դրա վրա կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը:
8. Նախարարությունը կարող է մերժել լիցենզիա տալը, եթե հայտատուն ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին:
9. Աննպատակահարմարության շարժառիթներով թույլտվության մերժումը արգելվում է:
10. Մերժման մասին որոշման պատճենը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ձեռնարկությունը իրավունք ունի այն բողոքարկել դատարանում:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Լիցենզիա ստանալու համար ձեռնարկությունը նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) գործունեության իրականացման հայտ,
բ) օրենսդրությամբ սահմանված ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճեններ,
գ) պետական գրանցման վկայականի պատճեն,
դ) հաշվի համարը, սպասարկող բանկի հասցեն և ռեկվիզիտները,
ե) հարկային տեսչությունում գրանցված հարկ վճարողի հաշվառման համարը հաստատող տեղեկանք,
զ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր:
12. Փաստաթղթերի ընդունումը կատարվում է գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու միջոցով:
13. Նշված փաստաթղթերը ներկայացնելու պահից 15-օրյա ժամկետում նախարարությունը պարտավոր է որոշում կայացնել լիցենզիա տալու կամ մերժելու վերաբերյալ: Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հայտատուին:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Լիցենզիա ստացած ձեռնարկությունը պարտավոր է.
ա) վճար գանձել աշխատանքի տեղավորմանը միջնորդելու ծառայության համար` գործատուի և քաղաքացու միջև աշխատանքային պայմանագրի կնքումից հետո,
բ) ներկայացնել քաղաքացիներին հավաստի տեղեկություններ թափուր աշխատատեղերի, աշխատանքի պայմանների, աշխատանքի վարձատրության վերաբերյալ, իսկ այլ երկրներում աշխատանքի տեղավորման առաջարկության դեպքում նաև սոցիալ-աշխատանքային հարցերով կնքված միջպետական համաձայնագրերի, այդ երկրների սոցիալ-աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմնական օրենսդրական նորմերի, տվյալ երկրի մուտքի և ելքի պայմանների մասին,
գ) ծանոթացնել սույն կարգին աշխատանքի տեղավորման հարցերով դիմող յուրաքանչյուր անձի,
դ) պահպանել քաղաքացիների և գործատուների միջև իրենց մասնակցությամբ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները,
ե) նախարարություն տեղեկություններ ներկայացնել աշխատանքի տեղավորման անձանց մասնագիտական, կրթական, սեռա-տարիքային կազմի, աշխատանքի վայրի և բնույթի, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի մասին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում,
զ) նախարարության կողմից ուսումնասիրությունների ընթացքում ձեռնարկությունը պարտավոր է ուսումնասիրություն իրականացնող անձանց ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև տալ համապատասխան պարզաբանումներ իր գործունեության առանձին հարցերի կապակցությամբ,
է) 5-օրյա ժամկետում գրավոր դիմել նախարարություն լիցենզիայի կորցնելու, իրավաբանական հասցեի, ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կամ լրացումների մասին:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
15. Նախարարությունը սահմանված կարգով իրականացնում է լիցենզիաների հաշվառում գրանցամատյանում, որտեղ նշվում եմ`
ա) ձեռնարկության լրիվ անվանումը, նրա ղեկավարի անունը, ազգանունը,
բ) իրավաբանական հասցեն,
գ) կազմակերպական-իրավական տեսակը,
դ) պետական գրանցման վկայականի համարը,
ե) բանկային հաշվի համարը,
զ) հարկ վճարողի հաշվառման համարը,
է) լիցենզիայի հերթական համարը,
ը) լիցենզիա տալու ամսաթիվը և գործողության համարը,
թ) պետական տուրքի գումարի չափը և բանկային անդորրագրի համարը,
ժ) հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի չեղյալ համարելու դեպքերում` պատճենը:
16. Լիցենզիաների հաշվառման գրանցամատյանը կարվում և կնքվում է, բոլոր էջերը համարակալվում են:
V. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ
17. Ձեռնարկությունը իր գործունեության իրականացնելու ողջ ժամանակահատվածում պարտավոր է պահպանել լիցենզիայի տրման ժամանակ ներկայացված պահանջները:
18. Ձեռնարկության կողմից լիցենզիայի գործողության պայմանների նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է նախարարության կողմից` ձեռնարկության համապատասխան գործունեության ուսումնասիրությունների միջոցով:
19. Ձեռնարկության գործունեության ուսումնասիրության մասին որոշումը ընդունվում է նախարարության կողմից` իր նախաձեռնությամբ, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց դիմումների (բողոքների) հիման վրա: Ուսումնասիրության մասին ձեռնարկությանը գրավոր ծանուցվում է այն սկսելու օրվանից առնվազն 3 օր առաջ:
20. Լիցենզավորված ձեռնարկության գործունեության ուսումնասիրման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվում է արձանագրություն երկու օրինակից, որը ստորագրվում է նախարարության ներկայացուցչի և ձեռնարկության ղեկավարի կողմից: Արձանագրության մեկ օրինակը թողնվում է ձեռնարկությունում:
21. Նախարարությունը իրավունք ունի մինչև 45 օր ժամկետով կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը, եթե.
ա) լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերում ի հայտ են եկել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,
բ) ձեռնարկության կողմից կատարվել են սույն կարգի խախտումներ:
22. Ձեռնարկությունը պարտավոր է լիցենզիայի գործողության կասեցված ժամկետում վերացնել խախտումները և այդ մասին գրավոր տեղեկացնել նախարարությանը, որի հիման վրա նախարարությունը կարող է վերականգնել լիցենզիայի գործողությունը:
23. Լիցենզիայի գործողության կասեցման կամ նրա վերականգնված որոշման մասին ձեռնարկությանը գրավոր ծանուցվում է որոշում կայացնելուց հետո` 3 օրվա ընթացքում:
24. Ձեռնարկությանը տրված լիցենզիան նախարարության կողմից չեղյալ է համարվում, եթե.
ա) մեկ տարվա ընթացքում կրկնակի կասեցվել է լիցենզիայի գործողությունը,
բ) այդ մասին գրավոր դիմել է ձեռնարկությունը:
25. Լիցենզիան չեղյալ համարելու մասին որոշումը հրապարակվում է մամուլում:
26. Լիցենզիան չեղյալ համարելու մասին որոշում ընդունելու պահից ձեռնարկությունը զրկվում է աշխատանքի տեղավորման գործունեություն իրականացնելու իրավունքից: