«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2093-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին բազմաբնակարան շենքի սպասարկման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող)` անհատույց փոխանցվող հողամասերի սահմանների որոշման և հողամասերի չափագրման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին) և համայնքների ղեկավարներին ներկայացնել հասարակական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար վարձակալությամբ և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված՝ կառուցապատված կամ չկառուցապատված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին տեղեկություններ: Ընդ որում, համայնքների ղեկավարներին նշված տեղեկատվությունն ուղարկվում է համապատասխան մարզպետների միջոցով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին) և առաջարկել համայնքների ղեկավարներին մեկամսյա ժամկետում` շաբաթական պարբերականությամբ (տվյալ շաբաթվա ընթացքում ստուգված հողամասերի մասով), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված լինելու կամ չլինելու մասին: Ընդ որում, համայնքների ղեկավարները նշված տեղեկատվությունն ուղարկում են համապատասխան մարզպետների միջոցով:
Նշված տեղեկատվությունը գործարք կնքելու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրամադրվում է դիմումն ստանալու օրվան հաջորդող 2 օրվա ընթացքում, եթե դրա մասին տեղեկատվությունը դեռևս չի փոխանցվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանում՝ Երևանի քաղաքապետի) և համայնքների ղեկավարների կողմից սույն որոշման 3-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով ու դեպքերում մեկամսյա ժամկետում անվճար իրականացնել հողամասերի նկատմամբ իրավունքների փոփոխության գրանցումը:
Գործարք կնքելու նպատակով սույն կետով նախատեսված գրանցման փոփոխությունները կատարվում են դիմումն ստանալու օրվան հաջորդող մեկ օրվա ընթացքում:
Հասարակության իրազեկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն սույն որոշման 3-րդ կետի համաձայն ստացված տեղեկատվությունը հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում կամ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»՝ դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում:
5. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև դրանց ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառների, կենդանաբանական այգիների) վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք կարող են երկարաձգվել, եթե դրանցում առկա շենքերի և (կամ) շինությունների կադաստրային արժեքը կամ շինարարական ծախսերի նախահաշվով իրականացված կամ իրականացվող կառուցապատման աշխատանքներում ներդրումային գումարները կազմում են՝ մինչև 1 միլիարդ դրամը (ներառյալ), ապա հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերը կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաձգվել մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը, 1 միլիարդ դրամից մինչև 5 միլիարդ դրամը (ներառյալ)՝ մինչև 2050 թվականի դեկտեմբերի 31-ը, 5 միլիարդ դրամից ավելի՝ մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը: Ընդ որում, համաձայնագրերը կարող են կնքվել, եթե դրանք չեն հակասում համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտևորման նախագծի և համայնքի զարգացման ծրագրերով սահմանված պահանջներին և սահմանափակումներին, իսկ բնության հատուկ պահպանվող այն տարածքներում կամ անտառներում, կենդանաբանական այգիներում, որտեղ շինարարական ծախսերի նախահաշվով իրականացված կամ իրականացվող կառուցապատման աշխատանքներում ներդրումային գումարները կազմում են 150 մլն և ավելի դրամ, ապա հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերը, դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո, կարող են երկարաձգվել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը:
(5-րդ կետը լրաց. 27.04.06 N 806-Ն, խմբ. 28.03.13 N 276-Ն, 14.05.15 N 588-Ն)
6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման պայմանագրերում նախատեսել դրույթներ տվյալ պայմանագրի լուծման դեպքում վարձակալի, անհատույց (մշտական) օգտագործողի կամ կառուցապատման իրավունք ունեցողի կողմից հողամասի վրա կատարված անբաժանելի բարելավումների հատուցման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 10 |