103.0253.22.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
22.05.1998թ. |
N 253 |
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշման երկրորդ կետի
Հրամայում եմ`
1. Հաստատել պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի կանոնները (կցվում են):
2. Ներքին շուկայի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյանին)`
2.1. Հաստատված կանոնները ներկայացնել համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
2.2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կանոնները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Գ. Նանագուլյան |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշման երկրորդ կետի պահանջների համաձայն և սահմանում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող պարենային և ոչ պարենային որոշ ապրանքախմբերի մանրածախ առևտրի կանոնները:
2. Ձեռնարկությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով, մանրածախ առևտրի հիմնական կանոններով և սույն կանոններով:
3. Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտուրն իրականացվում է մանրածախ առևտրի ձեռնարկություններում` ապահովելով, համաձայն նորմատիվային փաստաթղթերի, գործունեության համար անհրաժեշտ առևտրատեխնոլոգիական, սառնարանային սարքավորումների և գույքի առկայությունը:
4. Ձեռնարկությունը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում վաճառվող ապրանքների որակի համար:
Ապրանքները պահպանվում, ցուցադրվում և վաճառվում են` ապահովելով նորմատիվային փաստաթղթերով նախատեսվող տեխնոլոգիական, ջերմային, օդի խոնավության ռեժիմների և սանիտարահիգիենիկ (այդ թվում` թույլատրելի հարևանության) պահանջների կատարումը:
Շրջիկ և շրջածախ առևտրի միջոցներով վաճառք կատարելիս պետք է պայմաններ ստեղծվեն` պահպանելու վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը և որակը: Ապրանքները պետք է պաշտպանվեն փոշուց ու կեղտոտվելուց:
Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:
Տեղում սպառելու համար (այդ թվում` միանգամյա օգտագործման տարաներում), սննդամթերք վաճառելիս պետք է լինեն տարաները, անձեռոցիկները հավաքելու տարողություններ (աղբարկղեր):
5. Ձեռնարկությունում պարենային ապրանքների կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի հատկություններից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների կողմից թույլատրված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող ապրանքների փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը (այսուհետև` գին), փաթեթավորման օրը, շուտ փչացման ենթակա սննդամթերքի համար` նաև սպառման վերջին ժամկետը:
6. Վաճառողը պարտավոր է իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին և գնորդին տալ անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվություն:
7. Ձեռնարկությունը կարող է տրամադրել լրացուցիչ վճարովի և անվճար ծառայություններ, որոնց ցանկը և սակագները տեղեկատվության տարբեր միջոցներով հասցվում են գնորդին:
II. Պարենային ապրանքների առԵՎտուր
Միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձուկ-ձկնեղեն, մարգարին, ձու
8. Առևտրական դահլիճ տանելուց առաջ մթերքը ենթարկվում է նախավաճառքային նախապատրաստման`
մսեղիքը կտրատվում է ըստ տեսակակտորների.
երշիկից և ապուխտից հեռացվում է կապալարանը, երշիկը սրբվում է, իսկ վաճառքի պահին կտրատվում են թաղանթների ծայրերը, մաքրվում օդահարված կտրվածքները.
չկշռափաթեթավորված կարագը, մարգարինը, ճարպերը հանվում են յուղաթերթից և մաքրվում արտաքին դեղնած շերտից.
շրդանային պարաֆինացված և չպարաֆինացված մակերեսով պանիրները սրբվում են խոնավ, ապա չոր սրբիչով, խոշոր պանիրները բաժանվում են մասերի, բրինզա և աղաջրային պանիրները վաճառքից մեկ ժամ առաջ հանվում են աղաջրից.
պոլիէթիլենային թաղանթով մսահացերից, խոզապուխտից, եփված և եփված-ապխտած ազդրերից և մյուս մթերքներից թաղանթը հեռացվում է վաճառքի պահին:
9. Չի թույլատրվում ձվի ցուցադրումը և վաճառքը անմիջապես այլ` ոչ փաթեթավորված մթերքի (միս, կարագ, կաթնաշոռ, երշիկ և այլն) հարևանությամբ:
10. Գնորդի ցանկությամբ գնված որոշակի ապրանքներ (երշիկ, ապուխտ, պանիր) կտրտվում են նրբաշերտերի:
Համապատասխան սարքավորումների և պայմանների առկայության դեպքում ձեռնարկությունում գնված մսից կարող են պատրաստվել աղացած, ծեծած կիսապատրաստվածքներ:
11. Մթերքը գնորդին բաց թողնելու ընթացքում օգտագործվող գույքը (դանակ, պատառաքաղ, թիակ, կտրատելու տախտակ, գդալ, չափանոթ և այլն) պետք է ենթարկվի սանիտարական մշակման և պահվի այդ նպատակի համար նախատեսված տեղում:
Ալկոհոլային խմիչքներ
12. Վաճառքի են ընդունվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սերտիֆիկացված հետևյալ ալկոհոլային խմիչքները` օղի, օղելիկյորային արտադրանք, կոնյակ (բրենդի), խաղողի, պտղա-հատապտղային գինիներ, խաղողի և պտղա-հատապտղային թունդ խմիչքներ, շամպայն և փրփրուն գինիներ, գարեջուր, խմելու սպիրտ և այլն:
13. Չի թույլատրվում ալկոհոլային խմիչքների վաճառքը`
ա) եթե.
- տարայի պիտակի վրա հստակ ընթեռնելի չէ արտադրող ձեռնարկության անվանումը.
- անցել է պիտանիության ժամկետը.
- արտադրանքը ստացվել է արտադրման լիցենզիա չունեցող արտադրողից.
բ) դպրոցներում, մանկական, բուժ-պրոֆիլակտիկ հիմնարկներում գործող առևտրի և հանրային սննդի ձեռնարկություններում, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաներում:
14. Առևտրական դահլիճ տանելուց առաջ պետք է ստուգվի ալկոհոլային խմիչքների որակն ըստ արտաքին նշանների: Չի թույլատրվում վաճառքի առանց պիտակավորման, արտաքինից և ներսից կեղտոտված, ճաքած, վզիկի մասի ջարդվածքով շշերով, խցանափակման վնասվածքներով, մեխանիկական խառնուրդներ պարունակող, պղտորված և նստվածք ունեցող խմիչքները (բացի այն խմիչքներից, որոնց համար նորմատիվային փաստաթղթերով թույլատրելի է նստվածքի աննշան քանակություն):
15. Վաճառքում առկա խմիչքների ցուցադրված նմուշներին փակցվում են գնապիտակներ, որտեղ նշվում են խմիչքի անվանումը, շշի տարողությունը, գինը:
16. Թույլատրվում է գինիների և գարեջրի լցովի վաճառք` միայն տվյալ ձեռնարկությունում չօգտագործելու պայմանով: Գինիների և գարեջրի լցովի վաճառքի դեպքում գնապիտակներում նշվում են արտադրողի անվանումը, սերտիֆիկատի համարը, գինու, գարեջրի անվանումը, մեկ լիտրի գինը:
III. Ոչ պարենային ապրանքների առԵՎտուր
Գործվածք, հագուստ, կոշիկ
17. Գործվածքը, հագուստը, կոշիկը վաճառասրահ տանելուց առաջ ենթարկվում են նախավաճառքային նախապատրաստման` առանձնացվում և դասավորվում են ըստ տեսակների, ստուգվում է արտադրանքի որակը, պիտակի առկայությունը, անհրաժեշտության դեպքում հագուստի առանձին տեսակներ (կարի և տրիկոտաժե արտադրանք) մաքրվում և արդուկվում են:
18. Գնորդների հարմարության համար առևտրական դահլիճում գործվածքը, հագուստը, կոշիկը ցուցադրվում են խմբավորված: Հագուստը և կոշիկը խմբավորվում են հիմնականում ըստ տեսակների, մոդելների և չափսերի: Անկախ ձեռնարկության մասնագիտացումից` տղամարդկանց, կանանց, մանկական հագուստը և կոշիկը առևտրական դահլիճում տեղավորվում են առանձին-առանձին: Գործվածքը խմբավորվում է ըստ նրբաթելի տեսակի: Յուրաքանչյուր գործվածք պետք է ունենա բաղադրության վերաբերյալ տեղեկատվություն (նրբաթելերի տոկոսային հարաբերակցությունը):
19. Վաճառքի ցուցադրված հագուստի և կոշիկի նմուշները գնապիտակներից բացի պետք է ունենան նաև չափսանիշեր:
20. Ձեռնարկությունում պետք է պայմաններ ստեղծվեն հագուստը (կարի արտադրանքը, վերին տրիկոտաժը, գլխարկները) և կոշիկը փորձելու համար` չափսափորձման խցիկներ, նստարաններ, տակդիրներ, հայելիներ և այլն:
21. Բրդյա գործվածքի, վատինի և մյուս ծանր գործվածքների չափումը կատարվում է սեղանին ազատ (առանց ծալքերի) փռված կտորի վրա կոշտ ստանդարտ մետր դնելու միջոցով: Բարակ և թեթև գործվածքները, որպես կանոն, չափվում են կոշտ ստանդարտ մետրի վրա կտորի ազատ (առանց ձգումների) գցման եղանակով:
Թույլատրվում է նաև գործվածքը (բացի բրդյա և տրիկոտաժե գործվածքից) չափել վաճառասեղանի կողմնապատին հարմարեցված մետաղյա չափիչ ժապավենի միջոցով:
22. Գործվածքների, թոփերի վերջնահատվածները ենթակա են վաճառքի, եթե խախտված չէ արտադրական նախշազարդումը, իսկ դրոշմը դրված է հակառակ երեսին և չի խաթարում գործվածքի ապրանքային տեսքը:
23. Ապրանքը բաց թողնելիս վաճառողը գնորդի ներկայությամբ պարտավոր է ստուգել դրա որակը, (մեխանիկական արատներ, կեղտոտվածք և արտաքին այլ թերություններ), չափի (քանակի) ճշտությունը:
Ռադիո ԵՎ էլեկտրակենցաղային ապրանքներ
24. Առևտրական դահլիճ տանելուց առաջ ռադիո և էլեկտրակենցաղային ապրանքները ենթարկվում են նախավաճառքային նախապատրաստման` ստուգվում է ապրանքի լրակազմությունը և անհրաժեշտության դեպքում կատարվում է հավաքում, ստուգվում է որակը, պիտակավորման ճշտությունը, շահագործման կարգի մասին հրահանգների և երաշխիքային կտորների առկայությունը:
Լրակազմ և հավաքված բարդ տեխնիկական ապրանքները ստուգվում են էլեկտրական ցանցին միացնելով, կարի մեքենաները` գործողության մեջ, ռադիոսարքերը բերվում են աշխատանքային վիճակի:
25. Առևտրական դահլիճում և ցուցափեղկերում ցուցադրված ռադիո և էլեկտրակենցաղային ապրանքների նմուշները գնապիտակներից բացի պետք է ունենան նաև արտադրանքի հիմնական տեխնիկական հատկությունները պարունակող տեղեկատվություն:
26. Գնորդի կողմից ապրանքի ընտրության և փորձարկման համար առևտրական դահլիճում տեղադրվում են էլեկտրաչափիչ և փորձարկման սարքեր (վահանակներ և կառավարման վահանակներ):
27. Ռադիո և էլեկտրակենցաղային առանձին ապրանքներ վաճառելիս գնորդին առաջարկվում են վաճառքում առկա ուղեկցող ապրանքներ և պահեստամասեր:
28. Ապրանքը բաց թողնելիս վերջինիս որակը և լրակազմությունը ստուգվում է գնորդի ներկայությամբ: Երաշխիքային ժամկետներ ունեցող ռադիո և էլեկտրակենցաղային ապրանքների վաճառքի ժամանակ արտադրանքի անձնագրում (երաշխիքային կտրոնում) նշվում է վաճառող ձեռնարկության անվանումը, վաճառքի ամսաթիվը, անհրաժեշտության դեպքում` երաշխիքային վերանորոգման արհեստանոցի հասցեն:
Կահույք
29. Վաճառքի են ընդունվում կահույքի բոլոր տեսակները` հատային և լրակազմ:
30. Առևտրական դահլիճ տանելուց առաջ կահույքը զննվում է, վերացվում են հայտնաբերված վնասվածքները և հավաքվում է:
31. Կահույքի մանրածախ վաճառքը հիմնականում կատարվում է ըստ նմուշների և բաց ցուցադրման եղանակով:
32. Առևտրական դահլիճում կահույքը ցուցադրվում է այնպես, որպեսզի գնորդը հնարավորություն ունենա այն զննելու: Համապատասխան տարածքների առկայության դեպքում կահույքը ցուցադրվում է բնակարանային կահավորման տեսքով` օգտագործելով համապատասխան ուղեկցող ապրանքներ:
33. Ձեռնարկությունը կարող է ընդունել հատային, լրակազմ կահույքի և վերջինիս առանձին կտորների նախնական պատվերներ` ըստ նմուշների և կատալոգների:
IV. Վերահսկողությունը
34. Սույն կանոնների պահպանման վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունները:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30.07.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05980166