ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-137) 6-րդ հոդվածի առաջին մասը «աշխատանքների կատարման» բառերից հետո լրացնել «, գույքի օգտագործման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 9. Արժութային վերահսկողությունը և հսկողությունը
1. Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողությունն իրականացնում են արժութային վերահսկողության մարմինները, իսկ արժութային հսկողությունը՝ արժութային գործակալները:
Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողության մարմիններ են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում նշված մարմինները:
Արժութային հսկողության գործակալներ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը: Արժութային հսկողության գործակալները հաշվետու են Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:
2. Արժութային վերահսկողության մարմինները և արժութային հսկողության գործակալներն իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն և հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ: Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացվելու կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը տեղերում կամ հեռակա ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չնշված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Կենտրոնական բանկը սահմանում է արժութային գործարքների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի և վիճակագրության միասնական ձևեր, ինչպես նաև դրանք վարելու և ներկայացնելու կարգն ու ժամկետները:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) առաջին մասի «Մասնագիտացված անձանց» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց» բառերով, «պահանջները առաջին անգամ խախտելու դեպքում» բառերը՝ «պահանջների մեկ խախտում թույլ տալու դեպքում» բառերով, «հիսնապատիկի չափով» բառերը՝ «մինչև հինգհարյուրապատիկի կամ խախտման գումարի չափով կամ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան» բառերով.
բ) երկրորդ մասի «Մասնագիտացված անձանց» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց» բառերով, «պահանջները երկրորդ անգամ խախտելու համար» բառերը՝ «պահանջների երկու խախտում թույլ տալու դեպքում» բառերով, «հարյուրապատիկի չափով» բառերը՝ «երկուհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան» բառերով.
գ) երրորդ մասի «Մասնագիտացված անձի» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձի» բառերով, հանել «նշանակում է տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, կամ» բառերը.
դ) վեցերորդ մասի երկրորդ պարբերության «և «Բանկերի և վարկային կազմակերպությունների մասին»» բառերը փոխարինել «, «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին»» բառերով.
ե) յոթերորդ մասի «սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները» բառերը փոխարինել «տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով կամ ուժը կորցրած ճանաչել գործունեության լիցենզիան» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
2005 թ. դեկտեմբերի 22 |