ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
33/15.09.2021 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆի | ||
|
|
Ս. Օհանյանի |
1 մարտի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշման դեմ մեղադրյալներ Արթուր Ժիրիկի Ներկարարյանի և Արսեն Մայիսկայի Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի միջնորդությունն ու թույլատրվել 2 (երկու) ամիս ժամկետով Կարո Ղարաջյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:
2. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ Արթուր Ժիրիկի Ներկարարյանի և Արսեն Մայիսկայի Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու պատճառաբանությամբ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Արթուր Ներկարարյանի և Արսեն Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Մասնավորապես, բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր եզրահանգում է կատարել դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին, և որպես արդյունք՝ ոչ իրավաչափորեն սահմանափակել Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հիմք հանդիսացող դատական ակտի իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը։
Ի հիմնավորումն վերոգրյալի՝ բողոքաբերը, կիրառելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիմքում ընկած՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրած դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու հնարավորության գնահատման երկաստիճան թեստը, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով Առաջին ատյանի դատարանի որոշումը Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունը, հաշվի չի առել, որ նրանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն։ Նման եզրահանգման գալու համար հիմք է ընդունվել Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրության մեջ վերարտադրված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը։
Վերոգրյալի հետ մեկտեղ փաստարկվել է, որ Կ.Ղարաջյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արդյունքում ստացված տեղեկությունները հանդիսացել են Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանի՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատող փաստական տվյալ։ Որպիսի հանգամանքը բողոքի հեղինակին հիմք է տվել պնդելու, որ միջամտությունն ուղղակի վնաս է պատճառել վերոհիշյալ անձանց ու ազդեցություն է թողել նրանց լեգիտիմ շահերի վրա։
4.1. Բացի այդ, բողոքաբերն անդրադարձ է կատարել Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությանը՝ գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը վերացական վերահսկողության է ենթարկել խնդրո առարկա միջնորդությունը, քանի որ մատնանշված չեն այն փաստական տվյալը կամ դրանց համակցությունը, որոնք թույլ են տալիս հաղթահարված համարելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը։
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ` մերժելով Կ.Ղարաջյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Դատական վերանայման բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել նաև՝
- Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը, որով, ի թիվս այլնի, վերարտադրված է Կ.Ղարաջյանի և «Բարսուկ» մականունով Ա.Մալերյանի, ինչպես նաև՝ Կ.Ղարաջյանի ու «Ներկուշ» մականունով Ա.Ներկարարյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը1,
- կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտերը, համաձայն որոնց՝ Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանը՝ հիմնավոր կասկածի առկայությունը, ի թիվս այլնի, հաստատվել է Կ.Ղարաջյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններով2։
7. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանի որոշմամբ (...) թույլատրվել է երկու ամիս ժամկետով Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» (...) օպերատիվ-հետախուզական միջոցառում, որը որևէ կերպ չի առնչվում Արթուր Ներկարարյանի և Արսեն Մալերյանի իրավունքներին և օրինական շահերին:
(...)
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել նաև, որ այն դեպքում, երբ պաշտպանական կողմի համոզմամբ` վիճարկվող դատական ակտով շոշափվել են նաև Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի իրավունքները և օրինական շահերը, քանի որ վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպանության կողմը զրկված չէ հետագայում` գործն ըստ էության քննելիս վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը (...):
(...)
Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի պահանջները, այն է` վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.1-րդ մասի 3-րդ կետի համաձայն` (...) մեղադրյալներ Արթուր Ներկարարյանի և Արսեն Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի կողմից ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Կ.Ղարաջյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։
9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի գնահատականների հիման վրա, Վճռաբեկ դատարանն Արա Շահնազարյանի գործով, վերահսկողության գաղտնի միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատական ակտը ստուգելու «արդյունավետ վերահսկողության» միջոց է դիտարկել բացառապես դրա իրավաչափության վիճարկումը վերադասության կարգով։ Նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրավաչափության՝ վերադասության կարգով վիճարկելու սուբյեկտային կազմի կապակցությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գաղտնի միջոցառումների «արդյունավետ վերահսկողության» հիշյալ մեխանիզմը կարող է գործադրվել այն դեպքում, երբ այդ միջոցառման արդյունքում անձը դարձել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են թիրախավորել» անորոշ թվով անձանց շրջանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ պարագայում, օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը գնահատելու համար կիրառվում է երկաստիճան թեստ՝ բաղկացած հետևյալ հարցերից.
ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,
բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա։
Միաժամանակ, ընդգծվել է, որ վերոնշյալ վերջին չափանիշը իրավակիրառ պրակտիկայում չպետք է այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության պայմաններում, զրկվի օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու հնարավորությունից։
Մյուս կողմից էլ, նշվել է, որ շահագրգիռ անձինք, իրենց բողոքը ներկայացնելիս, պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշների առկայությունը։ Այս առումով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել վերոնշյալ չափանիշները հաղթահարված գնահատելու համար։ Մասնավորապես, անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարող են որպես մեղադրյալ ներգրավվել երրորդ անձինք: Նշվածը խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, եթե այդ երրորդ անձանց որևէ իրավունք չի ենթարկվել միջամտության բուն օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակներում։ Նրանք կարող են հետագայում՝ հնարավոր քրեական վարույթի շրջանակներում վիճարկել մեղադրանքի հիմքում դրված այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների թույլատրելիությունը4։
10. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում5,
- Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրության մեջ, ի թիվս այլնի, վերարտադրված է Կ.Ղարաջյանի և Ա.Մալերյանի, ինչպես նաև՝ Կ.Ղարաջյանի ու Ա.Ներկարարյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը6,
- կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթի հանրային մասնակցի միջնորդությունը քննության առնելիս, դատարանները Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանը՝ հիմնավոր կասկածի առկայությունը, ի թիվս այլնի, հաստատել են Կ.Ղարաջյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններով7,
- Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի՝ Կ.Ղարաջյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ, որը Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թողնվել է առանց քննության8,
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը որևէ կերպ չի առնչվում Արթուր Ներկարարյանի և Արսեն Մալերյանի իրավունքներին և օրինական շահերին, ուստի վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ9։
11. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Արա Շահնազարյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը, բացառելով Առաջին ատյանի դատարանի որոշումը Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունը՝ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին կից նյութերի շրջանակում պատշաճ վերլուծության ու իրավական գնահատման չի ենթարկել տեղեկատվությունն այն մասին, որ Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրության մեջ վերարտադրված են նաև Կ.Ղարաջյանի և Ա.Մալերյանի, ինչպես նաև՝ Կ.Ղարաջյանի ու Ա.Ներկարարյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները։ Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Կ.Ղարաջյանի հեռախոսային հաղորդակցության գաղտնալսման ընթացքում վերահսկման են ենթարկվել վերջինիս հետ Ա.Ներկարարյանի ու Ա.Մալերյանի հեռախոսային խոսակցությունները։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման հիման վրա առերևույթ միջամտություն է տեղի ունեցել Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է ընդգծել, որ բողոքի հեղինակը նաև հիմնավորել է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտությունն առերևույթ ազդեցություն է թողել Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի լեգիտիմ շահերի վրա։
Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացնելիս, հիմնավորվել է դատական նախադեպի հիման վրա մշակված՝ բողոքարկման իրավասության իրավական չափորոշիչների պահպանումը: Միմյանց հետ փոխկապակցված՝ այդ երկու չափանիշների հիմնավորումն էլ հենց պայմանավորում է Կ.Ղարաջյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը կարգադրող Առաջին ատյանի դատարանի որոշումը վերադասության կարգով վիճարկելու Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի իրավունքը։
Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Ա.Ներկարարյանը և Ա.Մալերյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը բողոքարկելու իրավունք չեն ունեցել։ Հետևաբար, Կ.Ղարաջյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ։
11.1. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Կ.Ղարաջյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման իրավաչափության պայմանները քննարկման առարկա չեն դարձել Վերաքննիչ դատարանում, Վճռաբեկ դատարանը զրկված է բողոքաբերի՝ սույն որոշման 4.1-րդ կետում մատնանշված փաստարկին անդրադառնալու հնարավորությունից։ Հակառակ մոտեցումը կհանգեցնի վճռաբեկ ու վերաքննիչ դատարանների միջև գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի խախտման։
12. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը primа facie անհամաչափորեն սահմանափակել է Ա.Ներկարարյանի և Ա.Մալերյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչպես նաև հանգեցրել է վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար10։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալներ Արթուր Ժիրիկի Ներկարարյանի և Արսեն Մայիսկայի Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 41-49:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 50-63 և 64-80:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 87-96:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
7 Տե՛ս նույն տեղում:
8 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
Նախագահող` Դատավորներ` Հ. Ասատրյան Լ. Թադևոսյան Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: