Գլխավոր տեղեկություն
Номер
N 1098-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 06.07.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2023
Дата вступления в силу
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1098-Լ

 

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 30.05.24 N 799-Լ)

1. Հաստատել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

 հուլիսի 6-ի N 1098-Լ որոշման

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը։

2. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2025 թվականներին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում։

(2-րդ կետը փոփ. 30.05.24 N 799-Լ)

3. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).

3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքը (այսուհետ՝ համայնք).

4) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերը (այսուհետ՝ բնակավայր).

5) համաձայն գնումների մասին օրենսդրության պահանջների՝ ընտրված և ծրագրի 9-րդ կետում նշված գործողություններն իրականացնող անձինք (այսուհետ՝ գնահատող).

6) համաձայն գնումների մասին օրենսդրության պահանջների՝ մրցութային եղանակով ընտրված, ծրագրի 16-րդ կետում նշված գործողություններն իրականացնող անձինք (այսուհետ՝ կապալառու).

7) սույն կետի 4-րդ ենթակետում նշված բնակավայրերում տնամերձ հողամաս ունեցող և ծրագրին մասնակցող ֆիզիկական անձինք (այսուհետ՝ շահառու)։

4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ առնվազն 100 քառ. մետրից մինչև 1000 քառ. մետր (ներառյալ) մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։

(4-րդ կետը լրաց. 30.05.24 N 799-Լ)

5. Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով N 1 աղյուսակում նշված պտղատեսակներից նախընտրելի մեկ պտղատեսակի, ծառերից և այլ գույքից ազատ մեկ ամբողջական տնամերձ հողամասի մակերեսի վերաբերյալ տեղեկատվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրեր, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման) կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ տնամերձ հողամասը (նշելով տնամերձ հողամասի մակերեսը) շահառուի կողմից փաստացի տնօրինվելու, ինչպես նաև շահառուի գրավոր պարտավորագիրը՝ ծրագրի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համամասնության չափով (առկայության դեպքում) գումար տրամադրելու վերաբերյալ՝ մինչև 2023 թվականի հուլիսի 30-ը ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավարը պարզում է շահառուների մոտ անհրաժեշտ ջրի հասանելիությունը (որին կարող է մասնակից դարձնել նաև տարածաշրջանը սպասարկող ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչներին), ջրի հասանելիության դեպքում շահառուի հետ կնքում է մեկ պտղատեսակով տնամերձ հողամասում այգեհիմնում իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, որում ամրագրվում է դրույթ այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո առնվազն 5 տարի տնամերձ հողամասի այգեհիմնված տարածքը որպես այգի օգտագործելու վերաբերյալ։

6. Համայնքի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված տեղեկատվությունը, լրացնում ձևաչափը (ձևաչափը մշակում և հաստատում է նախարարությունը և հրապարակում իր պաշտոնական կայքում) և ներկայացնում նախարարություն ու մարզպետի աշխատակազմ։ Ներկայացվող տեղեկատվությանը կցվում է նաև համայնքի ավագանու որոշումը՝ ծրագրի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համամասնության չափով գումար տրամադրելու վերաբերյալ (ընդ որում՝ համայնքի կողմից ֆինանսավորումը պետք է դիտարկվի որպես համայնքի կամավոր խնդիր՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի), որում պետք է ներառվի տեղեկատվություն՝ համայնքի և շահառուների կողմից տրամադրվող գումարի համամասնության չափի վերաբերյալ։ Ընդ որում՝ մարզպետի աշխատակազմ են ներկայացվում նաև 5-րդ կետում նշված փաստաթղթերի կրկնօրինակները։

7. Նախարարությունը և մարզպետի աշխատակազմն ուսումնասիրում են 6-րդ կետով ներկայացված տեղեկատվությունը և իրենց առաջարկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում համայնքի ղեկավարին։

8. Համայնքի ղեկավարն ամփոփում է 7-րդ կետով ստացված առաջարկությունները և գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով (համաձայն «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի) ընտրում է գնահատող։ Գնահատող չընտրվելու դեպքում իրականացվում է գնման նոր գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։

9. Գնահատողը պետք է իրականացնի՝

1) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն.

2) յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում իրականացնելու համար 16-րդ կետի 2-5-րդ ենթակետերում նշված աշխատանքների գնահատում և նախահաշվի կազմում.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմում։

10. ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն hամայնքի կողմից գնահատողի հետ կնքվում է պայմանագիր, և պայմանագրի պատճենը ներկայացվում է նախարարություն և մարզպետի աշխատակազմ։

11. Նախարարությունը պայմանագրի պատճենը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացնում առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ ծրագրի 10-րդ կետում նշված պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։

(11-րդ կետը փոփ. 30.05.24 N 799-Լ)

12. Ծրագրի շրջանակում գնահատողի կողմից իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը (ակտերը) կազմվում են գնահատողի և համայնքի ղեկավարի կողմից ու ներկայացվում նախարարություն և մարզպետի աշխատակազմ։ Նախարարություն և մարզպետի աշխատակազմ են ներկայացվում նաև 9-րդ կետի վերաբերյալ կազմված ամփոփ փաստաթղթերը։

13. Նախարարությունը կատարողական ակտերի հիման վրա համայնքի հետ կնքում է պայմանագիր և ֆինանսավորման գումարը փոխանցում համայնքին։

14. Գնման պայմանագրով սահմանված ժամկետում համայնքը ֆինանսավորման գումարներն անկանխիկ եղանակով փոխանցում է գնահատողի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացնում նախարարությանը և մարզպետի աշխատակազմին։

15. Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում (համաձայն Գնումների մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի) հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համամասնությամբ՝

1) նախարարություն՝ պայմանագրային արժեքի 95 տոկոսը.

2) համայնք կամ շահառու՝ պայմանագրային արժեքի 5 տոկոսը։

16. Ծրագրի շրջանակում կապալառուն պետք է իրականացնի՝

1) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատում.

2) կախված յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության արդյունքներից՝ հողաբարելավում.

3) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգի ներդրում, ընդ որում՝ ոռոգման համակարգը կարող է ներդրվել առանձին ոռոգման բաքեր տեղադրելու, գլխամասային հանգույցի և ջրավազանի կամ այլ միջոցներով.

4) հավաստագրված տնկիների (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) մատակարարում.

5) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում մեկ պտղատեսակով այգետնկում և լարասյունային համակարգի (ըստ անհրաժեշտության՝ կախված պտղատեսակից և պատվաստակալից) ներդրում.

6) այգեգործության և ոռոգման կաթիլային համակարգերի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվության տրամադրում՝ այգեհիմնումից հետո առնվազն երկու տարի.

7) տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացում։

17. Ծրագրի շրջանակում կապալառուն 16-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերով նշված աշխատանքները պետք է ավարտի մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը։

(17-րդ կետը փոփ. 30.05.24 N 799-Լ)

18. Ծրագրի շրջանակում տնկիների, այգեհիմնման և ոռոգման կաթիլային համակարգի ներդրման որակի համար պատասխանատվություն կրում է կապալառուն։

19. Տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսում տնկված տնկիների առնվազն 90 տոկոս կպչունությունը այգետնկումից հետո 6 ամսվա ընթացքում չարձանագրվելու դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին կպչունություն չապահոված տնկիները փոխարինել նոր տնկիներով՝ ապահովելով առնվազն նշված ցուցանիշը (90 տոկոսը)։ Նշված ցուցանիշի ապահովման վերահսկողությունն իրականացվում է համայնքի կողմից։

20. Համայնքի ղեկավարը 14-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում մշակում է տեխնիկական բնութագրեր, որում պարտադիր ամրագրվում են ծրագրի 16-րդ և 19-րդ կետերում նշված դրույթները, և «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կապալառուի ընտրության համար կազմվում է մրցույթի հրավեր, որի տեքստը և տպագրված հայտարարությունը ներկայացվում են մարզպետի աշխատակազմ։ Ընդ որում՝ կապալառուի ընտրության համար պարտադիր պայման է համարվում կապալառուի գնային առաջարկի չգերազանցումը 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նախահաշվային արժեքի չափը։

21. Համայնքի կողմից գնումների արդյունքներն ամփոփող նիստերի արձանագրությունը ներկայացվում է մարզպետի աշխատակազմ։ Եթե գնման մրցութային գործընթացում հաղթող չի ճանաչվում, ապա հայտարարվում է մրցութային նոր գործընթաց։

22. ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն hամայնքի կողմից կապալառուի հետ կնքվում է պայմանագիր և պայմանագրի պատճենը ներկայացվում նախարարություն և մարզպետի աշխատակազմ։

23. Նախարարությունը պայմանագրի պատճենը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացնում առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում կատարելու կամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ՝ ծրագրի 15-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված համամասնությամբ ֆինանսավորումն ապահովելու նպատակով։

24. Մարզպետի աշխատակազմն իրականացնում է կապալառուի հետ կնքված պայմանագրերի կատարման մոնիթորինգ և հավաքագրված տվյալների հիման վրա ստեղծում է տեղեկատվական բազա՝ կապալառուի տվյալների, պայմանագրի կնքման ամսաթվի և պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետների վերաբերյալ և ներկայացնում նախարարություն։

25. Մարզպետի հանձնարարականով մարզպետի աշխատակազմում ստեղծվում է մոնիթորինգի աշխատանքային խումբ, որում ընդգրկվում են նաև համայնքի և բնակավայրերի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի կողմից իրականացվում են կապալառուի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի և որակի համապատասխանության ուսումնասիրության այցելություններ՝ ամիսը 2 անգամ՝ յուրաքանչյուր շահառուի տնտեսությունում։ Համապատասխան տեղեկատվությունը և լուսանկարները ներկայացվում են նախարարություն։

26. Նախարարության կողմից աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունների մասով իրականացվում են այցելություններ։ Այցելությունների ընթացքում թերությունների բացահայտման դեպքում տեղեկատվություն է ներկայացվում մարզպետի աշխատակազմ։ Մարզպետի աշխատակազմն առաջարկում է համայնքի ղեկավարին, որպեսզի կապալառուն ուղղի թերությունները։

27. Յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում կապալառուի կողմից կատարված աշխատանքների ավարտն ամրագրվում է կապալառուի և շահառուի միջև կնքվող հանձնման-ընդունման ակտով, որի պատճենը և 15-րդ կետի 2-րդ ենթակետի համամասնության չափով (առկայության դեպքում) համայնքի հաշվին փոխանցված գումարի անդորրագիրը շահառուի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համայնքի ղեկավարին։

28. Ծրագրի շրջանակում կապալառուի կողմից իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը (ակտերը) կազմվում են կապալառուի և համայնքի ղեկավարի կողմից ու ներկայացվում մարզպետի աշխատակազմ և նախարարություն։

29. Նախարարությունը ստացված կատարողական ակտերի հիման վրա համայնքի հետ կնքում է պայմանագիր և իր համամասնության չափով ֆինանսավորման գումարը փոխանցում համայնքին։

30. Գնման պայմանագրով սահմանված ժամկետում համայնքը՝ նախարարության, իր կամ շահառուների համամասնության չափով ֆինանսավորման գումարներն անկանխիկ եղանակով փոխանցում է կապալառուի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացնում նախարարությանը և մարզպետի աշխատակազմին։

31. Համայնքի ղեկավարն այգեհիմնումից հետո առնվազն 5 տարի տարեկան պարբերականությամբ իրականացնում է մոնիթորինգ շահառուների տնամերձ հողամասերում։ Այգու խնամքի և ոռոգման կաթիլային համակարգի շահագործման մասով թերությունների առկայության դեպքում (այնպիսի գործողությունների իրականացումը կամ անգործությունը, որը հանգեցրել է այգու պտղաբերության, կենսունակության դադարեցմանը կամ ոռոգման կաթիլային համակարգի խաթարմանը) համայնքի ղեկավարի կողմից շահառուին առաջարկվում է թերությունների շտկման ողջամիտ ժամկետ (մինչև 30 օր), որի ավարտից հետո, թերությունների առկայության դեպքում, տնամերձ հողամասում ծախսված ֆինանսական միջոցները շահառուի կողմից ենթակա են վերադարձման ամբողջությամբ՝ 15-րդ կետում նշված համամասնությամբ։

32. Այգեհիմնումից հետո մարզպետի աշխատակազմի և նախարարության կողմից իրականացվում է մոնիթորինգ՝ ծրագրի ավարտից հետո առաջին տարվա ընթացքում՝ մեկ անգամ, այնուհետև՝ ըստ անհրաժեշտության։ Մոնիթորինգի արդյունքներով այգու խնամքի և ոռոգման կաթիլային համակարգի շահագործման մասով բացահայտվող թերությունների առկայության մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացվում համապատասխան համայնքի ղեկավարին՝ նշելով թերությունների շտկման ողջամիտ ժամկետ (մինչև 30 օր), որի ավարտից հետո, թերությունների առկայության դեպքում (այնպիսի գործողությունների իրականացումը կամ անգործությունը, որը հանգեցրել է այգու պտղաբերության, կենսունակության դադարեցմանը կամ ոռոգման կաթիլային համակարգի խաթարմանը), տնամերձ հողամասում ծախսված ֆինանսական միջոցները շահառուի կողմից ենթակա են վերադարձման ամբողջությամբ՝ 15-րդ կետում նշված համամասնությամբ։

33. Առանձին կառույցների կողմից մոնիթորինգի իրականացման կարգը սահմանում է համապատասխան կառույցը։

34. Կապալառուի կողմից տրամադրված խորհրդատվության վերաբերյալ վարվում է գրանցամատյան։ Գրանցամատյանում կատարված գրառումները ստորագրվում են շահառուի և կապալառուի կողմից։ Գրանցամատյանի վարման հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։

35. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝

1) շահառուների գիտելիքի և փորձի պակասի պատճառով այգեգործության անարդյունավետ կազմակերպումը.

2) ծրագրի նկատմամբ անբավարար պահանջարկը.

3) տնկիների ներկրումների ուշացումները.

4) եղանակային անբարենպաստ պայմանների ազդեցությունը և տնկիների կպչունության չապահովումը.

5) գնման ընթացակարգի չկայացումը.

6) արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությունը։

36. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման կատարման պահանջը, կապալառուի կողմից անվճար խորհրդատվության տրամադրման նախապայմանը, մոնիթորինգի իրականացումը։

37. Ծրագրի իրականացման համար պետական բյուջեի ծախսը կկազմի գնահատողի կողմից իրականացված աշխատանքների ամբողջական ֆինանսավորման գումարի և կապալառուի կողմից իրականացված աշխատանքների ընդհանուր ֆինանսավորման գումարի 95 տոկոսը, որը հնարավոր կլինի հաշվարկել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով պայմանագրերի կնքման արդյունքում։ Ծրագիրը կիրականացվի 2025 թվականը ներառյալ՝ տվյալ տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսելու պայմաններում։

(37-րդ կետը փոփ. 30.05.24 N 799-Լ)

 

Աղյուսակ N 1

Տնամերձ հողամասերում այգետնկման համար առաջարկվող պտղատեսակները

Պտղատեսակ

Տանձենի

Հոնենի

Նռնենի

Ազնվամորի

Մոշ

(հավելվածը փոփ., լրաց. 30.05.24 N 799-Լ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2024, N 799-Լ 31.05.2024, N 1098-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան