ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0265/06/11 |
ԵԿԴ/0265/06/11 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2017 թվականի դեկտեմբերի 20-ին ք.Երևանում |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58204511 քրեական գործը։
2011 թվականի հունիսի 13-ին որոշում է կայացվել Արման Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-215-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նախաքննական մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Գևորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2011 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով։
Նախաքննության մարմնի` 2012 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է մեղադրյալի` քննությունից թաքնվելու հիմքով, իսկ 2016 թվականի նոյեմբերի 16-ին վերսկսվել է։
2017 թվականի հունվարի 9-ին Արման Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերացվել, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով։
2. 2017 թվականի փետրվարի 20-ին մեղադրյալ Ա.Գևորգյանի պաշտպան Վ.Էլբակյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։
Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 14-ի որոշմամբ Ա.Գևորգյանի պաշտպան Վ.Էլբակյանի միջնորդությունը մերժվել է։
3. Մեղադրյալ Ա.Գևորգյանի պաշտպան Վ.Էլբակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 14-ի որոշումը բեկանել և մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 2.000.000 ՀՀ դրամի չափով։
4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը։
Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրյալ Ա.Գևորգյանի պաշտպան Վ.Էլբակյանը և խնդրել մերժել ներկայացված վճռաբեկ բողոքը` հայտնելով, որ իր պաշտպանյալը տեղեկացված է նախաքննական մարմին հարցաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Արման Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա, գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կազմակերպել է` մաքսանենգությամբ, մաքսային կեղծ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, խոշոր չափերով ընդհանուր 507.599 ԱՄՆ դոլարին համարժեք 189.649.312 ՀՀ դրամ հաշիվ-ապրանքագրային արժեքով թվով 21 ավտոմեքենաների ԱՄՆ-ից Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը», որից «թվով 21 ավտոմեքենաները մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելը կազմակերպելու» մասը վերացվել է (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 14, 71)։
6. Արման Գևորգյանն Առաջին ատյանի դատարանին և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետին հասցեագրված դիմումում հայտնել է. «(...) [Պ]ատրաստ եմ վերադառնալու Հայաստան և ինձ առաջադրված մեղադրանքի մասին ցուցմունքներ տալ, եթե իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվի կամ վերացվի։ (...) Հաշվի առնելով, որ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ես քրեական հետապնդման եմ ենթարկվում ոչ մեծ ծանրության հանցագործության համար, ունեմ մշտական բնակության վայր, ցանկություն էլ անգամ չունեմ խուսափել, քրեական հետապնդման չեմ ենթարկվում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից, ներկայումս առանց ինձ մեղսագրվող արարքի իրավաչափությունը վիճարկելու, խնդրում եմ հարգել պաշտպանիս միջնորդությունը, իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով կամ վերացնել այն։
Միաժամանակ, հայտնում եմ, որ ես 2017 թվականի մարտի 25-ին Հայաստան եմ ժամանելու «Զվարթնոց» օդանավակայանով, անմիջապես ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 38-39)։
7. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 14-ի որոշման համաձայն` «(…) Միջնորդությունը քննելիս դատարանը հաշվի է առնում մեղադրյալ Ա.Գևորգյանի անձը, նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործություն, այն է` 507.599 ԱՄՆ դոլարին համարժեք 189.649.312 ՀՀ դրամ հաշիվապրանքային արժեքով, թվով 21 ավտոմեքենաները մաքսային կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու մեջ, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, վերագրվող արարքի կատարմանն Ա.Գևորգյանի առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, որը հաստատվում է Ա.Գևորգյանի 2011թ. հունիսի 13-ի ցուցմունքով, որի համաձայն` Ա.Գևորգյանը գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում` մաքսային կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով կազմակերպել է ավտոմեքենաների` ԱՄՆ-ից Վրաստանի տարածքով ՀՀ տեղափոխելը։
Հաշվի առնելով, որ շարունակում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, նկատի ունենալով, որ մեղադրյալ Ա.Գևորգյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատվում է դատարանին ներկայացված նյութերով, հաշվի առնելով նաև մեղադրյալի անձը, նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչն էական նշանակություն ունի նրա հետագա ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով, ինչպես նաև հաշվի առնելով քրեական վարույթն իրականացնող մարմնից Ա.Գևորգյանի թաքնվելը` դատարանը գտնում է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու համար, որ մեղադրյալ Ա.Գևորգյանի` ազատության մեջ մնալու դեպքում վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր, ինչի պատճառով կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի է» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 84-89)։
8. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 11-ի որոշման համաձայն` «(…) Առաջին ատյանի դատարան[ի]` (...) կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի [ճանաչելու մասին] մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ։
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ Արման Գևորգյանին վերագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, մեղադրյալ Արման Գևորգյանի անձը հայտնի է, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ Արման Գևորգյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց կարող է բացառել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու միջոցով վարույթն իրականացնող մարմնի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքը։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգման համար էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետը 2017 թվականի մարտի 31-ի թիվ 8-1318 գրությամբ հայտնել է, որ նախաքննական մարմինը չի առարկում, որպեսզի Արման Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով` նկատի ունենալով, որ Արման Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու մեջ, քրեական գործով արդեն իսկ լրիվ ծավալով իրականացվել են դեպքերի բացահայտմանն ուղղված անհրաժեշտ քննչական և օպերատիվ գործողությունները, նվազել է քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Ավելին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Արման Գևորգյանն էլ իր հերթին դիմումով վարույթն իրականացնող մարմնին հայտնել է ՀՀ վերադառնալու հստակ երաշխիքներ (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 32-38)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 11-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։
Մասնավորապես, բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը և Դ.Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները նշել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելը և նրա հետագա ոչ պատշաճ վարքագիծը գրավի երաշխիքով զսպելու հավանականությունը հնարավոր է գնահատել միայն այն դեպքում, երբ մեղադրյալն արդեն իսկ գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո։ Իսկ վարույթն իրականացնող մարմնից նրա` փաստացի թաքնվելու պայմաններում, վերոնշյալի վերաբերյալ հիմնավոր ենթադրության հանգելն իրատեսական համարվել չի կարող։ Հետևաբար, ըստ բողոքաբերի, վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալ Ա.Գևորգյանի թաքնվելու պայմաններում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, գրավով փոխարինելն իրավաչափ չէ։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանություններում օգտագործված նախաքննական մարմնի գրավոր դիրքորոշմանը` բողոք բերած անձը նշել է, որ այն կարող էր գնահատվել բացառապես մեղադրյալ Ա.Գևորգյանի` վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվելու պայմաններում։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն այն մասին, որ մեղադրյալ Ա.Գևորգյանը դիմումով վարույթն իրականացնող մարմնին հայտնել է ՀՀ վերադառնալու հստակ երաշխիքներ, բողոքաբերը հայտնել է, որ Ա.Գևորգյանը ՀՀ վերադառնալու որևէ երաշխիք իր դիմումով չի հայտնել, այլ ՀՀ իրավապահ մարմինների և դատարանի առջև ընդամենը պայման է դրել, որ իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելուց կամ այն գրավով փոխարինելուց հետո կվերադառնա Հայաստան։ Ընդ որում, բողոքաբերն ընդգծել է, որ ոչ իր կողմից նշված ժամկետին` 2017 թվականի մարտի 25-ին, ոչ էլ դրանից հետո Ա.Գևորգյանը Հայաստանի Հանրապետություն այդպես էլ չի վերադարձել։
10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը ճանաչել անթույլատրելի։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար։
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Ա.Գևորգյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար«
(…)
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք (…) ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։
14. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` անձին կալանավորելու կամ ազատ արձակելու հարցը քննարկելիս իրավասու մարմինները պարտավորված են հաշվի առնել դատավարությանը նրա ներկայանալն երաշխավորող այլընտրանքային միջոցների առկայությունը (տե՛ս Idalov v. Russia գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, կետ 140)։
ՀՀ ներպետական օրենսդրությամբ որպես այդպիսի այլընտրանքային միջոց է նախատեսված գրավը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Եվրոպական դատարանը նույնպես գրավը դիտարկում է որպես անձին մինչև դատաքննությունն ազատ արձակելու այլընտրանքային միջոց, որի կիրառման վերաբերյալ, ի թիվս այլոց, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- գրավը կարող է պահանջվել այնքան ժամանակ, որքան առկա կլինեն կալանքը հիմնավորող պատճառները (տե՛ս Musuc v. Moldova գործով Եվրոպական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանհատ թիվ 42440/06, կետ 42, Aleksandr Makarov v. Russia գործով Եվրոպական դատարանի` 2009 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 15217/07, կետ 139)։
- Եթե հնարավոր է խուսափել փախուստի վտանգից գրավի կամ այլ երաշխիքի միջոցով, մեղադրվող անձը պետք է ազատ արձակվի։ Ընդ որում պետք է նկատի առնվի նաև այն, որ ավելի թեթև պատժի ակնկալիքը կարող է նվազեցնել անձի փախուստի վտանգը (տե՛ս Vrencev v. Serbia գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 2361/05, կետ 76)։
- Գրավի չափը հիմնականում պետք է որոշվի՝ հաշվի առնելով կալանավորվածի անձը, նրա միջոցները, գրավը տրամադրող անձանց հետ կապը, այլ խոսքով` համոզվածության աստիճանն առ այն, որ գրավը կորցնելու վտանգը կամ դատաքննությանը չներկայանալու դեպքում վրա հասնող հետևանքները բավարար չափով կզսպեն փախուստի ցանկացած փորձ (տե՛ս Neumeister v. Austria գործով Եվրոպական դատարանի` 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, կետ 14)։
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(…) Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը։
2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով։ Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը։
2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»։
16. Նախորդ կետում վկայակոչված իրավադրույթների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելիս գնահատման ենթակա հանգամանքների վերաբերյալ, ի թիվս այլոց, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները.
- գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով (տե՛ս Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշման 16-րդ կետը),
- գրավը` որպես խափանման միջոցի տեսակ, կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ առկա է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշում։ Այլ կերպ` գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է և ենթակա է կիրառման բացառապես այն դեպքում, երբ դատարանը կայացրել է մեղադրյալին կալանավորելու մասին որոշում (տե՛ս Արամ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0192/11/15 որոշման 14-րդ կետը),
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն, ուստի գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր (տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 34-րդ և 36-րդ կետերը),
- կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելիս դատարանը կարող է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, որոնք ա) վերաբերում են քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելուն և բարձրացնում ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, բ) չեն հանգեցնում անձի այլ հիմնական իրավունքների խախտման (տե՛ս Անդրիաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0533/06/16 որոշման 15-րդ կետը)։
17. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գրավը` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, կոչված է հակակշռելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այսինքն` այդ հավասարակշռության երաշխավորմամբ գրավը մի կողմից հնարավորություն է տալիս մեղադրյալին որոշակիորեն կենսագործելու իր ազատության իրավունքը, մյուս կողմից կաշկանդում է նրան գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ և գրավի առարկան կորցնելու վտանգի սպառնալիքով չեզոքացնում նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կոչված է երաշխավորելու քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելը և նվազեցնելու նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը։
18. Բացահայտելով ազատության իրավունքի և այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման սահմանդրաիրավական հարաբերակցությունը` ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Օրենսգիրքը նախատեսել է իրավականխիչ մի շարք միջոցներ, որոնք կոչված են անհրաժեշտ պայմաններ ապահովելու վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) գործունեության՝ օրենքով նախանշված նպատակների իրագործման համար։ Նման իրավականխիչ միջոց է գրավի ինստիտուտը, որը, միաժամանակ, քրեադատավարական գործընթացներում անձնական ազատության իրավունքի՝ օրենքով նախատեսված հիմքով, զրկումը վերացնելու, կալանավորման (ազատությունից զրկելու) այլընտրանքային իրավական միջոց է, երբ առկա են այդպիսի «զրկումը» վերացնելու բարենպաստ իրավապայմաններ։
Գրավը քրեական վարույթում, նախ և առաջ, խափանման (դատավարական հարկադրանքի) միջոց է, որի կիրառմամբ մեղադրյալին ազատության իրավունքից զրկումը փոխարինվում է այդ իրավունքի սահմանափակմամբ, որը (…) պայմանավորված է անձի կողմից օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու և քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների կողմից Օրենսգրքի 2-րդ հոդվածում ամրագրված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Այսպիսով, «քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն» ինքնին ենթադրում է, որ քրեական վարույթի արդյունավետ իրականացման նպատակով անձը պարտավոր է գրավի, որպես խափանման միջոցի, կիրառման ողջ ժամանակահատվածում անվերապահ կատարել վարույթն իրականացնող մարմնի օրինական պահանջները (չթաքնվել վարույթ իրականացնող մարմնից, առանց թույլտվության չմեկնել այլ տեղանք (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մաս) և այլն)։ Եվ եթե մեղադրյալը խախտել է քրեական վարույթն իրականացնող մարմնի «տրամադրության տակ գտնվելու»՝ օրենքով նախատեսված իր պարտականությունը, ապա գրավի առարկա հանդիսացող գույքը կարող է օտարվել հօգուտ պետության (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մաս), կամ՝ գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել խափանման մեկ այլ միջոցով՝ կալանքով (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մաս)» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-1387 որոշման 7-րդ կետը)։
19. Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավը` որպես այլընտրանքային իրավականխիչ միջոց, կարող է կիրառվել այն դեպքում, երբ մեղադրյալը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ` բարեխղճորեն կատարելով իր դատավարական պարտականությունները և ձեռնպահ մնալով քրեադատավարական խնդիրների լուծմանը խոչընդոտելուց։ Այլ կերպ` մեղադրյալի` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելու հանգամանքը գրավի կիրառման նախապայման է։ Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ գրավը` որպես պատշաճ վարքագծի դրսևորման երաշխիք, կարող է կիրառվել այն դեպքում, երբ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելու պայմաններում մեղադրյալն առաջարկվող նյութական արժեքով երաշխավորում է քրեական վարույթն իրականացնող մարմնին իր մշտապես հասանելի լինելը` նվազեցնելով նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի գործունեությանը խոչընդոտելու վտանգը։ Հակառակ պարագայում` վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի փաստացի չգտնվելու դեպքում, գրավի` որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոցի թույլատրելիության հարցի քննարկումն ինքնին առարկայազուրկ կդառնա։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելիս մեղադրյալի` բացառապես քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելու դեպքում է հնարավոր վերահսկել նրա վարքագծի պատշաճությունը։
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կարող է կիրառվել մեղադրյալի նկատմամբ միայն այն դեպքում, երբ նա, գտնվելով քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, առաջարկվող դրամական միջոցներով կամ անշարժ գույքով երաշխավորում է ազատության մեջ գտնվելու պարագայում իր դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը։
20. Սույն գործի նյութերից երևում է, որ 2017 թվականի փետրվարի 20-ին պաշտպան Վ.Էլբակյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։ Միևնույն ժամանակ, պաշտպանը դատարան է ներկայացրել նաև Ա.Գևորգյանի դիմումն այն մասին, որ նա պատրաստ է վերադառնալ Հայաստան և իրեն առաջադրված մեղադրանքի մասին ցուցմունք տալ, եթե իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվի կամ վերացվի։ Բացի այդ, մեղադրյալը հայտնել է, որ 2017 թվականի մարտի 25-ին Հայաստան է ժամանելու «Զվարթնոց» օդանավակայանով և անմիջապես ներկայանալու է վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։
Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի մարտի 14-ի որոշմամբ մերժել է պաշտպանի միջնորդությունը` հիմքում դնելով Ա.Գևորգյանին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի և պայմանների, այդ թվում` մեղսագրվող արարքին առնչվելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, մեղադրյալի անձը, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնից Ա.Գևորգյանի թաքնվելը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը 2017 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և որպես խափանման միջոց կիրառել գրավը` 2.000.000 ՀՀ դրամի չափով` պատճառաբանելով, որ մեղադրյալ Ա.Գևորգյանին մեղսագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, մեղադրյալի անձը հայտնի է, որպիսի պայմաններում գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և բացառել թաքնվելու միջոցով քրեական վարույթն իրականացնող մարմնի աշխատանքներին խոչընդոտելու վտանգը։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իր պատճառաբանությունների հիմքում դրել է նախաքննական մարմնի` 2017 թվականի մարտի 31-ի գրությունն առ այն, որ նա չի առարկում գրավի կիրառմանը` հաշվի առնելով, որ Արման Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու մեջ, քրեական գործով արդեն իսկ լրիվ ծավալով իրականացվել են դեպքերի բացահայտմանն ուղղված անհրաժեշտ քննչական և օպերատիվ գործողությունները, նվազել է քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով մեղադրյալի կողմից հասցեագրած դիմումի բովանդակությանը, նշել է, որ մեղադրյալը հայտնել է ՀՀ վերադառնալու հստակ երաշխիքներ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։
21. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանը մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել մեղադրյալի` հետախուզման մեջ լինելով քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չգտնվելու հանգամանքը։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախաքննական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին տեղեկացված մեղադրյալի հետախուզման մեջ գտնվելու պայմաններում հնարավոր չէ գրավի կիրառմամբ հակակշռել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման իրական վտանգը, գրավը կիրառելուց հետո վերահսկել նրա պատշաճ վարքագիծը։ Նման պայմաններում մեղսագրվող հանցագործության ոչ մեծ ծանրության և մեղադրյալի անձը հայտնի լինելու վերաբերյալ պատճառաբանությունները չեն կարող գնահատվել բավարար` վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չգտնվող անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարելու տեսանկյունից։
Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի կողմից մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ գրավի կիրառմանը չառարկելու պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն դիրքորոշման հետ, որ դրանք ենթակա էին գնահատման բացառապես մեղադրյալի` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելու պայմաններում։ Ընդ որում, թեև մեղադրյալն իր գրությամբ հայտնել էր, որ 2017 թվականի մարտի 25-ին ժամանելու է Հայաստանի Հանրապետություն և ներկայանալու քրեական վարույթն իրականացնող մարմնին, սակայն ոչ նշված օրը, ոչ էլ հետագայում, այդպես էլ չի ներկայացել։ Ուստի նման պայմաններում, 2017 թվականի ապրիլի 11-ի դրությամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելիս Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ մեղադրյալն իր դիմումով քրեական վարույթն իրականացնող մարմնին ՀՀ վերադառնալու մասին հստակ երաշխիքներ է հայտնել, անհիմն է։
22. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Ա.Գևորգյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ։
Մինչդեռ` Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական գնահատականի ենթարկելով մեղադրյալ Ա.Գևորգյանի` քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հանգամանքը, իրավացիորեն մերժել է նրա նկատմամբ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը գրավի միջնորդության շրջանակներում քննարկման առարկա է դարձրել նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի և պայմանների, այդ թվում` հիմնավոր կասկածի, առկայության հարցը։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը (կալանքի միջնորդությունից առանձին) քննության առնելիս կալանավորման հիմքերի և պայմանների առկայության հարցը չի վիճարկվում ու դուրս է գտնվում այդ միջնորդության քննության սահմաններից, քանի որ գրավի միջնորդության շրջանակներում քննարկվում է բացառապես առաջարկվող դրամական միջոցներով կամ անշարժ գույքով (նախկինում կայացված որոշմամբ հաստատված) կալանավորման հիմքերի դրսևորումը զսպելու հավանականությունը։ Այսինքն` Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննելիս թեև անդրադարձ է կատարվել նաև այդ միջնորդության շրջանակներից դուրս գտնվող այլ հանգամանքների, սակայն իրավաչափորեն մերժվել է այդ միջնորդությունը` հաշվի առնելով մեղադրյալ Ա.Գևորգյանի` քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հանգամանաքը։
23. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ չի տվել, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մեղադրյալ Արման Վլադիմիրի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 11-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 14-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |