ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0986/06/16 |
ԵԱՔԴ/0986/06/16 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
ա. պողոսՅԱՆԻ | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ` |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ |
2017 թվականի օգոստոսի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Արթուր Կոլյայի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի ապրիլի 28-ին ՌԴ քննչական կոմիտեի Կեմերովոյի մարզի քննչական վարչության Կիսելյովսկ քաղաքի քննչական բաժնում ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13110756 քրեական գործը։
2013 թվականի ապրիլի 29-ին Արթուր Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2013 թվականի մայիսի 29-ին Ա.Խաչատրյանը ձերբակալվել է ՌԴ Բառնաուլ քաղաքում։ Ընդ որում, մեղադրյալը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին։
Կիսելյովսկի քաղաքային դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
2013 թվականի օգոստոսի 19-ին ՌԴ քննչական կոմիտեի Կեմերովոյի մարզի քննչական վարչության Կիսելյովսկ քաղաքի քննչական բաժնում ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս - 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13111491 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2013 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ թիվ 13111491 քրեական գործը միացվել է թիվ 13110756 քրեական գործին։
2013 նոյեմբերի 5-ին Ա.Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով և 30-րդ հոդվածի 3-րդ մաս - 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «ե» կետերով։
2013 թվականի նոյեմբերի 27-ին քրեական գործն ուղարկվել է Կեմերովոյի մարզային դատարան։ Նշված դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Ա.Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև 2014 թվականի մայիսի 27-ը։
Երդվյալ ատենակալների կոլեգիայի վերդիկտի հիման վրա Ա.Խաչատրյանը 2014 թվականի մարտի 31-ին ազատ է արձակվել։
Կեմերովոյի մարզային դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի դատավճռով Ա.Խաչատրյանը ճանաչվել է անմեղ և արդարացվել։
ՌԴ գերագույն դատարանի` 2014 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ Կեմերովոյի մարզային դատարանի` վերոնշյալ դատավճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։
Երդվյալ ատենակալների կոլեգիայի` 2014 թվականի դեկտեմբերի 18-ի վերդիկտով Ա.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքների կատարման համար։
2014 թվականի դեկտեմբերի 28-ին Ա.Խաչատրյանը լքել է ՌԴ տարածքը և չի ներկայացել Կեմերովոյի մարզային դատարանի` վերոնշյալ վերդիկտի հետևանքների քննարկման կապակցությամբ 2015 թվականի հունվարի 13-ին, նույն թվականի հունվարի 27-ին, փետրվարի 11-ի և փետրվարի 27-ին նշանակված դատական նիստերին։
Կեմերովոյի մարզային դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև Ա.Խաչատրյանի հայտնաբերումը։ Նույն որոշմամբ Ա.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 3 ամիս ժամկետով։
Քննության ընթացքում պարզվել է, որ Ա.Խաչատրյանը ՀՀ քաղաքացի է և գտնվում է Հայաստանում։
1.1. ՌԴ գլխավոր դատախազության միջոցով թիվ 13110756 քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` Ա.Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ։
2016 թվականի սեպտեմբերի 22-ին թիվ 13110756 քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, նույն թվականի հոկտեմբերի 11-ին այն ընդունվել է վարույթ, և գործին շնորհվել է թիվ 69109316 համարը։
Նախաքննության մարմնի` 2016 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով։ Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2016 թվականի դեկտեմբերի 20-ին Ա.Խաչատրյանը ձերբակալվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել վերը նշված հոդվածներով։
2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով։ Նույն որոշմամբ մերժվել է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Վ.Բոյաջյանի միջնորդությունը։
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի փետրվարի 2-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը բեկանելու, մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ կալանավրումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացնելու և նրան անհապաղ ազատ արձակելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը։
Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել։
Մեղադրյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Պ.Բոյաջյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ չընդունել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) 2013 թվականի ապրիլի 28-ին` ժամը 03։00-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով Կիսելյովսկ քաղաքի Ստուդենչեսկայա 10 ա հասցեում տեղակայված` «Միրաժ» սրճարանի տիրոջ աշխատասենյակում, լինելով սպառազինված ռազմամթերքով լիցքավորված MP-133 մոդելի թիվ 1113313259 որսորդական ողորկափող հրազենով, այն ժամանակ, մինչ Մաքսիմ Դովիդկովը փորձել է զինաթափել Արթուր Խաչատրյանին` վերցնելով զենքը, վերջինս, դիտավորյալ, սպանության նպատակով, այն է` Մաքսիմ Դովիդկովին մահ պատճառելու դիտավորությամբ, հանկարծակի առաջացած անձնական անբարյացակամ վերաբերմունքի հողի վրա այն պատճառով, որ Մաքսիմ Դովիդկովը փորձել է վերցնել նրանից զենքը, գիտակցելով իր գործողությունների հասարակական վտանգավորությունը և կանխատեսելով մահվան տեսքով ծանր հետևանքներ առաջանալու հնարավորությունը և անխուսափելիությունը, ակնհայտ իմանալով, որ Մաքսիմ Դովիդկովի սպանության կատարման իր կողմից օգտագործվող եղանակը` հրազենից կրակոցներ արձակելը մարդկանց հավաքված վայրում, սահմանափակ տարածության մեջ, հանդիսանում է հանրորեն վտանգավոր, քանի որ տնօրենի աշխատասենյակում Մաքսիմ Դովիդկովի հետ միասին մոտ` 25-100 սմ տարածության վրա գտնվել են Վիտալի Կորնևը և Դ.Դովիդկովան, որոնց կյանքի համար առաջացել է վտանգ, վերջիններիս ներկայության մասին Արթուր Խաչատրյանին ստույգ հայտնի է եղել, որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել իր առջև կանգնած Մաքսիմ Դովիդկովի վրա, սակայն նա, Վ.Կորնևի կողմից բանավոր կերպով նախազգուշացված լինելով առաջացող վտանգի մասին, Արթուր Խաչատրյանի կողմից արձակված կրակոցի պահին կռացել է, և փամփուշտի մեջ լիցքավորված մանրագնդակն Արթուր Խաչատրյանի կողմից արձակված կրակոցի արդյունքում դիպչել է Վիտալի Կորնևի մեջքին, որի արդյունքում Վիտալի Կորնևին պատճառվել է աջ պլևրալ խոռոչ թափանցող կրծքավանդակի հրազենային թափանցող կոտորակային վնասվածք` 3-5-րդ կրծքային ողերի, ողնուղեղի և այդ մակարդակում գտնվող նրա թաղանթի գործնականորեն ամբողջական քայքայմամբ` վնասելով աջ թոքի վերին հատվածը, առջևի և հետևի ենթամկանային գծերի միջև աջից 2-3-րդ կողերը, աջ պլևրալ խոռոչում արյունազեղում, որակվում է կյանքի համար վտանգավորության հատկանիշներով որպես առողջության ծանր վնաս և ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում տուժող Վ.Կորնևի մահվան հետ։
Վ.Կորնևի մահը վրա է հասել աջ պլևրալ խոռոչ թափանցող կրծքավանդակի հրազենային թափանցող կոտորակային վնասվածքի` 3-5-րդ կրծքային ողերի, ողնուղեղի և այդ մակարդակում գտնվող նրա թաղանթի գործնականորեն ամբողջական քայքայման` վնասելով աջ թոքի վերին հատվածը, առջևի և հետևի ենթամկանային գծերի միջև աջից 2-3-րդ կողերը, աջ պլևրալ խոռոչում արյունազեղման արդյունքում, որը պատճառվել է Արթուր Խաչատրյանի կողմից, ով դրանով սպանել է վերջինիս։
Բացի այդ, Արթուր Խաչատրյանը, գտնվելով Կիսելյովսկ քաղաքի Ստուդենչեսկայա 10 ա հասցեում տեղակայված` «Միրաժ» սրճարանի տիրոջ աշխատասենյակում, լինելով սպառազինված ռազմամթերքով լիցքավորված MP-133 մոդելի թիվ 1113313259 որսորդական ողորկափող հրազենով, հանկարծակի առաջացած վիճաբանության ընթացքում հետագա կիրառման նպատակով, այն ժամանակ, մինչ Մաքսիմ Դովիդկովը փորձել է զինաթափել Արթուր Խաչատրյանին` վերցնելով նրա ձեռքից զենքը, Արթուր Խաչատրյանը դիտավորությամբ, սպանության նպատակով, այն է` Մաքսիմ Դովիդկովին մահ պատճառելու դիտավորությամբ, ինչպես նաև երկու և ավելի անձանց` նախկինում իրեն անծանոթ Վիտալի Կորնևին և Դ.Դովիդկովային, հանկարծակի առաջացած անձնական անբարյացակամ վերաբերմունքի հողի վրա, այն պատճառով, որ Մաքսիմ Դովիդկովը փորձել է վերցնել նրանից զենքը, գիտակցելով իր գործողությունների հասարակական վտանգավորությունը և կանխատեսելով մահվան տեսքով ծանր հետևանքներ առաջանալու հնարավորությունը և անխուսափելիությունը, ցանկանալով նրանց առաջանալը, ինչպես նաև ստույգ իմանալով, որ Մաքսիմ Դովիդկովի սպանության կատարման` իր կողմից օգտագործվող եղանակը` հրազենից կրակոցներ արձակելը մարդկանց հավաքված վայրում, սահմանափակ տարածության մեջ, հանդիսանում է հանրորեն վտանգավոր, քանի որ տնօրենի աշխատասենյակում Մաքսիմ Դովիդկովի հետ միասին մոտ` 25-100 սմ տարածության վրա գտնվել են Վ.Կորնևը և Դ.Դովիդկովան, այսինքն` երկու և ավելի անձինք, որոնց կյանքի համար առաջացել է վտանգ, վերջիններիս ներկայության մասին Արթուր Խաչատրյանին ստույգ հայտնի է եղել, Մ.Դովիդկովին, Վ.Կորնևին և Դ.Դովիդկովային կրակոցով վնասելու համար հնարավոր մոտ տարածությունից որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել իր առջև կանգնած Մ.Դովիդկովի վրա, որի հետևում են գտնվել Վ.Կորնևը և Դ.Դովիդկովան, այսինքն` Արթուր Խաչատրյանի կողմից արձակված կրակոցի արդյունքում Վիտալի Կորնևին պատճառվել է մահ` աջ պլևրալ խոռոչ թափանցող կրծքավանդկի հրազենային թափանցող կոտորակային վնասվածքի` 3-5 կրծքային ողերի, ողնուղեղի և այդ մակարդակում գտնվող նրա թաղանթի գործնականորեն ամբողջական քայքայմամբ` վնասելով աջ թոքի վերին հատվածը, առջևի և հետևի ենթամկանային գծերի միջև աջից 2-3 կողերը, աջ պլևրալ խոռոչում արյունազեղման տեսքով։
Արթուր Խաչատրյանի գործողությունների արդյունքում Վիտալի Կորնևին պատճառվել է մահ, այն է` սպանել է նրան, իսկ Մ.Դովիդկովի և Դ.Դովիդկովայի նկատմամբ Ա.Խաչատրյանը չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր գործողությունները` իրենից անկախ հանգամանքներում, քանի որ Մ.Դովիդկովը կարողացել է շրջվել Ա.Խաչատրյանի կողմից արձակված կրակոցից, որը չի առաջացրել մարմնական վնասվածքներ, իսկ Դ.Դովիդկովային մահ չի պատճառվել, քանի որ կրակոցի ժամանակ փամփուշտի արձակված մասնիկները չեն խոցել կենսական կարևոր օրգանները (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 59-61)։
6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(…) [Առաջին ատյանի դատարանը] (...) եկավ այն համոզման, որ հիմնավոր կասկած կա այն մասին, որ մեղադրյալն առնչություն ունի մեղսագրված արարքի կատարման հետ, որը հիմնավորվում է սույն միջնորդությանը կից [Առաջին ատյանի դատարան] ներկայացված վկաներ Մ.Դովիդկովի, Դ.Դովիդկովայի 04.05.2013թ. հարցաքննությունների, տուժող Մ.Դովիդկովի 19.08.2013թ. հարցաքննության, վկա Դ.Դովիդկովայի 04.09.2013թ. լրացուցիչ հարցաքննության արձանագրություններով և այլ նյութերով, ինչպես նաև հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այն, որ վերջինիս վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված արարք և նշված հանցագործության համար նախատեսվում է պատիժ ազատազրկում՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում, իսկ գործի հանգամանքները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կարող է քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, գտավ, որ առկա են Ա.Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու հիմքերը, հետևաբար պետք է բավարարել միջնորդությունը։
Անդրադառնալով մեղադրյալի և վերջինիս պաշտպանի առարկությունների փաստարկներին, այդ թվում՝ հիմնավոր կասկածի և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի բացակայության հետ, [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ դրանք անհիմն են և հերքվում են (...) վերոշարադրյալ պատճառաբանություններով, նկատի ունենալով, որ [Առաջին ատյանի դատարանը] վերը նշված հիմնավորմամբ եկել է այն եզրահանգման, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերից բխում է, որ առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ մեղադրյալը հնարավոր է կատարած լինի իրեն վերագրվող արարքը, ինչպես նաև [Առաջին ատյանի դատարանը] գտել է, որ նման պայմաններում բարձր են հավանական ռիսկերն առ այն, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կարող է քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը։
Միաժամանակ, [Առաջին ատյանի դատարանը], քննարկելով մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը` կալանավորման այլընտրանքային խափանման միջոց հանդիսացող գրավով ազատելու հնարավորության հարցը, գտնում է, որ այն քրեական գործի տվյալ փուլում անթույլատրելի է (...)։
(...) [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված տեղեկությունները՝ կապված մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշների և ընտանեկան դրության հետ, սակայն արձանագրում է, որ ներկա պահին խափանման միջոց կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու բավարար հիմքեր առկա չեն, քանի որ մեծ է հավանականությունը, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով, հնարավոր է ձեռնարկի այնպիսի քայլեր, որով կխոչընդոտի մեղադրանքի կողմի գործողությունները, այդ թվում՝ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կարող է քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, իսկ նման ենթադրություններ կատարելու համար [Առաջին ատյանի դատարանը] հիմնվում է ներկայացված փաստերի, տեղեկությունների, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության վերաբերյալ վերևում ներկայացված հանգամանքների վրա (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 85-90)։
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) [Ն]երկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ.
- 2014 թվականի մարտի 31-ին երդվյալ ատենակալների կողմից տրված եզրակացության հիման վրա ՌԴ Կեմերովոյի մարզային դատարանը 2014 թվականի ապրիլի 2-ին կայացրել է արդարացման դատական ակտ և փոխել Արթուր Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման [միջոց] կալանավորումը` ազատելով նրան դատական նիստերի դահլիճում,
- դրանից հետո` 2014 թվականին, Արթուր Խաչատրյանը վերադարձել է Հայաստան, դուրս է գրվել իր հաշվառման վայրի` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 2/1 շենքի 57 հասցեից և հաշվառվել ու փաստացի բնակվել է Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի 29-րդ տանը,
- տեղեկանալով, որ ՌԴ Կեմերովոյի մարզային դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի դատավճիռը բողոքարկվել, բեկանվել և նոր դատաքննություն է նշանակվել, Արթուր Խաչատրյանը մեկնել է ՌԴ և մասնակցել նոր դատաքննությանը,
- 2014 թվականի դեկտեմբերի 18-ին երդվյալ ատենակալները կրկին եզրակացություն են տվել այն մասին, որ ապացուցված չէ Արթուր Խաչատրյանի առնչությունը մեղսագրվող արարքի կատարմանը և այդ մասին հայտարարել են դատարանում, որից հետո նախագահող դատավորը նրանց առաջարկել է մեկ անգամ ևս քննարկել տվյալ հարցը (...),
- այնուհետև երդվյալ ատենակալները, փոխելով իրենց կարծիքը, նշել են, որ Արթուր Խաչատրյանի կատարած հանցանքն ապացուցված է, սակայն նրանք վերապահում են կատարել, որ նա չի ցանկացել Մաքսիմ Դովիդկովին կյանքից զրկել,
- դրանից հետո Արթուր Խաչատրյանը վերադարձել է Հայաստան,
- 2015 թվականի փետրվարի 27-ին ՌԴ Կեմերովոյի մարզային դատարանն Արթուր Խաչատրյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում և որոշում կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին,
- Արթուր Խաչատրյանը, տեղեկանալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, 2015 թվականի ապրիլի 27-ին կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել, որ ինքը ՌԴ Կեմերովոյի մարզի ոստիկանության կողմից գտնվում է հետախուզման մեջ (նշված հանգամանքը հաստատվում է ներկայացված նյութերում առկա ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ),
- 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ն.Չիլինգարյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Արթուր Խաչատրյանի նկատմամբ 40 օր ժամկետով կալանավորում կիրառելու համար, որն էլ դատարանի կողմից մերժվել է,
- դրանից հետո, նկատի ունենալով, որ Արթուր Խաչատրյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և գտնվում է ՀՀ-ում, թիվ 13110756 քրեական գործը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արթուր Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար,
- 2016 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Կարապետյանի որոշմամբ ՌԴ քննչական կոմիտեի Կեմերովոյի մարզի քննչական վարչության Կիսելյովսկ քաղաքի քննչական բաժնում` ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 13110756 քրեական գործն ընդունվել է վարույթ, որին շնորհվել է 69109316 համարը,
- Արթուր Խաչատրյանին հայտնաբերելու համար 2016 թվականի հոկտեմբերի 27-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից պատասխան է ստացվել, որ Արթուր Խաչատրյանը Երևան քաղաքի Գրիբոյեդովի 2/1 շենքի 57-րդ բնակարանում չի բնակվում, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացվել,
- 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արթուր Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում,
- 2016 թվականի դեկտեմբերի 20-ին Արթուր Խաչատրյանը հայտնաբերվել է Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի 29-րդ տանը և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Վերոգրյալ փաստական հանգամանքների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության մեջ նշված այն եզրահանգումը, որ Արթուր Խաչատրյանը չի ներկայացել քննությանը, և երկու անգամ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ուստի մեծ է նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը, քանի որ ներկայացված նյութերում առկա տվյալների համաձայն` 2014 թվականին Արթուր Խաչատրյանը, վերադառնալով Հայաստան, դուրս է գրվել իր հաշվառման վայրի` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 2/1 շենքի 57 հասցեից և հաշվառվել ու փաստացի բնակվել է Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի 29-րդ տանը, որից հետո` 2015 թվականի ապրիլի 27-ին, Արթուր Խաչատրյանը, տեղեկանալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել, որ ինքը ՌԴ Կեմերովոյի մարզի ոստիկանության կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Ավելին` վերոգրյալ փաստական հանգամանքների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է նաև, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինն Արթուր Խաչատրյանին հայտնաբերելու համար գրություն ուղարկել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, այն դեպքում, երբ դեռևս 2014 թվականին Արթուր Խաչատրյանը դուրս է գրվել իր հաշվառման վայրի` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 2/1 շենքի 57 հասցեից և հաշվառվել ու փաստացի բնակվել է Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի 29-րդ տանը, իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից գրությունն ուղարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին։
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներն ամենևին բավարար չեն մեղադրյալ Արթուր Խաչատրյանի ազատության կանխավարկածը հաղթահարելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, իսկ նման պայմաններում մեղադրյալ Արթուր Խաչատրյանին ազատությունից զրկելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա ձևավորված նախադեպային իրավունքի իմաստով կդիտվի կամայականություն։ Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարում նկատել, որ սույն գործով չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ խափանման մյուս միջոցները քրեական գործով վարույթի ընթացքում չեն կարող ապահովել մեղադրյալ Արթուր Խաչատրյանի պատշաճ վարքագիծը։ Ավելին` Արթուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված 2013 թվականի ապրիլի 28-ին կատարված ենթադրյալ հանցագործությունների համար և սույն գործով ձեռք չի բերվել որևէ օբյեկտիվ տվյալ, որ Արթուր Խաչատրյանը, ենթադրյալ հանցագործության կատարումից հետո գտնվելով ազատության մեջ, կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործողություններից որևէ մեկը (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 42-51)։
7.1. Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ «(...) որոշում կայացնելիս հաշվի է առնում մեղադրյալ Արթուր Խաչատրյանի անձը` այն, որ նա ունի մշտական բնակության վայր, կամովին ներկայացել է ոստիկանություն, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, ունի բարձրագույն կրթություն (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 42-51)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, դրանով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։
Բողոքաբերը, վերլուծելով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, թիվ ԱՎԴ/0022/06/08 և թիվ ԵԿԴ/0678/06/10 գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքում դրված մի շարք փաստական հանգամանքներ։
Մասնավորապես Վերաքննիչ դատարանը, չվիճարկելով մեղադրյալ Ա.Խաչատրյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը, միևնույն ժամանակ գտել է, որ բացակայում են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը` անտեսելով, սակայն, Ա.Խաչատրյանի կողմից Ռուսաստանի Դաշնությունում առանց հարգելի պատճառների դատական նիստերին չներկայանալու և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, այն է` ՀՀ վերադառնալու հանգամանքները։
Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը, պատշաճ չի գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, հաշվի չի առել Ա.Խաչատրյանին մեղսագրվող հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչի արդյունքում անհիմն վերացվել է մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
9. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը բեկանելու և նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(...)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած (...)։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.
(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր անձ ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք։
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով (…)»։
Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»։
Վերոշարադրյալ դրույթների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ` արձանագրելով, որ «(...) [անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի] սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից» (տե՛ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ կետը)։
Մեկ այլ` Ա.Ճուղուրյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(….) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը։ Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը։
(…) [Կ]ալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ։ Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա։ Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ» (տե՛ս Արամ Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը)։
11.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի [է] առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը»։
Մեջբերված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վ.Պողոսյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը թեև չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս (...)։ Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույնանման իրավական դիրքորոշում բազմիցս իր նախադեպային նշանակության վճիռներում հայտնել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ի թիվս այլոց` տե՛ս Mamedova v. Russia, 2006 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 7064/05, կետ 74, Panchenko v. Russia 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 102, Ilijkov v. Bulgaria, 2001 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 33977/96, կետ 81) (…)» (տե՛ս Վահագն Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշման 13-րդ կետը)։
12. Սույն գործի նյութերից երևում է, որ Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Վ.Կորնևին սպանելու, ինչպես նաև երկու անձանց` Մ.Դովիդկովի և Դ.Դովիդկովայի նկատմամբ նույն եղանակով սպանության փորձ կատարելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը և հիմք ընդունելով սույն գործի փաստական հանգամանքները, գտել է, որ Ա.Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ կամ այլ ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։
Վերաքննիչ դատարանը, վերլուծելով գործի փաստական հանգամանքները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, և դրանք բավարար չեն մեղադրյալ Ա.Խաչատրյանի ազատության կանխավարկածը հաղթահարելու ու նրա նկատմամբ կալանավորում կիրառելու համար։ Մասնավորապես գործով ձեռք չի բերվել որևէ օբյեկտիվ տվյալ առ այն, որ մեղադրյալը, ենթադրյալ հանցագործության կատարումից հետո գտնվելով ազատության մեջ, կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործողություններից որևէ մեկը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել մեղադրյալ Ա.Խաչատրյանի անձը, այն, որ նա ունի մշտական բնակության վայր, կամովին ներկայացել է ոստիկանություն, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն և ունի բարձրագույն կրթություն (տե՛ս սույն որոշման 7-րդ և 7.1-րդ կետերը)։
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս հաշվի չի առել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի մասին վկայող գործում առկա փաստական հանգամանքները` սխալ եզրահանգման գալով մեղադրյալ Ա.Խաչատրյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու հավանականության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս Առաջին ատյանի դատարանը, մատնանշելով քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և մինչդատական վարույթում գործի քննությանը վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով խոչընդոտելու հանգամանքները, թերի է պատճառաբանել դրանց հավանականությունը։
Այսպես` գործի փաստերից հետևում է, որ մեղադրյալ Ա.Խաչատրյանը ենթադրյալ հանցագործության կատարումից հետո` 2013 թվականի ապրիլի 28-ին, դիմել է փախուստի և հայտնաբերվել ու ձերբակալվել է մեկ ամիս անց` նույն թվականի մայիսի 29-ին, ավելին` Ա.Խաչատրյանը ձերբակալման ընթացքում դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին (տե՛ս սույն որոշման 1-ին կետը)։ Բացի այդ, մեղադրյալը, երդվյալ ատենակալների կոլեգիայի` 2014 թվականի դեկտեմբերի 18-ի վերդիկտով մեղավոր ճանաչվելով, նույն թվականի դեկտեմբերի 28-ին վերադարձել է Հայաստան` խուսափելով մասնակցել նշված վերդիկտի հետևանքների քննարկման կապակցությամբ նշանակված դատական նիստերին (տե՛ս նույն կետը)։
13.1. Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել Ա.Խաչատրյանին մեղսագրվող արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչը գործի նյութերից բխող փաստական հանգամանքների համատեքստում հանդիսանում է քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարր։ Մասնավորապես, գնահատման չեն ենթարկվել`
ա) վերագրվող արարքի կատարման` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը` այն, որ Ա.Խաչատրյանը հրազենից կրակոց է արձակել սահմանափակ տարածության մեջ` մի քանի անձանց ներկայությամբ,
բ) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը` այն, որ Ա.Խաչատրյանի ենթադրյալ գործողությունների արդյունքում Վ.Կորնևին պատճառվել է մահ, իսկ Մ.Դովիդկովը և Դ.Դովիդկովան չեն զրկվել կյանքից` մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։
Վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման չենթարկելու հետևանքով Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջն այն մասին, որ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս պետք է հաշվի առնվեն վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը։
14. Հիմք ընդունելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումներն առ այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կթաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից և կխոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը` վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, իրական են և բխում են դատարան ներկայացված ու գործի նյութերում առկա փաստական տվյալներից։ Նման պայմաններում անհիմն են Վերաքննիչ դատարանի այն պնդումները, որ «սույն գործով ձեռք չի բերվել որևէ օբյեկտիվ տվյալ, որ Արթուր Խաչատրյանը, ենթադրյալ հանցագործության կատարումից հետո գտնվելով ազատության մեջ, կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործողություններից որևէ մեկը»։
14.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված` Ա.Խաչատրյանի անձը բնութագրող հանգամանքներին և նրա վարքագծին (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սույն որոշման 13-րդ կետում մեջբերված` կալանավորման հիմքերի առկայության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում չեն կարող բավարար լինել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու համար։
15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը բեկանելու և նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ է, և դրանով թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին պետք է հաշվակցել Ա.Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2016 թվականի դեկտեմբերի 20-ից, մինչև ազատ արձակվելը նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով (2005 թվականի փոփոխություններով), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մեղադրյալ Արթուր Կոլյայի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2016 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև ազատ արձակվելը մեղադրյալ Ա.Խաչատրյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ս. Օհանյան |