«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1809-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգի բարեփոխումների մասին» N 1750-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
(1-ին կետը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 03.06.10 N 756-Ն, փոփ. 29.12.16 N 1395-Ն)
2.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի վարչությունը կարող է ունենալ առնվազն 5 հաստիքային միավոր, իսկ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը` առնվազն երեք հաստիքային միավոր:
(2.1-ին կետը լրաց. 30.01.03 N 70-Ն, 03.06.10 N 756-Ն, փոփ. 29.12.16 N 1395-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
(3-րդ կետը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է տրանսպորտի, կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
(1-ին կետը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) նախարարության նպատակը ոլորտի ենթակառուցվածքների մրցակցության խթանման, ոլորտի հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումն է.
բ) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների գործունեության արդյունավետ կառավարումը և համակարգումը.
գ) տրանսպորտի և փոստի ոլորտներում գործող լիցենզիաների, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվության գործընթացի, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման կատարման նկատմամբ, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման, երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում դրանց պահպանման տեխնիկական վերահսկողության ու նորմատիվ իրավական ակտերի պահանջների ապահովումը.
դ) տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներում միջպետական համագործակցությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.
ե) Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, հեռանկարային զարգացման ծրագրերի կազմումը և հաստատումը, միջպետական և միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման ապահովումը, միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի և ուղևորափոխադրումների միասնական համակարգի ապահովումը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովումը.
զ) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
է) արտակարգ իրավիճակների, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համար պատասխանատվության ստանձնումը, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովումը.
ը) տեղեկատվական հասարակության ձևավորումը. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և տեղեկատվական անվտանգության քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը.
թ) թվային տնտեսության և նորարարության ձևավորման խթանումը.
ժ) տվյալ բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների ինովացիոն քաղաքականության ձևավորմանը և զարգացմանը նպաստելը:
(7-րդ կետը խմբ. 13.04.06 N 1090-Ն, 03.06.10 N 756-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.12.16 N 1395-Ն)
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) էլեկտրոնային, տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, հաղորդակցության և ճանապարհաշինական ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի և ճանապարհաշինական ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.
գ) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի մշակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի, փոստի, կապի և տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության բնագավառների գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում.
դ) տրանսպորտի և կապի օբյեկտների, կապուղիների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանում.
ե) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության և ճանապարհաշինական բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.
զ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրանսպորտի, փոստի, կապի, տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի վարում.
է) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.
ը) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.
թ) ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանում.
ժ) ռադիոհաճախականության տիրույթի բաշխում, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացում.
ժա) փոստի և կապի բնագավառում միջազգային համագործակցություն իրականացնելիս` որպես Հայաստանի Հանրապետության փոստային ադմինիստրացիա հանդես գալը.
ժբ) հեռահաղորդակցության և համացանցի (ինտերնետի) ծառայության մատուցման արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ժգ) փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների, փոստային օբյեկտների դասիչների, Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշների պատկերի և թեմայի սահմանում.
ժդ) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանում.
ժե) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման (հիմնանորոգում, միջին նորոգում), շահագործման (ընթացիկ նորոգում, պահպանություն) ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգ, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգում և դրանց անվանացանկի հաշվառում.
ժզ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող այդ ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների) կառուցման ու շահագործման ընդունում.
ժէ) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի հաստատում և փոփոխում.
ժը) ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկրման և լուսավորման վերաբերյալ կանոնների սահմանում.
ժթ) Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով վերապահված գործառույթների իրականացում.
ի) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների կանոնակարգում.
իա) տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի ու ստանդարտների մշակում.
իբ) սահմանափակ ռեսուրսների` ներառյալ ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարների օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացում.
իդ) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում.
իե) արդյունավետ վառելիքի կիրառման և ավտոտրանսպորտային միջոցների վնասակար արտանետումների կրճատման, մեծ տարողությամբ տրանսպորտային միջոցներով միկրոավտոբուսների շարունակական փոխարինման և էլեկտրական տրանսպորտի զարգացման ուղղությամբ ներկայացնում է առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ.
իզ) մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, դիտանցում տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի իրականացումը.
իէ) մշակում է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների լիարժեք հասանելիության ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը.
իը) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը, ապահովում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը.
իթ) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, կապի ոլորտներում նորարարական ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը.
լ) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, կապի ոլորտներում տեխնոլոգիական նորարարության քաղաքականությունը, ինչպես նաև տվյալ ոլորտների տեխնոլոգիական նորարարության նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգը.
լա) մշակում է տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցության և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը.
լբ) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարական (ինովացիոն) կարողությունների զարգացման և ոլորտի միջազգային գործընթացներում ներգրավման քաղաքականությունը.
լգ) մշակում է տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող միջազգային ընկերությունների՝ Հայաստան գրավման և հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանման քաղաքականությունը:
(8-րդ կետը խմբ. 13.05.04 N 703-Ն, լրաց., խմբ. 25.05.05 N 655-Ն, խմբ. 13.04.06 N 1090-Ն, 12.04.07 N 440-Ն, լրաց., փոփ., խմբ. 13.11.08 N 1331-Ն, խմբ. 03.06.10 N 756-Ն, լրաց. 05.05.11 N 541-Ն, 21.03.13 N 244-Ն, լրաց., փոփ. 29.12.16 N 1395-Ն)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը՝
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նախարարության աշխատողներին, կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ, ինչպես նաև տրանսպորտի, փոստի և կապի ոլորտում նշանակալի ավանդ ունեցող անձանց պարգևատրում է պատվոգրերով և կրծքանշաններով.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.
է) եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ.
ը) իրականացնում է իրեն վերապահված՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները.
թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
ժ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժբ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրա գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժգ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժզ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժը) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժթ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը խմբ. 03.06.10 N 756-Ն)
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացնող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Հայաստանի Հանրապետության նախարարին կից կոլեգիան`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
(15.1-ին կետը լրաց. 18.12.08 N 1511-Ն, խմբ. 03.06.10 N 756-Ն, փոփ. 31.03.16 N 337-Ն)
15.2. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ (այսուհետ` հասարակական խորհուրդ): Հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
(15.2-րդ կետը լրաց. 31.03.16 N 337-Ն)
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ:
(25-րդ կետը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, Նալբանդյան 28:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետութան կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարը օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, նախարարի հրամանների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ1.) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կագով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
(43-րդ կետը լրաց. 12.04.07 N 440-Ն, 03.06.10 N 756-Ն)
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(44-րդ կետը փոփ. 03.06.10 N 756-Ն)
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը խմբ. 13.05.04 N 703-Ն, լրաց., խմբ. 25.05.05 N 655-Ն, խմբ. 13.04.06 N 1090-Ն, խմբ., լրաց. 12.04.07 N 440-Ն, լրաց., փոփ., խմբ. 13.11.08 N 1331-Ն, լրաց. 18.12.08 N 1511-Ն, խմբ., լրաց., փոփ. 03.06.10 N 756-Ն, լրաց. 05.05.11 N 541-Ն, 21.03.13 N 244-Ն, փոփ., լրաց. 31.03.16 N 337-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.12.16 N 1395-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
(վերնագիրը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
- Տրանսպորտի վարչություն
- Կապի և հեռահաղորդակցության վարչություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչություն
- Ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչություն
- Երկաթուղու վարչություն
- Փոստի վարչություն
- Արտաքին կապերի և ծրագրերի վարչություն
- Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
- Իրավաբանական վարչություն
- Ներքին աուդիտի բաժին
- Քարտուղարություն
- Անձնակազմի կառավարման բաժին
- Հասարակության հետ կապերի բաժին
- Առաջին բաժին
- Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին
- Ճանապարհային ոլորտը կարգավորող բաժին
Առանձնացված ստորաբաժանումներ
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն
- Լիցենզավորման գործակալություն
(հավելվածը փոփ. 30.01.03 N 70-Ն, լրաց. 15.05.03 N 786-Ն, փոփ. 02.12.04 N 1800-Ն, լրաց. 14.04.05 N 451-Ն, խմբ. 03.06.10 N 756-Ն, լրաց. 05.05.11 N 541-Ն, փոփ., խմբ. 14.07.11 N 1029-Ն, փոփ., լրաց. 13.03.14 N 268-Ն, 29.12.16 N 1395-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ տրանսպորտի և կապի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը խմբ. 12.05.11 N 576-Ն, փոփ. 29.12.16 N 1395-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐԸ
7. Գործակալության նպատակը և խնդիրը տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման գործընթացի հետ կապված աշխատանքների կազմակերպումն է:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության, ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման ու տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման գործընթացի հետ կապված աշխատանքների կազմակերպում.
2) տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների, լիցենզիաների ներդիրների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և պահպանում.
3) իր իրավասության սահմաններում տրանսպորտի և փոստային կապի բնագավառում լիցենզիաների տրամադրման հետ կապված հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց խորհրդատվության տրամադրում.
4) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպում և գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկում:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (այսուհետ` նախարարություն) և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(10-րդ կետը փոփ. 29.12.16 N 1395-Ն)
11. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
8) իրականացնում է վերահսկողություն գործակալության օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
9) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.
10) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
11) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գործակալության պետին փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
17. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը լրաց. 03.06.10 N 756-Ն, փոփ. 29.12.16 N 1395-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|