«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32205229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
10 հունիսի 2005 թ. |
N 162-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳԾԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6-րդ գլխի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 26 որոշման պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `
1. Հաստատել` «Գծային ինժեներական ենթակառուցվածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հրահանգը»` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունների հետ, համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հաստատված է |
ՀՀ կառավարությանն |
ՀՀ էներգետիկայի նախարար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ պրն Մ. Վարդանյան 10 հունիսի 2005 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԳԾԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով սահմանվում են ինժեներական ենթակառուցվածքների`
ա) էլեկտրահաղորդման և կապի համակարգերի (այդ թվում` օդային և ստորգետնյա մալուխային գծերի) և դրանց հենասյուների,
բ) ջրարբիացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի,
գ) գազատարների և ջերմամատակարարման համակարգերի,
դ) ոռոգման համակարգերի,
ե) ջրամբարների նկատմամբ`
գույքային իրավունքների, այդ թվում` օրենքով սահմանված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտների պետական գրանցման առանձնահատկությունները անկախ սեփականության իրավունքի սուբյեկտներից:
2. Գծային ինժեներական ենթակառուցվածքների հետ շահագործման և տեխնոլոգիական պայմաններով անմիջականորեն կապված շինությունների նկատմամբ գույքային իրավունքները գրանցվում են ենթակառուցվածքների հետ միասին (միաժամանակ), որպես անշարժ գույքի միավորներ:
3. Սույն հրահանգի գործողությունը չի տարածվում տրանսպորտային ենթակառուցվածքների` ավտոմոբիլային ճանապարհների և երկաթգծերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման վրա:
II. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
4. Առանձին կանգնած շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սահմանված կարգով:
5. Գծային ինժեներական ենթակառուցվածքների (այսուհետև` անշարժ գույքի միավոր) նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար դրանց տնօրինողները (սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված անձինք) կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում են ներկայացնում`
ա) դիմում` նշելով ենթակառուցվածքները և այն շինությունները, որոնց նկատմամբ պետք է իրականացվի գույքային իրավունքների պետական գրանցում, որպես անշարժ գույքի միավոր,
բ) ենթակառուցվածքների ծրագծերի հատակագծերը, որոնց վրա ցույց են տրվում դրանց անվտանգության (պահպանական) գոտիները` ըստ անհրաժեշտության սերվիտուտներ սահմանելու նպատակով, համաձայնեցված համայնքի ղեկավարի (համայնքների ղեկավարների), Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող ենթակառուցվածքների դեպքում` մարզպետի հետ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, ենթակառուցվածքների հետ նույն միավորի կազմում գտնվող շենքերը, շինությունները:
Ներկայացվող հատակագծերի և քարտեզների մասշտաբները ընտրվում են ըստ նպատակահարմարության` կախված գրանցման ենթակա ենթակառուցվածքների չափերից:
6. Սույն հրահանգի իմաստով անշարժ գույքի միավորներ են համարվում`
1) էլեկտրաէներգիայի արտադրման և տեղափոխման համակարգերի համար`
ա) էլեկտրակայանները
բ) ենթակայանները
գ) էլեկտրահաղորդման գծերը և դրանց հենասյուները
դ) դերիվացիոն ջրանցքները:
2) Կապի համակարգերի համար`
ա) կապի վերգետնյա և ստորգետնյա մալուխային գծերը և դրանց հենասյուները (հեռախոսի, ռադիոհաղորդման, հեռագրային, հեռահաղորդման, ազդանշանային, հեռակառավարման և այլն):
3) Գազամատակարարման համակարգերի համար`
ա) գազատեղափոխման համակարգ` մայրուղային գազատարները (խողովակաշար, փականային հանգույցներ, կոնդենսատորներ, մոմեր, հաշվիչ հանգույցներ, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտներ)
բ) գազաբաշխման կայաններ
գ) գազի ստորգետնյա պահեստարան-կայան
դ) գազաբաշխիչ համակարգ` բարձր, միջին և ցածր ճնշման խողովակաշարեր, գազակարգավորիչ կետեր, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտներ
ե) գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղեր:
4) Ջերմամատակարարման համակարգերի համար`
ա) կաթսայատները
բ) մինչև շենքերի մուտքերը ձգվող ջերմամատակարարման խողովակաշարերը:
5) Ջրարբիացման, ջրամատակարարման համակարգերի համար`
ա) ջրառի կառույց
բ) մինչև օրվա կարգավորման ջրամբար մտնող մայրուղային խողովակաշարեր և դրանց շահագործման համար նախատեսված պոմպակայաններ
գ) օրվա կարգավորման ջրամբարներ, մինչև բակային պոմպակայաններ և (կամ) սահմանազատման կետերը հասնող խողովակաշարեր, ինչպես նաև ջրի մաքրման կայաններ, քլորակայաններ, ջրաչափման հանգույցներ, բակային պոմպակայաններ, սահմանազատման կետեր (մուտքագծերի ջրաչափեր):
6) Ջրահեռացման համակարգերի համար`
ա) տնտեսական, արդյունահանման և անձրևաջրերի կոյուղի (այդ թվում` կոլեկտորներ)
բ) ջրահեռացման ցանցեր
գ) դրենաժներ
դ) մաքրման կայաններ:
7) Ոռոգման համակարգերի համար`
ա) մայր ջրանցքները
բ) միջտնտեսական ոռոգման ջրանցքները
գ) ներտնտեսային և բաժանարար ջրանցքները և խորքային հորերը
դ) ոռոգման ներքին ցանցերը
ե) ոռոգման և չորացման փակ ցանցերը և դրանց վրայի հորերը և հիդրատները:
7. Սույն ենթակետին համապատասխան հողամասերի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր պահանջվում են անշարժ գույքի միավորների կազմում գտնվող հետևյալ ենթակառուցվածքների համար`
ա) ջրամբար
բ) մայր և միջտնտեսական ոռոգման ջրանցք
գ) ներտնտեսական և բաժանարար ջրանցք
դ) պոմպակայան, բացառությամբ ջրամատակարարվող շենքերի նկուղներում տեղադրված պոմպերի
ե) օրվա կարգավորիչ ջրամբար
զ) ջրառի կառույց
է) խորքային հոր
ը) դերիվացիոն ջրանցք
թ) գազատեղափոխման խողովակաշար (եթե դրանք անցնում են պետական սեփականության հողերով)
ժ) էլեկտրակայան և ենթակայան
ի) մաքրման կայան
լ) գազաբաշխիչ և գազամբարման կայաններ
խ) գազի ստորգետնյա պահուստային կայան
ծ) առանձին կանգնած շենքեր և շինություններ:
8. Սույն ենթակետին համապատասխան` սահմանափակ հողօգտագործման (սերվիտուտի) իրավունք ծագում է հետևյալ ենթակառուցվածքների համար`
ա) ոռոգման ներքին ցանց
բ) կոլեկտոր
գ) ոռոգման և չորացման փակ ցանց և հորեր դրա վրա
դ) հիդրանտ ոռոգման ցանցի վրա
ե) բարձր, միջին և ցածր ճնշման բաց և փակ խողովակաշարեր (ջրամատակարարման, կոյուղու, ջերմամատակարարման, գազաբաշխման, տրանսպորտային)
զ) գազակարգավորիչ կետեր
է) արտեզյան հոր
ը) վերերկրյա և ստորգետնյա էլեկտրագծեր և դրանց հենասյուներ
թ) կապի վերերկրյա և ստորգետնյա մալուխներ և դրանց հենասյուներ
ժ) կոյուղու և փողոցային ջրահեռացման ցանցեր:
III. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
9. Եթե անշարժ գույքի միավորները տեղակայված են մեկից ավելի տարածքային ստորաբաժանումների սպասարկման կադաստրային տարածքներում, իրավունքների պետական գրանցումն իրականացվում է կոմիտեի նախագահի հրամանով` մեկ տարածքային ստորաբաժանման կողմից:
10. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա տարածքային ստորաբաժանումն ըստ անհրաժեշտության իրականացնում է ենթակառուցվածքների հետ նույն գույքային համալիրի (օբյեկտի) կազմում գտնվող շենքերի, շինությունների և համապատասխան հողամասերի չափագրումը և ուրվագծերի կազմումը:
11. Պետական գրանցումն իրականացվում է համապատասխան իրավունքի սուբյեկտի պետական գրանցման միասնական մատյանի թերթիկում, ըստ հերթականության
«Հողամաս» ենթաբաժնում (հողհատկացման առկայության դեպքում), ըստ սյունակների լրացվում են`
ա) կադաստրային համարը - կադաստրային քարտեզագրման արդյունքում տրված ծածկագիրը,
բ) գտնվելու վայրը (մարզ, համայնք, փողոց, տեղամասի անվանում և այլն),
գ) նպատակային նշանակությունը - նշվում է «էներգետիկայի, կապի տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը»,
դ) օգտագործման նպատակը - նշվում է հողամասի գործառնական նշանակությունը` էներգետիկա, կոմունալ ենթակառուցվածք և այլն և (կամ) գույքի օգտագործման բնույթը` պոմպակայան, ջրամբար, ջրանցք, էլ. ենթակայան և այլն,
ե) կադաստրային արժեքը (նշվում է ՀՀ դրամով) - կադաստրային գնահատման արդյունքում հաշվարկված արժեքը,
զ) չափը (մակերես) - նշվում է հեկտարով (հա).
«Շենքեր» ենթաբաժնում ըստ սյունակների լրացվում են`
ա) կադաստրային համարը,
բ) շենքի տեսակը - նշվում է շենքի գործառնական նշանակությունը` էներգետիկա, կապ և այլն,
գ) օգտագործման նպատակը` նշվում է պոմպակայան, գազի բաշխիչ կայան և այլն,
դ) ընդհանուր բնութագիրը, նյութի տեսակը, ծածկը, ավարտվածության աստիճանը, տեղադրությունը (գոտիականությունը), հարկայնությունը, վնասվածության աստիճանը, կառուցման տարեթիվը,
ե) ընդհանուր մակերեսը - նշվում է արտաքին և ներքին մակերեսը` քառակուսի մետրով, այդ թվում` օժանդակ,
զ) շենքի կադաստրային արժեքը - նշվում է կադաստրային գնահատման արդյունքում ստացված արժեքը` դրամով.
«Շինություններ» ենթաբաժնում նշվում են`
ա) կադաստրային համարը,
բ) շինության անվանումը - (էլեկտրահաղորդման օդային գիծ, կապի ստորգետնյա մալուխ, խմելու ջրի խողովակաշար, ջրանցք, գազատար և այլն),
գ) ընդհանուր բնութագիրը - նշվում է շինանյութը, ծածկը, հարկայնությունը, ավարտվածության աստիճանը, տեղադրությունը (գոտիականությունը), կառուցման տարեթիվը,
դ) շինության մակերեսը - նշվում է շինության արտաքին և ներքին մակերեսը` քառակուսի մետրերով և (կամ) ծրագծի ընդհանուր երկարությունը` կիլոմետրերով,
ե) շինության կադաստրային արժեքը դրամով - կադաստրային գնահատման արդյունքում ստացված արժեքը:
Անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների բաժնի ենթաբաժինների սյունակները լրացվում են`
«Հողամաս» իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժին`
ա) սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), սեփականատերերի (օգտագործողների) թիվը - լրացվում են ենթակառուցվածքները տնօրինողների (սեփականատերերի, կառավարման լիազոր մարմինների) անվանումները,
բ) անձնագրային տվյալները կամ իրավաբանական անձի ռեկվիզիտները - նշվում է իրավաբանական անձի գրանցման վկայականը և համարը,
գ) իրավունքի տեսակը - գործողության ժամկետը - նշվում է սեփականության, անհատույց օգտագործում, վարձակալության և այլն,
դ) սեփականության բաժնեմասի չափը - նշվում է 100%,
ե) իրավունք հաստատող փաստաթղթերի անվանումը - նշվում են սույն հրահանգում նշված փաստաթղթերը,
զ) իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթերի անվանումը - նշվում է իրավունքի դադարման դեպքում դրա հիմքը:
«Շենքեր, իրավունքի ձեռքբերում և դադարում», «Շինություններ, իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժինների սյունակները լրացվում են առաջին ենթաբաժնի սյունակների լրացման կարգին համապատասխան:
12. Սույն հրահանգի 6-րդ կետին համապատասխան, հողհատկացում չպահանջող ենթակառուցվածքների (շինությունների) պահպանման, սպասարկման և անվտանգ շահագործման համար ծագող սերվիտուտները գրանցելիս սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի ներդիրում որպես շինություն գրանցվող ենթակառուցվածքի ծրագծի երկայնքով ցույց են տրվում միայն այն հողամասերը (համապատասխան կոդերով), որոնց նկատմամբ ծագում է սերվիտուտ (համապատասխան նորմատիվներով սահմանված գոտիներով) (սերվիտուտի գոտու լայնությունը ներդիրում ցույց է տրվում 1:50-1:100 մասշտաբի գծագրի վրա` առանձին հատվածով):
13. Եթե սերվիտուտով ծանրաբեռնված հողամասերի նկատմամբ արդեն գրանցված են գույքային իրավունքները, ապա տարածքային ստորաբաժանումը սերվիտուտի իրավունքի պետական գրանցումից հետո ենթակառուցվածքը տնօրինող (շահագործող) մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն` հողամասերի սեփականատերերին նրանց հողամասի նկատմամբ օրենքի ուժով ձեռք բերված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի մասին իրազեկելու նպատակով:
14. Սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի գույքի սեփականատիրոջ «Գրանցման թերթիկ»-ի «Սերվիտուտ: Իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում, որտեղ ըստ սյունակների լրացվում են`
ա) օգտագործողի անունը (անվանումը), ում օգտին տրվել է սերվիտուտի իրավունքը - նշվում է անձի անվանումը, ում օգտին տրվել է սերվիտուտի իրավունք,
բ) ինչ իրավունք է տրվել սերվիտուտով - նշվում է «ենթակառուցվածքի (գազատար, էլեկտրահաղորդման գիծ, կապի մալուխ, խմելու ջրի խողովակաշար, ներտնտեսային ոռոգման ցանց և այլն) պահպանման, սպասարկման և անվտանգ շահագործման համար»,
գ) սերվիտուտի պայմանագրի ամիսը, ամսաթիվը - նշվում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 212-րդ հոդվածի 3.1 կետը»,
դ) սերվիտուտի գործողության ժամկետը - նշվում է «Մշտական և անվճար»,
ե) իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը և ամսաթիվը - նման փաստաթղթի առկայության դեպքում նշվում է` իրավունքի դադարման վերաբերյալ պայմանագրի, կողմերի համաձայնության նոտարական վավերացման, դատարանի վճռի, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթվերը և համարը:
15. Սույն հրահանգի 12-րդ կետով սահմանված կարգով է իրականացվում նաև սերվիտուտների գրանցումը այն հողամասերի նկատմամբ, որոնց սեփականատերերը նոր են դիմել իրավունքների պետական գրանցման խնդրով:
16. Սերվիտուտի իրավունքի պետական գրանցումից հետո ենթակառուցվածքի (օբյեկտի) սեփականատիրոջ (կառավարման լիազոր մարմնի) անվամբ իրավունքի պետական գրանցման միասնական մատյանի համապատասխան թերթիկում սահմանված կարգով կատարվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, որից հետո տրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական:
17. Գրանցման թերթիկի և իրավունքի գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ» բաժնում կատարվում է լրացում սերվիտուտի իրավունքի գրանցման վերաբերյալ` նշելով պետական գրանցման միասնական մատյանի և գրանցման թերթիկի համարը, որտեղ գրանցված է սերվիտուտը:
IV. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
18. Գույքային իրավունքների պետական գրանցումից հետո տարածքային ստորաբաժանումը կոմիտեի նախագահի 03.12.03 թ. N 819-Ն հրամանով հաստատված հրահանգի համաձայն` համապատասխան փոփոխություններ (լրացումներ) է կատարում կադաստրային քարտեզում (քարտեզներում) և կատարված փոփոխությունները սահմանված կարգով ու ժամկետներում փոխանցում է կոմիտեի տեղեկատվական կենտրոնին` կցելով համապատասխան հատակագծի (հանույթ) պատճենը:
19. Եթե ենթակառուցվածքը (անշարժ գույքի օբյեկտը) տեղակայված է մեկից ավելի տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքներում, գրանցումն իրականացրած ստորաբաժանումը սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը` համապատասխան ներդիրներով, իրավունքի պետական գրանցումից հետո եռօրյա ժամկետում փոխանցում է ենթակառուցվածքի տեղակայման այլ տարածքային ստորաբաժանմանը (ստորաբաժանումներին)` սույն հրահանգի 16-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման համար:
20. Տեղեկատվական կենտրոնը ստացված փաստաթղթերի հիման վրա սահմանված կարգով փոփոխություններ (լրացումներ) է կատարում կադաստրային քարտեզների էլեկտրոնային (թվային) տարբերակներում: