Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԽ-16-Ո-22
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.39
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
07.09.2012
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
07.09.2012
Дата вступления в силу
07.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-16-Ո-22

2012 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԻԴԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`
 

Ա. Մկրտումյանի
 

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի

Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ` դատավոր

Ա. Դավթյանի

   

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2012 թվականի սեպտեմբերի 7-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 27.07.2012թ. թիվ N-Կ-2-4/2012թ. որոշմամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Դավթյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 26.07.2012թ. թիվ Ե-4976 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Դատարանի 08.12.2011 թվականի որոշմամբ Սյուզաննա Բդոյանի հայցն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Կասկադ» մասնաճյուղի` 39,1 քմ մակերեսով նկուղի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է Դատարանի վարույթ, և 16.12.2011 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:

Դատարանի 16.12.2011թ. որոշմամբ բավարարվել է պատասխանող «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության «Կասկադ» մասնաճյուղի ներկայացուցչի միջնորդությունը, և սույն գործով պատասխանող է ճանաչվել «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը:

Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ սույն գործով պատշաճ պատասխանող է ճանաչվել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Ավան» տարածքային ստորաբաժանումը, իսկ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

Պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Ավան» տարածքային ստորաբաժանումը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան և միջնորդել է սույն գործով որպես պատասխանող ներգրավել Երևանի քաղաքապետարանին, որը դատարանի որոշմամբ մերժվել է:

Դատարանի 16.03.2012թ. վճռով հայցը բավարարվել է, որով ճանաչվել է Սյուզաննա Բդոյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի, Ավան-Առինջ թաղամասի 2/12 շենքի թիվ 40 բնակարանի տակ գտնվող 39.1 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինության` 31.8 քմ մակերեսով նկուղի և 7.3 քմ մակերեսով խորդանոցի նկատմամբ:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

ՀՀ կառավարությունը 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ որոշել է հաստատել ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի:

 Նշված կարգի 28-րդ կետի համաձայն` բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցների` վերնասրահների, նկուղների, դռների, պատուհանների և շենքի ծավալում գտնվող այլ ձևափոխումների օրինականացման նպատակով (եթե դրանց արդյունքում փոփոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը) շենքի սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք դիմում են համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին)` դիմումին կցելով շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունը և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, իր 26.01.2007թ. թիվ 3-106 (ՎԴ) որոշմամբ արձանագրել է, որ «Դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արդեն իսկ մեջբերված որոշման մեջ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, արձանագրել է, որ «Ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման»:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109-րդ հոդվածի համակարգային վերլուծությունից ու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերոնշյալ հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է, և ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման:

Մինչդեռ, Դատարանի 16.03.2012թ. վճռով ճանաչվել է Սյուզաննա Բդոյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի, Ավան-Առինջ թաղամասի 2/12 շենքի թիվ 40 բնակարանի տակ գտնվող 39.1 քմ. ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինության` 31.8 քմ մակերեսով նկուղի և 7.3 քմ. մակերեսով խորդանոցի նկատմամբ:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, բավարարելով ինքնակամ կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի պահանջները, քանի որ հայցը բավարարել է իրավական հիմքի բացակայության, վեճը դատարանում քննության ենթակա չլինելու, իսկ գործի վարույթը կարճման ենթակա լինելու պայմաններում:

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը, բավարարելով հայցը, թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

 Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական և դատավարական օրենքների նորմերի խախտումներ, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ են տրվել նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ա. Դավթյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Հայտնում եմ, որ չեմ վիճարկում կարգապահական խախտման փաստը, համաձայն եմ տվյալ արարքի որակմանը, քանի որ անուշադրության պատճառով սխալ եզրահանգում եմ կատարել»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Դատարանի 08.12.2011 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Սյուզաննա Բդոյանի հայցն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Կասկադ» մասնաճյուղի` 39,1 քմ մակերեսով նկուղի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

2) Դատարանի 16.12.2011թ. որոշմամբ բավարարվել է պատասխանող «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության «Կասկադ» մասնաճյուղի ներկայացուցչի միջնորդությունը և սույն գործով պատասխանող է ճանաչվել «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը:

Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ սույն գործով պատշաճ պատասխանող է ճանաչվել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Ավան» տարածքային ստորաբաժանումը, իսկ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

Պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Ավան» տարածքային ստորաբաժանումը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան և միջնորդել է սույն գործով որպես պատասխանող ներգրավել Երևանի քաղաքապետարանին, որը դատարանի կողմից մերժվել է:

3) Սյուզաննա Բդոյանին տրված սեփականության իրավունքի վկայականի «շենքի հատակագիծ» բաժնում նշագծված է նկուղի` համապատասխան չափով հատակագծի պատկերը: Մինչդեռ նույն սեփականության իրավունքի վկայականի «լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում գրված է, որ առկա է 39.1 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություն:

4) Երևանի քաղաքապետարանի` 21.06.2011թ. հայցվորին հասցեագրված գրության համաձայն` Ավան-Առինջ 2/12 շենքի 40 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու և որպես ընդհանուր բաժնային սեփականություն գրանցելու դիմումին հնարավոր կլինի ընթացք տալ շենքի բոլոր բնակիչների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ցանկը` տրված անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից, և նրանց գրավոր համաձայնությունը` վավերացված նոտարական կարգով, ներկայացնելուց հետո:

5) Դատարանի 16.03.2012թ. վճռով հայցը բավարարվել է, որով ճանաչվել է Սյուզաննա Բդոյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի, Ավան-Առինջ թաղամասի 2/12 շենքի թիվ 40 բնակարանի տակ գտնվող 39.1 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինության` 31.8 քմ մակերեսով նկուղի և 7.3 քմ մակերեսով խորդանոցի նկատմամբ:

 6) Դատարանի 16.03.2012թ. վճիռը չի բողոքարկվել և 16.04.2012թ. մտել է օրինական ուժի մեջ:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:

Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:

Նշված սահմանադրաիրավական պահանջին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-766 որոշմամբ, որտեղ արձանագրել է, որ՝ «(...) պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր՝ համապատասխան մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:

Նշված հոդվածից հետևում է, որ անձը սեփականության իրավունք կարող է ձեռք բերել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծած գույքի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի հասկացությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կառույցը համարվում է ինքնակամ, եթե այն կառուցվել է օրենքով կամ այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կառուցվել կամ վերակառուցվել է առանց թույլտվության, կառուցվել կամ վերակառուցվել է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով (տե՛ս Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արտակ Ոսկանյանի` ինքնակամ շինությունը քանդելու և գումար բռնագանձելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշում, վարչական գործ թիվ ՎԴ/037705/08):

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` շինարարարական թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարական թույլտվություն չի պահանջվում ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը, քննության առնելով Սյուզաննա Բդոյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Ավան» տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Կասկադ» մասնաճյուղի` բազմաբնակարան շենքի ծավալում 39,1 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, 16.03.2012թ. կայացրել է վճիռ, որով հայցը բավարարվել է` ճանաչվել է Սյուզաննա Բդոյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի, Ավան-Առինջ թաղամասի 2/12 շենքի թիվ 40 բնակարանի տակ գտնվող 39.1 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինության` 31.8 քմ մակերեսով նկուղի և 7.3 քմ մակերեսով խորդանոցի նկատմամբ:

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

ՀՀ կառավարությունը 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ որոշել է հաստատել ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի:

 Նշված կարգի 28-րդ կետի համաձայն` բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցների` վերնասրահների, նկուղների, դռների, պատուհանների և շենքի ծավալում գտնվող այլ ձևափոխումների օրինականացման նպատակով (եթե դրանց արդյունքում փոփոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը) շենքի սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք դիմում են համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին)` դիմումին կցելով շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Երևան քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական Երևանի քաղաքապետի որոշմամբ, եթե այդ մասին դիմում են համապատասխան շենքի սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունը և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, իր 26.01.2007թ. թիվ 3-106 (ՎԴ) որոշմամբ արձանագրել է, որ «Դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արդեն իսկ մեջբերված որոշման մեջ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, արձանագրել է, որ «Ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման»:

Մեջբերված փաստերը վերլուծելով, Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը, դուրս գալով օրենքով սահմանված լիազորությունների սահմաններից, ճանաչել է հայցվորի սեփականության իրավունքը ինքնակամ կառուցված շինության նկատմամբ այն պայմաններում, երբ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է, և ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման:

Միաժամանակ, Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ Դատարանի կողմից ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Ավան» տարածքային ստորաբաժանմանը որպես պատասխանող ներգրավելու հարցին:

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանի 16.12.2011թ. որոշմամբ սույն գործով պատշաճ պատասխանող է ճանաչվել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Ավան» տարածքային ստորաբաժանումը: Պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Ավան» տարածքային ստորաբաժանումը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան և միջնորդել է սույն գործով որպես պատասխանող ներգրավել Երևանի քաղաքապետարանին, որը Դատարանի կողմից մերժվել է:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Ավան» տարածքային ստորաբաժանումը չպետք է մասնակցեր որպես պատասխանող հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ ներկայացված դիմումը:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքում՝ նաև այդ գլխով սահմանված փաստաթղթերը:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր գույքի նկատմամբ սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի դիմումի հիման վրա, որին կից գրանցող մարմին պետք է ներկայացվի բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր գույքի հատակագիծը, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտի պետական լիազոր մարմնի և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված տեղեկատվություն այն մասին, որ ըստ հատակագծի պետական գրանցման ներկայացվող գույքը պետական կամ համայնքային սեփականություն չէ և համապատասխան մարմնի կամ վերջինիս իրավանախորդի կողմից նախկինում հատուցմամբ կամ անհատույց չի մասնավորեցվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ Կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է, որն իրականացնում է իրավունքի գրանցում լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, իսկ սույն գործով քննվում է ինքնակամ կառուցված շինության` նկուղի և մակերեսով խորդանոցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հայցապահանջ, որի բավարարումը զուտ կարող է հիմք հանդիսանալ իրավատիրոջ կողմից դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով Կադաստր դիմում ներկայացնելու համար: Այսինքն` սույն գործի քննությունը չի առնչվում Կադաստրի իրավունքներին և պարտականություններին, այլև զուտ կարող է հիմք հանդիսանալ անձի կողմից իր իրավունքների պետական գրանցումը հայցող դիմում ներկայացնելու համար, որի դեպքում առաջանում է Կադաստրի՝ որպես գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մարմնի, օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելու պարտականություն:

ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 28-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական Երևանի քաղաքապետի որոշմամբ: Այսինքն` նշված լիազորությունը վերապահված է Երևանի քաղաքապետին, ուստի Դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով, պետք է Երևանի քաղաքապետարանին ներգրավեր որպես պատասխանող: Մինչդեռ, Դատարանը, իրականացնելով Երևանի քաղաքապետին օրենքով վերապահված լիազորություն, վճիռ է կայացրել վերջինիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ` առանց վերջինիս որևէ կերպ դատաքննությանը ներգրավելու:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ա. Դավթյանը, դուրս գալով օրենքով սահմանված լիազորությունների սահմաններից, թույլ է տվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Գ. Բադիրյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մարտիրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան