Գլխավոր տեղեկություն
Համար
N 845-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.09.2002-16.01.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.591
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2002 թվականի N 845-Ն

ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ՝ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման՝ բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման և «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի 05 ենթախմբի «3. Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վնասի փոխհատուցում՝ բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ համայնքների իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անհատական բնակարանային ֆոնդի անօթևան մնացած քաղաքացիներին շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

ա) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների հաշվին ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցումը՝ բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծումը, իրականացվում է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով՝

ռմբակոծությունների հետևանքով քանդված կամ քանդման ենթակա անհատական բնակարանային ֆոնդի քաղաքացիներին՝ շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար, համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգի, կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման առաջին փուլի մասին» N 343 որոշմամբ սահմանված կարգով (առանց վարկային մեխանիզմների կիրառման).

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 05.09.02 N 1408-Ա)

բ) ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման հերթականությունը որոշվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված չափանիշներից՝ նախապատվությունը տալով ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին:

(2-րդ կետը փոփ. 05.09.02 N 1408-Ա)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված, մինչև 2002 թվականի հունվարի 1-ը բնակարան գնելու համար վարկ ստացած, անօթևան մնացած քաղաքացիների կողմից վերադարձման ենթակա գումարի մարման պայմանների մեղմացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 845-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ռմբակոծությունների եվ ռազմական գործողությունների հետեվանքով անհատական բնակարանային ֆոնդի անօթեվան մնացած քաղաքացիներին շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման

 

1. Սույն կարգով սահմանվում են ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անհատական բնակարանային ֆոնդի անօթևան մնացած քաղաքացիներին շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետև՝ աջակցություն) տրամադրման հիմնական պայմանները:

2. Աջակցության միջոցով բնակելի տներ (բնակարաններ) կարող են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից:

3. Աջակցություն ստանալու իրավունք ունեն՝

ա) ռմբակոծությունների հետևանքով քանդված կամ քանդման ենթակա անհատական բնակարանային ֆոնդի քաղաքացիները.

բ) ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղ) քաղաքացիները:

4. Աջակցության սահմանային չափը որոշվում է՝ ելնելով աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան (բնակարանի) ձևավորված շուկայական միջինացված արժեքից, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ:

Տվյալ տարածաշրջանում բնակելի տան (բնակարանի) ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին տվյալները վերցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

5. Աջակցության չափից ցածր արժեքով բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող քաղաքացու տրամադրության տակ:

6. Աջակցության ընդհանուր սահմանային չափից ավելի բարձր արժեքով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:

7. Աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի կողմից ընդունված որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն՝ գումարը վճարելով բնակելի տուն (բնակարան) վաճառողին:

Պայմանագրի հիման վրա տրամադրվող աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 3 ամիս:

Սահմանված ժամկետում բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում, քաղաքացու դիմումի համաձայն, պայմանագրով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 ամսով:

8. Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված հատկացումների սահմաններում:

9. Աջակցության միջոցով ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) բնակելի տարածությունը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով սահմանված նորմերից:

10. Աջակցության միջոցով ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) արժեքը վճարվում է նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագիրը մարզպետարան ներկայացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

11. Աջակցություն ստանալու հավակնող քաղաքացիները մարզպետին ներկայացնում են դիմում՝ համաձայնեցված ընտանիքի չափահաս անդամների հետ:

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը դիմողի ընտանիքի կազմի և ժամանակավոր բնակության վայրի մասին.

բ) դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային տվյալները.

գ) տեղեկանք ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված լինելու մասին.

դ) այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են քաղաքացու աջակցություն ստանալու նախապատվության իրավունքը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված չափանիշների:

Հանձնաժողովի կողմից փաստաթղթերի ստուգման արդյունքում բացահայտված անճշտությունների դեպքում փաստաթղթերը վերադարձվում են քաղաքացուն՝ դրանք փոփոխելու նպատակով:

12. Աջակցության տրամադրմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով մարզպետն ստեղծում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչ և, համայնքի ղեկավարի համաձայնությամբ, համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:

13. Հանձնաժողովը դիմումները մարզպետարանում ստանալուց հետո 10-օրյա ժամկետում՝

ա) որոշում է աջակցություն ստանալու հավակնող քաղաքացիների առաջնահերթությունը և կազմում հաշվառման վերցված քաղաքացիների ցուցակը.

բ) հաշվարկում է աջակցության չափը.

գ) վարում է գրանցման հատուկ մատյան, որտեղ գրանցվում են դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքում հանձնաժողովի ընդունած որոշումների և ուղարկած ծանուցումների մասին բոլոր տվյալները:

14. Հանձնաժողովի քննարկման արդյունքների հիման վրա մարզպետը հաստատում է աջակցություն ստանալու համար հաշվառման վերցված քաղաքացիների ցուցակը և ընդունում որոշում նրանց աջակցություն տրամադրելու մասին:

15. Մարզպետն ընդունված որոշման և աջակցության տրամադրման պայմանների մասին 3-օրյա ժամկետում ծանուցում է քաղաքացիներին՝ առաջարկելով նրանց կնքել բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր:

16. Քաղաքացիները ծանուցումն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում մարզպետի հետ կնքում են բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր:

17. Աջակցություն ստացող քաղաքացին պայմանագրով սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո դրա պատճենը մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է մարզպետին՝ կցելով իր և բնակելի տուն (բնակարան) վաճառողի գործակալ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշիվների բանկային ռեկվիզիտները:

18. Հանձնաժողովն առուվաճառքի պայմանագիրն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում ստուգում է՝

ա) կատարված գործարքի համապատասխանությունը սույն կարգի պայմաններին.

բ) ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) արժեքի և տրամադրվող աջակցության չափի համապատասխանությունը.

գ) պայմանագրում նշված՝ տրամադրվող աջակցության չափից ավելի բարձր արժեքով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունն աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի ցպահանջ ավանդային հաշվին փոխանցվելու փաստը:

19. Մարզպետը, հանձնաժողովի դրական որոշման հիման վրա, Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանմանը մեկ բանկային օրվա ընթացքում ներկայացնում է՝

ա) աջակցության միջոցով ձեռք բերված բնակելի տների (բնակարանների) արժեքների վճարման մասին հայտ՝ նշելով աջակցություն ստացողներին և բնակելի տներ (բնակարաններ) վաճառողներին վճարման ենթակա գումարների չափերը.

բ) ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) առուվաճառքի և բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար աջակցության տրամադրման մասին պայմանագրերի պատճենները, աջակցություն ստացողին բնակելի տուն (բնակարան) վաճառողի կողմից գործակալ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշիվների բանկային ռեկվիզիտները:

Միաժամանակ, մարզպետը հայտում նշված քաղաքացիներին վերաբերող փաստաթղթերը ներկայացնում է գործակալ բանկ:

20. Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանումը հայտն ստանալուց հետո 3 բանկային օրվա ընթացքում փոխանցում է՝

ա) վաճառողի կողմից գործակալ բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին՝ վաճառված բնակելի տան (բնակարանի) արժեքին համապատասխանող գումար.

բ) աջակցություն ստացողի կողմից գործակալ բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին՝ աջակցության չափի և ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) արժեքների տարբերությունը:

21. Գործակալ բանկն աջակցության գումարներն ստանալուն պես բնակելի տան (բնակարանի) արժեքի 80 տոկոսը փոխանցում է բնակելի տուն (բնակարան) վաճառողի կողմից նախօրոք բացված ցպահանջ հաշվին, իսկ մնացած 20 տոկոսը փոխանցում է բնակելի տան (բնակարանի) հանձնման-ընդունման ակտը գործակալ բանկ ներկայացնելուց հետո:

Սույն կարգի 20-րդ կետում նշված ժամկետի խախտման դեպքում գործակալ բանկն աջակցության գումարը փոխանցում է իր սեփական միջոցների հաշվին:

22. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում գործակալ բանկն արժեքների տարբերությունը փոխանցում է աջակցություն ստացող քաղաքացու կողմից գործակալ բանկում բացված ցպահանջ հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.12.2002, N 2021-Ն 16.01.2003, N 845-Ն
05.09.2002, N 1408-Ա 18.09.2002, N 845-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան