ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0407/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0407/02/11 |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Ա. Մկրտչյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | |
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննարկելով «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Կարեն Թունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Ընկերության` 294.355 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համայնքի ղեկավարը պահանջել է Ընկերությունից հօգուտ Համայնքի բռնագանձել 294.355 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 02.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.12.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետը և 432-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի, 51-րդ հոդվածի 2-րդ կետի, 52-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 1-ին կետի, 219-րդ հոդվածի 1-ին կետի, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի, 227-րդ հոդվածի 2-րդ կետի և 228-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, մասնավորապես` հաշվի չի առել այն, որ Դատարանը 12.12.2010 թվականին վարույթ է ընդունել միևնույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործը, որի վերաբերյալ 26.08.2011 թվականին կայացվել է վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել 15.02.2012 թվականին:
Թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով և թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործով հայցադիմումներին կից ներկայացվել է միևնույն 21.10.2008 թվականին կնքված սերվիտուտի պայմանագիրը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Կողմերի միջև 21.10.2008 թվականին կնքվել է սերվիտուտի պայմանագիր` ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ.6)։
2. Թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 26.08.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ Համայնքի և Ընկերության միջև 10.10.2008 թվականին կնքվել է սերվիտուտի պայմանագիր` ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության վերաբերյալ, և վճռվել է Ընկերությունից հօգուտ Համայնքի բռնագանձել 219.555 ՀՀ դրամ` որպես սերվիտուտի տրամադրման դիմաց չվճարված գումար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի
1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,
2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,
3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Հետևաբար, վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող:
Սույն գործի փաստերից հետևում է, որ համայնքը հայց է ներկայացրել ընդդեմ Ընկերության` պահանջելով բռնագանձել 294.355 ՀՀ դրամ` որպես 21.10.2008 թվականի սերվիտուտի պայմանագրի հիման վրա 2010 թվականի չորս եռամսյակների համար հաշվարկված և չվճարված գումար: Թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննել է Համայնքի հայցն ընդդեմ Ընկերության` 10.10.2008 թվականին կնքված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության վերաբերյալ սերվիտուտի պայմանագրի հիման վրա Ընկերությունից 219.555 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին: Ընկերության կողմից ներկայացվել է առարկություն այն մասին, որ կողմերի միջև կնքվել է միայն մեկ սերվիտուտի պայմանագիր, և որևէ այլ պայմանագիր միմյանց միջև առկա չէ:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «կողմերի միջև ըստ էության կնքվել են տարբեր սերվիտուտի պայմանագրեր, իսկ գումարի բռնագանձման պահանջ ներկայացվել է տարբեր ժամանակահատվածների համար: Այսպես` 10.10.2008 թվականին կնքված սերվիտուտի պայմանագիրը, որով ներկայացվել է 01.01.2010 թվականից մինչև 01.10.2010 թվականն ընկած ժամանակահատվածի համար գումարի բռնագանձման պահանջ, և 21.10.2008 թվականին կնքված սերվիտուտի պայմանագիրը, որով ներկայացվել է 01.01.2010 թվականից մինչև 25.01.2010 թվականն ընկած ժամանակահատվածի համար գումարի բռնագանձման պահանջ»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հանգամանքի պարզումը, թե արդյոք սույն քաղաքացիական գործով և թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործով հայցապահանջների հիմքերը՝ սերվիտուտի պայմանագրերը, նույնն են, թե ոչ, ինչպես նաև արդյոք հայցերի առարկաները՝ վերոնշյալ պայմանագրերով նախատեսված գումար վճարելու նյութաիրավական պահանջները, համընկնում են, թե ոչ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցը գնահատման առարկա չի դարձվել ստորադաս դատարանների կողմից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության, վերոնշյալ հանգամանքները պարզելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. ԱԲԵԼՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |