«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2011 թ. |
թիվ 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 3/11-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ապահովագրական ընկերություններն ընդունում են սույն որոշման ուժի մեջ մտնելով պայմանավորված իրավական ակտերը և ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
3. Սույն որոշումը տարածվում է աուդիտորական կազմակերպության կողմից ապահովագրական ընկերությունների 2011 թվականի և դրանից հետո ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. մարտի 4 |
|
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/11
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների և օտարերկրյա ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի (այսուհետ` ապահովագրական ընկերություններ) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները:
2. Ապահովագրական ընկերությունը ներքին իրավական ակտերով սահմանում է իր ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ընտրության նկատմամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգերը, չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, աուդիտի ընդգրկման բնագավառները, ինչպես նաև սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող անհրաժեշտ այլ դրույթներ: Ապահովագրական ընկերությունները կարող են սահմանել սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:
3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները սույն կարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.
1) «ֆինանսական կազմակերպություն»` բանկ, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, վարկային կազմակերպություն,
2) «աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր»` աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունն ստորագրող աշխատակից,
3) «աուդիտորական խումբ»` աուդիտորական կազմակերպության աշխատակիցների խումբ, որոնք անմիջականորեն ընդգրկված են ապահովագրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մեջ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
4. Ապահովագրական ընկերությունն ընտրում է այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.
1) ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177®ionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),
2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և փորձի ընթացքում առնվազն 5 ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
4) աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում ընդգրկված համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, ակտուարի համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայականը կամ օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը (օրինակ՝ Սի-Ի-Ար-Էյ, Էֆ-Այ-Էյ, Էֆ-Այ-Էյ-Էյ, Էս-Էյ-Օ, Սի-Էյ-Էս) հավաստող համապատասխան փաստաթուղթը,
5) աուդիտորական կազմակերպությունն ապահովագրական ընկերության հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու ապահովագրական ընկերության, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:
(4-րդ կետը խմբ. 25.06.13 թիվ 164-Ն)
5. Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել նույն ապահովագրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է տվյալ ապահովագրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:
(հավելվածը խմբ. 25.06.13 թիվ 164-Ն)