ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2013 թվականի N 155-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 22-ի N 51-Ա որոշումը`
Հաստատել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. փետրվարի 26-ի N 155-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 22-ի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 51-Ա որոշմամբ ստեղծված հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և զարգացման միջազգային ընկերակցության միջև 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (վարկ N 5114-ԱՄ) ֆինանսավորման համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկը տրամադրող կազմակերպության հետ.
2) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
3) համաձայնագիրն ստորագրվելուց և օրենքով սահմանված կարգով հաստատվելուց կամ վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.
4) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
5) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
6) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով Զարգացման միջազգային ընկերակցության հետ.
7) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
8) ֆինանսավորում տրամադրող միջազգային կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը.
9) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ծրագրի համակարգողի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
12. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող նիստից հինգ օր առաջ:
14. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ:
15. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:
16. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
17. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահն ու քարտուղարը:
18. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
19. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը և նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
20. Մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել նաև հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
21. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
22. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն է:
23. Խորհրդի նախագահը`
1) հանդիսանում է ծրագրի ղեկավարը,
2) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
3) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
24. Խորհուրդն ունի 7 անդամ: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատասխանատու պաշտոնյաներ, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից:
25. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշման հետ, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
26. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:
27. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:
28. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարի կամ գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
29. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
30. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
31. Խորհրդի քարտուղարը`
1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
7) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
32. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |