Գլխավոր տեղեկություն
Համար
N 1602-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2008-22.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.27/13(603) Հոդ.177
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1602-Ն

ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովումը, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատել հյութերի և հյութամթերքների մեջ օգտագործման համար թույլատրվող սննդային հավելումների ցանկը և դրանց առավելագույն թույլատրելի քանակությունները, ինչպես նաև պահածոյացված բանջարեղենային ու պաստերացված մրգային հյութերի և հյութամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծությունը):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 42-րդ կետի, որն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 531-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերին համապատասխան հյութերի և հյութամթերքների վրա`

 

1) 2002 90 տոմատի խյուսի, տոմատի մածուկի, 7 % և ավելի լուծելի չոր նյութերի զանգվածային մասով տոմատի հյութի,
2) 2007 99 ծածկագրից մրգային խյուսերի,
3) 2009 մրգային և բանջարեղենային հյութերի,
4) 2202 90 100 մրգային և բանջարեղենային նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների։

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նախատեսված հյութերի և հյութամթերքների անվտանգությանը, դրանց արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, իրացմանն ու օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հյութերի և հյութամթերքների իսկության ու նույնականացման ընթացակարգերը։

3. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նախատեսված հյութերը և հյութամթերքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

1) բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր` մրգերի, բանջարեղենի և (կամ) դրանց հյութերի բնական բույրն ստեղծող միացությունների խառնուրդ.

2) դիֆուզային (ջրով լուծահանված) հյութ` չխմորված, բայց խմորման ընդունակ հեղուկ մթերք` պատրաստված մեկ տեսակի թարմ կամ չոր մրգերից լուծամզվող նյութերը խմելու ջրով անջատելու միջոցով, որոնց հյութը չի կարող ստացվել մեխանիկական եղանակով: Դիֆուզային հյութը նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար: Դիֆուզային հյութը կարող է խտացվել և վերականգնվել խմելու ջրով.

3) լուծվող չոր նյութերի զանգվածային մաս` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան)` 200C (կամ վերահաշվարկված ըստ 200C-ի) ջերմաստիճանում բեկումաչափով որոշված լուծվող չոր նյութերը` արտահայտված 100 գ լուծույթում սախարոզի պարունակությամբ` գրամներով կամ տոկոսներով.

4) խտացրած բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր` մրգերից, բանջարեղենից և (կամ) դրանց հյութերից ֆիզիկական եղանակներով պատրաստված հեղուկ մթերք, որում բնական ցնդող բուրաստեղծ նյութերի պարունակությունը չորս անգամից ոչ պակաս գերազանցում է մրգերում, բանջարեղենում կամ հյութերում դրանց բնական պարունակությանը և օգտագործվում է խտացրած հյութերից պատրաստված հյութերում բուրմունքի վերականգնման համար, ինչպես նաև նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ.

5) խտացրած հյութ` ֆիզիկական ներգործության միջոցով հյութի մեջ պարունակվող ջրի մի մասի հեռացմամբ ստացվող հյութ` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան) 50 %-ից ոչ պակաս ավելացնելու նպատակով: Խտացրած հյութի արտադրությունում կարող է օգտագործվել նույն խմբաքանակի, որից հյութը նախապես անջատվել է, մանրացված մրգերի և բանջարեղենի լուծամզուքային նյութերի երկրորդային գոլորշիների խտուցքով ստացվող դիֆուզային հեղուկ մթերքը` պայմանով, որ այն ներհոսքով խառնվում է տվյալ հյութին` մինչև դրա խտացումը: Խտացրած հյութի մեջ կարող են ավելացվել նույնանուն հյութի արտադրման ժամանակ կամ նույնանուն մրգից կամ բանջարեղենից ստացված խտացրած բնական ցնդող բուրաստեղծ հեղուկ նյութերը.

6) խտացրած մրգային (բանջարեղենային) խյուս` ֆիզիկական ներգործության միջոցով մրգային (բանջարեղենային) խյուսի մեջ պարունակվող ջրի մի մասի հեռացմամբ պատրաստված խյուս` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան) 50 %-ից ոչ պակաս ավելացնելու նպատակով: Խտացրած խյուսի մեջ կարող են ավելացվել այդ խյուսի արտադրման ժամանակ թորվածքի տեսքով ստացված բնական ցնդող բուրաստեղծ նյութեր: Խտացրած խյուսը կարող է պատրաստվել նաև մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը խառնելու միջոցով.

7) կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում (ԿԱՍՀ)` բնական (բնականին նույնական), կենսաբանորեն ակտիվ նյութ, որը նախատեսված է սննդամթերքի հետ միաժամանակ օգտագործելու կամ դրա բաղադրության մեջ ներառելու համար.

8) հյութ (մրգահյութ, բանջարեղենային հյութ)` չխմորված, բայց խմորման ընդունակ հեղուկ մթերք` ստացված հասած, թարմ կամ պաղեցման շնորհիվ, այդ թվում նաև՝ բերքահավաքից հետո մակերևույթի մշակմամբ, թարմ պահպանված լավորակ մրգերի կամ բանջարեղենի ուտելի մասից` մեխանիկական ներգործության ճանապարհով, որն ապահովում է նույնանուն միրգը կամ բանջարեղենը բնութագրող սննդային արժեքի, ֆիզիկաքիմիական և զգայորոշման ցուցանիշների պահպանումը և պահածոյացված է բացառապես ֆիզիկական եղանակով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Հյութը կարող է պատրաստվել մեկ տեսակի մրգից և բանջարեղենից, ինչպես նաև տարբեր անվանումների մի քանի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը խառնելու միջոցով` դրանց խյուսերի ավելացմամբ կամ առանց ավելացման.

9) հյութերի և հյութամթերքների իսկություն` հայտարարված անվանմանը հյութի կամ հյութամթերքի համապատասխանությունը, որը որոշվում է ֆիզիկաքիմիական ցուցանիշների և զգայորոշման բնութագրերի համախմբով.

10) հյութ պարունակող ըմպելիք` հեղուկ մթերք, որը պատրաստվում է հյութը, խտացրած հյութը կամ հասած, թարմ կամ պաղեցման շնորհիվ թարմ պահպանված լավորակ մրգերի (բանջարեղենի) մինչև խյուսանման վիճակի հասցված ուտելի մասը` խմելու ջրի, շաքարի կամ շաքարների, կիտրոնաթթվի, աղի կամ այլ համային նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման, որում հյութի և (կամ) խյուսի զանգվածային մասը կազմում է 10 %-ից ոչ պակաս և պահածոյացված է ֆիզիկական կամ քիմիական եղանակով և նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար.

11) հյութ և հյութամթերք մանկական սննդի համար` հյութ, նեկտար և հյութ պարունակող ըմպելիք, որոնք իրենց առանձնահատուկ բաղադրությամբ կամ սննդային հատկություններով տարբերվում են սովորական սպառման համար նախատեսված հյութերից, նեկտարներից, հյութ պարունակող ըմպելիքներից և բավարարում են առողջ մանուկների և երեխաների պահանջները.

12) մրգաբանջարեղենային նեկտար` մրգային նեկտար, որը պատրաստված է բանջարեղենային հյութի (հյութերի) և (կամ) խյուսերի ավելացմամբ և, որում գերակշռում է մրգահյութի (մրգահյութերի) և (կամ) խյուսերի զանգվածային մասը.

13) մրգային (բանջարեղենային) խյուս` հյութերի, նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների արտադրությունում օգտագործվող չխմորված, բայց խմորման ընդունակ մթերք, որը պատրաստված է ամբողջական կամ կեղևահանված թարմ կամ թարմ պահպանված մրգերից (բանջարեղենից)` մանրացում, տրորում, մաղում ներառող մեխանիկական ներգործության միջոցով, առանց հյութի և ավելցուկային պտղամսի անջատման, և պահածոյացված է ֆիզիկական եղանակով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Մրգային (բանջարեղենային) խյուսի ստացման ժամանակ կարող են օգտագործվել կակղեցնող խմորիչներ, որոնց օգտագործմամբ վերջնական մթերքում չեն գոյանում այնպիսի նյութեր և բաղադրիչներ, որոնք չեն պարունակվում բացառապես մեխանիկական ներգործության միջոցով ստացված խյուսի մեջ: Խյուսը կարող է նաև պատրաստվել մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը խառնելու միջոցով.

14) մրգային (բանջարեղենային) պտղամիս` մրգերի (բանջարեղենի) վերամշակման ժամանակ գոյացող բուսական հյուսվածքի քայքայված, չլուծվող կախված մասնիկներից կազմված խառնուրդ.

15) նեկտար` չխմորված կամ խմորման ընդունակ հեղուկ մթերք` պատրաստված մեկ կամ մի քանի տեսակի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը և (կամ) խյուսերը կամ խտացրած մեկ կամ մի քանի տեսակի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը և (կամ) խյուսերը խմելու ջրի հետ խառնելով, որում հյութի և (կամ) խյուսի ծավալային մասը չպետք է պակաս լինի որոշակի տեսակի մրգի կամ բանջարեղենի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից, շաքարի կամ շաքարի օշարակի կամ մեղրի, համային նյութերի և խտացրած բնական ցնդող բուրաստեղծ նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման և պահածոյացված ֆիզիկական եղանակներով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Նեկտարը նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար.

16) չոր հյութ` ֆիզիկական ներգործությամբ ուղղակի մզման հյութի մեջ պարունակվող ջրի հեռացմամբ ստացված օդաչոր փոշենման հյութ, որը խմելու ջրով վերականգնելուց հետո ընդունակ է խմորման.

17) չպարզեցված հյութ` կախույթներով հյութ.

18) չպարզեցված նեկտար` չպարզեցված հյութից կամ հյութերից պատրաստված նեկտար.

19) պարզեցված հյութ` հյութ, որից հեռացված են կախույթները` այն հասցնելով մինչև տեսողական թափանցիկ վիճակի.

20) պարզեցված նեկտար` պարզեցված հյութից (հյութերից) պատրաստված նեկտար.

21) պտղամսով հյութ` հյութ, որում մրգային (բանջարեղենային) պտղամսի մասնիկների զանգվածային մասը չի գերազանցում 55 %-ը.

22) վերականգնված հյութ` հյութ, որը պատրաստվել է խտացրած հյութը խմելու ջրով վերականգնելու միջոցով` այնպիսի հարաբերակցությամբ, որն ապահովում է նույնանուն մրգահյութի կամ բանջարեղենային հյութի ֆիզիկաքիմիական, այդ թվում` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան), սննդային, մանրէաբանական և զգայորոշման հատկությունների պահպանումը, միաժամանակ վերականգնելով բուրմունքը` խտացրած բնական ցնդող բուրաստեղծ նյութերի ավելացման միջոցով կամ առանց բուրմունքի վերականգնման, ինչպես նաև ուղղակի մզմամբ ստացված նույնանուն մրգահյութի (բանջարեղենային հյութի), նույն տեսակի մրգերի (բանջարեղենի) խյուսի կամ խտացրած խյուսի ավելացմամբ կամ առանց ավելացման: Վերականգնված տոմատի հյութը կարող է պատրաստվել խտացրած տոմատի խյուսի (մածուկի) վերականգնման միջոցով.

23) ուղղակի մզման հյութ` հյութ, որը պատրաստվել է անմիջապես մրգերից կամ բանջարեղենից` մզման կամ կենտրոնախուսման կամ տրորամաղման եղանակով:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում հյութերի և հյութամթերքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Հյութերը և հյութամթերքները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

7. Հյութերի և հյութամթերքների մեջ վնասակար նյութերի` թունավոր տարրերի, միկոտոքսինների և ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները:

8. Հյութերում և հյութամթերքներում պեստիցիդների (ՀՔՑՀ-ի ալֆա, բետա, գամմա իզոմերներ, ինչպես նաև ԴԴՏ և դրա մետաբոլիտներ) և նիտրատների մնացորդային քանակները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշմամբ հաստատված առավելագույն մնացորդային քանակները:

9. Պահածոյացված բանջարեղենային հյութերի` pH 4,2 և բարձր, մինչև 12 % լուծվող չոր նյութերի զանգվածային մասով տոմատային ըմպելիքների, 12 % և ավելի լուծվող չոր նյութերի զանգվածային մասով խտացրած տոմատամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արդյունաբերական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին:

10. Բանջարեղենային հյութերի` pH 3,7-ից մինչև 4,2 (թթուների ավելացմամբ) և pH 3,7-ից ցածր, ինչպես նաև մրգային (ցիտրուսային), պտղահատապտղային, այդ թվում` շաքարով, պտղամսով, խտացրած, պաստերացված հյութերի, ծիրանի, դեղձի ու տանձի պահածոյացված հյութերի` pH 3,8 և ցածր, մանրէաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին:

11. Պաստերացված և ածխաթթվով գազացված մրգապտղային հյութերի և հյութ պարունակող ըմպելիքների` pH 3,7 և ցածր, արդյունաբերական վերամշակման համար մրգային, պտղահատապտղային և հատապտղային խտացրած հյութերի, խտացրած խյուսերի, առանց պահման իրացվող թարմ մզված հյութերի մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի նորմերին:

12. Վաղ տարիքի երեխաների հավելյալ սննդի համար նախատեսված հյութերի և հյութամթերքների սննդային արժեքները, վնասակար նյութերի` թունավոր տարրերի, միկոտոքսինների, պեստիցիդների, նիտրատների ու ռադիոնուկլիդների պարունակության թույլատրելի մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի նորմերին:

13. Հյութերում և հյութամթերքներում (այդ թվում` մանկական սննդի համար) օքսիմեթիլֆուրֆուրոլի զանգվածային մասը պետք է լինի ոչ ավելի`

1) 10 մգ/դմ3 -ից` ցիտրուսային մրգերից ստացված հյութերի և հյութամթերքների համար.

2) 20 մգ/դմ3 -ից` մնացածների համար:

14. Ուղղակի մզման հյութերում էթիլ սպիրտի ծավալային մասը չպետք է գերազանցի 0,5 %-ը, իսկ վերականգնված հյութերում և նեկտարներում` 0,2 %-ը:

 

V. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Հյութերի և հյութամթերքների հարաբերական խտությունը, դրանց մեջ լուծվող չոր նյութերի նվազագույն զանգվածային մասերը, ինչպես նաև նեկտարներում հյութի և (կամ) խյուսի նվազագույն ծավալային մասերը պետք է համապատասխանեն N 1 աղյուսակում ներկայացված նորմերին:

 

Աղյուսակ N 1

 

Մրգի (բանջարեղենի) հայերեն անվանումը Մրգի (բանջարեղենի) անգլերեն անվանումը Մրգի (բանջարեղենի) բուսաբանական անվանումը Ուղղակի մզման հյութում լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` 20օC ջերմաստիճանում, %, ոչ պակաս Ուղղակի մզման հյութի
հարաբերական խտությունը, d20/20 , ոչ պակաս
Վերականգնված հյութում և խյուսում լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` 20օC ջերմաստիճանում, %, ոչ պակաս Վերականգնված հյութի և խյուսի հարաբերական խտությունը, d20/20 , ոչ պակաս Նեկտարում հյութի և (կամ) խյուսի նվազագույն ծավալային մասը, %

1

2

3 4 5 6 7 8
Ագռավախաղող Crowberry Empetrսm nigrսm L. 5,5 1,022 6,0 1,024 25,0
Ազնվամորի (սև) Black raspberry Rսbսs occidentalis L. - - 11,1 - 25,0
Ազնվամորի (կարմիր) Red raspberry Rսbսs idaeսs L.
Rսbսs strigosսs
Michx.
6,3 1,025 8,0 1,028 40,0
Աննոնա թեփուկավոր Sսgar apple Annona sqսamosa L. 13,5 1,055 14,5 1,059 25,0
Աննոնա փշոտ Soսrsop Annona mսricata L. 13,5 1,055 14,5 1,059 25,0
Ացերոլա (արևելա-հնդկական, բարբադոսյան բալ) Acerola (West Indian cherry) Malpighia sp. (Moc. & Sesse) 6,0 1,024 6,5 1,026 25,0
Արմավ Date Phoenix dactylifera L. - - 18,5 - 25,0
Արոսի պտուղ Rowanberry Sorbսs aսcսparia L. 10,0 1,040 11,0 1,045 30,0
Արոսի պտուղ Sorb Sorbսs domestica - - - - 30,0
Արոսի պտուղ սևապտուղ (Արոնիա) Aronia (chokeberry) Pyrսs arbսstifolia (L.) Pers. - - 13,5 - 25,0
Արքայախնձոր Pineapple Ananas comosսs (L.) Merrill. Ananas sativis
L. Schսlt. f.
11,2 1,045 12,8 1, 052 40,0
Բալ Soսr cherry Prսnսs cerasսs L. 12,4 1,050 14,0 1,055 25,0
Բալ «Ստոնեսբեր» Stonesbaer Prսnսs cerasսs L. cv
Stevnsbaer
14,7 1,060 17,0 1,070 25,0
Բալ սուրինամի Sսriname cherry Eսgenia սniflora Rich. - - 6,0 - 25,0
Բանան Banana Mսsa species,
ներառյալ M.
paradisiaca, բացառությամբ պլանտայսին (plantains) պատկանող այլ
սորտերի
20,0 1,083 - - 25,0
Բռինչ սովորական High cranberry Vibսrnսm opսlսs - - - - 25,0
Գազար Carrot(s) Daսcսs maxinսs x Daսcսs carota - - 8,0 - 25,0
Գենիպապ Genipap Genipa americana - - 17,0 - 25,0
Գուավա Gսava Psidiսm gսajava L. - - 8,5 - 25,0
Դդում Pսmpkin (goսrd) Spec. Cսcսrbitaceae - - 5,0 - 25,0
Դեղձ Peach Prսnսs persica (L.) Batsch var. persica 9,0 1,036 10,5 1,040 40,0
Դժնիկ Bսckthornberry (sallowthornberry) Hippophae
rhamnoides L.
5,0 1,020 6,0 1,023 25,0
Ելակ (մշակովի մորի) Strawberry Fragaria x. ananassa Dսchesne (Fragaria chiloensis Dսchesne x Fragaria virginiana Dսchesne) 6,3 1,025 7,5 1,028 40,0
Թուզ Fig Ficսs carica L. - - 18,0 - 25,0
Թութ Mսlberry Morսs spp. - - - - 30,0
Թուրինջ Grapefrսit Citrսs paradisi Macfad 9,5 1,038 10,0 1,040 50,0
Թուրինջ «Սուիթի» (հիբրիդ) Sweetie grapefrսit Citrսs grandis x Citrսs paradisi - - 10,0 - 50,0
Լայմ Lime Citrսs aսrantifolia (Christm.) (swingle) 7,0 1,028 8,0 1,032 25,0
Լիչի Lychee Litchi chinensis Sonn. 11,2 1,045 11,2 1,049 20,0
Լոռամրգի Cranberry Vacciniսm
macrocarpon Aiton
7,0 1,028 7,5 1,030 30,0
Լոռամրգի (վայրի) Cranberry Vacciniսm oxycoccos
L.
7,0 1,028 7,5 1,035 30,0
Լուլո Lսlo Solanսm qսitoense
Lam.
- - - - 25,0
Խաղող Grape Vitis Vinifera L.
կամ դրա Vitis Labrսsca հիբրիդները կամ դրա հիբրիդները
13,5 1,055 16,0 1,0654 50,0
Խնձոր Apple Malսs domestica
Borkh
10,0 1,040 11,5 1,0463 50,0
Խնձոր կեշյու Cashewapple Anacardiսm
occidentale L.
10,5 1,042 11,5 1,046 25,0
Խնձոր կորիզավոր Pome apple Syzygiսm jambosa - - - - 25,0
Խնձոր կրեբի Crab apple Malսs prսnifolia
(Willd.) Borkh Malսs sylvestris Mill.
- - 15,4 - 25,0
Խուրմա (պերսիմմոն, լոտուսային սալոր, շերոնֆրուտ) Persimmon Diospyros khaki
Thսnb.
- - - - 40,0
Ծիրան Apricot Prսnսs armeniaca L. 10,2 1,041 11,5 1,045 40,0
Ծիրան արևա-դարձային (մամմի) Mammee apple Mammea americana - - - - 25,0
Ծիրան բրազի-լական Loqսat Eribotrya japonesa - - - - 25,0
Կակաո (պտղամիս) Cocoa pսlp Theobroma cacao L. - - 14,0 - 50,0
Կայնիտո (աստղային խնձոր) Star apple Chrysophyllսm cainito - - - - 25,0
Կարամբոլա (աստղային միրգ) Starfrսit Averrhoa carambola L. - - 7,5 - 25,0
Կեռաս Sweet cherry Prսnսs aviսm L. - - 20,0 - 25,0
Կիվի Kiwi Actinidia deliciosa (A. Chev.) C.F. Liang &
A.R. Fergoson
10,5 1,042 - - 25,0
Կիտրոն Lemon Citrսs limon (L.) Bսrm.
f. Citrսs limonսm
Rissa
7,0 1,028 8,0 1,032 25,0
Կումքուատ Kսmqսat Fortսnella Swingle sp. - - - - 25,0
Կուպուաչու Cսpսaջս Thobroma
grandiflorսm L.
- - 9,0 - 35,0
Հաղարջ Goosberry Ribes սva-crispa L. 6,0 1,024 7,5 1,028 30,0
Հաղարջ (կարմիր) Red gooseberry Ribes սva-crispa - - - - 30,0
Հաղարջ (սպիտակ) White goosberry Ribes սva-crispa L. - - - - 30,0
Հաղարջ կարմիր Red cսrrant Ribes rսbrսm L. 9,0 1,036 10,0 1,040 30,0
Հաղարջ սպիտակ White cսrrant Ribes rսbrսm L. 9,0 1,036 10,0 1,040 30,0
Հաղարջ սև Black cսrrant Ribes nigrսm L. 10,5 1,042 11,0 - 30,0
Հապալաս Bilberry (whimberry,
hսckleberry, hսrtleberry,
whortleberry)
Vacciniսm myrtillսs
(Vacciniսm arctostaphylos,
Vacciniսm
frondosսm)
8,5 1,033 7,1 1,040 25,0
Հապալաս Lingonberry Vacciniսm vitis-idaea
L.
9,0 1,036 10,0 1,040 25,0
Հատապտուղ բոյզենի (յանգբերրու և արքայամորու հիբրիդ) Boysenberry Rսbսs սrsinսs Cham
& Schltdl.
- - 10,0 - 25,0
Հատապտուղ լոգանյան (արքայամորու և մոշի բնական հիբրիդ) Loganberry Rսbսs Loganobaccսs
L. H. Bailey
7,0 - 10,5 - 25,0
Հապալաս կապույտ Blսeberry (swamp blսeberry, great bilberry, heathberry) Vacciniսm սliginosսm,
Vacciniսm
corymbosսm L.
Vacciniսm
angսstifoliսm
- - 10,0 - 40,0
Հնդկընկույզ (կոկոս) (կոկոսի հեղուկ) Coconսt Cocos nսcifera L. - - 5,0 - 25,0
Ձմերուկ Water melon Citrսllսs lanatսs
(Thսnb.) Matsսm. & Nakai var. lanatսs
7,5 1,028 8,0 1,032 40,0
Ճախնամորի Cloսdberry Rսbսs chamaemorսs L. 8,0 1,032 9,0 1,036 30,0
Ճակնդեղ սովորական Red beet Beta vսlgaris - - 9,0 - 25,0
Մամուխ Sloe Prսnսs spinosa L. 5,0 1,020 6,0 1,023 25,0
Մանգո Mango Mangifera indica L. 14,0 1,057 13,5 - 25,0
Մանդարին (թենջերին) Mandarine (tangerine) Citrսs reticսlate
Blanca
10,5 1,042 11,8 - 50,0
Մասուր Cynorrhodon, Rosehip Rose canina L. & Rose sp. L. 8,0 1,032 9,0 1,036 40,0
Մարակույա Passion frսit Passiflora edսlis Sims.
f. edսlis, Passiflora
edսlis Sims. f.
Flavicarpa Օ. Def.
12,4 1,050 12,0 1,0484 25,0
Մարակույա
դեղին (դեղին սիրածաղիկ)
Yellow passion frսit Passiflora edսlis - - - - 25,0
Մարակույա (սիրածաղիկ) Passion frսit Passiflora
qսadrangսlaris
- - - - 25,0
Մոշ Blackberry Rսbսs frսitcosսs L. 8,0 1,032 9,0 1,035 30,0
Մոշ ամերիկյան Dewberry Rսbսs hispidսs (Հյուսիսային
Ամերիկա), Rսbսs caesiսs (Եվրոպա)
- - 10,0 - 25,0
Մորի (վայրի) Wild strawberry Fragaria vesca L., Fragaria viridis (colina) - - 6,0 - 40,0
Յանգբերրի (մոշի և ազնվամորու հիբրիդ) Yoսngberry Rսbսs vitifoliսs x Rսbսs idaeսs x Rսbսs baileyanis - - 10,0 - 25,0
Նարինջ Orange Citrսs sinensis (L.) 10,0 1,040 11,2 1,045 50,0
Նարինջ թթու Soսr Orange Citrսs aսrantiսm L. - - - - 50,0
Նարինջ կարմիր Red (blood) orange Citrսs sinensis (L.) - - - - 50,0
Նեկտարին Nectarine Prսnսs persica (L.) Batsch var.
nսcipersica (Sսckow)
c. K. Schneid.
- - 10,5 - 40,0
Նուռ Pomegranate Pսnica granatսm L. 11,2 1,045 12,0 1,049 25,0
Շամբուկ Elderberry Sambսcսs nigra L. Sambսcսs canadensis 9,0 1,036 10,5 1,040 50,0
Շլոր Qսetsche Prսnսs domestica L. sսbsp. domestica 10,0 1,040 12,0 1,045 25,0
Չիչխան Sea-bսckthorn Hippophae - - 8 - 25,0
Պապայա Papaya Carica papaya L. 9,0 1,036 - - 25,0
Սալոր Plսm Prսnսs domestica L. sսsp. domestica 10,0 1,040 12,0 1,045 30,0
Սալոր կարիբյան (կայա) Cajո Spondia lսtea L. - - 10,0 - 25,0
Սալոր սև Prսne Prսnսs domestica L. sսbsp. domestica - - 18,5 - 25,0
Սապոտա մեծ Sapote Poսteria sapota - - - - 25,0
Սեխ Melon Cսcսmսs melo L. 7,5 1,028 8,0 1,032 35,0
Սեխ կասաբա Casaba melon Cսcսmis melo L. sսbsp. melo var. inodorսs H. Jacq. - - 10,0 - 25,0
Սեխ մեղրի Honeydew melon Cսcսmis melo L.
sսbsp. melo var. inodorսs H. Jacq.
- - 7,5 - 25,0
Սերկևիլ Qսince Cydonnia oblonga Mill. 10,0 1,040 11,2 1,045 25,0
Տամարինդ (հնդկական արմավ) Tamarind Tamarindսs indica - - 13,0 - 0,5 %-ից ոչ պակաս ընդհանուր թթվայնություն ստանալու համար անհրաժեշտ քանակություն
Տանձ Pear Pyrսs commսnis L. 11,0 1,044 12,0 - 40,0
Տոմատ (լոլիկ) Tomato Lycopersicսm escսlentսm L. 4,2 (առանց աղի) 1,016 5,0 1,019 50,0
Ումբու Սmbս Spondias tսberosa Arrսda ex Kost. 8,0 1,032 9,0 1,036 25,0
Բարձր թթվայնու-թյամբ այլ մրգեր     - - - - 0,5 %-ից ոչ պակաս ընդհանուր թթվայնություն ստանալու համար անհրաժեշտ քանակություն
Պտղամսի բարձր պարունակությամբ կամ ուժեղ բույրով այլ մրգեր     - - - - 25,0
Ցածր թթվայնու-թյամբ, պտղամսի ցածր պարունա-կությամբ և թույլ (միջին) բույրով այլ մրգեր     - - - - 50,0

 

16. Հյութ պարունակող ըմպելիքներում հյութի և (կամ) խյուսի պարունակությունը պետք է լինի 10 %-ից ոչ պակաս:

17. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերի մեջ լուծվող չոր նյութերի զանգվածային մասի նվազեցման նպատակով ավելացնել ջուր: Վերականգնված հյութերի, ինչպես նաև նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման համար օգտագործվող խմելու ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1-2002 սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին:

18. Հյութերի և հյութամթերքների համի կարգավորման համար թույլատրվում է օգտագործել 2 %-ից պակաս ջրի պարունակությամբ շաքար, սախարոզ, անջուր դեքստրոզ, գլյուկոզ` առանձին-առանձին կամ դրանց խառնուրդը:

19. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերի, խտացրած հյութերի կամ խյուսերի, դիֆուզային հյութերի պատրաստման ժամանակ օգտագործել շաքարի, սախարոզի, դեքստրոզի կամ գլյուկոզի լուծույթներ կամ օշարակներ: Չի թույլատրվում հյութերի և հյութամթերքների մեջ լուծվող չոր նյութերի փոխարինման նպատակով օգտագործել շաքարի, սախարոզի, դեքստրոզի կամ գլյուկոզի լուծույթներ կամ օշարակներ:

20. Թույլատրվում է մրգերից ստացված շաքարները և մեղրն օգտագործել միայն մրգային նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ:

21. Չի թույլատրվում միևնույն հյութին միաժամանակ ավելացնել շաքար (շաքարներ) և թթվեցնող նյութեր: Թույլատրվում է քաղցրությունը պակասեցնելու նպատակով հյութերին ավելացնել կիտրոնի կամ լայմի հյութ` մինչև կիտրոնաթթվի 3 գ/դմ3-ից ոչ ավելի լուծույթին համարժեք թթվայնությունը:

22. Թույլատրվում է բանջարեղենային հյութերին, այդ թվում` տոմատի հյութին, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված հյութերի, ավելացնել կերակրի աղ, համեմունքներ, համեմունքների խտանյութեր, դրանց բնական լուծամզուքներ: Չի թույլատրվում ավելացնել կերակրի աղ և համեմունքներ, դրանց խտանյութերը և լուծամզուքները` լուծվող չոր նյութերի փոխարինման նպատակով:

23. Խտացրած հյութերից և հյութամթերքներից պատրաստվող հյութերում և նեկտարներում բուրմունքի վերականգնման համար օգտագործվում են բուրավետիչ (արոմատիզատոր) և սննդային հավելում չհամարվող խտացրած բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր, որոնք ստացվում են խտացրած հյութի արտադրման ընթացքում` հեղուկ թորվածքի տեսքով, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի ֆիզիկական եղանակներով մշակմամբ` լուծամզուքների կամ թուրմերի տեսքով, խմելու ջրի, ածխաթթու գազի կամ սննդային էթիլ սպիրտի օգտագործմամբ, որոնք վերջնական մթերքում հանդես են գալիս որպես լուծիչ և որպես բույրի բաղադրիչ չեն անջատվել սկզբնական մրգերից, բանջարեղենից կամ հյութերից:

24. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերի, վերականգնված հյութերի և նեկտարների, ինչպես նաև խյուսերի, խտացրած հյութերի և խյուսերի պատրաստման ժամանակ օգտագործել բուրավետիչներ, այդ թվում` բնական, արհեստական և (կամ) բնականին նույնական:

25. Հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ թույլատրվում է օգտագործել խտացրած բնական բուրաստեղծ նյութեր և (կամ) բնական, արհեստական կամ բնականին նույնական բուրավետիչներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

26. Չի թույլատրվում մանկական սննդի համար հյութերի և հյութամթերքների պատրաստման համար օգտագործել շաքարի փոխարինիչներ, արոմատիզատորներ, ներկանյութեր, կայունարարներ, պահածոյացնող նյութեր` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով թույլատրված սննդային հավելումների:

27. Վաղ տարիքի երեխաների համար նախատեսված պտղամսով հյութերը և հյութամթերքները պետք է լինեն համասեռացված:

28. Որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի մեջ օգտագործվող սննդային հավելումների անվանումները և առավելագույն քանակությունն ըստ նշանակման պետք է տրված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ տեսակի հյութի կամ հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում և չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով սահմանված թույլատրելի քանակությունը:

29. Հյութերում և հյութամթերքներում որպես պահածոյացնող նյութ սորբինաթթվի և բենզոյական թթվի կամ դրանց աղերի համատեղ օգտագործման դեպքում` դրանց ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտով սահմանված առավելագույն թույլատրելի քանակությունը:

 

VI. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Հյութերի և հյութամթերքների մակնշման բովանդակությունը պետք է համապատասխանի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

31. Հայաստանի Հանրապետությունում իրացվող հյութերի և հյութամթերքների փաթեթվածքի կամ սպառողական տարայի վրա անմիջապես կամ դրան փակցված պիտակի վրա տրված մականշվածքը պետք է պարունակի`

1) հյութի և հյութամթերքի անվանումը, որը պետք է արտացոլի տվյալ մթերքի տեսակը և դրա պատրաստման համար օգտագործված մրգի կամ բանջարեղենի անվանումը կամ դրանից ածանցված անվանումը, որոնք թույլատրվում է օգտագործել, եթե տվյալ մթերքն ամբողջությամբ համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված հյութերի և հյութանյութերի տեսակների անվանմանը (օրինակ` «Խնձորի հյութ» կամ «Հյութ խնձորի»)` հաշվի առնելով հետևյալ պայմանները`

ա. երկու և ավելի մրգերից և (կամ) բանջարեղենից պատրաստված հյութի և հյութամթերքի անվանումը պետք է ընդգրկի դրա բաղադրության մեջ մտնող մրգի ու բանջարեղենի անվանումները` մթերքում դրանց պարունակության նվազման կարգով,

բ. երեք և ավելի մրգերից և (կամ) բանջարեղենից պատրաստված հյութերի անվանումները թույլատրվում է նշել հետևյալ ձևով. «Խառը մրգահյութ», «Մրգաբանջարեղենային հյութ» կամ «Մրգաբանջարեղենային նեկտար» կամ «Նեկտար բանջարեղենից և (կամ) մրգերից» կամ համանման ձևերով` օգտագործելով մրգի կամ բանջարեղենի խմբի պայմանական անվանումը, օրինակ` «Արևադարձային մրգերի հյութ», «Ցիտրուսային մրգերի հյութ»,

գ. խտացրած հյութի անվանման մեջ լրացուցիչ պետք է նշված լինի «խտացրած» բառը,

դ. ուղղակի մզմամբ ստացված հյութերի համար անվանմանը մոտիկ թույլատրվում է նշել «ուղղակի մզման» բառերը, իսկ խտացրած հյութից կամ խյուսից պատրաստված հյութի համար` «վերականգնված» կամ «պատրաստված է խտացված հյութից (հյութերից) կամ հյութից (հյութերից) և խյուսից» բառերը: Նշված մակագրությունների տառաչափերը պետք է լինեն հյութի կամ հյութամթերքի անվանման տառաչափերի կեսից ոչ պակաս,

ե. եթե հյութի, խյուսի և խտացրած հյութի, դիֆուզային հյութի և չոր հյութի պատրաստման ժամանակ օգտագործվել են սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետում նշված շաքար (շաքարներ), իսկ նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ` շաքարի (շաքարների) լուծույթներ կամ օշարակներ, ապա անվանումը պետք է ներառի նաև «շաքարի (շաքարների) ավելացմամբ» կամ «շաքարով (շաքարներով)» կամ «քաղցրացված» բառերը,

զ. եթե նեկտարների կամ հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ շաքարի փոխարեն օգտագործվել են քաղցրացնող սննդային հավելումներ (մեղր), ապա անվանումը պետք է ներառի «քաղցրացնող նյութերով» կամ «մեղրով» բառերը: Նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պիտակի վրա անվանման մոտ, հստակ ձևով, անվանման տառաչափի կեսից ոչ պակաս տառաչափով պետք է նշված լինի դրա պատրաստման համար օգտագործված հյութի և (կամ) խյուսի ծավալային մասը,

է. մանկական սննդի համար նախատեսված հյութի և նեկտարի անվանումը պետք է ներառի «մանկական սննդի համար» կամ «մանկական» բառերը` նշելով երեխաների տարիքային խումբը, որը նշվում է` հաշվի առնելով հյութի կամ նեկտարի որոշակի տեսակը և երեխայի տարիքը` ստորև նշված պահանջներին համապատասխան`

երեք ամսականից մեծ երեխաներին` խնձորի և տանձի պարզեցված հյութ,

չորս ամսականից մեծ երեխաներին` խնձորի և տանձի պտղամսով հյութ, սալորի, դեղձի, ծիրանի, դդմի, գազարի հյութեր (պարզեցված և պտղամսով), սև սալորի հիմքով ըմպելիք,

հինգ ամսականից մեծ երեխաներին` միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր ու նեկտարներ` սև և կարմիր հաղարջի, ազնվամորու, կեռասի, սերկևիլի, բալի, հապալասի, լոռամրգի (մինչև 20 % և այլն),

վեց ամսականից մեծ երեխաներին` միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր և նեկտարներ` ցիտրուսային մրգերի (մանդարին, նարինջ, թուրինջ), սեխի, արևադարձային մրգերի (արքայախնձոր, բանան, մանգո), ելակի, մորու, տոմատի և այլ մրգերի ու բանջարեղենի, որոնք համարվում են ուժեղ ալերգեններ, խաղողի (խառը հյութերի կազմում) և այլն,

յոթ ամսականից մեծ երեխաներին` պապայայի, կիվիի, գուավայի միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր ու նեկտարներ,

ինն ամսականից մեծ երեխաներին` խաղողի պարզեցված հյութ.

2) արտադրող կազմակերպության ու սպառողների բողոքների ընդունման համար արտադրողի կողմից լիազորված` Հայաստանի Հանրապետությունում գտնվող կազմակերպության (վերջինիս առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը.

3) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).

4) մթերքի զտաքաշը կամ ծավալը.

5) մթերքի բաղադրությունը, որը նշում են դրա բաղադրիչների անվանացանկով` «Բաղադրությունը» վերնագրով, հաշվի առնելով հետևյալ պահանջները`

ա. հյութերի համար` հյութի անվանումը, բաղադրիչները և (կամ) սննդային հավելումները` դրանց օգտագործման դեպքում: Օրինակ` «Բաղադրությունը` տոմատի հյութ, աղ», «Բաղադրությունը` խնձորի հյութ, շաքար»: Եթե որոշակի հյութի պատրաստման ժամանակ բաղադրիչներ և (կամ) սննդային հավելումներ չեն օգտագործվել, ապա «Բաղադրություն» տարրն սպառողական տարայի վրա կարելի է չնշել,

բ. պտղամսով հյութերի համար «Պտղամսով» մակագրությունը նշվում է, եթե դրա զանգվածային մասը 8 %-ից ավելի է,

գ. նեկտարների, հյութ պարունակող ըմպելիքների համար` հյութի և (կամ) խյուսի (խյուսերի) անվանումը (անվանումները), օգտագործված բաղադրիչների և (կամ) սննդային հավելումների ցանկը, այդ թվում` ջուրը, որը նշվում է ցանկի վերջում,

դ. խտացված հյութերից պատրաստված վերականգնված հյութի, նեկտարի, հյութ պարունակող ըմպելիքի բուրմունքի վերականգնման համար օգտագործված խտացված բնական բուրաստեղծ նյութերը և ջուրը բաղադրությունում չեն նշվում,

ե. եթե ասկորբինաթթուն (C վիտամին) օգտագործվել է որպես հակաօքսիդիչ, ապա դրա պարունակության մասին տեղեկատվությունը չի նշվում,

զ. եթե հյութը կամ հյութամթերքը պատրաստվել է կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումի (ԿԱՍՀ) օգտագործմամբ, ապա պիտակի վրա պետք է նշել «Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումով» կամ «Հարստացված է» բառերը` նշելով ԿԱՍՀ-ը և այն պարունակող նյութը,

է. չի թույլատրվում սպառողական տարայի վրա նշել տվյալ մթերքի պատրաստման համար չօգտագործված մրգի կամ բանջարեղենի նկարներ` սպառողին թյուրիմացության մեջ գցող գործոնը կանխարգելելու նպատակով,

ը. ածխածնի երկօքսիդ պարունակող մթերքի համար անվանումը պետք է պարունակի նաև «Գազավորված է» բառը,

թ. եթե հյութի կամ հյութամթերքի պատրաստման ժամանակ օգտագործվել են կերակրի աղ, համեմունքներ և (կամ) խտանյութեր, ապա թույլատրվում է նշել «Կերակրի աղով», ինչպես նաև «Համեմունքով» բառերը կամ համեմունքի ընդունված անվանումը,

ժ. պատրաստի մթերքի բաղադրության մեջ մտնող համային նյութերը, բաղադրիչները և այլ հավելումները նշվում են ընդհանուր ցանկում.

6) սննդային հավելումների ցանկը (դրանց օգտագործման դեպքում).

7) հյութի կամ հյութամթերքի ծագման երկիրը.

8) պահման պայմանները.

9) պատրաստման տարեթիվը, ամիսը, օրը.

10) պիտանիության ժամկետը.

11) օգտագործման եղանակը` նշում են այն դեպքում, եթե խտացված հյութը կամ խյուսը պետք է իրացնել մանրածախ առևտրի ցանցում, այդ դեպքում պետք է նշված լինի տվյալ ծավալի վերականգնման համար անհրաժեշտ ջրի ծավալը` սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված լուծվող չոր նյութերի բավարար քանակն ստանալու համար.

12) սննդային արժեքը` մանկական սննդի համար նախատեսված հյութերի և նեկտարների.

13) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1392-Ն որոշման:

32. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հյութերի և հյութամթերքների հայերեն մակնշումն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1838-Ն որոշման։

33. Վերջնական սպառման համար չնախատեսված հյութի կամ հյութամթերքի մասին տեղեկատվական տվյալները կարելի է զետեղել փոխադրական տարայի վրա` բացառությամբ գլանատակառների, որոնց դեպքում դրանք պետք է ներկայացված լինեն ապրանքաուղեկից փաստաթղթում, որը պետք է ներառի սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետում նշված տվյալները:

34. Փոխադրական տարայի մակնշումը պետք է ներառի`

1) մթերքի անվանումը.

2) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.

3) պատրաստման թվականը.

4) համաքաշը.

5) փոխադրական տարայում հյութով կամ հյութամթերքով սպառողական տարաների թիվը.

6) արտադրող կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրը.

7) պահման պայմանները և ժամկետը:

35. Իրացման համար նախատեսված հյութերը և հյութամթերքները պետք է շշալցված կամ կշռածրարված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող պոլիմերային նյութերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող խեցեգործական նյութերից պատրաստված տարաներում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1282-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող նյութերից պատրաստված և հյութերի ու հյութամթերքների փոխադրման ու պահման պայմանների պահպանման դեպքում դրանց պիտանիության ժամկետի ընթացքում անվտանգության պահանջների պահպանումն ապահովող տարայի և (կամ) փաթեթվածքի մեջ:

36. Վաղ տարիքի երեխաների (մինչև 3 տարեկան) համար նախատեսված հյութերը պետք է փաթեթավորել հերմետիկ փակված տարաներում` 0,35 դմ3-ից ոչ ավելի ծավալով:

37. Կշռածրարված (շշալցված) հյութերի և հյութամթերքների զտաքաշերի բացասական շեղումները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ հաստատված թույլատրելի շեղումները:

38. Հյութերը և հյութամթերքները պետք է փոխադրել արտադրողի կողմից սահմանված փոխադրման պայմաններն ապահովող տրանսպորտային միջոցներով, թափքերով փակ տրանսպորտի բոլոր տեսակներով, տրանսպորտի տվյալ տեսակով բեռների փոխադրման կանոններին համապատասխան:

 

VII. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

 

39. Արտադրողը պետք է ապահովի հյութերի և հյութամթերքների իսկությունը` կանխելու համար կեղծված հյութերի և հյութամթերքների արտադրությունն ու դրանց շրջանառությունը շուկայում:

40. Հյութերի և հյութամթերքների իսկությունն ապահովվում է տվյալ խմբաքանակի հետևելիության (հետագծելիության) հնարավորության մասին տվյալներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում ներկայացված ֆիզիկաքիմիական ցուցանիշների ու զգայորոշման բնութագրերի, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանությամբ:

41. Հյութերի և հյութամթերքների հետևելիությունը (հետագծելիությունը) պետք է ապահովի տվյալ խմբաքանակի հյութերի և հյութամթերքների ու դրանց բաղադրիչների բոլոր փուլերում` նախնական արտադրությունից մինչև սպառումը, հյութերի և հյութամթերքների տեխնոլոգիական սարքավորումների ու միջոցների փաստաթղթային նույնականացմամբ:

42. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան հյութերի և հյութամթերքների անվտանգությունն ու որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների պատշաճ որակն ապահովելու նպատակով արտադրողը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա պետք է ներդնի վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգ ու հետևի դրանց շղթայի` արտադրության և շրջանառության բոլոր փուլերում տեխնոլոգիական հրահանգներով սահմանված պահանջների կատարմանը, իրականացնի վտանգի աղբյուրների վերլուծություն, որոշի հսկման կրիտիկական կետերը, դրանց կրիտիկական սահմանը, իրականացնի ուղղիչ գործողություններ` ներդրված հսկման համակարգին համապատասխան:

 

VIII. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

43. Հյութերի և հյութամթերքների արտադրման ժամանակ տեխնոլոգիական նպատակներով թույլատրվում է օգտագործել N 2 աղյուսակում ներկայացված տեխնոլոգիական միջոցները:

 

Աղյուսակ N 2

 

Տեխնոլոգիական նպատակը Տեխնոլոգիական միջոցի անվանումը Լրացումներ
1 2 3
Հակափրփրացում պոլիդիմեթիլսիլօքսան վերջնական մթերքում
10 մգ/դմ3-ից ոչ ավելի մնացորդային քանակությամբ
Պարզեցում, հակաօքսիդացում և զտում, ֆլոկուլացում (պարզեցում) կլանող կավեր (սպիտակեցնող հավելանյութեր, բնական կամ ակտիվացված հողեր)  
կլանող խեժեր  
ակտիվացված ածուխ (միայն բուսական)  
բենտոնիտ  
կալցիումի հիդրօքսիդ միայն խաղողի հյութի արտադրությունում
կալիումի տարտրատ
կալցիումի կարբոնատ (նստեցված)
  ծծմբի դիօքսիդ միայն խաղողի հյութի արտադրությունում, վերջնական մթերքում 10 մգ/դմ3 -ից ոչ ավելի մնացորդային քանակությամբ` վերահաշվարկված ըստ SO2
թաղանթանյութ  
խիտոզան  
կոլոիդային սիլիկահող  
դիատոմիտ  
ժելատին (կաշվի կոլագենի)  
Պարզեցում, հակաօքսիդացում և զտում, ֆլոկուլացում (պարզեցում) իոնափոխանակիչ խեժեր (անիոնափոխանակիչ և կատիոնափոխանակիչ)  
կաոլին  
պերլիտ  
պոլիվինիլպոլիպիրոլիդոն  
տանին  
բրնձի թեփուկներ (կեղև)  
սիլիկասոլ  
Էնզիմացում (ֆերմենտացում) պեկտինազներ (պեկտինի ճեղքման համար), պրոտեինազներ (պրոտեինի ճեղքման համար), ամինազներ (օսլայի ճեղքման համար), ցելյուլազներ (սահմանափակ քանակությամբ` բջջաթաղանթի քայքայմանը նպաստելու նպատակով) թույլատրվում է օգտագործել, եթե դա չի հանգեցնի հումքի լրիվ ջրիկացմանը և էապես չի ազդի մշակվող մրգի կամ բանջարեղենի թաղանթային բաղադրության վրա
Փաթեթավորում (գազեր) ազոտ կարճ ժամանակով պահածոյացման համար
ածխածնի դիօքսիդ

 

44. Հյութերի և հյութամթերքների արտադրական տարածքներին, արտադրական և օժանդակ սենքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները, ինչպես նաև արտադրական սենքերի և սարքավորանքի լվացման ու ախտահանման գործընթացները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված հիգիենիկ նորմերին:

 

IX. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

45. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող հյութերի և հյութամթերքների հետկանչումը շուկայից, դրանց օգտահանումը կամ ոչնչացումն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշմանը համապատասխան:

 

X. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

46. Հյութերի և հյութամթերքների նույնականացումն իրականացվում է դրանց պատրաստման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում:

47. Նույնականացման համար կիրառում են հետևյալ եղանակները`

1) փաստաթղթային փորձաքննություն.

2) հյութերի և հյութամթերքների փորձարկում.

3) փաստաթղթային փորձաքննություն ու հյութերի և հյութամթերքների փորձարկում:

48. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն հյութերի և հյութամթերքների փաթեթվածքի կամ սպառողական ու փոխադրական տարաների վրա անմիջապես կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությանն ու որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի համար սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնով նախատեսված մակնշման պահանջներին:

49. Հյութերի և հյութամթերքների փորձարկմամբ նույնականացումը պետք է իրականացվի ըստ զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների, որոնք պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին և նախատեսված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում:

50. Հյութերի և հյութամթերքների կեղծման վերաբերյալ հիմքերի առկայության դեպքում պետք է իրականացնել փաստաթղթային փորձաքննություն ու փորձարկումներ` որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի համար սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված լուծվող չոր նյութերի զանգվածային մասի, ինչպես նաև որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգով սահմանված զգայորոշման ու ֆիզիկաքիմիական պահանջներին համապատասխան:

51. Հյութերի և հյութամթերքների նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակել`

1) հյութերի և հյութամթերքների անվանումը.

2) արտադրողի (մատակարարի) մասին տեղեկատվությունը.

3) պատրաստման թվականը և պիտանիության ժամկետը.

4) հյութերի և հյութամթերքների փորձարկման արդյունքները (դրանց իրականացման դեպքում), այդ թվում` զգայորոշման ցուցանիշները.

5) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի ծավալը (զանգվածը) և փոխադրական տարայում սպառողական տարաների թիվը.

6) հյութերի և հյութամթերքների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի կամ տեխնոլոգիական հրահանգի, կամ մատակարարման պայմանագրի նշագիրը (անվանումը).

7) խմբաքանակի համարը և չափը.

8) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:

 

XI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

52. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հյութերի և հյութամթերքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2հ, 3հ, 4հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ 2ս, 3ս, 4ս, 5ս կամ 6ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ։

53. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը հյութերի և հյութամթերքների սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել համապատասխանության նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված կարգով։

54. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի XIV բաժնում ներկայացված ստանդարտներով սահմանված նմուշառման կարգին համապատասխան։

55. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի XIV բաժնում ներկայացված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով։ Ռադիոնուկլիդների որոշումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ գերատեսչական ակտով սահմանված մեթոդներով:

56. Հյութերի և հյութամթերքների նույնականացման գործընթացն իրականացվում է սույն տեխնիկական կանոնակարգի 48-րդ կետով սահմանված ընթացակարգով։

57. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողությունները կատարվել են 2ս - 5ս սխեմաներից որևէ մեկով։

58. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը պետք է ընտրվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի`

1) 2հ կամ 2ս սխեմայի դեպքում` 12 ամիս.

2) 4հ կամ 6ս սխեմայի դեպքում ըստ հյութի կամ հյութամթերքի պիտանիության ժամկետի, բայց 3 տարվանից ոչ ավելի.

3) 3ս սխեմայի դեպքում` 24 ամիս.

4) 3հ, 4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս։

59. Սերտիֆիկացված հյութերի և հյութամթերքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 57-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա։

60. Սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։

61. Համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։

 

XII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

62. Հյութերի և հյութամթերքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

XIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

63. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հյութերի և հյութամթերքների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

XIV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտի նշագիրը
(բաժինը, կետը)

Նմուշառման և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 8756.9 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Պտղահատապտղային հյութերում և լուծամզուքներում նստվածքի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 8756.10 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Պտղամսի պարունակության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 8756.13 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Շաքարների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 8756.22 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Կարոտինի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 10444.1 Պահածոներ. Մանրէաբանական վերլուծության ժամանակ կիրառվող ռեակտիվների, ներկերի, ինդիկատորների և սնուցող միջավայրերի պատրաստում
ԳՕՍՏ 10444.2 Սննդամթերք. Staphylococcus aureus-ի հայտնաբերման և քանակության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 10444.12 Սննդամթերք. Խմորիչների և բորբոսասնկերի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 10444.14 Պահածոներ. Բորբոսների պարունակության որոշման մեթոդ` ըստ Հովարդի
ԳՕՍՏ 10444.15 Սննդամթերք. Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 24556
(ԻՍՕ 6557-1:86, ԻՍՕ 6557-2:84)
Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Վիտամին
C-ի (ասկորբինաթթվի) որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 25555.0 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Տիտրվող թթվայնության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 25555.2 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Էթիլ սպիրտի պարունակության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 25555.3 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Հանքային խառնուկների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 25555.5 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Ծծմբի դիօքսիդի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 25999 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. B1 և B2 վիտամինների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 26181 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Սորբինաթթվի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 26188 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք, պահածոներ մսային և մսաբուսական. pH-ի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 26313 (բաժին 2) Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Ընդունման կանոններ, նմուշառման մեթոդներ
ԳՕՍՏ 26323 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Բուսական ծագման խառնուկների պարունակության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 26668 Մթերքներ սննդային և համային. Մանրէաբանական վերլուծության համար նմուշառման մեթոդները
ԳՕՍՏ 26669 Մթերքներ սննդային և համային. Նմուշների նախապատրաստումը մանրէաբանական վերլուծության համար
ԳՕՍՏ 26670 Սննդամթերք. Մանրէների կուլտիվացման մեթոդներ
ԳՕՍՏ 26927 Պարենային հումք և սննդամթերք. Սնդիկի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 26929 Պարենային հումք և սննդամթերք. Նմուշների նախապատրաստում. Հանքայնացում թունավոր տարրերի պարունակության որոշման համար
ԳՕՍՏ 26933 Պարենային հումք և սննդամթերք. Կադմիումի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 26935 Սննդամթերք պահածոյացված. Անագի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 28038 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Միկոտոքսին պատուլինի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 28467 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Բենզոյական թթվի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 28562 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Լուծվող չոր նյութերի որոշման բեկումաչափական մեթոդ
ԳՕՍՏ 29030 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Հարաբերական խտության և լուծվող չոր նյութերի պարունակության որոշման պիկնոմետրական մեթոդ
ԳՕՍՏ 29032 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Օքսիմեթիլֆուրֆուրոլի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 29059 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Պեկտինային նյութերի որոշման տիտրաչափական մեթոդ
ԳՕՍՏ 29270 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Նիտրատների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 30059 Ոչ ալկոհոլային ըմպելիքներ. Ասպարտամի, սախարինի, կոֆեինի և նատրիումի բենզոատի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 30178 Պարենային հումք և սննդամթերք. Թունավոր տարրերի որոշման ատոմաաբսորբման մեթոդ
ԳՕՍՏ 30349 Պտուղներ, բանջարեղեն և դրանց վերամշակման մթերքներ. Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 30425 Պահածոներ. Արդյունաբերական մանրէազերծության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 30518 Սննդամթերք. Աղիքային ցուպիկների (կոլիձև բակտերիաներ) խմբի բակտերիաների հայտնաբերման և քանակի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 30519 Սննդամթերք. Salmonella ցեղի բակտերիաների հայտնաբերման մեթոդ
ԳՕՍՏ 30538 Սննդամթերք. Ատոմաէմիսիոն մեթոդով թունավոր տարրերի որոշման մեթոդիկա
ԳՕՍՏ 30669 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Բենզոյական թթվի պարունակության որոշման գազաքրոմատաչափական մեթոդ
ԳՕՍՏ 30670 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Սորբինաթթվի պարունակության որոշման գազաքրոմատաչափական մեթոդներ
ԳՕՍՏ 30710 Պտուղներ, բանջարեղեն և դրանց վերամշակումից ստացված մթերքներ. Ֆոսֆորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 30726 Սննդամթերք. Escherichia coli տեսակի բակտերիաների հայտնաբերման և քանակության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 31262 Սննդամթերք և պարենային հումք. Թունավոր տարրերի (կադմիումի, կապարի, պղնձի և ցինկի) որոշման ինվերսիոնվոլտամպերաչափական մեթոդներ
ԳՕՍՏ Ռ 50476 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Սորբինաթթվի և բենզոյական թթվի որոշման մեթոդ դրանց համատեղ առկայության դեպքում
ԳՕՍՏ Ռ 50479 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Վիտամին PP-ի պարունակության որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51123 Մրգային և բանջարեղենային հյութեր. Սուլֆատների որոշման ծանրաչափական մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51128 Մրգային և բանջարեղենային հյութեր. D-իզոկիտրոնաթթվի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51129 Մրգային և բանջարեղենային հյութեր. Կիտրոնաթթվի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51239
(ԴԻՆ 1138)
Մրգային և բանջարեղենային հյութեր. L-խնձորաթթվի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51240 Մրգային և բանջարեղենային հյութեր. D-գլյուկոզի և D-ֆրուկտոզի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51428 Մրգային հյութեր. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով գինեթթվի որոշում
ԳՕՍՏ Ռ 51429 Մրգային և բանջարեղենային հյութեր. Ատոմաաբսորբման մեթոդով նատրիումի, կալիումի, կալցիումի և մագնեզիումի պարունակության որոշում
ԳՕՍՏ Ռ 51430 Մրգային և բանջարեղենային հյութեր. Ֆոսֆորի որոշման սպեկտրաֆոտոչափական մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51433 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Լուծվող չոր նյութերի պարունակության որոշման բեկումաչափական մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51434 Մրգային և բանջարեղենային հյութեր. Տիտրվող թթվայնության որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51435 (ԻՍՕ 8128-1) Խնձորի հյութ, խնձորի խտացված հյութ և խնձորի հյութ պարունակող ըմպելիքներ. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով պատուլինի պարունակության որոշում
ԳՕՍՏ Ռ 51439 Մրգային և բանջարեղենային հյութեր. Պոտենցիոմետրիկ տիտրման մեթոդով քլորիդների պարունակության որոշում
ԳՕՍՏ Ռ 51440 (ԻՍՕ 8128-2) Խնձորի հյութ, խնձորի խտացված հյութ և խնձորի հյութ պարունակող ըմպելիքներ. Նրբաշերտ քրոմատագրման մեթոդով պատուլինի պարունակության որոշում
ԳՕՍՏ Ռ 51441 Մրգային և բանջարեղենային հյութեր. Սպեկտրաֆոտոչափմամբ քացախաթթվի (ացետատի) պարունակության որոշման ֆերմենտային մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51442 Մրգային և բանջարեղենային հյութեր. Կենտրոնախուսմամբ պտղամսի անջատվող պարունակության որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51650 Սննդամթերք. Բենզ(ա)պիրենի զանգվածային մասի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ Ռ 51766 Պարենային հումք և սննդամթերք. Արսենի որոշման ատոմաաբսորբման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51938 Մրգային և բանջարեղենային հյութեր. Սախարոզի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51940 Մրգային և բանջարեղենային հյութեր. D-խնձորաթթվի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ 51962 Պարենային հումք և սննդամթերք. Արսենի զանգվածային խտության որոշման ինվերսիոնվոլտամպերաչափական մեթոդ
ԳՕՍՏ Ռ 52052 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով սորբինաթթվի և բենզոյական թթվի զանգվածային մասերի որոշում
ԻՍՕ 2172 Մրգահյութեր. Լուծելի չոր նյութերի պարունակության որոշում. Բեկումաչափական մեթոդ
ԻՍՕ 4832 Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Կոլիձևերի հաշվարկման հորիզոնական մեթոդ. Գաղութների հաշվարկում
ԻՍՕ 5519 Մրգեր, բանջարեղեն և դրանցից ստացված մթերքներ. Սորբինաթթվի պարունակության որոշում
ԻՍՕ 5522 Մրգեր, բանջարեղեն և դրանցից ստացված մթերքներ. Ընդհանուր ծծմբային երկօքսիդի պարունակության որոշում
ԻՍՕ 5523 Մրգերից և բանջարեղենից ստացված հեղուկ մթերքներ. Ծծմբային երկօքսիդի պարունակության որոշում (տարածված մեթոդ)
ԻՍՕ 6560 Մրգերից և բանջարեղենից ստացված մթերքներ. Բենզոյաթթվի պարունակության որոշում (բենզոյաթթվի պարունակությունը
լիտրում կամ կիլոգրամում 200 մգ-ից ոչ պակաս). Մոլեկուլային կլանման սպեկտրաչափական մեթոդ
ԻՍՕ 6579 Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Salmonella բակտերիայի հայնաբերման հորիզոնական մեթոդ
ԻՍՕ 6888-1 Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Կոագուլադրական ստաֆիլակոկերի (Staphylococcus aureus և այլ տեսակներ) հայտնաբերման հորիզոնական մեթոդ. Բեիր-Պարկերի ագարային միջավայրի կիրառման մեթոդ
ԻՍՕ 6888-2 Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Կոագուլադրական ստաֆիլակոկերի (Staphylococcus aureus և այլ տեսակներ) հայտնաբերման հորիզոնական մեթոդ. Ճագարների պլազմայի ֆիբրինոգենի ագարի միջավայրի կիրառման մեթոդ
ԻՍՕ 6888-3 Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Կոագուլադրական ստաֆիլակոկերի (Staphylococcus aureus և այլ տեսակներ) հայտնաբերման հորիզոնական մեթոդ. Փոքր քանակների հայտնաբերումը և MPN մեթոդը
ԻՍՕ 7251 Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Escherichia coli հայտնաբերման և հաշվարկման հորիզոնական մեթոդ
ԻՍՕ 7466 Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք. Օքսիմեթիլֆուր` ֆուրոլի պարունակության որոշում
ԻՍՕ 9174 Ջրի որակ. Քրոմի որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդներ
ԵՆ 1132 Մրգային և բանջարեղենային հյութեր. pH-ի որոշում
ԵՆ 1134 Մրգային և բանջարեղենային հյութեր. Ատոմաաբսորբման մեթոդով նատրիումի, կալիումի, կալցիումի և մագնեզիումի պարունակության որոշում
ԵՆ 1136 Մրգային և բանջարեղենային հյութեր. Ֆոսֆորի պարունակության որոշում. Սպեկտրաֆոտոչափական մեթոդ
ԵՆ 1139 Մրգային և բանջարեղենային հյութեր. D-իզոկիտրոնաթթվի ֆերմենտատիվ որոշում. NADPH հատուկ մեթոդ
ԵՆ 1142 Մրգային և բանջարեղենային հյութեր. Սուլֆատների պարունակության որոշում
ԵՆ 12133 Մրգային և բանջարեղենային հյութեր. Պոտենցիոմետրիկ տիտրման մեթոդով քլորիդների պարունակության որոշում
ԵՆ 12147 Մրգային և բանջարեղենային հյութեր. Տիտրվող թթվայնության որոշման մեթոդ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.06.2009, N 744-Ն 22.01.2010, N 1602-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան