«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 հուլիսի 2006 թ. N 454-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի փոխանցման կարգը»՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ
Կ Ա Ր Գ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է ապահովագրողի վերակազմակերպման, լիցենզիայի կասեցման և դադարեցման, ինչպես նաև այլ դեպքերում ապահովագրական պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի փոխանցման կարգը:
2. Սույն կարգի իմաստով՝ ապահովագրական պայուսակ է համարվում միևնույն տեսակի ապահովագրության պայմանագրերից բխող իրավունքների և պարտավորությունների ամբողջությունը:
3. Ապահովագրական պայուսակի փոխանցումը մի ապահովագրողի կողմից (այսուհետ՝ փոխանցող) ապահովադիրների հետ կնքած ապահովագրության պայմանագրերով ստանձնած իրավունքների ու պարտականությունների փոխանցումն է մեկ կամ մի քանի ապահովագրողների (այսուհետ՝ ստանձնող)՝ ապահովագրական պայուսակի փոխանցման պայմանագրի հիման վրա:
4. Ապահովագրական պայուսակի փոխանցումը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) գրավոր նախնական համաձայնության առկայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ
5. Ապահովագրական պայուսակը փոխանցող և ստանձնող ապահովագրողները ապահովագրական պայուսակի փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով ներկայացնում են համատեղ հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝
5.1. ապահովագրական պայուսակը փոխանցող և ստանձնող ապահովագրողների գրավոր դիմումը (համաձայն հավելված 1-ի),
5.2. փոխանցող և ստանձնող ապահովագրողների միջև կնքված ապահովագրական պայուսակի փոխանցման պայմանագրի նախագիծը,
5.3. փոխանցվող ապահովագրական պայուսակի ապահովագրության պայմանագրերի ցանկը՝ հետևյալ տեղեկատվությամբ. ապահովագրության պայմանագրի համարը, սերիան, կնքման ամսաթիվը, ապահովադիրը (շահառուն, ապահովագրված անձը), ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը, ապահովագրության տեսակը, ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը, ապահովագրավճարը, չվճարված ապահովագրավճարի չափը, ապահովագրավճարի վճարման ժամկետները, ապահովագրավճարի վճարման ուշացման ժամկետները,
5.4. ապահովագրական պայուսակում ընդգրկված պայմանագրերի գծով փոխանցման ամսաթվի դրությամբ փոխանցողի ապահովագրական պահուստների չափերը (ապահովագրական պահուստների հաշվարկի հավաստիությունը հաստատվում է փոխանցողի գործադիր տնօրենի, ինչպես նաև գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ակտուարի կողմից),
5.5. փոխանցվող ակտիվների տեսակները, չափերը և դրանց նկատմամբ իրավունքներն ու պարտավորությունները հավաստող փաստաթղթերի պատճենները (եթե այդպիսիք նախատեսվել են ապահովագրական պայուսակի փոխանցման պայմանագրի նախագծում),
5.6. ապահովագրության պայուսակում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի վերաապահովագրության դեպքում փոխանցողի վերաապահովագրողի համաձայնությունը` շարունակելու փոխանցվող ապահովագրական պայուսակի վերաապահովագրված մասի հետ կապված ստանձնողի հետ վերաապահովագրության պայմանագիրը կամ ստանձնողի վերաապահովագրողի համաձայնությունը՝ վերաապահովագրելու ապահովագրության պայուսակում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերը, եթե նախատեսվում է այդ ռիսկերի վերաապահովագրություն,
5.7. ապահովագրական պայուսակի փոխանցման ամսաթիվը,
5.8. ստանձնողի հիմնական տնտեսական նորմատիվների և ապահովագրական պահուստների չափերը` ապահովագրական պայուսակի ստանձնման դեպքում,
5.9. ստանձնողի գործարար ծրագրի փոփոխությունները` ապահովագրական պայուսակի ստանձնման դեպքում,
5.10. փոխանցողի հավաստագիրը, որ ստացել է ապահովագրական պայուսակի փոխանցման վերաբերյալ ապահովադիրների գրավոր համաձայնությունը,
5.11. 5.1-ից 5.10 ենթակետերում նշված տեղեկատվությունը հավաստող այլ տեղեկություններ` հայտատուի հայեցողությամբ:
6. Կենտրոնական բանկը կարող է պահանջել փոխանցող և ստանձնող ապահովագրողներից ապահովագրական պայուսակի փոխանցման վերաբերյալ այլ տեղեկատվություն` սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը հաստատելու համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ
7. Ապահովագրական պայուսակի փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության կամ մերժման որոշումը ընդունվում է սույն կարգի 5-րդ կետում նշված հայտը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում: 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից որոշում չընդունվելու դեպքում նախնական համաձայնությունը համարվում է ստացված:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետը կարող է կասեցվել սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով, սակայն ոչ ավելի, քան 30 օրով:
9. Ապահովագրական պայուսակի փոխանցման նախնական համաձայնության որոշումը Կենտրոնական բանկը եռօրյա ժամկետում հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:
10. Ապահովագրական պայուսակը փոխանցելու նախնական համաձայնությունը տրվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնության որոշման ընդունումից հետո երեք ամսվա ժամկետով: Ապահովագրական պայուսակի փոխանցումը տեղի ունենալուց (փոխանցման հանձնման-ընդունման ակտի ստորագրումից) հետո փոխանցողը պարտավոր է 10 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին` ներկայացնելով հանձնման-ընդունման ակտի պատճենը:
11. Ապահովագրական պայուսակի փոխանցումից հետո ապահովագրական պայուսակը փոխանցողը պարտավոր է զանգվածային լրատվամիջոցներով կամ պատշաճ ծանուցմամբ տեղեկացնել ապահովադիրներին, ապահովագրված անձանց և շահառուներին՝ ապահովագրական պայուսակի հանձնման-ընդունման ամսաթվի մասին:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
12. Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական պայուսակի փոխանցման նախնական համաձայնության հայտը կարող է մերժվել, եթե՝
12.1. ապահովագրական պայուսակի փոխանցումը կարող է վնասել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը,
12.2. ապահովագրական պայուսակի փոխանցումը կարող է վտանգել ստանձնողի ֆինանսական կայունությունը,
12.3. ապահովագրական պայուսակի փոխանցումից հետո ստանձնողի հիմնական տնտեսական նորմատիվները և ապահովագրական պահուստները չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին,
12.4. ապահովագրական պայուսակն ստանձնող ապահովագրողը չունի փոխանցվող ապահովագրական պայուսակի մեջ ներառված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
12.5. ապահովագրական պայուսակի փոխանցման նախնական համաձայնություն ստանալու համար պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրության կամ սույն կարգի պահանջներին, թերի են, անարժանահավատ կամ կեղծ,
12.6. ապահովագրական պայուսակի փոխանցման գործարքը հակասում է օրենքներին և այլ իրավական ակտերին:
13. Ապահովագրական պայուսակի փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության մերժման դեպքում ապահովագրական պայուսակը փոխանցող և ստանձնող ապահովագրողներն իրավունք ունեն մերժման պատճառները վերացնելուց հետո կրկին դիմել Կենտրոնական բանկ` համաձայնություն ստանալու համար:
Հավելված 1
«Ապահովագրական պայմանագրերով ստանձնած
ապահովագրական ռիսկերի փոխանցման կարգի»
Կենտրոնական բանկի նախագահ
——————————————————--ին
Դ Ի Մ ՈՒ Մ
(ապահովագրական պայուսակի փոխանցման նախնական
համաձայնություն ստանալու)
Հարգելի ——————————---------- |
______________________________________________________________ |
և |
______________________________________________________________ |
դիմում ենք ապահովագրական պայուսակի փոխանցման համաձայնությունը ստանալու համար:
Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք ապահովագրական պայուսակի փոխանցման համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:
Առդիր՝ —- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն հայտին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է հայտի մերժմանը:
Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:
Հայտը ներկայացնող անձինք`
__________________________________________________________________ (փոխանցող կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը) |
___ ____________________ 200_ թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|