ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով.
2) 3-րդ մասի «հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի» բառերով.
3) 4-րդ մասի «երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 154.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 154.1. | Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը |
1. Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) երեք տոկոսի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) տասնհինգ տոկոսի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-409-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: