Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-35-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 375-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3․ Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն ծավալը` գումարային արտահայտմամբ, ինչպես նաև այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 377-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 377. Երաշխավորի պատասխանատվությունը

 

1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

2. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով, և միաժամանակ պայմանագրի կնքման պահին առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.

1) երաշխավորն ու պարտապանը նույն ընտանիքի անդամներ են: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, պապը, տատը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները.

2) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր է.

3) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու է:

Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.

4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր, և երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար են:

4. Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար երաշխավորության պայմանագիրը կնքելիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը և պարտապանը տալիս են գրավոր հայտարարություն սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար օգտագործելու մասին, և կրում են հայտարարության բովանդակության իսկության ռիսկը:

Հետագայում պարտապանի և երաշխավորի՝ սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված փոխկապվածության դադարումը կամ փոփոխությունը չի հանգեցնում երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում երաշխավորի պատասխանատվության փոփոխության։

5. Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը, ներառյալ՝ տոկոսներ վճարելը, պարտապանի կողմից պարտավորությունը չկատարվելու հետևանքով առաջացող տույժերը և տուգանքները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով, իսկ այն դեպքում, երբ երաշխավոր է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, և երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը ծագում է վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ապա պետք է պահպանվեն նաև սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Եթե պարտապանի պարտավորության ծավալը որևէ հիմքով (այդ թվում` պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով) նվազում է կամ դադարում է աճել, ապա երաշխավորի պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում է կամ դադարում է աճել:

6. Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել ավելի երկար ժամկետով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը:

7. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին՝ առնվազն նշելով պարտավորության խախտման ժամկետը և առկա պարտավորության չափը: Եթե պարտատերը սույն մասում նշված ժամկետում չի ծանուցում երաշխավորին, ապա պարտատերն իրավունք չունի երաշխավորից պահանջելու երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու հետևանքով առաջացած տոկոսները, առաջացող տույժերը, տուգանքները և (կամ) կատարել այլ վճարներ, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու օրվանից մինչև երաշխավորին այդ մասին ծանուցելը:

8. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացվելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել իր պարտավորությունն այդ պահանջն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ ներկայացրած պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:

9. Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում, ինչպես նաև առանց երաշխավորի գրավոր համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում՝ միայն փոփոխված մասով, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:

Երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը նման ձևով փոփոխելուն, առ ոչինչ է: Սույն պարբերության իմաստով երաշխավորի համաձայնությունը չի պահանջվում, եթե երաշխավորը երաշխավորությունն ստանձնում է հիմնական պարտավորության վերաբերյալ այն պայմանագրով, որով ապագայում ծագելիք պարտավորության բոլոր էական պայմանները սահմանված են։»:

 

Հոդված 5.   Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների վրա` անկախ երաշխավորության պայմանագիրը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված լինելու հանգամանքից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

  

2021 թ. փետրվարի 11
Երևան
ՀՕ-35-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան