ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2023 թվականի N 1450-Լ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ներդրումների ներգրավման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ներդրումների ներգրավման գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1) Հատուկ անվանումներ և հապավումներ
2) Ներածություն
3) Ներդրումային ոլորտում առկա իրավիճակը
4) Ներդրումային միջավայրի ընդհանուր նկարագիրը
5) Ներդրումների ներգրավման ծրագրից բխող բարեփոխումների ուղղությունները
5․1. Ներդրումային քաղաքականություն
5․2. Ներդրումային արտոնություններ
5․3. Ինստիտուցիոնալ կառուցվածք
1. ՀԱՏՈՒԿ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
1. Սույն ներդրումների ներգրավման ծրագրում (այսուհետ՝ ծրագիր) օգտագործվող հապավումները և անվանումներն ունեն հետևյալ նշանակությունը՝
1) ՆԱԿ՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ.
2) ՀԿՀԿ՝ հիմնական կապիտալի համախառն կուտակում.
3) ՀՀԴ՝ Հայաստանի Հանրապետության դրամ.
4) ՀՆԱ՝ համախառն ներքին արդյունք.
5) ՕՈՒՆ՝ օտարերկրյա ուղղակի ներդրում.
6) ՏՀԶԿ` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն։
2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ի թիվս այլնի սահմանվել են չորս տնտեսական թիրախներ`
1) ՀՆԱ-ի միջին տարեկան աճի նվազագույն տեմպը՝ 7-9%.
2) հարկեր ՀՆԱ հարաբերակցություն՝ 25%.
3) արտադրողականություն 12$ ՀՆԱ/մարդxժամ․
4) գործազրկության մակարդակը՝ 10%-ից ցածր։
3. Այս տնտեսական թիրախներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ է դրել՝
1) ՀԿՀԿ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25%-ի.
2) ՕՈՒՆ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6%-ի.
3) տնտեսական բարդության ինդեքսը հասցնել 0.1-ի։
4. Ներդրումներին և տնտեսական բարդության ինդեքսի թիրախներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2021-2026 թթ․ ընթացքում ներդրողներին տրամադրել 130 միլիարդ ՀՀԴ աջակցություն, որից 50 միլիարդ ՀՀԴ-ը կուղղվի տնտեսական ենթակառուցվածքների առավելագույն հասանելիության ապահովմանը, իսկ 80 միլիարդ ՀՀԴ-ն՝ արտահանելի արտադրանք ստեղծելու ներուժ ունեցող մշակող արդյունաբերության ձեռնարկությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը։
5. Ներդրումային քաղաքականության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ ստեղծելով բարենպաստ և մրցակցային միջավայր:
6. Ծրագրում ամփոփվում են վերջին տարիներին Հայաստանի ընդհանուր ներդրումային, օտարերկրյա ներդրումների, արտահանման կատարողականները, ներդրումային միջավայրի և ներդրումային քաղաքականության մշակման, խթանման և դյուրացման համակարգի ընթացիկ վիճակը, ինչպես նաև նկարագրում ներդրումային քաղաքականության, ներդրումային արտոնությունների, ինստիտուցիոնալ կառուցվածքի, ներդրումների խթանման և դյուրացման բնագավառներում առկա խնդիրները և մարտահրավերները և դրանց լուծմանն ուղղված գործողությունների ծրագիրը:
3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
7. Ներդրումների կատարողականը.
1) ՀԿՀԿ։ Չնայած Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին՝ ՀԿՀԿ-ն ընդհանուր առմամբ 2012-2016 թվականներին շարունակաբար կրճատվել է։1 Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ՀԿՀԿ անվանական արժեքը կրճատվել է շուրջ 17%-ով՝ հասնելով 880 միլիարդ ՀՀԴ-ի։
2017-2022 թվականներին առանձին ներդրումային նախագծերի մեկնարկով պայմանավորված, ինչպես նաև շինարարության ոլորտի ակտիվացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության2 շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել ՀԿՀԿ շոշափելի աճ։
Գծապատկեր 1․ 2012-2022 թվականներին ՀԿՀԿ Հայաստանի Հանրապետությունում (մլրդ ՀՀԴ)3
Գծապատկեր 2․ 2012-2021 թվականներին ՀԿՀԿ-ի միջին տարեկան մասնաբաժինը ՀՆԱ-ում Հայաստանի Հանրապետությունում և ընտրված երկրներում4
Աղբյուր` Համաշխարհային բանկ
2020 թվականին ներդրումային ակտիվության վրա բացասական ազդեցություն է ունեցել COVID-19-ի համավարակը՝ դրանից բխող սահմանափակումներով, ինչը որոշակիորեն չեզոքացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների, այդ թվում՝ տնտեսության առանձին ոլորտներում ներդրումային նախագծերի ֆինանսավորման վարկի տոկոսի սուբսիդավորման5, նոր ձեռք բերվող հիմնական միջոցների արագացված ամորտիզացիայի հնարավորության սահմանման միջոցով6։
2012-2021 թվականներին Հայաստանի Հանրապետությունը ՀԿՀԿ/ՀՆԱ միջին ցուցանիշով (19%) էականորեն զիջել է դիտարկված բոլոր երկրներին, բացառությամբ Ուկրաինայի (16%), ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ներդրումային կատարողականը բավարար չէ։
1) ՕՈՒՆ։ Հայաստանի Հանրապետության ներդրումների կատարողականը զգալիորեն ցածր է նաև ՕՈՒՆ-ների մասով։ 2015-2021 թվականներին արձանագրված ՕՈՒՆ զուտ հոսք/ՀՆԱ միջին ցուցանիշով դիտարկված երկրների շարքում Հայաստանը 1.9%-ով վերջինն է եղել, մինչդեռ դեպի ծով ելք չունեցող համեմատելի երկրներից Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Մոլդովան արձանագրել են համապատասխանաբար 4.1%, 3.7% և 2.4% արդյունք։
Գծապատկեր 3. 2015-2021 թվականներին ՕՈՒՆ-երի զուտ հոսքերի միջին տարեկան մասնաբաժինը ՀՆԱ-ում Հայաստանի Հանրապետությունում և ընտրված երկրներում
Այդուհանդերձ, 2021 թվականին արձանագրվել է ՕՈՒՆ ներհոսքի ամենաբարձր ցուցանիշը (761 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը նախորդ տարվա համեմատությամբ 53%-ով ավելի է։ Ընդ որում, 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում կատարված ՕՈՒՆ-ի գրեթե 63%-ը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտներում է։
2015-2021 թվականներին նշված ոլորտներում կատարված ՕՈՒՆ-երը կազմում են Հայաստանի Հանրապետությունում կատարված ընդհանուր ՕՈՒՆ-ների 65%-ը։ Նման իրավիճակը պայմանավորված է երկու հանգամանքով՝
ա. էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտներում խոշոր ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունն օտարերկրյա մասնակցությամբ կազմակերպություններ են, որոնք իրականացնում են մեծածավալ ներդրումային նախագծեր, այդ թվում՝ չբաշխված (վերաներդրված) շահույթի հաշվին, և
բ. վերոնշյալ ոլորտներում վերջին տարիներին մեկնարկել են մի շարք խոշոր ներդրումային նախագծեր (greenfield projects), որոնց ֆինանսավորման մի մասն ՕՈՒՆ-երի տեսքով է:
2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 708 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում, ինչը թույլ է տալիս պնդել, որ տարեկան կտրվածքով հնարավոր կլինի գերազանցել 2021 թվականի ցուցանիշը։
Գծապատկեր 4. 2016-2021 թվականներին ՕՈՒՆ-երի համախառն ներհոսքը Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատված ըստ ոլորտների7 8
2016-2021 թվականներին ՕՈՒՆ-ի ներհոսքի ավելի քան 15%-ն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ։ Ընդ որում, հանքարդյունաբերության ոլորտը 2021 թվականին արձանագրված ՕՈՒՆ 53%-անոց հավելաճի կառուցվածքում եղել է մոտավորապես 20 տոկոսային կետ։ 2021 թվականին հանքարդյունաբերության ոլորտում ՕՈՒՆ աճը ենթադրաբար պայմանավորված է երկու հանգամանքով՝
ա. օտարերկրյա ներդրողների կողմից ոլորտի խոշոր ձեռնարկություններից մեկի բաժնետոմսերի 60%-ի ձեռքբերմամբ9, և
բ. մետաղների բարձր գներով, ինչը թույլ է տվել տարեկան կտրվածքով ապահովել մեծ չբաշխված շահույթ (վերաներդրված շահույթ)10։
Հատկանշական է, որ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտ հիմնականում մուտք են գործում «շուկա որոնող» կամ «ռազմավարական ակտիվներ որոնող» (market-seeking/strategic asset-seeking) ներդրողներ, իսկ հանքարդյունաբերության ոլորտ՝ «բնական պաշարներ որոնողները» (natural resource-seeking)։11
Գծապատկեր 5. 2016-2022 թվականներին ՕՈՒՆ-ների ներհոսքը Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատված՝ ըստ երկրների ցանկի12,13
Ինչպես ՕՈՒՆ ոլորտային, այնպես էլ աշխարհագրական բաշխումը բավականին կենտրոնացված է։ 2016-2021 թվականներին Հայաստանի Հանրապետությունում կատարված ՕՈՒՆ-ների 61%-ից ավելին բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը, որին հաջորդում են Գերմանիան և Կիպրոսը՝ 6% և 5% մասնաբաժիններով։ Տարածաշրջանային նոր զարգացումներով պայմանավորված՝ ՌԴ մասնաբաժինն ավելի է մեծացել՝ հասնելով 2020 թվականին՝ 75%-ի, իսկ 2021 թվականին՝ 67%-ի։
8. Արտահանման կառուցվածքը և տնտեսական բարդությունը.
1) Արտահանման կառուցվածքը։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, որի սահմանները չորս հարևանից երկուսի հետ փակ են, և ունենալով 3 միլիոն բնակչություն14 և 19.5 միլիարդ ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով տնտեսություն15՝ ներդրումային գրավչության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր է արտահանումը՝ ապահովելով արտաքին շուկաներին հասանելիությունը։
Գծապատկեր 6. 2012-2022 թվականներին Հայաստանի Հանրապետության արտահանումը՝ ըստ երկրների ցանկի
Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանն առանց մաքսատուրքերի առևտուր ունի Եվրասիական տնտեսական միության անդամներ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, որոնց ընդհանուր բնակչությունը հասնում է 181 միլիոնի, իսկ ընդհանուր ՀՆԱ-ն՝ 2.3 տրիլիոն ԱՄՆ դոլարի16։ 2012-2022 թվականներին ապրանքային արտահանման շարժի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը մի կողմից նպաստել է դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանման աճին, մյուս կողմից հանգեցրել է ավելի բարձր աշխարհագրական կենտրոնացվածության։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունից արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ աճել է շուրջ 9.8 անգամ, մինչդեռ նույն ժամանակահատվածում ընդհանուր ապրանքային արտահանումն աճել է գրեթե 3.6 անգամ, ինչի արդյունքում 2022 թվականին Եվրասիական տնտեսական միության երկրների բաժինը Հայաստանի Հանրապետության ապրանքային արտահանման կառուցվածքում հասել է 47%-ի։
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում էր17 նաև Եվրոպական միության GSP+ արտոնյալ առևտրի համակարգի շահառու, ինչի արդյունքում գործարկվել էին մի շարք ներդրումային նախագծեր («արդյունավետություն-որոնող» ներդրումներ (efficiency-seeking investments))՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության շուկայի սպասարկմանը։ Այդուհանդերձ, 2012-2021 թվականներին դեպի Եվրոպական միություն արտահանման միջին տարեկան հավելաճի տեմպը կազմել է 3․0%-ից պակաս, իսկ 2021 թվականին ԵՄ մասնաբաժինը Հայաստանի Հանրապետության արտահանման կառուցվածքում հասել էր 22%-ի։ Ի հեճուկս սպասումների, 2022 թվականին GSP+ համակարգի չեղարկումից հետո արտահանումը ԵՄ ոչ միայն չի կրճատվել, այլ աճել է 18.4%-ով՝ հասնելով շուրջ 786 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը կարող է մասամբ պայմանավորված լինել ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկմամբ։ Այդուհանդերձ, 2022 թվականին Եվրոպական միության մասնաբաժինը Հայաստանի Հանրապետության ապրանքային արտահանման կառուցվածքում նվազել է՝ հասնելով 14.7%-ի, քանի որ ընդհանուր ապրանքային արտահանումն աճել է ավելի մեծ տեմպով։
Հայաստանի Հանրապետությունը դեռևս պահպանում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի GSP համակարգերի շահառուի կարգավիճակը։ Սակայն այս երկրների ընձեռած հնարավորությունների օգտագործման մակարդակը հիմնականում նկատելիորեն ցածր է։ Օրինակ, դեպի Շվեյցարիա արտահանումը 2012-2022 թվականներին աճել է ավելի քան 3.6 անգամ։ 2022 թվականին արտահանման 63%-ը բաժին է ընկել պղնձի խտանյութին (ԱՏԳ ԱԱ 2603 ), որի պարագայում մաքսատուրքի ստանդարտ դրույքաչափը 0% է, այսինքն՝ արտահանումը պայմանավորված չէ GSP-ի համակարգի կիրառմամբ։
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության արտահանման ամենաարագ աճող շուկաներից է Պարսից ծոցի երկրների շուկան։ 2012-2022 թվականներին այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանումն աճել է 13.5 անգամ, սակայն արտահանման ապրանքային կառուցվածքը խիստ կենտրոնացված է և 63%-ը կազմել են թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը (ԱՏԳ ԱԱ 71), իսկ 34%-ը՝ ծխախոտային արտադրանքները (ԱՏԳ ԱԱ 24):
2022 թվականին ապրանքային արտահանումը կազմել է ավելի քան 5.0 միլիարդ ԱՄՆ դոլար, որի շուրջ 4.4%-ը վերաարտահանումն է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներ։ 2022 թ․ արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 77%-ով, սակայն արտահանման ապրանքային կառուցվածքը և բարդության աստիճանը դեռևս բավարար չեն։ Մասնավորապես, 2021 թվականին ապրանքային արտահանման 30.5%-ը կազմել են մետաղական հանքաքարը և խտանյութը (հիմնականում պղինձ), որոնց հաջորդում են ալկոհոլային խմիչքները (ԱՏԳ ԱԱ 2203-2209, հիմնականում կոնյակ) և ծխախոտը (ԱՏԳ ԱԱ 24)՝ համապատասխանաբար 9.0% և 8.3% մասնաբաժիններով։
2012-2021 թվականներին արտահանման տպավորիչ աճ են արձանագրել տեքստիլ ապրանքները՝ գրեթե 10 անգամ։ 2021 թվականին այս ապրանքային խմբի արտահանումն իր մեծությամբ 4-րդն է՝ 183.5 միլիոն ԱՄՆ դոլար արտահանման ծավալով։ Հատկանշական է, որ այս ոլորտում հիմնականում ներկայացված են տեղական ներդրումներով ձեռնարկություններ, որոնք հաճախ տոլինգային մեխանիզմով աշխատում են համաշխարհային հանրաճանաչ ապրանքանիշների (բրենդների) հետ։ Վերջին տարիներին ձևավորվում են նաև տեղական ճանաչելի ապրանքանիշներ կամ բրենդներ, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող են ապահովել կայուն զարգացում ոլորտի համար։
Գծապատկեր 7. 2012-2022 թվականներին Հայաստանի Հանրապետության ապրանքային արտահանումը՝ ըստ ապրանքային խմբերի
2) Տնտեսական բարդությունը18։ 2000 թվականի հետ համեմատությամբ 2020 թվականին տնտեսական բարդության ինդեքսը նվազել է 0.81 միավորով, ինչը պայմանավորված է արտահանման կառուցվածքում տնտեսապես ոչ բարդ արտադրանքի (միրգ, բանջարեղեն, պղնձի խտանյութ, ծխախոտ) մասնաբաժնի ավելացմամբ։ Օրինակ, 2020 թվականին լոլիկի արտադրանքի բարդության ինդեքսը -1.39 է, ծիրանինը՝ -1.07, ծխախոտինը՝ -0.82, կոնյակինը՝ 0.593:
Գծապատկեր 8. 2000-2020 թվականներին Հայաստանի Հանրապետության տնտեսական բարդության ինդեքսը (ECI)
Գծապատկեր 9. 2021 թվականի Հայաստանի Հանրապետության ծագման արտահանման բաշխումն ըստ արտադրանքի բարդության ինդեքսի միջակայքերի19
2021 թվականին հայկական ծագման արտադրանքի արտահանման տնտեսական բարդության կառուցվածքի ուսումնասիրությունը վկայում է, որ 87.2%-ը բաժին է ընկնում -0.25 և ավելի ցածր արտադրանքի տնտեսական բարդության ինդեքս ունեցող ապրանքային խմբերին, 1.1%-ը՝ [-0.25;0) միջակայքի ապրանքային խմբերին, 9.6%-ը՝ [0;1) միջակայքի ապրանքային խմբերին։ 2.1%-ն է միայն, որ ունի 1-ից բարձր արտադրանքի բարդության ինդեքս։
4․ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
9. Ներդրումային քաղաքականության իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականության, ներդրումային գործունեության ազատականացման, ՕՈՒՆ ազգային ռեժիմի սահմանման, միջազգային լավագույն փորձին համահունչ20 ներդրումների պաշտպանության սկզբունքներով: «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն ամրագրում է ազգային ռեժիմը, ինչպես նաև ՕՈՒՆ հիմնական երաշխիքները և հիմնարար իրավունքները, ինչպիսիք են՝ ներդրումային օրենսդրության փոփոխության երաշխիքը 5 տարվա համար, ազգայնացումից և բռնագրավումներից պաշտպանությունը, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործողությունների հետևանքով օտարերկրյա ներդրողների վնասների փոխհատուցման իրավունքը, օտարերկրյա ներդրումների հետ կապված միջոցների հայրենադարձումը և արտարժույթի ազատ փոխարկումը:
10. Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկել է ներդրումային միջավայրի բարելավման մի շարք հաջողված քայլեր, որոնք բարելավել են միջազգային վարկանշային աղյուսակներում Հայաստանի Հանրապետության զբաղեցրած հորիզոնականները: Մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ՕՈՒՆ կարգավորիչ սահմանափակումների ինդեքսում Հայաստանի Հանրապետությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ՕՈՒՆ համար ունի համեմատաբար քիչ սահմանափակումներ և գրավիչ է օտարերկրյա ներդրումների համար:
Աղյուսակ 1․ 2020 թվականի համար կազմված ՕՈՒՆ կարգավորիչ սահմանափակումների ինդեքսում Հայաստանի Հանրապետության և որոշ համեմատելի երկրների դիրքը
ՕՈՒՆ կարգավորիչ սահմանափակումների ինդեքս | ||
Զբաղեցրած հորիզոնականը ինդեքսում |
Ինդեքսի միավորը |
Հայաստան և որոշ համեմատելի երկրներ |
7. |
0.018 |
Էստոնիա |
8. |
0.018 |
Վրաստան |
9. |
0.019 |
Հայաստան |
17. |
0.026 |
Հյուսիսային Մակեդոնիա |
26. |
0.043 |
Իռլանդիա |
40. |
0.060 |
Մոլդովա |
57. |
0.118 |
Իսրայել |
Աղբյուր՝ ՕՈՒՆ կարգավորիչ սահմանափակումների ինդեքս21, վերջին հասանելի տվյալներ
11. Հարկային համակարգի գրավչության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության հարկերի վճարման դյուրինությամբ 189 երկրների շարքում 100 հնարավորից 81.5 միավորով զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։
Աղյուսակ 2. 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունը և տարածաշրջանային երկրները «վճարվող հարկեր» (“paying taxes”) վարկանիշում
ԵՐԿԻՐ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԿԱՆԻՇ |
ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԴՅՈՒՐԻՆՈՒ- ԹՅԱՆ ՄԻԱՎՈՐ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ- ՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇ, ՏՈԿՈՍԸ |
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՏԵՎՈՂՈՒ- ԹՅՈՒՆԸ, ԺԱՄ |
ՎՃԱՐՈՒՄ- ՆԵՐԻ ՔԱՆԱԿ, ԱՆԳԱՄ |
ՀԵՏԼՐԱՑ- ՄԱՆ (POST- FILLING) ԻՆԴԵՔՍ |
Վրաստան |
14 |
89.2 |
9.9 |
216 |
5 |
85.9 |
Թուրքիա |
26 |
86.6 |
42.3 |
170 |
10 |
100 |
Մոլդովա |
33 |
85.2 |
38.7 |
183 |
10 |
90.8 |
Ադրբեջան |
40 |
84 |
40.7 |
159 |
9 |
83.8 |
Հայաստան |
52 |
81.5 |
22.6 |
264 |
15 |
79.4 |
Ռուսաստան |
58 |
80.5 |
46.2 |
159 |
9 |
77.8 |
Ղազախստան |
64 |
78.2 |
28.4 |
186 |
10 |
48.9 |
Ուկրաինա |
65 |
78.1 |
45.2 |
327.5 |
5 |
86 |
Բելառուս |
99 |
71.2 |
53.3 |
170 |
7 |
50 |
Ղրղզստան |
117 |
67.2 |
29 |
220 |
26 |
37.4 |
Աղբյուր՝ Համաշխարհային բանկ, Paying Taxes 2020 22, վերջին հասանելի տվյալներ
Ծրագրի 11-րդ կետում նշված զեկույցի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարկերի և վճարումների ընդհանուր ցուցանիշը կազմել է 22.6%, այսինքն՝ գործունեության երկրորդ տարում ենթադրյալ ընկերության կողմից վճարված հարկերի գումարը կազմել է 22.6%՝ առևտրային շահույթի համեմատ: Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը հարկերի և վճարումների ցուցանիշի առումով ավելի բարենպաստ է, քան տարածաշրջանի մյուս երկրներինը, բացառությամբ Վրաստանի, որտեղ նույն ցուցանիշը կազմում է 9.9%։ Հաշվի առնելով, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի դրույքաչափը կրճատվել է 2 տոկոսային կետով, կարելի է արձանագրել, որ այլ հավասար պայմաններում Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրն այս հարցում ավելի գրավիչ է դարձել։ Doing Business 2020 զեկույցում23 նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը հարկերի վճարումն ավելի դյուրացրեց ավելացված արժեքի հարկի վերադարձը՝ կիրառելով այն նաև կապիտալ ներդրումների նկատմամբ:
Գծապատկեր 10. 2019 թվականին հարկերի և այլ վճարների դրույքաչափը Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանային այլ երկրներում (տոկոսը առևտրային շահույթի նկատմամբ)24
12. «Կապիտալ» գործոնի հարկերի (շահույթի, շահաբաժնի, տոկոսադրույքի, ռոյալթիի և կապիտալի հավելաճի գծով հարկեր) մասով Հայաստանի Հանրապետությունը շահութահարկի դրույքաչափի բացարձակ մեծությամբ համեմատելի երկրներից զիջում է միայն Ղրղզստանին (10%), Մոլդովային (12%), Վրաստանին (15%) և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը Բելառուսի և Ուկրաինայի հետ (18%): Ոչ ռեզիդենտների համար շահաբաժնի գծով հարկի դրույքաչափը սահմանված է 5%, ինչն ավելի քիչ է, քան Մոլդովայում (6%), Ղրղզստանում (10%), Բելառուսում (12%) և Ուկրաինայում (15%):
Աղյուսակ 4. Շահույթի, շահաբաժնի, տոկոսի, ռոյալթիի և կապիտալի հավելաճի գծով հարկերի դրույքաչափերը Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանային այլ երկրներում 2020 թվականի դրությամբ
|
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ (ՏՈԿՈՍ) |
ՇԱՀԱԲԱԺՆԻ, ՏՈԿՈՍԻ, ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿ (ԿՉ - ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ) |
ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՃԻ ՀԱՐԿ (ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՎԵԼԱՃԻ ՀԱՐԿ) | |
ԻՐԱՎԱԲԱՆԱ- ԿԱՆ ԱՆՁ |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ | |||
Իրան |
25 |
Ռեզիդենտ՝ ԿՉ/ԿՉ/ԿՉ Ոչ ռեզիդենտ՝ 0%/5%/5- 7.5% |
ԿՉ |
ԿՉ |
Թուրքիա |
22 |
Ռեզիդենտ՝ ԿՉ/ԿՉ/ԿՉ |
22% |
10% |
Ռուսաստան |
20 |
Ռեզիդենտ՝ 15%/10%/10% 15%/20%/20% |
20% |
13/15 |
Ղազախստան |
20 |
Ռեզիդենտ՝ 5%/ԿՉ/ԿՉ |
10% |
10% |
Հայաստան |
18 |
Ռեզիդենտ՝ 5%/10%/10% 5%/10%/10%։ |
18/ 0% |
0% |
Բելառուս |
18 |
Ռեզիդենտ՝ ԿՉ/ԿՉ/ԿՉ |
12-18% |
13% |
Ուկրաինա |
18 |
Ռեզիդենտ՝ ԿՉ/ԿՉ/ԿՉ |
18% |
18% |
Վրաստան |
15 |
Ռեզիդենտ՝ ԿՉ/ԿՉ/ԿՉ |
15% |
5% |
Մոլդովա |
12 |
Ռեզիդենտ՝ 6%/12%/12% |
12% |
12% |
Ղրղզստան |
10 |
Ռեզիդենտ՝ ԿՉ/ԿՉ/10% |
10% |
10% |
Աղբյուր՝ Փրայսութերհաուսկուպերս, «Հարկային ամփոփագրեր 2020»25
13. «Աշխատանք» գործոնի հարկման ցուցանիշով Հայաստանի Հանրապետությունը դիտարկված պետությունների շարքում զիջում է միայն Ուկրաինային (19%), Ղազախստանին (19.5%) և Վրաստանին (22%): Հայաստանի Հանրապետությունում տվյալ հարկերի և վճարների մակարդակը բավականին գրավիչ է պոտենցիալ ներդրողների համար` ընդհանուր առմամբ 25.5-32%` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2023 թվականի ավարտին այն կկազմի 23.5-30%` պայմանավորված եկամտային հարկի նվազեցմամբ (20%):
Աղյուսակ 5. Աշխատավարձ, եկամտային հարկ և սոցիալական վճարներ 2020 թվականի դրությամբ
ԵՐԿԻՐ |
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
Հայաստան |
22% |
3.5-10% |
25.5-32% |
Ռուսաստան |
Ռեզիդենտ՝ < ₽ 5 մլն - 13% > ₽ 5 մլն - 15% Ռեզիդենտ 30% |
30% |
43-45% 60% |
Վրաստան |
20% |
2% |
22% |
Ուկրաինա |
18% |
1% |
19% |
Բելառուս |
13% |
35% |
48% |
Մոլդովա |
12% |
18-32% |
30-44% |
Ղազախստան |
10% |
9.5% |
19.5% |
Ղրղզստան |
10% |
27.25% |
37.25% |
Թուրքիա |
15 - 35% |
<1% |
16 - 35% |
Իրան |
Ռեզիդենտ՝ 0 - 35% Ոչ ռեզիդենտ՝ 35% |
30% |
35-70% |
Աղբյուր՝ Փրայսութերհաուսկուպերս, «Հարկային ամփոփագրեր 2020»
14․ Հայաստանի կապիտալի շուկայի մանրամասն վերլուծությունը ներկայացված է Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1202-Լ որոշմամբ հաստատված Կապիտալի շուկայի զարգացման ծրագրում, որտեղ վեր են հանված մի շարք առանցքային նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք խոչընդոտում են կապիտալի շուկայի կայացմանն ու սահուն զարգացմանը, նախանշված են ռազմավարական ուղղություններ, որոնք կարող են կարևորվել կապիտալի շուկայի զարգացման համատեքստում, մասնավորապես՝ կապիտալի շուկայում առաջարկվող գործիքները և դրանց շուկաները, պահանջարկն ապահովող ներդրողները, շուկայի ենթակառուցվածքը, կապիտալի շուկայի կարգավորումն ու վերահսկողությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի կապիտալի շուկան սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: Համաձայն Հայաստանի ֆոնդային բորսայի ամփոփ տվյալների՝ 2018-2021 թվականներին կապիտալի շուկայի ծավալներն ունեցել են աճի միտում։ Մասնավորապես, շուկայի հիմնական մասը զբաղեցնում են ՀՀ պետական պարտատոմսերը, որոնց շուկայի ծավալը 2021 թվականին հատել է 1,2 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 26,2%-ով։ Կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 9,5% և 28,9%՝ կազմելով 446 մլրդ և 135 մլրդ դրամ։ Նույն ժամանակահատվածում ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են ՀՆԱ-ի 17,2%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմել են ընդամենը ՀՆԱ-ի համապատասխանաբար 7% և 2,5 % (Աղյուսակ 6):
Աղյուսակ 6. Կապիտալի շուկայի մեծությունը 2018-2021 թթ․, մլրդ դրամ26
2018 |
2019 |
2020 |
2021 | |
Պետական պարտատոմսերի |
583 |
675 |
954 |
1204 |
Կորպորատիվ պարտատոմսերի |
151 |
267 |
446 |
489 |
Բաժնետոմսերի |
146 |
149 |
135 |
174 |
15․ Ներկայումս կապիտալի շուկայի տեսանկյունից հիմնական խնդիր է դիտարկվում այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկն է: Մինչդեռ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները չափազանց կարևոր նախապայման են կապիտալի շուկայի զարգացման և ընկերությունների՝ բորսայում ցուցակման համար: Էլ ավելի կարևոր է դառնում բիզնեսի ֆինանսավորման ավանդական միջոցներից բացի նաև այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների ընձեռած հնարավորությունների օգտագործումը՝ ներդրումներ ներգրավելու միջոցով տնտեսության երկարաժամկետ զարգացումն ապահովելու նպատակով։
16․ Առավել զարգացած տնտեսություններում բիզնեսի ֆինանսավորման մեջ ակտիվ դերակատարություն ունեն բաժնեմասային մասնակցության կազմակերպությունները՝ վենչուրային ֆոնդերը (հիմնականում նորաստեղծ ընկերությունների պարագայում) և մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամները (հիմնականում առավել հասուն, բայց դեռևս արագ աճի շրջանում գտնվող ընկերությունների պարագայում): Վենչուրային կապիտալի համար երկրի գրավչությունը չափվում է «Վենչուրային կապիտալի և մասնավոր բաժնեմասնակցության» ցուցանիշով, ըստ որի ՀՀ-ն 2021 թ․-ին 125 երկրների շարքում զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը՝ 13 կետով նահանջ գրանցելով 2018 թ․-ի ցուցանիշի՝ 77-րդ հորիզոնականի համեմատ։
Գծապատկեր 11․ ՀՀ-ի դիրքը վենչուրային կապիտալի և մասնավոր բաժնեմասնակցության ինդեքսում և վերջինիս հաշվարկման հիմքում գտնվող առանձին ցուցանիշներում
17․ ՀՀ-ի դիրքերն առավել մտահոգիչ են ցուցանիշի «տնտեսական ակտիվություն» և «կապիտալի շուկայի խորություն» բաղադրիչների մասով։ Մասնավորապես, նշյալ բաղադրիչների գծով շոշափելի է ՀՀ-ի և Ասիական երկրների (որոնց խմբում և ընդգրկված է ՀՀ-ն) միջև առկա ճեղքը։
Աղյուսակ 7․ 2021 թ․-ին վենչուրային կապիտալի և մասնավոր բաժնեմասնակցության ցուցանիշի առանձին բաղադրիչներն ըստ երկրների (միավոր)27
Հատկանշական է, որ վերոնշյալ 6 բաղադրիչների մեջ ամենավատ արդյունքը ՀՀ-ն գրանցել է «կապիտալի շուկայի խորություն» բաղադրիչի մասով՝ 125 երկրների մեջ զբաղեցնելով 96-րդ հորիզոնականը։ Նշյալ բաղադրիչն իր հերթին բաղկացած է 6 ենթաբաղադրիչներից, որոնց մեջ ՀՀ դիրքերը համեմատաբար բարվոք են «պարտքային և վարկային շուկաներ» ենթաբաղադրիչի մասով, ըստ որի ՀՀ-ն 125 երկրների մեջ զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը։
Աղյուսակ 8․ ՀՀ դիրքը «Վենչուրային կապիտալի և մասնավոր բաժնեմասնակցության» ցուցանիշի «Կապիտալի շուկայի խորություն» բաղադրիչի առանձին ենթաբաղադրիչների մասով28
Ենթաբաղադրիչ |
Դիրք |
Միավոր |
Բաժնետոմսերի շուկայի մեծություն և լիկվիդայնություն |
94 |
30․9 |
Առևտրի ընդհանուր ծավալ |
85 |
1 |
Նախնական հրապարակային առաջարկ և հրապարակային թողարկման գործունեություն |
92 |
1 |
Կլանումների և միավորումների շուկա |
117 |
10 |
Պարտքային և վարկային շուկաներ |
43 |
80 |
Ոչ բանկային փոխառություններ |
81 |
90․5 |
5. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18. Ծրագրում ներդրումային միջավայրի հիմնախնդիրները ներկայացվում են ըստ 3 հիմնական ուղղությունների.
1) ներդրումային քաղաքականություն.
2) ներդրումային արտոնություններ.
3) ինստիտուցիոնալ կառուցվածք։
5.1 . ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
19. Համապարփակ ներդրումային քաղաքականության բացակայությունը. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ է դրել ՀԿՀԿ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25%-ի, իսկ ՕՈՒՆ զուտ հոսք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6%-ի։ Ներդրումային քաղաքականությունն անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել՝ մրցակցային (համեմատելի) երկրների հետ ներդրումային միջավայրի և մրցակցային ոլորտների համեմատական վերլուծության (բենչմարկինգի) հիման վրա՝ արդյունավետորեն արձագանքելով համաշխարհային ներդրումային միտումներին: Հռչակված ներդրումային քաղաքականության շուրջ լայն կոնսենսուսը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատումը կենսական նշանակություն ունեն ներդրումների ներգրավման ոլորտում երկրի հաջողության համար: Այդ առումով անհրաժեշտ է նախաձեռնել բարեփոխումներ հետևյալ ուղղություններով․
Բարեփոխման ուղղություն 1 - Մրցակցային առավելություն և ներդրումային պոտենցիալ ունեցող ոլորտների և արժեշղթաների ուսումնասիրությունների իրականացում՝ պոտենցիալ ներդրողներին ուղղորդելու նպատակով,
Բարեփոխման ուղղություն 2 - Ներդրումային միջավայրի բենչմարկինգի իրականացում` ներառյալ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանշային աղյուսակների պարբերական մշտադիտարկում և մրցակից երկրների փորձի ուսումնասիրություն՝ ներդրողներին բարենպաստ պայմաններ առաջարկելու նպատակով,
Բարեփոխման ուղղություն 3 - Ներդրումային քաղաքականության ամփոփագրի մշակում և հրապարակում (Investment Policy Statement), որտեղ կարտացոլվեն՝
ա․ պետության ներդրումային տեսլականը, նպատակները,
բ․ միջնաժամկետում ներդրումների ներգրավման տեսանկյունից գրավիչ ոլորտները, այդ ոլորտներում ներդրումների իրականացման, գործարարությամբ զբաղվելու և արտահանման դյուրացման հիմնական գործողությունները, դրան հասնելու համար շահագրգիռ կողմերի պատասխանատվությունը և համագործակցության մեխանիզմները, օտարերկրյա ներդրողներին ուղղված հիմնական ուղերձները։
20. Ներդրումների վերաբերյալ միջազգային ստանդարտներին համապատասխան վիճակագրական տվյալների առկայությունը. ներդրումների վերաբերյալ համապարփակ վիճակագրության առկայությունն ապացուցահենք ներդրումային քաղաքականության մշակման և իրականացման կարևոր բաղադրիչ է: Ավելին՝ ներդրումների վիճակագրության հրապարակայնությունը և դրանց հասանելիությունն ինքնին կարող են կարևոր գործիք հանդիսանալ ներդրումների իրական տնտեսական ազդեցությունը գնահատելու, ներդրումների թափանցիկության և խթանման համար:
Չնայած Հայաստանի Հանրապետությունում առկա է միջազգային պահանջներին համապատասխանող ներդրումների վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների շարք, այնուամենայնիվ ցուցանիշների ամբողջականության ապահովման տեսանկյունից, ինչպես նաև այն օգտագործողների (Էկոնոմիկայի նախարարություն, ՆԱԿ, Կենտրոնական բանկ և այլն) պահանջներին համապատասխան առկա է առավել մանրամասն տվյալների ներկայացման անհրաժեշտություն: Նշվածն իր հերթին չի կարող չազդել օտարերկրյա ներդրումների մասով վարվող վիճակագրական ցուցանիշների ամբողջականության վրա: Այս առումով անհրաժեշտ է նախաձեռնել բարեփոխում հետևյալ ուղղությամբ․
Բարեփոխման ուղղություն - Օտարերկրյա ներդրումների ռեեստրի ստեղծում։ Ներդրումների վիճակագրության արդիականացման և համապարփակության նպատակով անհրաժեշտ է ի թիվս տեղական ներդրողների ապահովել նաև օտարերկրյա ներդրողների ամբողջական բազայի ստեղծում և վարում, որը կբարելավի Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և Կենտրոնական բանկի կողմից վարվող օտարերկրյա ներդրումների վիճակագրության ամբողջականությունը, ինչպես նաև կօգտագործվի ոլորտային քաղաքականության մշակման, ներդրումների խթանման մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև օտարերկրյա կապիտալով ընկերությունների՝ տնտեսության վրա ընդհանուր ազդեցության վերլուծության համար։
21. Մշտադիտարկման և գնահատման համակարգի բացակայությունը․ ներկայումս չի իրականացվում ներդրումային քաղաքականության, ներդրումների խթանման և դյուրացման համակարգված մշտադիտարկում և գնահատում։
Բարեփոխման ուղղություն - Կառավարության կողմից ընդունված ներդրումային քաղաքականության համաձայն ներդրումային քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգի նախագծում և ներդրում, որի իրականացման համար անհրաժեշտ է․
1) մշակել համապատասխան իրավական դաշտ, որը կսահմանի համակարգի նպատակները, դերակատարներին, նրանց գործառույթները, պատասխանատվության շրջանակը, փոխհարաբերությունները, հավաքագրվող տվյալների շրջանակը և տվյալների հոսքերի կառավարումը․
2) մշակել ներդրումային քաղաքականության իրականացման քայլերի հերթականությունը, սահմանել մշտադիտարկման և գնահատման վերջնական, միջանկյալ և ուղղակի արդյունքները, այդ արդյունքներին հասնելու ցուցանիշները, ցուցանիշների ելակետային և թիրախային արժեքները։ Առաջարկվող համակարգի ստեղծման համար Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ստեղծելու անհրաժեշտ և հավաստի տվյալների բազա։
22. Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտություն․
Ներդրումային ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն ունի հողային հարաբերությունների, մասնավորապես, հողերի նպատակային նշանակության փոփոխության առնչությամբ գործող կարգավորումների ճկունությունը։ Ներկա վիճակի ուսումնասիրության համաձայն՝ ներդրողների համար հողերի նպատակային նշանակության փոփոխությունների անհրաժեշտությունն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ հողամասի ներկա նշանակությունը խոչընդոտ է հանդիսանում նրա վրա կոնկրետ տիպի գործունեություն կամ կառուցապատում իրականացնելու համար: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության ձգձգումները պայմանավորված են նրանով, որ հարցի լուծումը բազմափուլ է և դրանում ներգրավված են բազմաթիվ պետական կառավարման մարմիններ, որոնց կողմից իրականացվող գործառույթներն իրականացվում են իրար հաջորդելով, երբեմն տարբեր մարմինների կողմից առկա են գործառույթների կրկնություն, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է վարչարարության ավելացմանը և խոչընդոտ է հանդիսանում ներդրումների ներգրավման համար: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի տևողությունը կարող հասնել մինչև 11 ամիս և ավել ժամանակաշրջանի։
Բարեփոխման ուղղություն - ներդրումային ծրագրերի շրջանակներում հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված ընթացակարգերի պարզեցում և խոչընդոտների վերացում։
5.2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23․ Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային տեսլականի հետ գործող ներդրումային արտոնությունների կապի բացակայությունը և դրա գրավչության պակասը. ներդրումային արտոնությունների գործող համակարգը մրցունակ չէ տարածաշրջանի այլ պետությունների ներդրումային արտոնությունների համեմատ և գրավիչ չէ ներդրողների համար։ Միջազգային համեմատականները ցույց են տալիս29, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ներդրումային արտոնություններն իրենց գրավչությամբ զիջում են մրցակից երկրների ներդրումային արտոնություններին։
Տնտեսության զարգացման արդյունավետությունն էապես պայմանավորված է մարդկային կապիտալի զարգացման մակարդակով, մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ իրականացվող ներդրումների ծավալը և որակը բավարար չեն պահանջվող արդյունքին հասնելու համար։ Այս համատեքստում խնդիրներ են վեր հանվել նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված վերազգային ընկերությունների գործունեության տեսանկյունից, որոնք կարևորագույն դերակատարում ունեն երկրում մարդկային կապիտալի զարգացման համար։ Մասնավորապես, վերազգային ընկերությունների՝ աշխարհի տարբեր կետերից գործող կառավարման համակարգերում կուտակված են երկարամյա գիտելիք և փորձառություն, որոնք անհրաժեշտ է ներդնել և զարգացնել մեր երկրում։ Այս տեսանկյունից հիմնական խնդիր է դիտարկվում ոչ բարենպաստ օրենսդրական դաշտը։
Ներկայումս կապիտալի շուկայի տեսանկյունից հիմնական խնդիր է դիտարկվում այն հանգամանքը, որ ՀՀ կապիտալի շուկան տնտեսության իրական հատվածի կողմից դեռևս ակտիվորեն չի դիտարկվում որպես ֆինանսների ներգրավման հիմնական աղբյուրներից մեկը։ Սա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով, որոնցից են կապիտալի շուկա դուրս գալու համար լրացուցիչ պահանջներին համապատասխանելու, ինչպես նաև հավելյալ ծախսերի կատարման անհրաժեշտության խնդիրները։
Կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից կարևոր նախապայման են նաև այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները՝ հաշվի առնելով, որ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերը ոչ միայն տրամադրում են ֆինանսական կապիտալ, այլ նաև օժանդակում են տնտեսավարողներին՝ զարգացնելու ներքին ֆինանսական կառավարման հմտությունները, ներդնելու կորպորատիվ կառավարման համակարգեր և բերում են թափանցիկ, աուդիտ անցած գործունեության: Առանց նշված նախապայմանների և նմանատիպ արտաքին խթանների, գործնականում դժվար է հանդիպել ընկերությունների, որոնք պատրաստ կլինեն մասնակցել կապիտալի շուկայում՝ ինչպես բաժնեմասերի, այնպես էլ պարտատոմսերի ցուցակման միջոցով:
Արդյունքում բիզնեսը թերի է զարգանում, և տնտեսավարողները չեն իրագործում իրենց ամբողջ ներուժը։
Վերոշարադրյալ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է նախաձեռնել բարեփոխումներ հետևյալ ուղղությամբ․
Բարեփոխման ուղղություն - Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային տեսլականի (աշխատատեղերի ստեղծում, ռազմավարական կամ գերակա ոլորտների խթանում, մարդկային ռեսուրսների զարգացում, արտահանման խթանում և դիվերսիֆիկացում, աջակցություն հետազոտություններին և տեխնոլոգիաների փոխանցմանը) իրագործմանը միտված և ներդրողների համար գրավիչ ներդրումային արտոնությունների համակարգի մշակում և ներդրում, որոնց գծով հետագայում մշակվելիք միջոցառումներում կսահմանվեն ոլորտները/գործունեության տեսակները, այդ թվում`
ա. առաջնային ներդրումների խթանման արտոնություն՝ նախատեսվում է դրամաշնորհ (կանխիկի վերադարձ) այն խոշոր միջազգային կազմակերպություններին, որոնք Հայաստանում կիրականացնեն բարձր արտադրողականություն ապահովող տնտեսական գործունեություն: Արտոնությունը հիմնականում նախատեսված է կապիտալատար արտադրությունների համար: Ուղղված լինելով պոտենցիալ շահառու կազմակերպությունների ներդրումային նախագծերի զուտ ներկա արժեքի ավելացմանը, ներքին շահութաբերության մակարդակի բարձրացմանը և ներդրումների հետգնման ժամկետի կրճատմանը` այս արտոնությունը հնարավորություն կտա զսպելու երկրին բնորոշ ռիսկերը և Հայաստանը դարձնելու ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար,
բ. աշխատատեղերի ստեղծման արտոնություն՝ նախատեսվում է դրամաշնորհ (կանխիկի վերադարձ) Հայաստանի Հանրապետությունում, հիմնականում ծառայությունների ոլորտում, տնտեսական գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններին: Այս արտոնությունը թույլ կտա նվազեցնել պոտենցիալ շահառուների գործառնական ծախսերը՝ նպաստելով Կառավարության գործազրկության կրճատման թիրախին,
գ. մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված արտոնություն` նախատեսվում է դրամաշնորհ (կանխիկի վերադարձ) Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններին` խթանելով տեղաբնակ աշխատուժի մասնագիտական որակների կատարելագործումը։ Արտոնության հիմնական նպատակն է մեղմել որակյալ աշխատուժի բացը հայաստանյան շուկայում՝ նվազեցնելով ձեռնարկությունների անձնակազմի վերապատրաստման ծախսերը, ինչը դրական կանդրադառնա նաև Կառավարության՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված թիրախներին,
դ. հետազոտության և մշակումների (R&D) խթանման նպատակով աջակցություն, որը հնարավորություն կտա ակտիվացնելու մասնավոր կապիտալի ներգրավումը հետազոտությունների և մշակումների ոլորտ` խթանելով մասնավոր առևտրային կազմակերպությունների կողմից հետազոտությունների և մշակումների ուղղությամբ ծախսերի իրականացումը հետագայում նոր, բարդ արտադրանք ստեղծելու և Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի օտարման համար,
ե. բարդ արտադրանքի արտահանման և արտահանման աշխարհագրական կառուցվածքի դիվերսիֆիկացման խթանման արտոնություն` նախատեսվում է դրամաշնորհ (կանխիկի վերադարձ) Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններին, որոնք արտահանում են բարդության որոշակի աստիճանից բարձր արտադրանք։ Այս արտոնությունը կխթանի բարդության որոշակի աստիճանից բարձր ապրանքների արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում և հայկական ծագման բարդ արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի Հանրապետությունից արտահանման աշխարհագրական կառուցվածքի դիվերսիֆիկացման խորացմանը: Նշված աջակցության գործիքը պետք է ուղղվի այնպիսի ներդրումային ծրագրերին, որոնց արդյունքում կիրականացվեն ներդրումներ Հայաստանի Հանրապետության տարածքում այնպիսի ապրանքների արտադրություններում, որոնց տնտեսական բարդության ցուցիչն առնվազն 0.1 է, ապրանքների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով,
զ․ կապիտալի շուկա դուրս եկող և ՀՀ դրամով արժեթղթեր թողարկող ընկերությունների մուտքը խրախուսելուն միտված համալիր միջոցառումների իրականացում։ Մասնավորապես, տրամադրել բորսայում ցուցակված պարտատոմսերի սպասարկման օժանդակություն՝ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման, պարտատոմսերի շրջանառության համար։ Իրականացնել միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի սուբսիդավորում,
է․ առնվազն 1,000,000,000 (մեկ միլիարդ) ԱՄՆ դոլարի չափով կառավարվող ակտիվներ ունեցող մասնավոր ներդրումային ֆոնդերում ներդրումների իրականացման համաֆինանսավորման մեխանիզմի ստեղծում՝ պետության կողմից ներդրումային ֆոնդերում փայերի ձեռքբերման եղանակով, որն ուղղված կլինի ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը։
24․ Ներդրումների աջակցության վերոնշյալ բոլոր գործիքները պետք է ապահովվեն հետևյալ պայմանները՝
ա. չի խաթարելու մրցակցությունը ՀՀ տարբեր շուկաներում, որը ստուգվելու է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից,
բ. քննարկվելու է ֆիսկալ տեսանկյունից ծախսածածկվող հանդիսանալու դեպքում (ուղղակի ֆիսկալ ազդեցությունը հաշվարկելիս ծրագրի NPV-ն պետք է լինի դրական, իսկ դիսկոնտավորման դրույքը՝ առնվազն 5 տարի ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի այդ պահին առկա եկամտաբերության չափով): Բացասական ֆիսկալ արդյունքի դեպքում լրացուցիչ քննարկվելու է գործիքի կիրառման նպատակահարմարությունը արդյունք/ֆիսկալ ծախս հարաբերակցության տեսանկյունից:
5.3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
25․ Ինստիտուցիոնալ համակարգում ոչ հստակ դերաբաժանումը և գործառույթները. ներկայումս ներդրումային քաղաքականության մշակման, ներդրումների խթանման և դյուրացման համակարգում ներգրավված են մի շարք կառույցներ, որոնց միջև բացակայում են հստակ դերաբաժանումը և գործառույթների բաշխումը (նկարագրությունը), հետևաբար՝ նաև պատասխանատվության հստակությունը։ Բացի այդ, ոլորտը համակարգող վերգերատեսչական ֆորմալ կառույցներ չկան, և հաճախ առաջանում են ներդրումային քաղաքականությանը, խրախուսմանը և դյուրացմանը վերաբերող միջգերատեսչական հարցեր, որոնց լուծումը ձգձգվում է տարբեր գերատեսչությունների անհամաձայնությունների պատճառով` արդյունքում անհարկի բարդացնելով ներդրումային նախագծերի իրագործման գործընթացը:
1) Ձևավորված պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ ներդրումներին առնչվող բավարար ծավալով համակարգված աշխատանքներ չեն իրականացվում, ինչը մասամբ կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գործառույթների շրջանակը թեև ներառում է ներդրումների ներգրավումը, սակայն առկա կարողությունները ներդրումների խթանման ոլորտում չեն արտահայտում ժամանակակից մարտահրավերները` չնպաստելով ներդրումային պոտենցիալի իրացմանը: Անհրաժեշտ է ներդրումների խթանման ոլորտում կանոնակարգված փոխհամագործակցության միջոցով Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները ներկայացնել օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին և նպաստել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործմանը։ Դիվանագիտական ծառայության մարմիններին արդեն իսկ վերապահված են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումներ ընդունելու և դրանց ընթացք տալու գործառույթները, սակայն կարևորվում է նշված բարեփոխումը գործարկելուն ուղղված մեխանիզմների ներդրումը։
2) Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները բավարար չափով ներգրավված չեն ներդրումների խթանման և դյուրացման գործընթացներում, ինչն առանձին դեպքերում բարդացնում է ներդրումային նախագծերի իրագործումը։ Չունենալով ներդրումների խթանման և դյուրացման լիազորություններ՝ մարզպետարանների և համայնքապետարանների ծառայողները (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի) չունեն ներդրողների հետ արդյունավետ շփման կարողություններ, բացի այդ ներդրումների խթանման և դյուրացման գործընթացում ներգրավված տարբեր մարմինների միջև համագործակցությունը լիարժեք և կանոնակարգված չէ։
Բարեփոխման ուղղություն 1 - Պետական և քվազիպետական կառույցների դերի և լիազորությունների հստակ սահմանում ներդրումների խթանման և դյուրացման համակարգում՝ անցում կատարելով կենտրոնացված մոդելի, որտեղ՝
ա. Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու կլինի ընդհանուր ներդրումային քաղաքականության մշակման և մշտադիտարկման համար,
բ. ՆԱԿ-ը պատասխանատու կլինի ներդրումների ներգրավման համար,
գ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատու կլինեն ներդրումների խթանման աշխատանքներում ՆԱԿ-ին աջակցելու համար։
Բարեփոխման ուղղություն 2 - Ներդրումների խթանման ոլորտում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, այդ թվում՝ առևտրային ներկայացուցիչների կարողությունների հզորացում`
ա․ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, այդ թվում՝ առևտրային ներկայացուցիչների համար պարբերական վերապատրաստումների իրականացում՝ բխող ներդրումային քաղաքականության և ներդրումների խթանման քաղաքականության հիմնական ուղղություններից և գերակայություններից,
բ․ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, այդ թվում՝ առևտրային ներկայացուցիչների համար հստակ ուղեցույցների մշակում ներդրողների հետ աշխատանքի համար:
Բարեփոխման ուղղություն 3 - Ներդրումների խթանման ոլորտում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ձևավորում` վերապատրաստումների իրականացման միջոցով մարզպետարանների և համայնքապետարանների ներդրումների խթանման և դյուրացման մեջ ներգրավված աշխատակիցների համար։
Բարեփոխման ուղղություն 4 - Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Ներդրումային խորհրդի ստեղծում, որի կազմում ընդգրկված կլինեն ներդրումային քաղաքականության, խթանման և դյուրացման ոլորտներում իրավասու մարմինների ղեկավարներ, որոնք պարբերաբար կքննարկեն ներդրումներին վերաբերող միջգերատեսչական լուծում պահանջող իրավիճակային և համակարգային հարցեր։
26․ Ներդրումային քաղաքականության մշակման, ներդրումների խթանման և դյուրացման գործընթացներում մասնավոր հատվածի ոչ բավարար ներգրավվածությունը և երկխոսության բավարար մակարդակի անհրաժեշտությունը. նոր ներդրումները սահմանափակող խնդիրների, ոլորտներում մրցակցային ճնշումների, մատակարարումների զարգացման, նոր տեխնոլոգիաների և ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ մասնավոր հատվածի փորձագետների գիտելիքները և տեղեկությունները կարող են բարելավել Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը։ Մասնավոր հատված-Կառավարություն երկխոսության և հաղորդակցության առավել կառուցվածքային և կանոնավոր գործընթացը ցանկալի և էական է մասնավոր-հասարակական ավելի լավ երկխոսության համար՝ առավելագույնի հասցնելու բիզնես և ներդրումային հնարավորությունները: Բացի այդ, մասնավոր հատվածը ներգրավված չէ ՆԱԿ-ի կառավարման մարմիններում: Այդ առումով անհրաժեշտ է նախաձեռնել բարեփոխումներ հետևյալ ուղղություններով՝
Բարեփոխման ուղղություն 1 - ՆԱԿ-ում հասարակական ոչ վճարովի հիմունքներով (pro-bono) խորհրդակցական մարմնի (Advisory Board) ստեղծում` ներգրավելով հաջողած ներդրողների` շահերի բախման կանոնների և ընթացակարգերի պահպանմամբ, ինչը հնարավորություն կընձեռի փորձագիտական խորհրդատվություն ստանալ, ինչպես նաև կարծիքներ լսել ոլորտների, հիմնական միտումների և հնարավորությունների վերաբերյալ.
Բարեփոխման ուղղություն 2 - ներդրողների ներգրավում ներդրումային խորհրդի կազմում ընդգրկված կլաստերային կամ այլ աշխատանքային խմբերում, ինչը հնարավորություն կտա քաղաքականության մշակման փուլում օգտագործել մասնավոր հատվածի փորձագետների գիտելիքները, ինչպես նաև լսել ներդրողների նկատառումները:
27. Ներդրումների խթանման համար պատասխանատու մարմնի ինստիտուցիոնալ անկայունությունը. ներդրումների խթանմանն ուղղված քայլերը պետք է համապատասխանեն և բխեն որոշակի ժամանակահատվածի համար ներդրումային քաղաքականությամբ սահմանված շրջանակից՝ հիմք հանդիսանալով ներդրումների խթանման մարմնի տեսլականի մշակման համար, ամրագրելով այդ մարմնի կարգավիճակը և մանդատը: Այդ առումով անհրաժեշտ է նախաձեռնել բարեփոխում հետևյալ ուղղությամբ՝
Բարեփոխման ուղղություն - ներդրումների խթանման մարմնի կարգավիճակի և մանդատի սահմանում «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող «Ներդրումների մասին» օրենքով, ինչը հնարավորություն կտա ամրագրել այդ կառույցի ինքնությունը և ապահովել նրա ինստիտուցիոնալ կայունությունը:
28․ Ներդրումային վեճերի կանխարգելման և ներդրողների բողոքներին արձագանքելու մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտությունը. ներդրողների հետ վեճերը բացասաբար են անդրադառնում պետության ներդրումային կերպարի վրա։ Չնայած ներդրումային վեճերի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական կարգավորումներն ընդհանուր առմամբ համապատասխանում են միջազգային լավագույն փորձին, դեռևս առկա են խնդիրներ օրենսդրության կիրարկման և դատական համակարգի միջոցով վեճերի արդյունավետ լուծման ուղղությամբ։ Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից կարևորագույն խնդիրը վեճերի լուծման և հատկապես դատական համակարգի ցածր հեղինակությունն է։ Այս խնդրի հաղթահարման տեսանկյունից արդյունավետ լուծում է դիտարկվում վեճերի այլընտրանքային լուծման տարբերակների զարգացումը։
Վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման խնդիրը նախատեսված է նաև Կառավարության 21․07․2022 թ․ N 1133-Լ որոշմամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ։ Մասնավորապես, այդ ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել նոր, միջազգային պահանջներին բավարարող արբիտրաժային կենտրոն, որն ի թիվս այլնի մասնագիտացված կլինի մտավոր սեփականության և ներդրումային վեճերի քննության գործում։
Ակնկալվում է, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրով սահմանված վերոնշյալ նպատակների իրականացումը զարգացնելու է ներդրումային վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, նպաստելու է պայմանագրերի կատարման արդյունավետության բարձրացմանը, որոնք էլ իրենց հերթին կխթանեն Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը:
Ներդրումային վեճերի առավել մատչելի և արդյունավետ լուծում են համարվում բանակցությունները։ Կողմերը կարող են նաև վեճերի այլընտրանքային լուծման շրջանակներում դիմել վաղ փուլում չեզոք գնահատումների, միջնորդավորված բանակցությունների կամ հաշտարարության, որոնք իրավաբանորեն կաշկանդող չեն լինի, սակայն կօգնեն հասնելու կամավոր հանգուցալուծման։ Ներդրումների խթանման համար պատասխանատու կառույցները, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով ներդրողների հետ, աջակցում են վերջիններիս զարգացնելու իրենց բիզնեսը։ Նշված կառույցները հաճախ տեղյակ են լինում առաջացող վեճերին ավելի վաղ փուլում և կարող են տրամադրել չեզոք խորհրդատվություն կամ այլ կերպ օժանդակել խնդիրների լուծմանը։ Այդ առումով անհրաժեշտ է նախաձեռնել բարեփոխում հետևյալ ուղղությամբ՝
Բարեփոխման ուղղություն - Ներդրումների խթանման համար պատասխանատու կառույցի ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների հզորացում՝ շահերի առաջմղման գործառույթի շրջանակներում ներդրումային վեճերի կանխարգելման համար:
29․ Ուղիղ ներդրումների ներգրավման թվային մեխանիզմի բացակայությունը, համաշխարհային խոշորագույն ընկերությունների և ապրանքանիշների ներկայացվածության անհրաժեշտությունը․ ներդրումների խթանման մարմնի աշխատանքն արդյունավետ չի կարող լինել առանց ժամանակակից առցանց իրազեկման գործիքների և մեխանիզմների կիրառման, ուստի տեղեկատվական իրազեկման վերլուծական հարթակ (կայք) ունենալը պարտադիր նախապայման է ներդրումների արդյունավետ ներգրավման գործում։ Ներկայումս ՆԱԿ-ի կողմից գործարկվում է www.enterprisearmenia.am կայքը, որը կարիք ունի կատարելագործման և առկա գործիքակազմի ընդլայնման։ Միաժամանակ, համաշխարհային խոշորագույն ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գիտելիքահենք տնտեսության հեռանկարի տեսանկյունից կհանգեցնի որակական նոր փոփոխությունների։ Այդ առումով անհրաժեշտ է նախաձեռնել բարեփոխումներ հետևյալ ուղղություններով՝
Բարեփոխման ուղղություն 1 - Ներդրումների խթանման մարմնի միջազգային չափանիշներին համապատասխան կայքի ստեղծում և գործարկում, որտեղ համապարփակ տեղեկություններ կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության ներդրումային պոտենցիալի մասին՝ ըստ ոլորտների, արտոնությունների և տարածաշրջանների, ինչպես նաև նախատեսված կլինի ուղիղ ներդրումների իրականացման համար հարմարավետ և անվտանգ հնարավորություն։
Բարեփոխման ուղղություն 2 - Fortune30 ամսագրի կողմից հրապարակվող «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում ընդգրկված առնվազն 3 ընկերությունների Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության ստեղծում։
Բարեփոխման ուղղություն 3 - Միջազգային հեղինակավոր Forbes31 պարբերականի կողմից հրապարակվող «The World’s Most Valuable Brands» վարկանիշային ցուցակում ընդգրկված առնվազն 30 ապրանքանիշների Հայաստանի Հանրապետությունում ներկայացվածության ապահովում։
_________________________
1 2012 թվականից սկսած՝ ՀԿՀԿ տվյալները հաշվարկվել են Ազգային հաշիվներ համակարգ 2008 թվականի մեթոդաբանությամբ, ինչի արդյունքում նախորդ ժամանակաշրջանի տվյալները համադրելի չեն 2012 թվականից առաջ հրապարակված տվյալների հետ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դիտարկվել է 2012-2021 թվականների ժամանակահատվածը։
2 2014 թ․ ընդունված «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքով սահմանվել է վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի հնարավորություն։ Տե'ս https://rb.gy/t5uzaa։
3 Բոլոր գծապատկերներում ներկայացված են 2023 թվականի մարտ ամսվա դրությամբ վերջին հասանելի տվյալները։
4 Տվյալների սղության պատճառով Հս. Մակեդոնիայի և Բոսնիա և Հերցոգովինայի համար ներկայացված է համապատասխանաբար 2012-2019 և 2012-2020 թվականներին ՀԿՀԿ-ի միջին տարեկան մասնաբաժինը ՀՆԱ-ում։
5 Տե'ս https://rb.gy/kdwpns, Կառավարություն, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր։ Հատվածային հաշիվներ։
6 Տե'ս https://rb.gy/p6kww7, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-282-Ն Հայաստանի Հանրապետության օրենք, ընդունված 2020 թվականի հունիսի 1-ին։
7 Արտարժույթի փոխարկումների համար օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջին տարեկան դոլար/դրամ շուկայական փոխարժեքը։
8 2022 թվականի տարեկան տվյալները Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվում են 2023 թվականի ապրիլի առաջին տասնօրյակում։
9 Տե'ս https://rb.gy/yajj41, «Հայաստանի Հանրապետության կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է դարձել», «Ազատություն» ռադիոկայան։
10 Տե'ս https://rb.gy/bmpjjc, Պղնձի գներ, Լոնդոնի մետաղների բորսա։
11 Տե'ս https://rb.gy/owwkul, ըստ Ջոն Դանինգի՝ ՕՈՒՆ-ն ըստ ներդրողների մոտիվացիայի լինում են 4 տեսակի։
12 Արտարժույթի փոխարկումների համար օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող միջին տարեկան դոլար/դրամ շուկայական փոխարժեքը։
13 2016 թվականին այլ երկրներից ՕՈՒՆ-երի ներհոսքը ներառել է ներհոսք Լյուքսեմբուրգից և Մեծ Բրիտանիայից (այդ տարվա ՕՈՒՆ-երի ընդհանուր ներհոսքի համապատասխանաբար 14.3% և 9,6%-ը)։ 2017 թվականին այլ երկրներից ՕՈՒՆ-երի ներհոսքը ներառել է ՕՈՒՆ-երի ներհոսքը Ջերսիից (Ամուլսարի ոսկու հանքավայրի ներդրումային նախագիծ), որն այդ տարի կազմել է ՕՈՒՆ-երի ընդհանուր ներհոսքի 32,9%-ը:
14 Տե'ս https://rb.gy/slfyps, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ»։
15 Տե'ս https://rb.gy/f3q1zp, հաշվարկվել է՝ հիմք ընդունելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարի նկատմամբ ՀՀԴ-ի միջին տարեկան փոխարժեքը և ՀՆԱ-ն՝ շուկայական գներով։
16 Տե'ս ԵԱՏՄ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների կայքերը, հաշվարկը՝ հեղինակների կողմից
17 Երեք տարի շարունակ վերին-միջին եկամտային խմբում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ-ն 2022 թ․ հունվարի 1-ից այլևս չի հանդիսանում Եվրոպական միության GSP+ համակարգի շահառու։
18 Տե'ս The Atlas of Economic Complexity (harvard.edu)։
19 Հաշվարկվել է 2019 թվականի արտադրանքի տնտեսական բարդության ինդեքսի և 2021 թվականի Հայաստանի Հանրապետության արտահանման տվյալների հիման վրա։
20 Այս համատեքստում ուսումնասիրվել է Էստոնիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իռլանդիայի, Մոլդովայի և Իսրայելի փորձը։
21 Տե'ս https://data.oecd.org/chart/6xjc։
22 Տե'ս https://archive.doingbusiness.org/en/data/exploreeconomies/armenia#DB_tax։
23 Տե'ս https://documents1.worldbank.org/curated/en/688761571934946384/pdf/Doing-Business-2020-Comparing- Business-Regulation-in-190-Economies.pdf, Համաշխարհային բանկ, Doing Business զեկույց։
24 Տե'ս https://rb.gy/zveddy։
25 Տե'ս Փրայսութերհաուսկուպերսի «Հարկի ամփոփագրեր», 2020 թվական՝ https://rb.gy/tlrauu։
26 Տե'ս Հայաստանի ֆոնդային բորսայի պաշտոնական կայքէջ՝ https://amx.am
27 Այս համատեքստում համեմատվել են Ասիական մի շարք համեմատելի երկրներ https://blog.iese.edu/vcpeindex/armenia/։
28 https://blog.iese.edu/vcpeindex/armenia/։
29 Այս համատեքստում համեմատվել են Վրաստանի, ԵԱՏՄ և Արևելյան Եվրոպայի մի շարք համեմատելի երկրներ։
30 Տե'ս https://fortune.com/ranking/global500/
31 Տե'ս https://www.forbes.com/powerful-brands/list/3/
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառումը |
Պատասխանատու գերատեսչությունը |
Վերջնաժամկետը |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | |||
1. |
Մրցակցային առավելություն և ներդրումային ներուժ ունեցող ոլորտների ու այդ ոլորտներում արժեշղթաների (value chains) ուսումնասիրություն՝ պոտենցիալ ներդրողներին ուղղորդելու նպատակով |
Էկոնոմիկայի նախարարություն |
Տարեկան |
2. |
Ներդրումային միջավայրի բենչմարկինգի իրականացում` ներառյալ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային աղյուսակների պարբերական մշտադիտարկում, մրցակից երկրների փորձի ուսումնասիրություն՝ ներդրողներին բարենպաստ պայմաններ առաջարկելու նպատակով |
Էկոնոմիկայի նախարարություն Կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2024 թվականի դեկտեմբեր |
3. |
Ներդրողներին ուղղված ներդրումային քաղաքականության ամփոփագրի (Investment Policy Statement) մշակում և հրապարակում |
Էկոնոմիկայի նախարարություն |
2024 թվականի հունիս |
4. |
Ներդրումների, այդ թվում` արտոնությունների մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրում |
Էկոնոմիկայի նախարարություն ՆԱԿ (համաձայնությամբ) |
2025 թվականի դեկտեմբեր |
5. |
Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունում (հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված ընթացակարգերի պարզեցում և խոչընդոտների վերացում) |
Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Կադաստրի կոմիտե |
2024 թվականի դեկտեմբեր |
6. |
Օտարերկրյա ներդրումների ռեեստրի ստեղծում |
Էկոնոմիկայի նախարարություն Վիճակագրական կոմիտե Կենտրոնական բանկ (համաձայնությամբ) Պետական եկամուտների կոմիտե ՆԱԿ (համաձայնությամբ) |
2024 թվականի դեկտեմբեր |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
7. |
«Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի նոր խմբագրությամբ «Ներդրումների մասին» վերնագրով օրենքի ընդունում |
Էկոնոմիկայի նախարարություն ՆԱԿ (համաձայնությամբ) |
2025 թվականի հունիս |
8. |
(կետն ուժը կորցրել է 22.08.24 N 1322-Լ) |
| |
9. |
Կապիտալի շուկա դուրս եկող և ՀՀ դրամով արժեթղթեր թողարկող ընկերությունների մուտքը խրախուսելուն միտված համալիր միջոցառումների իրականացում։ Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի իրականացում |
Էկոնոմիկայի նախարարություն Կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
Շարունակական |
10. |
Առնվազն 1,000,000,000 (մեկ միլիարդ) ԱՄՆ դոլարի չափով կառավարվող ակտիվներ ունեցող մասնավոր ներդրումային ֆոնդերում ներդրումների իրականացման համաֆինանսավորման մեխանիզմի ստեղծում՝ պետության կողմից ներդրումային ֆոնդերում փայերի ձեռքբերման եղանակով։ Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին ծրագրի ընդունում |
Էկոնոմիկայի նախարարություն Ֆինանսների նախարարություն Կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2023 թվականի դեկտեմբեր |
11. |
Հետազոտության և մշակումների (R&D) խթանման նպատակով աջակցության վերաբերյալ իրավական ակտի ընդունում |
Էկոնոմիկայի նախարարություն Ֆինանսների նախարարություն Պետական եկամուտների կոմիտե |
2024 թվականի հունիս |
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ | |||
12. |
Պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմի վերաբերյալ իրավական ակտի ընդունում |
Էկոնոմիկայի նախարարություն |
2023 թվականի դեկտեմբեր |
13. |
Ներդրումների խթանման ոլորտում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում կարողությունների հզորացում՝ վերապատրաստումների միջոցով |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն |
Շարունակական |
14. |
Ներդրումների խթանման ոլորտում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, այդ թվում՝ առևտրային ներկայացուցիչների կարողությունների հզորացում՝ վերապատրաստումների միջոցով, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, այդ թվում՝ առևտրային ներկայացուցիչների համար հստակ ուղեցույցների մշակում ներդրողների հետ աշխատանքի համար |
Արտաքին գործերի նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն |
Շարունակական |
15. |
Ներդրումային խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին իրավական ակտի ընդունում (Միջգերատեսչական մարմին, որի նպատակն է Կառավարության կողմից ներդրողներին օժանդակության ցուցաբերումը) |
Էկոնոմիկայի նախարարություն |
2023 թվականի դեկտեմբեր |
16. |
ՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ խորհրդակցական մարմնի (Advisory Board) ստեղծում` օտարերկրյա կամ տեղական ներդրողների մասնակցությամբ |
Էկոնոմիկայի նախարարություն ՆԱԿ (համաձայնությամբ) |
2024 թվականի դեկտեմբեր |
17. |
(կետն ուժը կորցրել է 22.08.24 N 1322-Լ) |
|
|
18. |
Ներդրումների խթանման մարմնի միջազգային չափանիշներին համապատասխան կայքի ստեղծում և գործարկում, որտեղ համապարփակ տեղեկություններ կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության ներդրումային պոտենցիալի մասին ըստ ոլորտների, արտոնությունների և տարածաշրջանների |
Էկոնոմիկայի նախարարություն Կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2024 թվականի մարտ |
19. |
ՆԱԿ-ի ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացում |
Էկոնոմիկայի նախարարություն ՆԱԿ (համաձայնությամբ) |
Շարունակական |
20. |
Fortune ամսագրի կողմից հրապարակվող «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում ընդգրկված առնվազն 3 ընկերությունների Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության ստեղծմանն աջակցություն |
Էկոնոմիկայի նախարարություն |
2026 թվականի դեկտեմբեր |
21. |
Միջազգային հեղինակավոր Forbes պարբերականի կողմից հրապարակվող «The World’s Most Valuable Brands» վարկանիշային ցուցակում ընդգրկված առնվազն 30 ապրանքանիշների Հայաստանի Հանրապետությունում ներկայացվածության ապահովման աջակցություն |
Էկոնոմիկայի նախարարություն
|
2026 թվականի դեկտեմբեր |
(հավելվածը փոփ., լրաց. 22.08.24 N 1322-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.12.2024, N 1993-Լ | 20.12.2024, N 1450-Լ | |
22.08.2024, N 1322-Լ | 23.08.2024, N 1450-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|