ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 829-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականությունը հանդիսացող, մարզ Վայոց ձոր, համայնք Վայք, գյուղ Մարտիրոս, 1-ին փողոց, 1-ին նրբանցք 2 հասցեում գտնվող 1628 քառ. մետր մակերեսով մշակույթի տան, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․7 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 18042024-10-0024) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս գյուղի վարչական տարածքում դպրոց (այսուհետ՝ դպրոց) կառուցելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ապահովել դպրոցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել դպրոցի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Վայոց ձորի մարզի գ․ Մարտիրոսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել դպրոցի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
3. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա կառուցվող դպրոցի կառուցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի (դպրոցի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) փաթեթը ներկայացնել կոմիտե։
(3-րդ կետը փոփ. 22.08.24 N 1320-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.08.2024, N 1320-Ա | 23.08.2024, N 829-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|