Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` ԱՀովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԵԴ/0861/11/21

նախագահող դատավոր՝

 ՌՄխիթարյան 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

7 հունիսի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հմայակ Հրայրի Մարգարյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԼԳրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2008 թվականի հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16112108 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2008 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ Հմայակ Հրայրի Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ ՀՄարգարյանի մեղադրանքը փոփոխվել է, և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 117-րդ հոդվածով։

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է։

2 ՀՄարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վերջինիս և պաշտպաններ ՎՀովհաննիսյանի ու ՍԽչեյանի միջնորդությունները, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գ.Հովհաննիսյանի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ, մերժվել են։

Վերոգրյալ որոշման դեմ պաշտպաններ ՎՀովհաննիսյանի ու ՍԽչեյանի բողոքը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ ԱԴավթյանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է:

3 Միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպաններ ՎՀովհաննիսյանի ու ՍԽչեյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի մարտի 7-ի որոշմամբ բողոքը բավարարել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու ՀՄարգարյանի իրավունքների խախտումը:

4 Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 11-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մարտի 7-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԼԳրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։

Այսպես, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Գյուլնազարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ բողոք բերած անձն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննության առնելով մեղադրյալ ՀՄարգարյանի պաշտպանների բողոքը, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության լիազորության շրջանակից:

61 Բողոքաբերն անդրադարձել է նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը կասեցված համարելու հիմքի հիմնավորվածության առումով ստորադաս դատարանների հետևության իրավաչափությանը։

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 11-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով մեղադրյալ ՀՄարգարյանի պաշտպանների բողոքը։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 8. Մեղադրյալ ՀՄարգարյանի պաշտպան Ս.Խչեյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ դատական վերանայման բողոքում բերված փաստարկները բավարար չեն հաստատելու ՀՄարգարյանի կողմից բնակության վայրը փոխելիս իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին տեղեկացված լինելու փաստը:

9. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ս.Խչեյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը կամ անփոփոխ թողնել վիճարկվող դատական ակտը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10 Առաջին ատյանի դատարանը, բավարարելով մեղադրյալ ՀՄարգարյանի պաշտպանների բողոքը, արձանագրել է, որ «(․․․) [Տ]վյալ դեպքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ.Հովհաննիսյանի՝ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումն է, (․․․

(․․․) [Ք]րեական գործի հարուցումից անցել է շուրջ 14 տարի, որպիսի երկար ժամանակահատվածում, (․․․) Հմայակ Մարգարյանի բնակության վայրի, նրա տեղաշարժի, շփումների շրջանակի բացահայտման ուղղությամբ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել: Ընդ որում, ներկայում արդեն առաջացել է վաղեմության ժամկետների լրացման հիմքով Հմայակ Մարգարյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարց, սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդման դադարեցումը մերժում է՝ հիմք ընդունելով այնպիսի հանգամանք, որի առկայությունը պատշաճ և ջանասիրաբար քննության իրականացման շրջանակներում հաստատապես հիմնավորված չէ: Հետևապես ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ Հմայակ Մարգարյանին քրեական պատասխանատվությունից ազատելը մերժելու վերաբերյալ, հիմնավոր չէ, համապատասխան հանգամանքները պատշաճ քննության առարկա չեն դարձվել նախաքննության ընթացքում, որպիսի պայմաններում խախտվել են Հմայակ Մարգարյանի իրավունքները: (․․․)»1։

11 Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը «(․․․) [Ի]րավաչափ հիմքեր չկան հիմնազուրկ համարելու Առաջին ատյանի դատարանի (․․․) պատճառաբանություններն ու դրանց հիմքում դրված վերլուծությունները, և փաստելու, որ դիմող Հ․Մարգարյանի ներկայացուցիչների բողոքը բավարարելու և վարույթն իրականացնող մարմնի համար դիմողի իրավունքների խախտումը վերացնելու պարտավորություն սահմանելու մասին որոշում կայացնելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ (․․․)»2։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ ՀՄարգարյանի պաշտպանների բողոքը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկա։

13 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում (…)»։

Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետևյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման3։

131 Ավելին, Վճռաբեկ դատարանն իր կողմից ձևավորած վերոգրյալ ընդհանուր կանոնի կենսագործման շրջանակներում արձանագրել է նաև, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշման վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման։ Իսկ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից ածանցվող նախաքննության մարմնի այլ վարութային ակտերի (որոնք առանձին կարող են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա լինել) միջամտությունն անձի իրավունքներին ու օրինական շահերին՝ անկախ միջամտության ինտենսիվությունից, ի հակադրումն սույն որոշման 12-րդ կետում նշված սկզբունքի, չի կարող դիտարկվել որպես չափանիշ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգելու համար4։

14 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմնի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ մեղադրյալ ՀՄարգարյանի և պաշտպաններ ՎՀովհաննիսյանի ու ՍԽչեյանի միջնորդությունները՝ ՀՄարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, մերժվել է5,

- վերոգրյալ որոշման դեմ պաշտպաններ ՎՀովհաննիսյանի ու ՍԽչեյանի բողոքը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ ԱԴավթյանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է6,

- մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակներում, ՀՄարգարյանի պաշտպանների բողոքի հիման վրա, Առաջին ատյանի դատարանը քննության առարկա է դարձրել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշման իրավաչափությունը՝ արձանագրելով ՀՄարգարյանի իրավունքների խախտման փաստը7,

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին8։

15 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13.1-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով պաշտպաններ ՎՀովհաննիսյանի ու ՍԽչեյանի բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախաքննության մարմնի վիճարկվող որոշումը գործի նախնական քննության փուլում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում չի կարող բողոքարկվել դատարան, քանի որ նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է ու չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկա դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ չէ։

Արձանագրված եզրահանգման պայմաններում բողոքաբերի՝ սույն որոշման 61-րդ կետում նշված և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։

16 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, որը հանգեցրել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և Առաջին ատյանի դատարան ներկայացված` մեղադրյալ ՀՄարգարյանի պաշտպաններ ՎՀովհաննիսյանի ու ՍԽչեյանի բողոքը՝ մերժելու։

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի մարտի 7-ի և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունվարի 11-ի որոշումները բեկանել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված` մեղադրյալ Հմայակ Հրայրի Մարգարյանի պաշտպաններ ՎՀովհաննիսյանի ու ՍԽչեյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

____________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 31-52։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 62-79։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» ՍՊԸ-ների գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը, Վանիկ Ասատրյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵԴ/0732/11/20 որոշման 10․1-րդ կետը։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Գյուլնազարյանի գործով 2023 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0376/11/20 որոշման 12-րդ կետը։

5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

6 Տե՛ս նույն տեղում։

7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան