Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՄԴ/0047/01/16

ԵՄԴ/0047/01/16

Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան

Դատավորներ՝

Մ. Պետրոսյան

Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

Դ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

պաշտպան`

Հ. ԱԼՈՒՄՅԱՆԻ

տուժող`

Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

տուժողի ներկայացուցիչ`

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնփակ դատական նիստում, քննության առնելով Սարգիս Գևորգի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի և տուժողի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 1. 2009 թվականի հունիսի 17-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16114009 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2009 թվականի հունիսի 20-ի որոշումներով Սարգիս Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2009 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ թիվ 16114009 քրեական գործից անջատվել է Ս.Գրիգորյանի վերաբերյալ մասը և նախաքննությունը շարունակվել է թիվ 16114009/1 համարով:

2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ թիվ 16114009/1 քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալ Ս.Գրիգորյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

2016 թվականի փետրվարի 22-ին Ս.Գրիգորյանը ձերբակալվել է:

2016 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ թիվ 16114009/1 քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Նույն օրը Ս.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Ս.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը վերահաստատվել է:

2016 թվականի ապրիլի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 17-ի դատավճռով Ս.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով (հանցանքի կատարման պահին գործող խմբագրությամբ) և դատապարտվել ազատազրկման` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Ալումյանի և տուժող Տաթևիկ Գրիգորյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 25-ին որոշում է կայացրել տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժելու, պաշտպանի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 17-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին: Ս.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի փետրվարի 22-ից:

4. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, տուժող Տ.Գրիգորյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը և ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Ալումյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի և տուժող Տ.Գրիգորյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Տուժող Տ.Գրիգորյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով չսահմանափակվել միայն այդ բողոքի ծավալով:

Ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Ալումյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի և տուժող Տ.Գրիգորյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքների պատասխան՝ խնդրելով մերժել ներկայացված վճռաբեկ բողոքները:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Ս.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) [Նա] 2009 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 96-րդ շենքին հարակից այգում հանդիպել է մինչ այդ Իշխան Թամոյանի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ենթարկված, մտամոլոր, միայնակ, անտրամադիր քայլող 14 տարին չլրացած` 1995 թվականի սեպտեմբերի 2-ին ծնված, մանկահասակ Տաթևիկ Գրիգորյանին:

Վերջինիցս տեղեկանալով, որ գիշերելու տեղ է փնտրում, խոստացել է նրան իբրև կացարանով օգնել: Ս.Գրիգորյանը զանգահարել, իրենց մոտ է հրավիրել ընկերոջը` Էդգար Գասպարյանին, ով Երևան քաղաքի Անդրանիկի թիվ 114 շենքի 14-րդ հարկի տանիքում ունի խորդանոց: Մանկահասակ Տաթևիկ Գրիգորյանի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու միասնական հանցավոր համաձայնության գալով, վերջինիս կացարանով ապահովելու պատրվակով Ս.Գրիգորյանը և Է.Գասպարյանը Տ.Գրիգորյանին տարել են նշյալ 14 հարկանի շենքի տանիքում գտնվող և Է.Գասպարյանին պատկանող խորդանոց: Է.Գասպարյանը նույն շենքի 14-րդ հարկի իրենց թիվ 49 բնակարանից բերել է բամբակյա ծածկոց, այն փռել է խորդանոցում եղած բազմոցի վրա և իրենց հանցավոր դիտավորությունն հերթականությամբ իրականացնելու նպատակով Էդգար Գասպարյանը ժամը 22:00-ի սահմաններում Սարգիս Գրիգորյանին և Տաթևիկ Գրիգորյանին խորդանոցում միայնակ թողնելով` հեռացել է:

Նրա հեռանալուց հետո, Սարգիս Գրիգորյանը Տաթևիկ Գրիգորյանին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս չի համաձայնվել՝ պատճառաբանելով, որ ինքը այդ նպատակով չի եկել այդտեղ և կույս է:

Սարգիս Գրիգորյանը, նախապես իմանալով, որ Տաթևիկ Գրիգորյանը մանկահասակ է, դպրոցական և ակնհայտ նրա 14 տարին լրացած չէ, սպառնացել է, որ սեռական հարաբերություն չունենալու դեպքում չի թողնի, որ Տաթևիկ Գրիգորյանը հեռանա, գոռացել է նրա վրա, քաշելով հանել է վերջինիս անդրավարտիքն ու վարտիքը և, համոզված լինելով, որ նա կույս է, օգտվելով Տաթևիկ Գրիգորյանի անօգնական վիճակից, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելով առնանդամը մտցրել է Տաթևիկ Գրիգորյանի հետանցքը և այդ կերպ սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով և հասել հեշտանքի աղջկա հետանցքում:

Տաթևիկ Գրիգորյանը մանկահասակության պատճառով չունենալով բավարար կենսափորձ, մինչև այդ իր հետ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, չկարողանալով ամբողջությամբ գիտակցել իր հետ կատարվող գործողությունների բնույթն ու կենսաբանական նշանակությունը, ինչպես նաև այդ գործողությունների բարոյական, էթիկական, սոցիալական նշանակությունը, տվյալ իրադրությունում զրկված է եղել պաշտպանական գործողությունների դիմելու և դիմադրություն ցույց տալու կարողությունից, այսինքն գտնվել է հոգեբանական անօգնական վիճակում, ինչից էլ օգտվել է Ս.Գրիգորյանը և կատարել վերոշարադրյալ հանցավոր արարքը:

Մանկահասակ տուժողի նման վիճակում գտնվելուն նպաստել է նաև այն հանգամանքը, որ մանկահասակ Տաթևիկ Գրիգորյանը գիշերով հայտնվել է օտար, 14 հարկանի շենքի տանիքում` անծանոթ միջավայրում:

Մանկահասակ Տաթևիկ Գրիգորյանի հետ վերը շարադրված հանցավոր արարքը կատարելուց հետո, նրա կանչով Էդգար Գասպարյանը վերադարձել է խորդանոց և Սարգիս Գրիգորյանի հեռանալուց հետո բռնության գործադրման և տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, այս անգամ ինքն է մանկահասակ Տաթևիկ Գրիգորյանի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ կատարել»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) [Դ]ատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտությամբ, ինչպես նաև դատարանի ներքին համոզմամբ ապացուցվել է ամբաստանյալ Սարգիս Գևորգի Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու փաստը»2:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված արարքը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ կատարված որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորը հստակ գիտակցի տուժողի մանկահասակությունը` տասնչորս տարին լրացած չլինելու հանգամանքը:

Տվյալ դեպքում տուժող Տաթևիկ Գրիգորյանն իր ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը և Էդգար Գասպարյանն իրենից հարցրել են, թե որտեղ է սովորում, որին ինքը պատասխանել է, որ սովորում է դպրոցում, այսինքն` տուժողը հստակ չի հայտնել իր տարիքի մասին, միայն նշել է, որ սովորում է դպրոցում: Տուժողի կողմից նման տեղեկության հայտնումը, ինչպես նաև արտաքին տվյալները, կրած հագուստները ողջամտորեն ամբաստանյալի մոտ պետք է առաջացնեին համոզմունք, որ ինքը գործ ունի անչափահասի հետ:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը հստակ գիտակցել է, որ տուժող Տաթևիկ Գրիգորյանն անչափահաս է, սակայն հնարավոր չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարել այն հանգամանքը, որ ամբաստանյալը գիտակցել է տուժողի` տասնչորս տարին լրացած չլինելու հանգամանքը: Այս դեպքում նշված հանգամանքի վերաբերյալ առկա է չփարատված կասկած, որը պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալի:

Նախորդ կետերում շարադրված և վերլուծված փաստական հանգամանքների վերլուծության լույսի ներքո` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի արարքում բացակայում է «արարքը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ կատարված լինելու» ծանրացնող հանգամանքը, քանի որ Սարգիս Գրիգորյանը հստակ չի գիտակցել տուժողի մանկահասակ լինելու հատկանիշը:

Դրա հետ մեկտեղ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արձանագրած վերլուծությունները, իրավական դիրքորոշումներն ու եզրահանգումները` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով հիմնավորված է ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի կողմից դատապարտյալ Էդգար Գասպարյանի հետ նախնական համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը անչափահաս տուժող Տաթևիկ Գրիգորյանի նկատմամբ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով: Այլ կերպ` ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

(...)

Անդրադառնալով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով պատիժ նշանակելու հարցին` Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ այդպիսիք ծանրացնող հանգամանքներ գործով առկա չեն:

(...) [Գ]նահատելով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի կատարած հանցանքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա կատարած կոնկրետ արարքը, դրա դրսևորման ձևը, եղանակը, շարժառիթը, խախտված հասարակական հարաբերության նշանակությունը, վրա հասած հետևանքը և այդ ոլորտում պետության քրեաիրավական քաղաքականությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայության փաստի հետ` Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, որպիսի պատիժը տվյալ դեպքում անհրաժեշտ և բավարար է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացված բողոքում փաստել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պատժի մասով օրինական ու հիմնավորված չէ և ենթակա է բեկանման: Մասնավորապես, ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները՝ ամբաստանյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակելով ակնհայտ մեղմ պատիժ:

Ի հիմնավորումն իր փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի, Պարույր Բայրամյանի, Նարեկ Սարգսյանի, Արմեն Շահբազյանի և Արամայիս Հովհաննեսյանի վերաբերյալ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, հաշվի չի առել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մեղքի ձևը, հանցագործության եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, չի գնահատել ամբաստանյալի դիտավորության տեսակը, այն հանցակցությամբ, այն է՝ խմբի կազմում կատարելը:

Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանը, պատիժ նշանակելիս բավարար գնահատական չի տվել այն փաստին, որ ամբաստանյալ Ս.Գրիգորյանն իր սեռական կրքերին հագուրդ տալու ցանկությունը բավարարել է՝ օգտվելով տուժող Տ.Գրիգորյանի հոգեպես ճնշված և խոցելի լինելու հանգամանքից, իսկ օգնության կարիք ունեցող անձին աջակցության պատրաստակամություն հայտնելու միջոցով նրա նկատմամբ բռնության գործադրմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն առավելապես խոսում է ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:

8.1. Անդրադառնալով ամբաստանյալ Ս.Գրիգորյանի նախկինում դատապարտված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկին` բողոքաբերը մեջբերել է Արամայիս Հովհաննեսյանի վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ նախկինում հանցանք կատարած կամ դատապարտված չլինելը չի կարող դիտարկվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 25-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

9. Տուժող Տ.Գրիգորյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասամբ՝ նշանակված պատժի մասով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ամբողջությամբ, ենթակա են բեկանման: Ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 6-րդ, 28-րդ, 29-րդ, 61-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին, 6-րդ, 13-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 139-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 25-րդ, 107-րդ, 358-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵՄԴ/0117/01/09 գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փաստական հանգամանքները, ոչ իրավաչափ եզրահանգման է եկել առ այն, որ ամբաստանյալի համար ակնհայտ չի եղել տուժողի 14 տարին լրացած չլինելու հանգամանքը: Ըստ բողոք բերած անձի՝ նման եզրահանգման համար Վերաքննիչ դատարանը սխալմամբ հիմք է ընդունել Ս.Գրիգորյանի և վերջինիս հարազատների ոչ արժանահավատ ցուցմունքները:

9.1. Անդրադառնալով Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատժի հարցին՝ բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը որպես Ս.Գրիգորյանի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չի նշել հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը, հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կազմում կատարելը, հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը, հանցանքը մանկահասակի, այլ անպաշտպան կամ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը, հանցանքն առանձին դաժանությամբ կատարելը և հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը, որպիսի հանգամանքների մասին փաստական տվյալները, ըստ բողոքաբերի, առկա են քրեական գործի նյութերում:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մասամբ՝ նշանակված պատժի մասով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանել ու փոփոխել, Ս.Գրիգորյանին մեղավոր ճանաչել հանցանքի պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ նշանակել նշված հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատիժը՝ ազատազրկում 15 (տասնհինգ) տարի ժամկետով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք Ս.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:

Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի4, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից5։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «1. Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք՝

1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,

(…)

3) կատարվել են անչափահասի նկատմամբ,

(…)

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով»:

Մեջբերված նորմը պատասխանատվություն է նախատեսում անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկի` սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար, որի հիմնական անմիջական օբյեկտն անձի սեռական ազատությունը և անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ կարող են հանդես գալ անձի կյանքն ու առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը և այլն: Վերոնշյալ հանցակազմը դասվում է բռնությամբ զուգորդված սեռական հանցագործությունների շարքին, քանի որ օբյեկտիվ կողմից դրսևորվում է բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելով:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է, ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն դարձնել հանցավոր վարքագծի դրսևորման եղանակին, հանցագործությանը նախորդող, ուղեկցող և հաջորդող հանգամանքներին, հանցավոր մտադրության իրականացման աստիճանին, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքին ու հանցագործությանը նրա մասնակցության աստիճանին: Վճռաբեկ դատարանն այս առումով փաստում է, որ անձի արարքում հանցակազմը որակյալ դարձնող մեկից ավելի հանգամանքների առկայությունը կարող է վկայել ինչպես հանցագործության, այնպես էլ հանցավորի անձի հանրային բարձր վտանգավորության մասին, հետևաբար այն պետք է համաչափ գնահատականի արժանանա դատարանի կողմից և հաշվի առնվի պատիժ նշանակելիս6:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 96-րդ շենքին հարակից այգում հանդիպել է մինչ այդ Ի.Թամոյանի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ենթարկված մտամոլոր, միայնակ քայլող 14 տարին չլրացած Տ.Գրիգորյանին: Ս.Գրիգորյանը, տեղեկանալով, որ Տ.Գրիգորյանը գիշերելու տեղ է փնտրում, խոստացել է օգնել նրան, այնուհետև ընկերոջ` Է.Գասպարյանի հետ տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու հանցավոր համաձայնության գալով, վերջինիս տարել է Է.Գասպարյանին պատկանող խորդանոց: Իրենց հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Է.Գասպարյանը ժամը 22:00-ի սահմաններում Ս.Գրիգորյանին և Տ.Գրիգորյանին խորդանոցում մենակ է թողել և հեռացել: Ս.Գրիգորյանը տուժողին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս չի համաձայնվել, ինչից հետո Ս.Գրիգորյանը սպառնացել է, որ չի թողնի նա հեռանա, և օգտվելով Տ.Գրիգորյանի անօգնական վիճակից` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել տուժողի նկատմամբ: Վերոնշյալ հանցավոր արարքը կատարելուց հետո Է.Գասպարյանը վերադարձել է խորդանոց, և Ս.Գրիգորյանի հեռանալուց հետո բռնության գործադրմամբ և տուժողի անօգնական վիճակն օգտագործելով` մանկահասակ Տ.Գրիգորյանի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ7:

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Ս.Գրիգորյանի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքը8:

Վերաքննիչ դատարանը Ս.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ընդգծելով, որ արարքը տվյալ ծանրացնող հանգամանքով որակելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը հստակ գիտակցի տուժողի մանկահասակության` տասնչորս տարին լրացած չլինելու հանգամանքը: Մինչդեռ սույն գործով հնարավոր չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարել, որ ամբաստանյալը գիտակցել է տուժողի տասնչորս տարին լրացած չլինելու հանգամանքը, ուստի ըստ Վերաքննիչ դատարանի` առկա է չփարատված կասկած, որը պետք է մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել ամբաստանյալ Ս.Գրիգորյանի կողմից դատապարտյալ Է.Գասպարյանի հետ նախնական համաձայնությամբ անչափահաս Տ.Գրիգորյանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, նշել է, որ հաշվի է առնում կատարած հանցանքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա դրսևորման ձևը, եղանակը, շարժառիթը, խախտված հասարակական հարաբերության նշանակությունը, վրա հասած հետևանքը և այդ ոլորտում պետության քրեաիրավական քաղաքականությունը, դրանք համադրել է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, այն է` նախկինում դատապարտված չլինելու և դրական բնութագրվելու, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայության փաստի հետ` արդյունքում եզրահանգելով, որ օրենքով նախատեսված նվազագույն պատիժը` չորս տարի ժամկետով ազատազրկումը, անհրաժեշտ և բավարար է պատժի նպատակների իրացումն ապահովելու համար9:

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ս.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելով, պատշաճ վերլուծության չի ենթարկել կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը:

Մասնավորապես Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել հանցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը: Այսպես` ամբաստանյալը, օգտվելով տուժող Տ.Գրիգորյանի` անծանոթ վայրում գտնվելու և հոգեպես ճնշված ու խոցելի վիճակում լինելու հանգամանքից, հստակ գիտակցելով, որ գործ ունի անչափահասի հետ, խոստացել է օգնել և կացարան տրամադրել նրան, սակայն փոխարենը ընկերոջ հետ համաձայնության է եկել և, օգտվելով տուժողի անօգնական վիճակից, բռնության գործադրմամբ վերջինիս նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: Այլ կերպ` ամբաստանյալը կացարան տրամադրելու պատրվակն օգտագործել է իր սեռական ցանկությունները բավարարելու նպատակով, իսկ տուժողի կողմից սեռական հարաբերություն ունենալու առաջարկը մերժելուց հետո սպառնալիքներ է հնչեցրել և վերջինիս դիմադրություն ցույց տալու անկարողությունն օգտագործելով` նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որպիսի հանգամանքները վկայում են հանցավորի անձի վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել հանցագործության արդյունքում խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ս.Գրիգորյանի արարքում առկա են կատարված հանցանքը որակյալ դարձնող երկու հանգամանք, այն է` սեքսուալ բնույթի բռնի գործողությունները մի խումբ անձանց կողմից և անչափահասի նկատմամբ կատարելը, որոնք ակնհայտորեն բարձրացնում են թե՛ հանցավորի անձի, և թե՛ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Այսպես` ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը կարող է խիստ բացասական ազդեցություն թողնել անչափահասի նորմալ սեռական զարգացման, նրա բարոյական և ֆիզիկական ձևավորման վրա, ընդ որում, վերոնշյալը կատարվել է խմբի կազմում, այն է` հանցավորները փոխադարձ համաձայնությամբ ավարտին են հասցրել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցավոր արարքը:

16. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելով, պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցագործությանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, խախտված հասարակական հարաբերությունների բնույթը վկայում են հանցավորի անձի և կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին, ինչը որևէ գնահատականի չի արժանացել ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու գործընթացում:

Այլ կերպ` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով երաշխավորված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվել է ոչ համաչափ` ակնհայտ մեղմ պատիժ, ինչը չի կարող ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացումը:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից Ս.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

17. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով տուժողի ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոքում բարձրացված այն փաստարկին, որ ամբաստանյալ Ս.Գրիգորյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքը, այն է` արարքը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ կատարելը, փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակելու վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, և այդ առումով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են ու իրավաչափ10:

18. Ամփոփելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-399-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի դատական ակտը` Ս.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանելու և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու հիմք են։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և ամբաստանյալի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հանգի համապատասխան հետևության:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել Ս.Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

  1. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ տուժող Տաթևիկ Գրիգորյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սարգիս Գևորգի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 25-ի որոշումը պատժի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սարգիս Գևորգի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 109-116:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 166-180:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 159-193:

4 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի վերաբերյալ գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի վերաբերյալ գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

5 Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ, mutatis mutandis, տե'ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի վերաբերյալ գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի վերաբերյալ գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարսևան Ոսկանյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Սարգիս Խաչատրյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան