«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506256
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 օգոստոսի 2006 թ. ք. Երևան |
N 142-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
1. Հաստատել համաձայնեցման կոմիտեի օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Վարդանյան |
Հավելված |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեները (այսուհետ` համաձայնեցման կոմիտե) ստեղծվում են «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան:
2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) նախաձեռնությամբ` զբաղվածության հանրապետական ծրագրերի մշակման և իրականացման համար համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով:
3. Տարածքային համաձայնեցման կոմիտեները ստեղծվում են գործակալության տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) նախաձեռնությամբ` զբաղվածության տարածքային ծրագրերի մշակման և իրականացման համար համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով:
4. Համաձայնեցման կոմիտեի գործունեության կազմակերպման կարգը և իրավասության շրջանակները սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ` հիմք ընդունելով սոցիալական գործընկերության սկզբունքները և սույն կանոնադրությունը:
5. Համաձայնեցման կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
6. Համաձայնեցման կոմիտեի գործունեությունն իրականացվում է հասարակական հիմունքներով, նրանց որոշումներն ու առաջարկությունները բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի մշակման և հաստատման հարցում կրում են երաշխավորական բնույթ:
7. Տարածքային համաձայնեցման կոմիտեներ են ստեղծվում յուրաքանչյուր տարածքային կենտրոնի գտնվելու վայրում:
II. Համաձայնեցման կոմիտեի խնդիրները և գործառույթները
8. Համաձայնեցման կոմիտեի խնդիրն է բնակչության զբաղվածության պետական ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում սոցիալական գործընկերների մասնակցության ապահովումը:
9. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն քննարկում է բնակչության զբաղվածության հանրապետական ծրագրի նախագիծը և դրա վերաբերյալ եզրակացություն ներկայացնում բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնող լիազորված մարմին:
10. Տարածքային համաձայնեցման կոմիտեն քննարկում է տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի նախագծերը և դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնում գործակալություն:
11. Համաձայնեցման կոմիտեն քննարկում է բնակչության` աշխատաշուկայում անմրցունակ խմբերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման հարցերի վերաբերյալ կողմերի ներկայացրած առաջարկությունները և դրանց վերաբերյալ ներկայացնում եզրակացություն` գործակալություն կամ համապատասխան տարածքային կենտրոն:
12. Համաձայնեցման կոմիտեն դիմում է գործակալությանը` աշխատաշուկայի զարգացման միտումների և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման ընթացքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
III. Համաձայնեցման կոմիտեի գործունեության կազմակերպումը
13. Համաձայնեցման կոմիտեի աշխատանքները կազմակերպում է նախագահը:
14. Համաձայնեցման կոմիտեի նախագահ է ընտրվում համաձայնեցման կոմիտեի անդամներից մեկը` համաձայնեցման կոմիտեի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` երեք տարի ժամանակով:
15. Համաձայնեցման կոմիտեի նախագահը՝ նիստերին երկու անգամ անընդմեջ անհարգելի բացակայող անդամի մասին տեղեկացնում է համապատասխան մարմնի կամ կազմակերպության ղեկավարին, առաջարկելով անհարգելի բացակայող անդամին փոխարինել տվյալ մարմինը կամ կազմակերպությունը ներկայացնող այլ անդամով:
16. Համաձայնեցման կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, անդամների ձայների մեծամասնությամբ:
17. Համաձայնեցման կոմիտեի նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից: Հանրապետական համաձայնեցման կոմիտեի քարտուղարի պարտականությունը կատարում է գործակալության կողմից ներկայացված մասնագետը, իսկ տարածքային համաձայնեցման կոմիտեի քարտուղարի պարտականությունը` տարածքային կենտրոնի գործավարը, որոնք չեն համարվում համաձայնեցման կոմիտեի անդամ:
18. Համաձայնեցման կոմիտեի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:
19. Համաձայնեցման կոմիտեի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են համաձայնեցման կոմիտեի անդամների կեսից ավելին:
IV. Համաձայնեցման կոմիտեի անդամների իրավունքները և պարտականությունները
20. Համաձայնեցման կոմիտեի անդամն իրավունք ունի.
ա) մասնակցել համաձայնեցման կոմիտեի աշխատանքներին, քննարկումներին և որոշումների կայացմանը,
բ) համաձայնեցման կոմիտեի աշխատանքները բարելավելու նպատակով ներկայացնել առաջարկություններ,
գ) ստանալ տեղեկատվություն` զբաղվածության պետական ծրագրերի կատարման ընթացքի, արդյունքների և ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ:
21. Համաձայնեցման կոմիտեի անդամը պարտավոր է.
ա) մասնակցել համաձայնեցման կոմիտեի նիստերին,
բ) նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում` նախօրոք գրավոր տեղյակ պահել նախագահին,
գ) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները: