Գլխավոր տեղեկություն
Համար
N 890-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2018-01.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.905
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2007 թվականի N 890-Ն

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման հավելվածի 5, 6, 9, 10, 12, 14 և 19-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները` համաձայն N 1 հավելվածի, վերանվանել «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) հիմնական նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 6-18 տարեկան երեխաների շուրջօրյա լրիվ խնամքի և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է: Պետական կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.

2) պետական կազմակերպություններին սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ նշված գույքը պետական կազմակերպություններին կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

3) պետական կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում:

(2-րդ կետը խմբ. 08.09.16 N 957-Ն)

3. Պետական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզպետների հետ համատեղ կազմակերպել սույն որոշման N 2 հավելվածում նշված պետական կազմակերպությունների գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

2) հաստատել պետական կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

3) հաստատել պետական կազմակերպությունների կանոնադրությունները և սահմանված կարգով ապահովել դրանք պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը:

5. Հաստատել «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման N 2 հավելվածի «Երևան քաղաք» բաժնի 1-ին և 10-րդ, «Լոռու մարզ» բաժնի 2-րդ, «Կոտայքի մարզ» բաժնի 1-ին, «Շիրակի մարզ» բաժնի 3-րդ կետերը և «Տավուշի մարզ» բաժինը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 7
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 890-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

Անվանումը

1.

Երևանի Պետրոս Դուրյանի անվան N 10 հատուկ դպրոց

2.

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ
(օժանդակ) դպրոց

3.

Վանաձորի N 2 հատուկ դպրոց

4.

Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ
դպրոց

5.

Գյումրու N 2 հատուկ դպրոց

6.

Դիլիջանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 890-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

Անվանումը

1.

(կետն ուժը կորցրել է 02.04.15 N 381-Ն)

2.

(կետն ուժը կորցրել է 11.08.16 N 831-Ն)

3.

(կետն ուժը կորցրել է 04.07.18 N 762-Ն)

4.

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ
հաստատություն

5.

Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ
հաստատություն

6.

Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ
հաստատություն

(հավելվածը փոփ. 02.04.15 N 381-Ն, 11.08.16 N 831-Ն, 04.07.18 N 762-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 890-Ն որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Հայաստանի Հանրապետության երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պետական կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, սոցիալական բնագավառում գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Պետական կազմակերպությունը «____________ պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (գրանցման համարը` __________, վկայականի համարը`_______, գրանցման ամսաթիվը`______) իրավահաջորդն է:

3. Պետական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Պետական կազմակերպության գտնվելու վայրն է (նշել մշտական գործող մարմնի գտնվելու վայրը):

5. Պետական կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից, բարեգործական նպատակներով տրամադրվող միջոցներից, իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցներից:

6. Պետական կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

7. Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Պետական կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

9. Հիմնադիրը պատասխանատու չէ իր ստեղծած պետական կազմակերպության պարտավորությունների, իսկ պետական կազմակերպությունը` իր հիմնադրի պարտավորությունների համար:

10. Պետական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ինչպես նաև կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

11. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

12. Պետական կազմակերպությունում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումը և գործունեությունը:

13. Պետական կազմակերպության անվանումն է (նշել պետական կազմակերպության լրիվ, կրճատ անվանումները` հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով):

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

14. Պետական կազմակերպության հիմնական նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 6-18 տարեկան երեխաների շուրջօրյա լրիվ խնամքի և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է։ Պետական կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է:

(14-րդ կետը խմբ. 08.09.16 N 957-Ն)

15. Պետական կազմակերպությունը պատասխանատու է պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման, կյանքի անվտանգության և առողջության, ինչպես նաև սանիտարական նորմերի ու կանոնների պահպանման համար:

16. Պետական կազմակերպությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) երեխաների` մատուցվող ծառայությունների, շենքի պայմանների, հատուկ դեպքերում տարահանման հնարավորությունների, պետական կազմակերպությանը հարող տարածքի, արտակարգ իրավիճակներում ժամանակին օգնություն ցուցաբերելու, պաշտպանելու և այլնի մասին կարևոր տեղեկատվությամբ ապահովում` հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները.

2) երեխայի անվտանգության և պաշտպանության ապահովում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) պետական կազմակերպություն երեխայի ինտեգրման ապահովում` հաշվի առնելով նրա` նոր սոցիալական միջավայրին հարմարվելու անհատական առանձնահատկությունները.

4) պետական կազմակերպությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում երեխայի խնամքի կազմակերպում` ապահովելով խնամքի շարունակականության սկզբունքը, ստեղծելով ընտանեկանին հնարավորինս մոտ պայմաններ և առաջնորդվելով անհատական մոտեցմամբ.

5) երեխային առողջ, անհրաժեշտ քանակությամբ և տարիքին համապատասխան սննդով ապահովելը.

6) երեխային հագուստով և անձնական օգտագործման պարագաներով ապահովելը` ելնելով երեխայի տարիքային առանձնահատկություններից.

7) երեխային կյանքի համար անվտանգ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան բնակելի տարածությամբ ապահովելը` հաշվի առնելով նրա սեռը, տարիքը և առողջական վիճակը.

8) երեխայի առողջ ապրելակերպի (սնունդ, ֆիզկուլտուրա և սպորտ, անձնական հիգիենա, ազատ ժամանց) համար անհրաժեշտ պայմանների ապահովում.

9) երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման ապահովում` հաշվի առնելով նրա հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, անձի նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակություններն ու պահանջմունքները.

10) որպես կանոն, համայնքի հանրակրթական դպրոցներում երեխայի հանրակրթության ապահովում.

11) ընտանիքի և հարազատների հետ երեխայի կապի ապահովում.

12) 14-18 տարեկան երեխաների մասնագիտական կողմնորոշման, նրանց աշխատանքի տեղավորմանն աջակցության ապահովում` համագործակցելով զբաղվածության տարածքային մարմինների և գործատուների հետ.

13) երեխաների հետ անմիջական աշխատողների պարբերական մասնագիտական վերապատրաստման և բժշկական ստուգման ապահովում.

14) երեխայի խնամքի և պաշտպանության հետ կապված այլ գործառույթների իրականացում:

17. Պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

19. Պետական կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) պետական կազմակերպության կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

20. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

21. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է պետական կազմակերպությունը:

22. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

23. Հիմնադրի որոշմամբ պետական կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

24. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:

25. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Պետական կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Պետական կազմակերպությունն իր հիմնական գործունեությանը զուգընթաց կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով պետական կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

27. Պետական կազմակերպությունը գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հիմնադրի սահմանած կարգով:

28. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

29. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` տնօրենը:

30. Պետական կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

31. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

32. Պետական կազմակերպության հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) պետական կազմակերպության հիմնադրումը,

2) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

3) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը,

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

33. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

34. Լիազորված պետական մարմինը՝

1) հաստատում է պետական կազմակերպության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները.

2) իրականացնում է պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.

3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում պետական կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

4) լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման ու պահպանման նկատմամբ.

6) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս պետական կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

7) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

8) հաստատում է պետական կազմակերպության եկամուտների և տարեկան ծախսերի նախահաշիվը.

9) տնօրենի ներկայացմամբ` հաստատում է պետական կազմակերպության կառուցվածքը և աշխատողների թիվը.

10) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

35. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

36. Տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

37. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

38. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունը չկատարելու համար:

39. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

40. Տնօրենի բացակայության դեպքում` լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

41. Տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում պետական կազմակերպության կառուցվածքը և աշխատողների թիվը.

8) օրենքով և պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) հաստատում է սոցիալ-մանկավարժական խորհրդի կազմը.

10) սահմանված կարգով` լիազորված պետական մարմին է ներկայացնում պետական կազմակերպության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

42. Երեխաների խնամքի, ուսուցման, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական վերականգնման, դաստիարակչական հարցերը քննարկելու և լուծելու նպատակով պետական կազմակերպությունում ստեղծվում է սոցիալ-մանկավարժական խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով (այսուհետ` խորհուրդ):

43. Խորհրդի կազմում ընդգրկվում են տնօրենը, մանկավարժը, բժիշկը, այն դպրոցի (դպրոցների) տնօրենը, որտեղ սովորում են պետական կազմակերպության սաները, և այլ մասնագետներ, լիազորված պետական մարմնի ներկայացուցիչը:

44. Խորհուրդը կազմված է 7 անդամից:

45. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:

46. Խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև` ըստ անհրաժեշտության:

47. Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) պետական կազմակերպության աշխատանքային պլանի, բուժպրոֆիլակտիկ ծրագրերի, ուսումնադաստիարակչական աշխատանքների ծրագրերի քննարկում և լիազորված պետական մարմին դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

2) սաների հանրակրթության կազմակերպման հետ կապված հարցերի քննարկում.

3) դաստիարակչական խմբերի աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում.

4) դաստիարակների, բժշկական անձնակազմի և այլ աշխատողների աշխատանքային գործունեության քննարկում.

5) երեխաների խնամքի և սպասարկման նոր ձևերի ներդրման նպատակահարմարության քննարկում.

6) երեխաների մասնագիտական կողմնորոշման, նրանց հետագա ուսման կազմակերպման հարցերի քննարկում.

7) երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված այլ հարցերի քննարկում:

48. Պետական կազմակերպության աշխատողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, սույն կանոնադրությամբ, կոլեկտիվ պայմանագրով, աշխատանքային ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

 

VIl. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

49. Պետական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

50. Պետական կազմակերպության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` լիազոր մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

51. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

52. Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել` միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

53. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

54. Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Այն կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

55. Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով լուծարվել` միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

56. Պետական կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը խմբ. 08.09.16 N 957-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան