ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1270-Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող առևտրային կազմակերպությունների) լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշման N 1 հավելվածի 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Գույքը չվաճառելու դեպքում որպես մեկնարկային գին լուծարման հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի՝ մինչև 75 տոկոսը, կրկին չվաճառվելու դեպքում մինչև 50 տոկոսը, իսկ շարժական գույքի՝ մինչև 75 տոկոսը, չվաճառվելու դեպքում մինչև 50 տոկոսը, կրկին չվաճառվելու դեպքում մինչև 25 տոկոսը, բայց ոչ պակաս, քան կազմակերպության պարտավորություններն են (ներառյալ օտարումից առաջացող նոր հարկային պարտավորությունները):
21. Կազմակերպության անշարժ գույքը գնահատված արժեքի 50 տոկոսի չափով մեկնարկային գնով, իսկ շարժական գույքը՝ գնահատված արժեքի 25 տոկոսի չափով մեկնարկային գնով չվաճառվելու դեպքում լուծարման հանձնաժողովը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ վաճառքի ենթակա անշարժ գույքը գնահատված արժեքի 50 տոկոսից ցածր, իսկ շարժականը՝ 25 տոկոսից ցածր մեկնարկային գնով վաճառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու խնդրանքով, եթե կազմակերպության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 16 Երևան |