Գլխավոր տեղեկություն
Համար
N 1285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1231
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1285-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 12.04.12 N 426-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 1-ի N 1285-Ն որոշման


Կ Ա Ր Գ


ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
(վերնագիրը լրաց. 12.04.12 N 426-Ն)


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը:

(1-ին կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)

2. Պետական պատվերն ու աջակցությունն իրականացնող պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):

(2-րդ կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)

3. Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով պետական լիազոր մարմնի ղեկավարին կից ստեղծվում է պետական պատվերով և աջակցությամբ տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգը:

(3-րդ կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)

4. Պետական լիազոր մարմինը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականությունն անվճար բաշխում և իրացնում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

(4-րդ կետը փոփ. 08.09.11 N 1297-Ն, լրաց. 12.04.12 N 426-Ն, փոփ. 05.04.18 N 389-Ն)

 

II. ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՈՒՄ

 

5. Նախարարությունը գրականության հրատարակման գծով պետական պատվեր իրականացնող, ինչպես նաև պետական աջակցություն ստացող հրատարակչությունների հետ կնքում է հրատարակչական աշխատանքների կատարման պայմանագրեր: Այդ պայմանագրերի հավելվածով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխան՝ հանձնման-ընդունման արձանագրությամբ, «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ նախարարությունն ընդունում և ամբողջ տպաքանակը փոխանցում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(5-րդ կետը փոփ. 08.09.11 N 1297-Ն, լրաց., փոփ. 12.04.12 N 426-Ն, փոփ. 05.04.18 N 389-Ն)

6. «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականությունն անվճար բաշխում է`

1) «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններին.

2) նախարարությանը` հայ մշակույթի քարոզչության և գրքի, տպագիր արտադրանքի ու այլ հրատարակությունների միջազգային և հանրապետական ցուցահանդեսներին և այլ մշակութային միջոցառումներին ներկայացնելու նպատակով մինչև 15 օրինակ.

3) հրատարակչության արխիվային ֆոնդին` 3 օրինակ.

4) հեղինակներին` համաձայն հեղինակային պայմանագրերի տպաքանակի` 5 տոկոս.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 1 օրինակ.

6) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին` 1 օրինակ.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 1 օրինակ.

8) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմին` 1 օրինակ.

9) պետական կառավարման մարմինների աշխատակազմերին՝ իրենց ոլորտին վերաբերող գրականությունը` 1 օրինակ:

(6-րդ կետը փոփ. 08.09.11 N 1297-Ն, լրաց. 12.04.12 N 426-Ն, 29.12.16 N 1375-Ն, փոփ. 05.04.18 N 389-Ն)

7. Հանձնաժողովի առաջարկով՝ լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով պետական պատվերով և աջակցությամբ տպագրված գրականության յուրաքանչյուր անվան վերաբերյալ տպաքանակի որոշակի մասը այլ նպատակով անվճար տրամադրվում է (սեփական նախաձեռնությամբ կամ ներկայացված դիմումներով)`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարների հյուրերին՝ որպես նվեր, պաշտոնական հանդիպումների ընթացքում.

2) հոբելյանական տարեթվերի կապակցությամբ` պետական հոբելյանական հանձնաժողովներին.

3) Հայաստանի Հանրապետության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և սփյուռքի հաստատություններին` հայ մշակույթի քարոզչության և ընթերցանության խթանման նպատակով՝ ելնելով անհրաժեշտ քանակից և պահանջարկից:

(7-րդ կետը լրաց. 05.03.09 N 217-Ն, խմբ. 12.04.12 N 426-Ն, 29.12.16 N 1375-Ն)


III. ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄԸ

 

8. Պետական լիազոր մարմինը հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա սահմանում է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության իրացման գինը:

(8-րդ կետը լրաց. 12.04.12 N 426-Ն)

9. Վաճառքից առաջացած հասույթը (հանած անվճար բաշխման և իրացման հետ կապված ծախսերը) ուղղվում է նոր գրքերի հրատարակմանը, որոնց ցանկը համաձայնեցվում է լիազորված պետական մարմնի հետ:

10. Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված, սակայն 3 տարվա ընթացքում չիրացված գրականության մասին «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, մինչև յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող եռամսյակի վերջը, պետական լիազոր մարմին է ներկայացվում մնացորդային հաշվետվություն: Պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունը, ինչպես նաև առաջնահերթության կարգով Հայաստանի Հանրապետության մարզային, սահմանամերձ գյուղերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի զորամասերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանների պահանջարկը, գրքային ֆոնդի թարմացման պարբերականությունը, գրադարանից օգտվողների քանակը, գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները և, ըստ գրքերի անվանումների և քանակի, առաջարկություն է ներկայացնում հանձնաժողովին: Հանձնաժողովի որոշման հիման վրա նշված գրականությունն անվճար բաշխվում է վերոնշյալ շահառուներին` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(10-րդ կետը խմբ. 14.10.10 N 1342-Ն, փոփ. 08.09.11 N 1297-Ն, 12.04.12 N 426-Ն, 05.04.18 N 389-Ն)

11. «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի պահանջները կատարելուց հետո, մեկամսյա ժամկետում լիազորված պետական մարմին է ներկայացնում ամփոփ տեղեկանք հրատարակված գրականության անվճար բաշխման մասին:

(11-րդ կետը փոփ. 08.09.11 N 1297-Ն, 05.04.18 N 389-Ն)

(հավելվածը լրաց. 05.03.09 N 217-Ն, խմբ. 14.10.10 N 1342-Ն, փոփ. 08.09.11 N 1297-Ն, լրաց., փոփ., խմբ. 12.04.12 N 426-Ն, լրաց., խմբ. 29.12.16 N 1375-Ն, փոփ. 05.04.18 N 389-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան