ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԼԴ/0070/06/17 ԼԴ/0070/06/17
Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
2018 թվականի ապրիլի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց
դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի հունվարի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 53150117 քրեական գործը։
2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 53152917 քրեական գործը։
2017 թվականի հունիսի 12-ին վերոնշյալ քրեական գործերը միացվել են, և նախաքննությունը շարունակվել է 53150117 համարի ներքո։
1.1. 2017 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 19152817 քրեական գործը։
2017 թվականի հունիսի 16-ին վերոնշյալ քրեական գործը միացվել է թիվ 53150117 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 53150117 համարի ներքո։
1.2. 2017 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցվել է թիվ 71158817 քրեական գործը։
2017 թվականի հուլիսի 11-ին վերոնշյալ քրեական գործը միացվել է թիվ 53150117 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 53150117 համարի ներքո։
2017 թվականի հուլիսի 12-ին հանցագործություն կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Աթաբեկյանը։
2017 թվականի հուլիսի 14-ին որոշում է կայացվել Դ.Աթաբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Դ.Աթաբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով։ Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Դ.Աթաբեկյանին կալանքից գրավով ազատելու վերաբերյալ պաշտպան Լ.Գոգինյանի միջնորդությունը։
3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ Դ.Աթաբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը մերժվել է։
4. Վերոնշյալ որոշման դեմ Լոռու մարզի դատախազության դատախազ Ռ.Մինասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը բեկանել է և մեղադրյալ Դ.Աթաբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել երկու ամիս ժամկետով։ Նույն որոշմամբ մեղադրյալ Դ.Աթաբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, և գրավի չափ սահմանվել 500.000 ՀՀ դրամ գումարը։
5. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը։
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ (մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով)։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Դ.Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել 6 կտոր ոսկեզօծ զարդեր և միասնական դիտավորությամբ որոշել դրանք որպես ոսկյա զարդեր գրավադնելու միջոցով ստանալ վարկեր ու հափշտակել գումարները։
Իր հանցավոր մտադրություններն իրականացնելու համար Դավիթ Աթաբեկյանը Կարեն Պողոսյանի հետ նախնական համաձայնության է եկել` ոսկյա շղթայի փոխարեն մետաղական շղթան վերջինիս անվամբ գրավադնելու միջոցով վարկ ստանալու և այն հափշտակելու շուրջ։ Այնուհետև` 2016 թվականի մայիսի 23-ին, Կարեն Պողոսյանը և Դավիթ Աթաբեկյանը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 38 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲ ընկերության «Վանաձոր» մասնաճյուղի ոսկերիչ Ալբերտ Տոնոյանին որպես գրավի առարկա ներկայացրել են 49,2 գրամ կշռով մետաղական շղթա, որը ոսկերիչ Ալբերտ Տոնոյանն ստուգել և համոզվել է, որ նրանց ներկայացրած շղթան ոսյա չէ, սակայն Դավիթ Աթաբեկյանի խնդրանքով ու հորդորով համաձայնել է մետաղական շղթան ներկայացնել որպես ոսկյա։ Ալբերտ Տոնոյանը հիշյալ հանգամանքը թաքցրել և չի հայտնել բանկի ղեկավարությանը` Դավիթ Աթաբեկյանի դրդչությամբ իր լիազորություններն օգտագործել է բանկի շահերին հակառակ, որի հետևանքով «Արդշինբանկ» ՓԲ ընկերությանը պատճառվել է էական վնաս` նույն օրը ոսկերիչ Ալբերտ Տոնոյանի, վարկային մասնագետ Ռուզաննա Թումանյանի և Կարեն Պողոսյանի կողմից կազմվել է ոսկյա իրերի գրավի ստուգման և հանձնման-ընդունման թիվ 56761237 ակտը և վերջինս ստացել է խոշոր չափերի` 652.800 ՀՀ դրամ վարկ, որը Դավիթ Աթաբեկյանն Ալբերտ Տոնոյանի օժանդակությամբ խաբեության եղանակով` խարդախությամբ, հիշյալ ընկերությունից հափշտակել է։
Շարունակելով իր հանցավոր գործունեությունը` Դավիթ Աթաբեկյանը, թաքցնելով վերը նշված զարդերը ոսկյա չլինելու հանգամանքը, ընկերոջ` Արայիկ Օհանյանի անվամբ` 2016 թվականի հունիսի 9-ին Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 38 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում, ծանոթ` Սաթիկ Գրիգորյանի անվամբ` 2016 թվականի հունիսի 27-ին Ստեփանավան քաղաքի Նժդեհի 9 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության «Ստեփանավան» մասնաճյուղում, կնոջ` Ռոզա Քոչարյանի անվամբ` 2016 թվականի հունիսի 30-ին Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 38 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲ ընկերության «Վանաձոր» մասնաճյուղում, ընկերոջ` Անդրանիկ Մարգարյանի անվամբ` 2016 թվականի հուլիսի 8-ին Ստեփանավան քաղաքի Նժդեհի 9 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության «Ստեփանավանի» մասնաճյուղում գրավադրել է վզնոցներ և ապարանջաններ, որպես գրավ համապատասխանաբար ստացել 693.600 ՀՀ դրամ, 710.000 ՀՀ դրամ, 897.600 ՀՀ դրամ և 1.099.000 ՀՀ դրամ գումարներ, փաստացի ընդհանուրը` առանձնապես խոշոր չափերով` 4.053.000 ՀՀ դրամ գումար և վերը նշված խաբեության եղանակով` խարդախությամբ հափշտակել այդ գումարը։
Բացի այդ, Դավիթ Աթաբեկյանը 2017 թվականի հուլիսի 3-ին` ժամը 02։30-ին, Վանաձոր քաղաքի Շինարարներ փողոցի վերջնամասում, իր ծանոթ ոմն Արշակի հասցեին վատաբանելու պատճառով վիճաբանել է Մկրտիչ Գրիգորյանի հետ և դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` ձախ այտի քերծվածք, քթոսկրերի փակ կոտրվածք, աջից վերին շրթունքի լորձաթաղանթի սալջարդ վերք» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 72-73)։
7. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրությունից երևում է, որ մեղադրյալ Դ.Աթաբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդության քննության ընթացքում գրավի կիրառման հարց չի ներկայացվել և չի քննարկվել (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 83-86)։
8. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման համաձայն` «(…) Անդրադառնալով կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացրած հիմքերին, դատարանը գտնում է, որ այդպիսիք առկա չեն։ Քննիչը (…) գործից բխող որևէ փաստ [չի ներկայացրել] այն մասին, որ մեղադրյալն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, իսկ մեղադրյալի կողմից մեղքը չընդունելը կամ միայն մեղսագրվող արարքի ծանրությունը չի կարող դրվել մեղադրյալի նկատմամբ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմքում։
Դատարանը փաստում է նաև, որ քննիչի կողմից չներկայացվեցին բավարար հիմքեր, թե ինչ[ու] մինչև հիմա բանկից ոսկյա զարդերը չեն առգրավվել և փորձաքննության ներկայացվել։
Քննիչի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորված պատճառաբանություն կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտության վերաբերյալ և չեն ներկայացվել բավարար ապացույցներ կալանքի ժամկետի երկարացման հիմքերի վերաբերյալ, մասնավորապես չվկայակոչվեց որևէ դատավարական գործողություն, որ նախատեսվում է կատարել և որի կատարումը կարող է վտանգվել, եթե մեղադրյալը լինի ազատության մեջ (…)» (տե՛ս նյութեր« հատոր 1, թերթեր 87-92)։
9. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29–ի որոշման համաձայն` «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առկա են Դավիթ Աթաբեկյանին շարունակական (...) կալանքի տակ պահելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ մեղադրյալ Դավիթ Աթաբեկյանին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցին։
(...) Դավիթ Աթաբեկյանի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, նրա խնամքի տակ են գտնվում կինը և մանկահասակ երեխան։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ Դավիթ Աթաբեկյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` 500.000 ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է բացառել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթն իրականացնող մարմնի աշխատանքներին խոչընդոտելու հանգամանքները։ (...)» (տե՛ս նյութեր« հատոր 2, թերթեր 40-51)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը (մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ) նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։
Մասնավորապես բողոքի հեղինակը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածին և Տ.Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, նշել է, որ մինչդատական վարույթի ընթացքում Առաջին ատյանի դատարանի կայացրած` անձի կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշման բողոքարկման դեպքում կալանքը գրավով փոխարինելու հարցի լուծման իրավասությամբ վերաքննիչ դատարանն օժտված չէ։ Ուստի բողոքաբերի համոզմամբ Վերաքննիչ դատարանը Դ.Աթաբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս թույլ է տվել դատական սխալ, դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից։
11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն` Դ.Աթաբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասով որոշումը թողնել անփոփոխ։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանում գրավի կիրառման հարցը ներկայացված և քննարկված չլինելու պայմաններում իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Դ.Աթաբեկյանի նկատմամբ գրավի կիրառումը։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից։
(…)
5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.
2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.
3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին։
6. Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին»։
14. Վճռաբեկ դատարանը Տ.Հակոբյանի վերաբերյալ գործով վերաքննիչ դատարանի` կալանքը գրավով փոխարինելու իրավասության վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Կ]ալանքը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցերում առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի իրավասությունն էականորեն տարբերվում է։ Առաջին ատյանի դատարանը լիազորված է քննիչի կամ դատախազի միջնորդության հիման վրա ըստ էության լուծում տալ մեղադրյալին կալանավորելու (կալանքի ժամկետը երկարացնելու) կամ կալանքից ազատ արձակելու հարցին։ Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը, ինչպես տվյալ միջնորդությունը քննարկելիս, այնպես էլ հետագայում, լիազորված է կալանքը փոխարինելու դրա այլընտրանքային խափանման միջոց գրավով։
Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան` վերաքննիչ դատարանն իրավասու է միայն իրականացնելու որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում։
Ընդ որում, այս գործունեությունն իրականացնելիս ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն իրավասու չէ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ բաժնի դրույթներով, քանի որ (…) մեղադրյալին կալանավորելու կամ չկալանավորելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների բողոքարկման և բողոքի քննության կարգը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով ստացել է առանձին օրենսդրական կանոնակարգում։
Հետևաբար` մեղադրյալին կալանավորելու կամ չկալանավորելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների բողոքարկման և բողոքի քննության ընթացքում վերաքննիչ դատարանն իրականացնում է ոչ թե գործի ամբողջ ծավալով ըստ էության քննություն (վերաքննություն), այլ ավելի սահմանափակ գործունեություն` համապատասխան որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում։
Մասնավորապես` եթե բողոքարկվել է մեղադրյալին կալանավորելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, վերաքննիչ դատարանն իրավասու չէ անդրադառնալ կալանքը գրավով փոխարինելու հարցին։ Մինչդատական վարույթի ընթացքում առաջին ատյանի դատարանի կայացրած՝ անձի կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշման բողոքարկման դեպքում կալանքը գրավով փոխարինելու հարցի լուծման լիազորությամբ օրենսդիրը վերաքննիչ դատարանին չի օժտել։ Օրենքի այս մեկնաբանությունը հիմնված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի վրա, որը սահմանում է քննարկվող գործերով դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումների սպառիչ ցանկը, և այն չի ներառում ստորադաս դատարանի որոշման փոփոխումը և ստորադաս դատարանի ընտրած խափանման միջոց կալանքի փոխարեն գրավի կիրառումը։
Այսինքն` օրենսդիրն անձին կալանավորելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման՝ վերադասության կարգով դատական ստուգման առարկայի մեջ գրավի հարցի լուծումը չի ներառել։ Փոխարենը, այդ դեպքերում պաշտպանության կողմն ազատ է ցանկացած պահի կալանավորված անձին գրավով ազատելու (կալանքը գրավով փոխարինելու) միջնորդություն հարուցել առաջին ատյանի դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մաս), քանի որ գրավը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մաս)» (տե՛ս Տարոն Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-115/07 որոշումը)։
Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Շ.Կեշիշյանի վերաբերյալ գործով նշել է. «(…) [Ա]յն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում, վերաքննիչ դատարանն իրավասու չէ այն փոփոխել և ստորադաս դատարանի ընտրած խափանման միջոց կալանքի փոխարեն գրավ կիրառել, երբ վերջինիս հարցը չի ներկայացվել և չի քննարկվել առաջին ատյանի դատարանում։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը վերանայելու իրավասությամբ օժտված դատական ատյան։ Մասնավորապես, վերաքննիչ դատարանը դատական վերանայման գործառույթի շրջանակներում բացահայտում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրելը մերժելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելիս առաջին ատյանի դատարանի կողմից օրենքի բոլոր պահանջների պահպանման, ինչպես նաև կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունների իրավաչափության հարցերը։ Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ, որն էլ պետք է իրականացվի միայն առաջին ատյանի դատարանում քննության ենթարկված կալանավորման հիմքերի, հետազոտված փաստերի կամ ապացույցների շրջանակներում (…)» (տե՛ս Շահեն Կեշիշյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0097/06/17 որոշման 13-րդ կետը)։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում մեղադրյալ Դ.Աթաբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ընթացքում գրավի կիրառման հարց չի ներկայացվել և չի քննարկվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), իսկ նախաքննական մարմնի միջնորդությունը մերժվել է (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։
Վերաքննիչ դատարանը, վերանայելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, դատախազի բողոքը բավարարել է և Դ.Աթաբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել երկու ամիս ժամկետով։ Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը քննարկել է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և գտել, որ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ Դ.Աթաբեկյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառմամբ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Դ.Աթաբեկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանում Դ.Աթաբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ընթացքում գրավի կիրառման հարց չի ներկայացվել և չի քննարկվել։ Այսինքն` մեղադրյալ Դ.Աթաբեկյանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման` վերադասության կարգով դատական ստուգման առարկայի մեջ գրավի հարցի լուծումը ներառված չի եղել։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից։
Հետևաբար Առաջին ատյանի դատարանում գրավի կիրառման հարցը ներկայացված և քննարկված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Դ.Աթաբեկյանի նկատմամբ գրավի կիրառումն իրավաչափ չէ։
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, այն մասնակիորեն` մեղադրյալ Դ.Աթաբեկյանի նկատմամբ գրավի կիրառման մասով, բեկանելու հիմք է։
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2017 սեպտեմբերի 29-ի որոշումը մասնակիորեն` մեղադրյալ Դավիթ Աթաբեկյանի նկատմամբ գրավի կիրառման մասով, պետք է բեկանել և գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պաշտպանության կողմն զրկված չէ ցանկացած պահի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն հարուցել առաջին ատյանի դատարան։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մեղադրյալ Դավիթ Արմենի Աթաբեկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել` գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի։
2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։
3. Որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան