Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.04.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1086/02/10
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1086/02/10

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

                   Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Թադևոսյանի և Սոնա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Սվետլանա Թադևոսյանի, Սոնա Վարդանյանի հայցի ընդդեմ Գոհար և Գրիգոր Վարդանյանների, երրորդ անձ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի (այսուհետ` Ծառայություն)` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սվետլանա Թադևոսյանը և Սոնա Վարդանյանը պահանջել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի հիմքով հանել արգելանքից Սվետլանա Թադևոսյանին պատկանող մեկ հատ «LG» հեռուստացույցը, մեկ հավաքածու համակարգիչը, մեկ հատ «Gandi» լվացքի մեքենան և Սոնա Վարդանյանին պատկանող մեկ հատ «LG» սառնարանը։

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մխիթարյան) (այսուհետ` Դատարան) 01.07.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.11.2011 թվականի որոշմամբ Սվետլանա Թադևոսյանի և Սոնա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

 Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սվետլանա Թադևոսյանը և Սոնա Վարդանյանը։

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, կիրառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ կետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը, 71-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչպես նաև անտեսել է այն հանգամանքը, որ հայցի ապահովումը ենթակա է կիրառման սեփականատիրոջը պատկանող գույքի նկատմամբ, մինչդեռ տվյալ դեպքում արգելանք է դրվել սեփականատիրոջը չպատկանող գույքի վրա:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ տվյալ պարագայում ըստ էության վեճ է ծագել արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ, որպիսի իրավահարաբերությունների առկայության պայմաններում իրավունքի պաշտպանությունը և խախտված իրավունքի վերականգնումը նախատեսված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10.11.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 06.08.2002 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 583291 վկայականի համաձայն` Երևանի Արարատյան 1-ին զանգվածի 10/6-րդ շենքի թիվ 48 բնակարանի սեփականատերը Սվետլանա Թադևոսյանն է (հատոր 1-ին, գ.թ.10-12):

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2010 թվականի «Հայցի ապահովում ձեռնարկելու մասին» թիվ ԵԿԴ/1084/02/10 որոշմամբ ըստ Գրիգոր Վարդանյանի հայցի ընդդեմ «Ֆարմ Գոհար» ՍՊԸ-ի, Գոհար Վարդանյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության Շենգավիթի տարածքային բաժնի` Գոհար Վարդանյանից գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով կիրառվել է հայցի ապահովում, և որոշվել է «արգելել պատասխանողին ընդունել այնպիսի որոշումներ և «Ֆարմ Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից կնքել Ընկերության անշարժ կամ շարժական գույքի օտարման կամ գրավի այնպիսի գործարքներ, որոնք 10 տոկոսից ավելի չափով կնվազեցնեն Ընկերության զուտ ակտիվները, արգելանք դնել Գոհար Վարդանյանին անձնական սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև «Ֆարմ Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դրամական միջոցների և այլ գույքի վրա, արգելել հայցվոր Գոհար Վարդանյանին անձնական սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև «Ֆարմ Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների շահագործումը» (հատոր 1-ին, գ.թ.13):

3. Ծառայության 02.06.2010 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 01/02-187/10 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ.14)։

4. Ծառայության 02.06.2010 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն` որոշվել է արգելանք դնել Գոհար Վարդանյանին (Երևանի Կուրղինյան 3-48) անձնական սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև «Ֆարմ Գոհար» ՍՊԸ-ի դրամական միջոցների և այլ գույքի վրա, Գոհար Վարդանյանին արգելվել է նաև ընդունել այնպիսի որոշումներ և «Ֆարմ Գոհար» ՍՊԸ-ի անունից կնքել ընկերության անշարժ կամ շարժական գույքի օտարման կամ գրավի այնպիսի գործարքներ, որոնք 10 տոկոսից ավելի չափով կնվազեցնեն ընկերության զուտ ակտիվները: Միաժամանակ Գոհար Վարդանյանին արգելվել է անձնական սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև «Ֆարմ Գոհար» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցների շահագործումը (հատոր 1-ին, գ.թ.15):

5. Ծառայության 07.06.2010 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» ակտի համաձայն` թիվ ԵԿԴ/1084/02/2010 կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Գոհար Վարդանյանին անձնական սեփականության իրավունքով պատկանող դրամական միջոցների և այլ գույքի վրա: Կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու համար գույքագրվել և արգելանքի է վերցվել պարտապանին պատկանող հետևյալ գույքը` 1. հեռուստացույց «LG», համակարգիչ 1 հավաքածու, սառնարան «LG», լվացքի մեքենա «Gandi» (հատոր 1-ին, գ.թ.18):

6. Ծառայության աշխատակիցների կողմից կազմված 07.06.2010 թվականի արձանագրության համաձայն` Գոհար Վարդանյանն այցելել է Երևանի Կուրղինյան 3-48-րդ հասցե և հայտնել, որ «նշված հասցեում ինքը գույք չունի և ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրի»: Գույքագրվել է 4 անվանում գույք` «LG» հեռուստացույց, 1 հավաքածու համակարգիչ, «LG» սառնարան, «Gandi» լվացքի մեքենա և առգրավվել (հատոր 1-ին, գ.թ.17):

7. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի 14.06.2010 թվականի թիվ 2091 գրության համաձայն` Սոնա Վարդանյանը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ 28.07.2003 թվականին կնքած պայմանագրով ապառիկ կարգով 334.035 ՀՀ դրամ արժողությամբ ձեռք է բերել «LG» սառնարան (հատոր 1-ին, գ.թ.20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե´ս` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի` 13.157.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը (տե´ս` «Բի լայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով 21.04.2008 թվականի ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2010 թվականի «Հայցի ապահովում ձեռնարկելու մասին» թիվ ԵԿԴ/1084/02/10 որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում, և որոշվել է «արգելել պատասխանողին ընդունել այնպիսի որոշումներ և «Ֆարմ Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից կնքել Ընկերության անշարժ կամ շարժական գույքի օտարման կամ գրավի այնպիսի գործարքներ, որոնք 10 տոկոսից ավելի չափով կնվազեցնեն Ընկերության զուտ ակտիվները, արգելանք դնել Գոհար Վարդանյանին անձնական սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև «Ֆարմ Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դրամական միջոցների և այլ գույքի վրա, արգելել հայցվոր Գոհար Վարդանյանին անձնական սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև «Ֆարմ Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների շահագործումը»:

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը և պարտապանը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները:

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը: Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ:

Հիշատակված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի գործողությունների (որոշումների) բողոքարկման իրավունք նախատեսված է ինչպես կատարողական վարույթի կողմերի` պահանջատիրոջ և պարտապանի, այնպես էլ կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձանց համար: Այդպիսիք են հանդիսանում արգելանքի տակ գտնվող գույքի սեփականատերը կամ այլ օրինական տիրապետողը: Ի տարբերություն վարույթի կողմերի, ովքեր իրավունք ունեն բողոքարկելու հարկադիր կատարողի գործողությունները (որոշումները) ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով, կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձինք արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում իրավունք ունեն դիմել դատարան: Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճի առկայության դեպքում շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շահագրգիռ անձի կողմից գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցապահանջ ներկայացնելու իրավունքի ծագումը պայմանավորված չէ արգելանքի վերցնելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշումը վերադասության կամ դատական կարգով բողոքարկված կամ վիճարկված լինելու հանգամանքով:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 02.06.2010 թվականի որոշմամբ հարուցված թիվ 01/02-187/10 կատարողական վարույթի կողմերն են պահանջատեր Գրիգոր Վարդանյանը և պարտապան Գոհար Վարդանյանը: Հետևաբար, թիվ 01/02-187/10 կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումները կարող են բողոքարկվել պահանջատեր Գրիգոր Վարդանյանի կամ պարտապան Գոհար Վարդանյանի կողմից:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ կետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը, 71-րդ հոդվածը, վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «տվյալ դեպքում, գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ հարկադիր կատարողի վերոնշյալ որոշումները ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում ոչ հայցվորների, ոչ էլ Գոհար Վարդանյանի կողմից չեն բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, կիրառելով վերը նշված հոդվածների վերաբերյալ մեկնաբանությունները սույն գործի փաստերի նկատմամբ, արձանագրում է, որ Սվետլանա Թադևոսյանը և Սոնա Վարդանյանը, չլինելով Ծառայության 02.06.2010 թվականի որոշմամբ հարուցված թիվ 01/02-187/10 կատարողական վարույթի կողմեր, իրավունք չունեին բողոքարկելու հարկադիր կատարողի որոշումները (պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին 02.06.2010 թվականի որոշում, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին 07.06.2010 թվականի ակտ): Հետևաբար Սվետլանա Թադևոսյանը և Սոնա Վարդանյանը օգտվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված իրավունքից և հայց են ներկայացրել դատարան գույքն արգելանքից հանելու պահանջով` վիճարկելով Գոհար Վարդանյանին գույքի պատկանելիությունը:

Նշված հիմնավորումները հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ «հարկադիր կատարողի վերոնշյալ որոշումները ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում ոչ հայցվորների, ոչ էլ Գոհար Վարդանյանի կողմից չեն բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով, հետևաբար Դատարանը իրավացիորեն մերժել է հայցը» անհիմն է:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սվետլանա Թադևոսյանը և Սոնա Վարդանյանը Ծառայության 02.06.2010 թվականի որոշմամբ հարուցված թիվ 01/02-187/10 կատարողական վարույթի կողմեր չեն: Տվյալ դեպքում վեճը վերաբերում է արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիությանը, այսինքն` Սվետլանա Թադևոսյանը և Սոնա Վարդանյանն իրավասու են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի հիմքով արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում դիմելու դատարան գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով: Ընդ որում, ստորադաս դատարանները պարտավոր են պարզելու` արդյոք արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ առկա է, թե ոչ:

Նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են գույքն արգելանքից հանելու ինստիտուտը կարգավորող նորմերի պահանջները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան