Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-1597

Քաղաքացիական գործ թիվ 3-1838(ՏԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 12.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ «Երևանի «Զովք» գործարան» ՀՁ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, երրորդ անձանց` ՀՀ կառավարության և Ալբերտ Խաչատրյանի` «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» 10.06.2004 թվականի ՀՀ կառավարության որոշումը ստորագրելը անվավեր ճանաչելու պահանջի մասին և Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ալբերտ Խաչատրյանի` «Պարեն» ԳԱՆ ՊՓԲ ընկերության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» ՀՀ կառավարության 10.06.2004 թվականի որոշումը ստորագրելը և «Պարեն» ԳԱՆ ՊՓԲ ընկերության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է` մասնակիորեն անվավեր ճանաչել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ՀՀ կառավարության 10.06.2004 թվականին ընդունած «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» որոշումն ստորագրելը` առանց Կառավարության նիստի հանձնարարականի լրամշակված 1.2, 1.5, 1.8, 1.9 փոփոխված կետերի և 1.10-1.13 հանված կետերի մասով:

Դիմումը մնացած մասով մերժվել է: Ընկերության հայցը ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ալբերտ Խաչատրյանի` «Պարեն» ԳԱՆ ՊՓԲ ընկերության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, 53-րդ հոդվածի 2-րդ մասը, 130-րդ հոդվածի 3-րդ մասը, 160-րդ հոդվածի 4-րդ մասը, որի արդյունքում չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.06.2002 թվականի թիվ 890 որոշման 44-րդ և 51-րդ կետերը, «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 14-րդ, 17-րդ և 32-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Օրինական ուժի մեջ մտած մի շարք դատական ակտերով հաստատվել է ՀՀ կառավարության 10.06.2004 թվականի թիվ 1334-Ն որոշման և «Պարեն» ԳԱՆ» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի մասին պայմանագրի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանելու փաստը:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի ուժով կարող են անվավեր կամ մասնակի անվավեր ճանաչվել կամ գործարքները կամ իրավական ակտերը, այլ ոչ թե ՀՀ վարչապետի կողմից ՀՀ կառավարության որոշումը ստորագրելը:

Դիմողը սույն գործով չի վիճարկել պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց ակտի համապատասխանությունն օրենքին այն մասով, որը դատարանի ստուգման առարկա չի հանդիսացել:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.06.2005 թվականի թիվ 05-1862 վճռով, 27.03.2007 թվականի թիվ 05.1862 վճռով, ՀՀ տնտեսական դատարանի 04.05.2006 թվականի թիվ Տ-1405 վճռով, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 09.09.2005 թվականի թիվ 3-1863(ՏԴ) որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության 10.06.2004 թվականի թիվ 1334-Ն որոշման օրենքին համապատասխանելու և ««Պարեն» ԳԱՆ» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի մասին պայմանագրի օրենսդրությանը համապատասխանելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 12.10.2007 թվականի վճիռը և այն փոփոխել, Ընկերության դիմումը և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքով մասնավորեցման ցանկում ի թիվս այլ կազմակերպությունների ներառված է եղել նաև «Պարեն» ԳԱՆ» ՊՓԲ ընկերությունը:

2) ՀՀ կառավարության 10.06.2004 թվականի թիվ 1334-Ն որոշմամբ «Պարեն» ԳԱՆ» ՊՓԲ ընկերության բաժենտոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ալբերտ Խաչատրյանին:

3) Ընկերությունը դիմում է ներկայացրել դատարան ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ՀՀ կառավարության 10.06.2004 թվականին ընդունած «ՀՀ պետական գույքը մասնավորեցնելու մասին» որոշումն ստորագրելը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջով:

4) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.06.2005 թվականի թիվ 05-1862 օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է «Պարեն» ԳԱՆ ՊՓԲ ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներ Էլմիրա Մելիքյանի և մյուսների դիմումը ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, երրորդ անձ «Պարեն» ԳԱՆ ՊՓԲ ընկերության` բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր կնքելուն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին արգելելու և ՀՀ կառավարության 10.06.2004 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» թիվ 1334-Ն օրենքին հակասող որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը սույն օրենքով ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետևանքով պետական սեփականություն ձեռք բերած անձը սույն օրենքով իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտն անվավեր է ճանաչվում`

1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե իրավական ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին.

2) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում.

3) ընդհանուր իրավասության դատարանի կողմից ակտն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով այլ իրավական ակտին հակասող ճանաչվելու դեպքում.

4) տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չներկայացվելու դեպքում.

5) պատասխանատվություն նախատեսող անհատական իրավական ակտի պահանջը սահմանված վաղեմության ժամկետում չկատարվելու դեպքում:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ կարող են անվավեր ճանաչվել միայն գործարքները կամ իրավական ակտերը: Մինչդեռ Դատարանը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածը, անվավեր է ճանաչել ՀՀ վարչապետի կողմից ՀՀ կառավարության որոշումը ստորագրելը:

Սույն քաղաքացիական գործի վարույթը` ՀՀ վարապետի կողմից «ՀՀ պետական գույքը մասնավորեցնելու մասին» որոշումն ստորագրելը անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչապետի ստորագրությունը անվավեր ճանաչելու հարցը ենթակա չէ դատարանում քննության:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար է դիտում սույն քաղաքացիական գործի վարույթը «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» 10.06.2004 թվականի ՀՀ կառավարության որոշումը ստորագրելը անվավեր ճանաչելու մասով կարճելու համար:

Տնտեսական դատարանի վճռի պատճառաբանական մասում տեղ է գտել հետևյալ եզրահանգումը. «ինչ վերաբերում է «Երևանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲ Ընկերության պահանջի մնացած մասերին, ապա դատարանը գտավ, որ դիմումի բավարարված մասը` որպես հետևանք դիմող «Երևանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲ Ընկերության համար, չի ստեղծում այնպիսի իրավունքներ, որոնց արդյունքում կհանդիսանար պահանջի լրացված մասերով պատշաճ դիմող և հայցվոր, քանի որ ՀՀ Կառավարության 10.06.2004թ. թիվ 1334-Ն որոշման 1.2, 1.5, 1.8 և 1.9 կետերի իրավաբանական ուժ չունենալու և անվավեր լինելու հանգամանքը ինքնին չի նշանակում, որ առկա է ՀՀ կառավարության որևէ որոշում` վիճելի գույքը մրցույթով մասնավորեցնելու մասին, ավելին` հաստատված է, որ «Պարեն» ԳԱՆ ՊՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի որևէ եղանակով մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որևէ որոշում առկա չէ, հետևաբար, լրացված պահանջի մնացած մասերը հիմքեր չունեն և ենթակա են մերժման: Հետևաբար, դատարանը գտավ, որ Հայաստանի Հանրապետության և Ալբերտ Խաչատրյանի միջև 16.11.2004թ. կնքված «Պարեն» ԳԱՆ ՊՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) մասին» թիվ 715-Ու պայմանագիրը անվավեր ճանաչելու մասով «Երևանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲ Ընկերությունը պատշաճ հայցվոր չէ` անկախ այն հանգամանքից, որ գործի քննության ադրյունքում հաստատվեց, որ պայմանագրի կնքման հիմքերը օրինական չեն»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով սահմանված՝ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող, սակայն թերի կամ սխալ պատճառաբանված դատական ակտը պատճառաբանելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» 10.06.2004 թվականի ՀՀ կառավարության որոշումը ստորագրելը անվավեր ճանաչելու մասով կարճելու պայմաններում անհիմն է դառնում Տնտեսական դատարանի վճռի վերոնշյալ պատճառաբանությունները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 12.10.2007 թվականի վճռի` ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ՀՀ կառավարության 10.06.2004 թվականին ընդունած «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» որոշումն ստորագրելը` առանց Կառավարության նիստի հանձնարարականի լրամշակված 1.2, 1.5, 1.8, 1.9 փոփոխված կետերի և 1.10-1.13 հանված կետերի մասով և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. ՀՀ տնտեսական դատարանի 12.10.2007 թվականի վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան