ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գրադարանների և գրադարանային գործի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-90-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) գրադարան` տեղեկատվական, մշակութային, գիտական և կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ ստորաբաժանում, որն ունի տարբեր ձևաչափերով ձևավորված տեղեկատվական ռեսուրսների համակարգված հավաքածու, ապահովում է դրանց մատչելի ֆիզիկական և էլեկտրոնային (թվային) հասանելիությունը՝ նպաստելով հանրության տարբեր ներկայացուցիչների կրթելուն, իրազեկելուն, ներգրավելուն կամ ժամանցը կազմակերպելուն.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22) էլեկտրոնային գրադարան՝ գրադարանային ռեսուրսների և տեղեկատվության էլեկտրոնային (թվային) հավաքածու, որն օժտված է որոնման և ուղղորդման համակարգերով և սահմանված պայմաններով ապահովում է այդ ռեսուրսների հասանելիությունը տեխնոլոգիական միջոցների, ներքին ցանցերի և համացանցի միջոցով:»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Համայնքի մշակութային կյանքն ակտիվացնելու, հանրային ընթերցանության, գեղագիտական և մշակութային կրթությունը զարգացնելու, համայնքի բնակչության որակյալ ու բովանդակալից կյանքը կազմակերպելու նպատակով կարող են ստեղծվել մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոններ, կամ նպատակին միտված ծառայությունները կենտրոնացվել համայնքում առկա մշակութային կամ ուսումնական հաստատություններում։»։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) նպաստում է կրթությանը, ընթերցանությանը, ինքնակրթությանը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցմանը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ կետերով.
«9) նպաստում է գրադարանից օգտվողների մշակութային, կրթական, գիտական, տեղեկատվական, մտավոր (ինտելեկտուալ), գեղագիտական զարգացմանը, ժամանցի ու հանգստի կազմակերպմանը.
10) ստեղծում է էլեկտրոնային (թվային) ռեսուրսների դասակարգված և որոնման համակարգերով օժտված շտեմարան՝ ապահովելով օգտվողների բաց կամ սահմանափակ հասանելիությունը տվյալներին.
11) ապահովում է էլեկտրոնային (թվային) բովանդակությունը չարտոնված մուտքից պաշտպանելու և էլեկտրոնային (թվային) ռեսուրսների ամբողջականությունը պահպանելու անվտանգային միջոցներ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հանրային գրադարանի կարգավիճակ ստացած գրադարանը տեղեկատվության տեղական կենտրոն և գիտելիքահենք հասարակության էական բաղադրիչ է, որը շարունակաբար յուրացնում է հաղորդակցության նոր միջոցները, ապահովում համընդհանուր հասանելիություն և միջավայր՝ տեղեկատվության օգտագործման, գիտելիքի, տեղեկատվության, մշակույթի տարածման և փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական ներգրավվածության խթանման համար:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) պարտադիր օրինակի հիման վրա կազմում և հրատարակում է ազգային մատենագիտությունն արձանագրող հրատարակությունների ցանկերը.»։
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը «իրավաբանական անձանց» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Էլեկտրոնային (թվային) գրադարանային հավաքածուն կարող է հասանելի լինել անվճար և վճարովի հիմունքներով, ինչպես նաև սպասարկվել բաց կամ սահմանափակ հասանելիությամբ։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ մասերով.
«9.1. Գրադարանային հավաքածուները և ծառայությունները չպետք է ենթարկվեն որևէ տիպի գաղափարական, քաղաքական կամ կրոնական գրաքննության կամ առևտրային ճնշումների:
9.2. Գրադարանային հավաքածուները և ծառայությունները պետք է ներառեն տարբեր տեսակի կրիչներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ավանդական նյութեր:»։
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ կետերով.
«14) ապահովում է արտերկրի գրադարաններում հայկական գրավոր հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքները և հայագիտական հավաքածուի համալրումը՝ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակում.
15) սահմանում է գրադարանային աշխատողների պաշտոնների անվանացանկը և դրանց օրինակելի նկարագիրը.
16) հաստատում է հանրային գրադարանների աշխատողների ատեստավորման, ինչպես նաև ատեստավորող հանձնաժողովի ձևավորման կարգը․
17) ապահովում է հանրային գրադարանների գործառույթների իրականացման նկատմամբ մշտադիտարկում:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. |
Գրադարանային աշխատողը, նրա իրավունքները և պարտականությունները |
1. Գրադարանային աշխատողը այն անձն է, որն իրականացնում է գրադարանային գործառույթներ՝ համաձայն պաշտոնի նկարագրի։ Գրադարանային աշխատողի կարգավիճակը, գրադարանային աշխատողների պաշտոնների անվանացանկը և դրանց օրինակելի նկարագիրը սահմանում է գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմինը։
2. Հանրային գրադարանի աշխատողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմնի սահմանած կարգով իրականացվում է ատեստավորում:
3. Սույն օրենքով հանրային գրադարանի կարգավիճակ չունեցող այլ գրադարանների աշխատողների ատեստավորումը կարող է իրականացվել հիմնադրի որոշումով կամ գրադարանային աշխատողի նախաձեռնությամբ։
4. Գրադարանի աշխատողը գրադարանի միջոցներով կամ օրենքով չարգելված այլ միջոցներով կարող է անցնել վերապատրաստում՝ գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմնի սահմանած վերապատրաստման ծրագրի ուղղություններին համապատասխան։
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմինը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով։
6. Ատեստավորման հանձնաժողովը գրադարանի աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում:
7. Ատեստավորման գործընթացում հանրային գրադարանի աշխատողի ցուցաբերած արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման համար:
8. Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է հանրային գրադարանի աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման:
9. Գրադարանի աշխատողն իրավունք ունի՝
1) օրենքով սահմանված կարգով իր իրավասությունների շրջանակում իրականացնելու գրադարանների բնագավառում մասնագիտական գործունեություն՝ իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան.
2) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.
3) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իր մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.
4) ստանալու աշխատանքին համարժեք վարձատրություն՝ առանց որևէ խտրականության.
5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ իրավունքներից և երաշխիքներից.
6) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:
10. Գրադարանային աշխատողի պարտականություններն են՝
1) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազորված պետական մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.
2) իրեն վերապահված իրավասությունների շրջանակում կատարել գրադարանային գործի ընթացակարգերով սահմանված գործառույթները՝ պահպանելով օրենսդրության պահանջները.
3) պահպանել գրադարանի աշխատողի վարքագծի կանոնակարգի պահանջները:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.
«Հոդված 21.1. |
Գրադարանների ծառայությունները և տնտեսական գործունեությունը |
1. Գրադարաններում կազմակերպվող ծառայությունները հիմնականում միտված են տեղեկատվական, գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և հանգստի կազմակերպման նպատակներին, ընթերցանության խթանմանը, գրադարանային հավաքածուների հանրահռչակմանը, ինչպես նաև դրանց գործառնական նշանակության արդյունավետ իրացմանը:
2. Գրադարանները ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով:
3. Գրադարանները կարող են իրենց օգտագործման և սեփականության հանձնված գույքն ու տարածքները օգտագործել կամ հանձնել օգտագործման ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.
1) հուշանվերների պատրաստում և վաճառք.
2) լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպում, իրականացում՝ ոչ ֆորմալ ուսումնառության ձևերով.
3) հրատարակչական և պոլիգրաֆիական գործունեություն (գրքեր, պարբերականներ, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում).
4) կինոֆիլմերի ու տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում.
5) ցուցահանդեսների կազմակերպում.
6) սրճարանային գործունեություն.
7) ժամանցային մշակութային միջոցառումների անցկացում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանած գործունեության տեսակները կարող են իրականացվել գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե դրանց իրականացումը չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը:
5. Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է տվյալ գրադարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
6. Գրադարաններին հանձնված շենքերում և տարածքներում արգելվում է իրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է վտանգել գրադարանային հավաքածուների ամբողջականությունը կամ խոչընդոտում է գրադարանի հիմնական գործառույթների և սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հակասում է գրադարանների օգտագործման նպատակներին:
7. Արգելվում է գրադարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով:
8. Գրադարանային հավաքածուի պահպանության կանոնները խախտելու հետևանքով վնաս պատճառելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործունեությունն իրականացնելու ընթացքում վնաս պատճառելու դեպքերում վնաս պատճառած քաղաքացիները, կազմակերպությունները, գրադարանի աշխատակիցները կամ պաշտոնատար անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը սեփական միջոցների հաշվին, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցել պատճառած վնասը:»:
Հոդված 9. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-344-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: