ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 50-ապատիկի չափով» բառերով.
2) 2-րդ կետի «բազային տուրքի 25-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 150-ապատիկի չափով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի և Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձինք:»:
Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ պետական տուրքը սահմանված չափից ավելի վճարված լինելու դեպքի:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-5-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:
