ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի առաջին պարբերությունը «կառավարման» բառից առաջ լրացնել «պետության անվտանգության ապահովման,» բառերով։
Հոդված 2․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.20-րդ հոդվածով.
«Հոդված 206.20. |
Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը |
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնագրելու, գաղտնիության աստիճանը որոշելու, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու և դրանք փոփոխելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ժամկետները երկարաձգելու, կրճատելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծելու, ինչպես նաև ոչնչացնելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարության կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
4. Համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկություններ կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ գործածելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցների պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
6. Գաղտնի արտադրանքի թողարկման, ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի, ինչպես նաև անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
8. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
9․ Սույն հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով։
10. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումը կատարած անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված իրավախախտում կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 3. Օրենսգրքի 224.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «206.18-րդ և 206.19-րդ» բառերը փոխարինել «206.18-206.20-րդ» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք։».
3) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-343-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: