ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները).
6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետով.
«6.3) այլընտրանքային ծրագիր` հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիր։
Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝
ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր,
բ. փորձարարական կրթական ծրագիր՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր,
գ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր.».
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության, զարգացման ապահովման համար կրթական ծրագիր և աջակցություն իրականացնող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատության տեսակ.».
4) 10.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձ, որին հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.».
5) 10.7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 14.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14.2) տարակարգ` ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխանող աստիճանակարգ.».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.3-14.5-րդ կետերով.
«14.3) մասնագիտական չափանիշ՝ ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողությունների, պատասխանատվության նկարագիր.
14.4) ուսումնադաստիարակչական գործառույթ՝ հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողների կողմից իրականացվող ուսումնական և դաստիարակչական գործընթացների մշակմանը, կազմակերպմանը, իրականացմանը և համակարգմանն ուղղված աշխատանքներ.
14.5) դասագիրք՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրք.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.
2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.
3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.
4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները։».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:»։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն են, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները` ըստ կրթական աստիճանների:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանը կազմված է պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) հետևյալ բաղադրիչներից.
1) պետական բաղադրիչը ներառում է պարտադիր առարկայացանկը և դրան հատկացվող ժամաքանակները.
2) դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության սահմանած առարկաներին, ինչպես նաև կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության սահմանած առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
3) անհատական (ընտրովի) բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է տվյալ դասարանում սովորողի ընտրությամբ հետազոտական աշխատանքներին, խմբակներին հատկացված նվազագույն ժամաքանակները՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ հաստատությունների հետ։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի հիման վրա մշակում և հաստատում է իր ուսումնական պլանը:».
4) 7-րդ մասի վերջին պարբերությունից հանել «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:» նախադասությունը։
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն:».
2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մասնագիտացված և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև բժշկական հաստատություններում երկարատև բուժում ստացող կամ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեությունը և դրանց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով և իրավական այլ ակտերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ փորձարարական-հետազոտական:».
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Ոչ պետական ուսումնական հաստատության կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:»:
Հոդված 6. Օրենքի 10-12-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. | Պետական ուսումնական հաստատության կառավարումը |
1. Պետական ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
2. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Օրենսդրությամբ սահմանված կարգով մի քանի հաստատության համար կարող է ձևավորվել նաև միասնական խորհուրդ։
3. Պետական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը (այսուհետ՝ համակարգող), որոնք նշանակվում, ազատվում, և նրանց լիազորությունները դադարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում:
4. Պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի պատվիրակած իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
6. Պետական ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
7. Պետական ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ պետական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման գործընթացում: Պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների և այլ խորհուրդներ:
8. Պետական ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:
Հոդված 11. | Պետական ուսումնական հաստատության խորհրդի լիազորություններն ու դրանց դադարեցման հիմքերը |
1. Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝
1) աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը և տալիս եզրակացություն.
2) հաստատում է դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.
3) քննարկում է ուսումնադաստիարակչական գործունեության, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման մասին հաշվետվությունները.
4) քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները.
5) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան.
6) հաստատում է իր աշխատակարգը, նիստերի օրակարգը, ժամանակացույցը և ընտրում խորհրդի նախագահ.
7) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն տրված եզրակացության հիման վրա խորհրդի անդամների (մանկավարժական և ծնողական խորհուրդների դեպքում՝ միայն տվյալ հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առաջադրած անդամների) ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ, հիմք ընդունելով լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշներն ու պահանջները, կարող է անվստահություն հայտնել տնօրենին և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հիմնավոր առաջարկությամբ դիմել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին.
8) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված կամ դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`
1) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.
2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.
3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից։
3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի կողմից`
1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,
2) անդամին առաջադրած մարմնի կողմից հետկանչի,
3) խորհրդի որոշմամբ` հիմնավորված առաջարկություն ներկայացնելու,
4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու,
6) պետական ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,
7) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,
8) մանկավարժական կամ ծնողական խորհրդի առաջադրած անդամների՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած պահանջներն այլևս չբավարարելու,
9) նրա մահվան դեպքերում։
Հոդված 12. | Պետական ուսումնական հաստատության տնօրենը, համակարգողը և նրանց իրավասությունները |
1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը և համակարգողը նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։
3. Պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
4. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.
2) մասնակցություն վերապատրաստումներին՝ դիմողի նախաձեռնությամբ.
3) քննություն՝ թեստավորման միջոցով.
4) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։
5. Քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
6. Սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։
7. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։
8. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրն ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին։
9. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը հայտարարում է համապատասխան լիազոր մարմինը: Մրցույթի անցկացման նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմինը ձևավորում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է տնօրենի նշանակման համար:
10. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տնօրենի թեկնածուն լիազոր մարմին է ներկայացնում`
1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.
3) ուսումնական հաստատության հինգ տարվա զարգացման իր ծրագիրը:
11. Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց։
12. Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով։
13. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացության դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:
14. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:
15. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության դեպքում տվյալ անձը ուսումնական հաստատության տնօրեն կարող է նշանակվել միայն սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով քննություն հանձնելու և հավաստագիր ստանալու դեպքում։
16. Տնօրենը՝
1) խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.
2) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձևավորվում է տարիֆիկացիան և հաստատվում նրա կողմից.
3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում և հաստատում է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը.
4) ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները տրամադրում է համակարգողին` պահանջվող ծախսերը գնահատելու, նախահաշիվ կազմելու և լիազոր մարմին ներկայացնելու համար.
5) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնների նկատմամբ.
6) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.
7) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժների հաշվետվությունները.
8) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
9) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
10) նախարարության հաստատած ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.
11) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական կադրերի, դպրոցի օպերատորի և գործավարի (օգնականի), իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.
12) ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները.
13) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները.
14) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.
15) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը հերթական և կամավոր ատեստավորումներին.
16) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության մարմիններում.
17) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
18) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեությունը.
19) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.
20) ապահովում է լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
21) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը.
22) ապահովում է դպրոցում գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը.
23) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում է տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին).
24) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր.
25) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
26) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
17. Պետական ուսումնական հաստատության տնօրենը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 16-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի և խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ մանկավարժական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, սովորողների և աշխատակիցների կյանքի, առողջության պահպանման համար:
18. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
19. Պետական ուսումնական հաստատության համակարգողը՝
1) լիազոր մարմին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը՝ դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը.
2) հաստատում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված տարիֆիկացիան.
3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում և հաստատում է վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը.
4) գնահատում է տնօրենի տրամադրած՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը և ներկայացնում է լիազոր մարմին.
5) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները.
6) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի՝ անցկացնում է վարչատնտեսական աշխատակիցների թափուր տեղի համար մրցույթը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը.
7) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
8) ապահովում է անհրաժեշտ պայմաններ՝ ուսումնական պլանին համապատասխան կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.
9) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.
10) ապահովում է հաշվապահական հաշվառման իրականացումը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ.
11) ապահովում է դպրոցում գործածության ենթակա վարչատնտեսական փաստաթղթերի վարումը և պահպանումը.
12) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս է լիազորագրեր.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
14) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
15) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին, ինչպես նաև խորհրդին ներկայացնում ամենամյա հաշվետվություն սույն մասով սահմանված գործառույթների կատարման մասին.
16) աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
17) ապահովում է լիազորված մարմնի՝ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
18) իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցում է վերապատրաստումների Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.
19) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
20. Պետական ուսումնական հաստատության համակարգողը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ անվտանգության տեխնիկայի ապահովման, վարչատնտեսական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև սովորողների և աշխատակիցների կյանքի, առողջության և ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
21. Պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը՝
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
6) որը կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ է:
22. Նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձինք:»:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «սեպտեմբերի 1-ից» բառերից հետո լրացնել «և ավարտվում է օգոստոսի 31-ին» բառերով.
2) 3-րդ մասի «հենքային ուսումնական պլանով» բառերը փոխարինել «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.
1.2) տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին.».
2) 10-րդ մասի «տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու» բառերը փոխարինել «տվյալ ուսումնական տարվա ծրագրի բաց թողնված նյութը լրացնելու» բառերով:
Հոդված 9. Օրենքի 17.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «դպրոցական մակարդակ» բառերը փոխարինել «ուսումնական հաստատության մակարդակ» բառերով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ուսումնական հաստատություններին տրամադրում են խորհրդատվություն.»,
բ. 5-րդ կետը «անցկացնում են» բառերից հետո լրացնել «սեմինարներ, ինչպես նաև իրենց սպասարկման տարածքում գտնվող հանրակրթական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և մասնագետների» բառերով.
4) 6-րդ մասի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման միասնական մոտեցում և մշակում է մեթոդական ուղեցույցներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) մշտադիտարկում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների աշխատանքները.»,
գ. 4-րդ կետը «մանկավարժահոգեբանական մասնագետների համար» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով» բառերով,
դ. 5-րդ կետը «մասնագիտական խորհրդատվություն» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով» բառերով,
ե. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) համակարգում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա «Տվյալների բազա» բաժնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը, իրականացնում տվյալների վերլուծություն և տալիս առաջարկություններ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ.»:
Հոդված 10. Օրենքի 17.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը» բառերից հետո լրացնել «, կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա» բառերով.
2) 3-րդ մասի «շփման» բառը փոխարինել «կենսագործունեության» բառով:
Հոդված 11. Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասի «ծառայություններ» բառից հետո հանել «, իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին կետով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի 3.2-րդ կետի պայմանների» բառերը։
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասի «2» թիվը փոխարինել «1» թվով։
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում։»։
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. | Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը |
1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։
2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`
1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.
2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։
4. Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան։ Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։
5. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։
6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան։
8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:
11. Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման։
12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։
13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն։ Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:
15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
16. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:
17. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:
18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան։
19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։
20. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):
21. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.
2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:
22. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
23. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար։
24. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
25. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը։
26. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են։
27. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։»:
Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.
«13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.».
2) 2-րդ մասի՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցել վերապատրաստումների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.»,
գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.»:
Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) սահմանում է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը.».
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1) հաստատում է լիազորված մարմնի՝ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը.
6.2) հաստատում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի ընտրության (նշանակման) կարգը.».
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) սահմանում է ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը.».
5) 12-րդ կետը «ատեստավորման կարգը» բառերից առաջ լրացնել «հերթական» բառով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.4-րդ կետերով.
«12.1) սահմանում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը.
12.2) սահմանում է ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը.
12.3) սահմանում է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը.
12.4) հաստատում է կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը.».
7) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) սահմանում է տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը.»։
Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 6-րդ կետը «խորհրդի ձևավորման կարգը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ կրթահամալիրի, որի խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է կրթահամալիրի կանոնադրությամբ» բառերով.
2) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին: Իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի և համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի և համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.».
3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) սահմանում է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը.».
4) 26.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26.6) սահմանում է ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը).».
5) 26.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26.8) մշակում և հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները.».
6) 26.15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը.».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.16-26.22-րդ կետերով.
«26.16) սահմանում է ուսուցչի մասնագիտական չափանիշները.
26.17) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների գնահատման չափանիշները.
26.18) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը.
26.19) սահմանում է ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը.
26.20) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը.
26.21) սահմանում է սովորողների տնային ուսուցման կարգը.
26.22) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը.»։
Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի և համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի և համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.»:
Հոդված 19. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում «տնօրենը» բառը փոխարինել «համակարգողը» բառով:
Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
2) 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 21. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ 6-րդ հոդվածը՝ 2023 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 22. Սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կրթության ոլորտի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 23. Սույն օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Հոդված 24. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը առնվազն երեք տարի գործող այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի վրա, որոնք համարվում են երաշխավորված:
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 21 Երևան ՀՕ-35-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 փետրվարի 2022 թվական: