ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունիսի 4-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «օտարումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում գույքի առավել արդյունավետ օգտագործման կամ հանրության գերակա շահերի ապահովումը։»։
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում պետական գույքի վաճառքի գինը կարող է սահմանվել պետական գույքի կադաստրային արժեքի չափով։»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետական գույքը սահմանակից է օտարվող սեփականությանը և անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման և օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար, կամ պետական գույքը չօտարելու դեպքում այն կորցնելու է իր տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչև սահմանակից սեփականության օտարումը: Սույն կետով նախատեսված հիմքով պետական գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը ընդունում է Կառավարությունը՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման շրջանակներում: Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական գույքի օտարման գործառույթների իրականացումը հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ կարող է պատվիրակվել տվյալ համայնքի ղեկավարին:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 18 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2021 թվական: