Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-245-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.06.2021-01.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.19
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրողների իրավունքների պաշտպանությունն է, կոլեկտիվ ներդրումային համակարգի զարգացումը և ներդրումային ֆոնդերի ու ներդրումային ֆոնդերի կառավարիչների ստեղծման ու գործունեության համար միասնական կանոնների սահմանումը, ֆինանսական միջնորդության ավելացումը և արժեթղթերի շուկայում բնակչության լայն զանգվածների ներգրավումը:

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է կոլեկտիվ ներդրումների հետ կապված հարաբերությունները և սահմանում (կանոնակարգում) է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի տեսակները և դրանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի և ներդրումային ֆոնդի պահառուների իրավական կարգավիճակը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի կազմավորման, գործունեության, կառավարման ու դադարեցման հետ կապված հարաբերությունները.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդերի ներդրումային քաղաքականությանը ներկայացվող պահանջները.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերի վաճառքը.

5) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից վերահսկողության իրականացման և այդ պահանջների խախտման համար պատասխանատվության կիրառման կապակցությամբ ծագող հարաբերությունները:

2. Սույն օրենքով ներդրումային ֆոնդերի համար սահմանված դրույթները վերաբերում են հրապարակային ներդրումային ֆոնդերին, բոլոր տեսակի արժեթղթավորման ֆոնդերին, եթե կոնկրետ իրավական նորմի բովանդակությունում ուղղակի նշված չէ, որ այն վերաբերում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերին:

3. Արժեթղթավորման և կենսաթոշակային ֆոնդերի առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

4. Ներդրումային ֆոնդի կառավարչի՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(1-ին հոդվածը լրաց. 12.11.15 ՀՕ-138-Ն, 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

Հոդված 2.

Ներդրումային ֆոնդերի իրավական կարգավորումը

 

1. Ներդրումային ֆոնդերի (այդ թվում` ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի) և ներդրումային ֆոնդերի կառավարիչների կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով (հաշվի առնելով սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ներդրումային ֆոնդ` իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի կամ նմանատիպ այլ պայմանագրերի հիման վրա ձևավորված ակտիվների համախումբ, որն ստեղծվել և (կամ) գործում (օգտագործվում) է` որպես նպատակ կամ հիմնական նպատակներից մեկն ունենալով ներդրողներից հավաքագրված միջոցները միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում և (կամ) այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումների միջոցով ապահովել այդ միջոցների վերադարձը ներդրողներին կապիտալի ավելացման, շահաբաժինների և (կամ) այլ ֆինանսական եկամտի տեսքով` վերջինների կողմից իրավաբանական անձի կապիտալում (ակտիվների համախմբում) կատարված ներդրումներին համապատասխան և կախված այդ ներդրումների կառավարման արդյունքներից` անկախ այն հանգամանքից, թե այդ իրավաբանական անձը (ակտիվների համախումբը) իր հիմնադիր փաստաթղթերում կամ առաջարկի փաստաթղթերում բնութագրվում է որպես «ներդրումային ֆոնդ», թե ոչ, ինչպես նաև անկախ նրանից, թե սահմանված նպատակը և (կամ) գործունեությունն իրականում տվյալ իրավաբանական անձի (ակտիվների համախումբը կառավարող անձի) կողմից իրականացվել է, թե ոչ (այսուհետ` ֆոնդ): Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն կետով նախատեսված գործունեությունը որպես անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակ կամ հիմնական նպատակներից մեկը գնահատելու չափանիշներ: Ընդ որում, «ֆոնդ» հասկացության մեջ չեն ընդգրկվում`

ա. բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, վարկային կազմակերպությունը,

բ. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Երաշխավորման ֆոնդը, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը,

գ. պետության կողմից կամ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում ներդրումներ կատարող կազմակերպությունները,

դ. խումբը, հոլդինգը կամ նմանատիպ այլ անձը, որի հիմնական գործունեությունը ապրանքների արտադրությունը կամ ծառայությունների մատուցումն է (բայց ոչ ներդրումներն անշարժ գույքում), և որի կողմից արժեթղթերում ներդրումները պայմանավորված են գերազանցապես դրանք թողարկած անձանց կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու կամ դրանց վրա էապես ազդելու նպատակով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն ենթակետով նախատեսված դրույթները մանրամասնող չափանիշներ.

2) հրապարակային ֆոնդ` ոչ հրապարակային ֆոնդ չհամարվող ֆոնդ.

3) ոչ հրապարակային ֆոնդ` ֆոնդ, որի կանոնադրության (կանոնների) համաձայն` իր թողարկած արժեթղթերը չեն կարող տեղաբաշխվել հրապարակային առաջարկի, այդ թվում` բացառապես անորոշ թվով որակավորված ներդրողներին ուղղված առաջարկի միջոցով.

4) ֆոնդի տեսակ` ըստ ներդրումային քաղաքականության կամ ըստ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` ֆոնդի` սույն օրենքով նախատեսված կոնկրետ տեսակ.

5) ստանդարտ ֆոնդ` մասնագիտացված ֆոնդ չհամարվող ֆոնդի տեսակ, որի (ենթաֆոնդեր ունենալու դեպքում` նրա բոլոր ենթաֆոնդերի) ներդրումային քաղաքականությունը համապատասխանում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված պահանջներին, բացառությամբ չտարատեսականացված ստանդարտ ֆոնդերի.

6) մասնագիտացված ֆոնդ` անշարժ գույքի ֆոնդ, լրացուցիչ ռիսկով ֆոնդ (հեջ ֆոնդ), արժեթղթավորման ֆոնդ, ֆոնդերի ֆոնդ, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ (փրայվիթ էքուիթի ֆոնդ), այդ թվում` վենչուրային ֆոնդ, ինչպես նաև ֆոնդի այլ տեսակ, որի ակտիվներն ամբողջությամբ կամ որոշակի նվազագույն սահմանաչափերով, բայց ոչ պակաս, քան 30 տոկոսով ենթակա են ներդրման սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերում չնշված կոնկրետ տեսակի ակտիվներում.

7) չտարատեսականացված ֆոնդ` ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդ, որի (ենթաֆոնդեր ունենալու դեպքում` նրա թեկուզև մեկ ենթաֆոնդի) ներդրումային քաղաքականությունը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված պահանջներին (օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով մասնագիտացված ֆոնդի տվյալ տեսակի (բացառությամբ ուղղակիորեն որակավորված ներդրողների ֆոնդերի) համար սահմանված ակտիվների ներդրման տարատեսականացման պահանջներին).

8) պայմանագրային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա ձևավորված ակտիվների համախումբ.

9) կորպորատիվ ֆոնդ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ֆոնդ, որի ակտիվները հավաքագրվում են միայն բաժնետոմսերի կամ այլ բաժնային արժեթղթերի (այսուհետ` բաժնետոմսեր) տեղաբաշխման միջոցով.

10) փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն` բաժնետիրական ընկերություն, որը չունի ֆիքսված կապիտալ, և որի կապիտալը ցանկացած պահի հավասարարժեք է ֆոնդի զուտ ակտիվների արժեքին.

11) հաստատուն կապիտալով բաժնետիրական ընկերություն` փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն չհանդիսացող բաժնետիրական ընկերություն.

12) բաց ֆոնդ` ֆոնդի տեսակ, որը պարտավոր է իր յուրաքանչյուր մասնակցի պահանջով ցանկացած աշխատանքային օր սույն օրենքով սահմանված կարգով հետ գնել տվյալ մասնակցին պատկանող` ֆոնդի թողարկած արժեթղթերը.

13) միջակայքային ֆոնդ` ֆոնդի տեսակ, որը չի իրականացնում իր թողարկած արժեթղթերի շարունակական հիմքով հետգնում, բայց որը պարտավոր է իր կանոններով (կանոնադրությամբ) սահմանված միջակայքային ժամկետներում իր յուրաքանչյուր մասնակցի պահանջի առկայության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով հետ գնել տվյալ մասնակցին պատկանող` ֆոնդի թողարկած արժեթղթերը.

14) փակ ֆոնդ` ֆոնդի տեսակ, որը պարտավորություն չունի իր մասնակցի պահանջով հետ գնելու նրան պատկանող` ֆոնդի թողարկած արժեթղթերը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

15) ենթաֆոնդ` միևնույն ֆոնդի կազմում առանձնացված ակտիվների համախումբ, որն ունի գործունեության միասնական կանոններ և ֆոնդի ակտիվների այլ համախմբերից տարբերվում է իր ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, իր ակտիվների արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ.

16) ֆոնդի փայ` պայմանագրային ֆոնդի թողարկած անվանական ներդրումային արժեթուղթ, որը հավաստում է իր տիրապետողի` տվյալ ֆոնդի ակտիվներում փայամասնակցության իրավունքը (այսուհետ` փայ).

17) ֆոնդի ակտիվ` ֆոնդի` փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման միջոցով հավաքագրված դրամական միջոցները, սույն օրենքով թույլատրելի այն ակտիվները, որոնցում ներդրվել են հավաքագրված դրամական միջոցները և կառավարման շնորհիվ ստացված եկամուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ միջոցներ.

18) իրացվելի ակտիվ` դրամական միջոց կամ այլ ակտիվ, որը հնարավոր է կարճ ժամանակում առանց դրանց սեփականատիրոջ համար էական կորուստների վերածել դրամական միջոցների.

19) ֆոնդի զուտ ակտիվների արժեք` ֆոնդի ակտիվների շուկայական արժեքների հանրագումարի և սույն օրենքով ու ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված դեպքերում ու կարգով ֆոնդի (պայմանագրային ֆոնդի ակտիվների հաշվին` կառավարչի) ստանձնած պարտավորությունների արժեքի տարբերությունը.

20) փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեք` արժեք, որը հավասար է ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքի և տվյալ ֆոնդի (ենթաֆոնդի) տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր քանակի հարաբերությանը.

21) ֆոնդի մասնակից` սույն օրենքի համապատասխան` ֆոնդի թողարկած արժեթղթերի սեփականատեր.

22) ֆոնդի կառավարիչ` սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած անձ, որն իրականացնում է սույն օրենքին համապատասխան ստեղծված ֆոնդի կառավարումը (այսուհետ` կառավարիչ).

23) ֆոնդի պահառու` ֆոնդի ակտիվների պահառության ծառայություն մատուցող անձ, որը սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով և ֆոնդի (նրա կառավարչի) հետ կնքված պայմանագրի հիման վրա ի պահ է ընդունում, պահպանում և հաշվառում է ֆոնդի ակտիվները, իրականացնում է ֆոնդի ակտիվների կառավարման հետ կապված գործարքների սպասարկումը և դրանց հիման վրա ակտիվների փոխանցումը, ինչպես նաև իր իրավասությունների շրջանակում վերահսկում է տվյալ ֆոնդի կառավարչի գործունեությունը` ի շահ ֆոնդի մասնակիցների (այսուհետ` պահառու).

24) ֆոնդի գործակալ` կառավարչի հետ կնքված պայմանագրի հիման վրա փայերի կամ բաժնետոմսերի վաճառքը և (կամ) հետգնումը (մարումը) իրականացնող անձ (այսուհետ` գործակալ).

25) որակավորված ներդրողների ֆոնդ` ստանդարտ կամ մասնագիտացված ֆոնդ, որի թողարկած փայերը (բաժնետոմսերը), օրենքին կամ իր կանոններին (կանոնադրությանը) համապատասխան, կարող են առաջարկվել միայն`

ա. որակավորված ներդրողներին և (կամ)

բ. այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող փայի (բաժնետոմսի) գնման գինը (յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը) գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը.

26) ինդեքսային ֆոնդ` ստանդարտ ֆոնդի տեսակ, որի ներդրումային քաղաքականության նպատակը որոշակի բաժնետոմսերի կամ պարտատոմսերի ինդեքսի կառուցվածքի կրկնօրինակումն է.

27) կենսաթոշակային ֆոնդ՝ ֆոնդ, որի ակտիվները ձևավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պարտադիր կարգով կատարվող կուտակային հատկացումների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդ) կամ կամավոր կենսաթոշակային վճարների (կամավոր կենսաթոշակային ֆոնդ) և դրանց ներդրման հաշվին, և որի մասնակիցներին ֆոնդի ակտիվներից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձևով մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

(3-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-68-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 4.

Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները

 

1. Ֆոնդը (այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդը) կարող է ստեղծվել և իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեությունը միայն սույն օրենքով նախատեսված կարգով ֆոնդը (դրա կանոնները) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից:

2. Ֆոնդը (այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդը) կարող է ստեղծվել պայմանագրային կամ կորպորատիվ ֆոնդի կարգավիճակով:

3. Ըստ ներդրումային քաղաքականության` ֆոնդը կարող է լինել ստանդարտ կամ մասնագիտացված:

4. Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` ֆոնդը կարող է լինել բաց, փակ կամ միջակայքային:

5. Կենսաթոշակային ֆոնդը չի կարող լինել փակ կամ միջակայքային ֆոնդ: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես բաց պայմանագրային ֆոնդ:

6. Ֆոնդը չի կարող իրականացնել սույն օրենքով ֆոնդի համար չնախատեսված գործունեություն:

(4-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 5.

Ֆոնդի անվանումը և «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ», «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների ու դրանց ածանցյալների օգտագործման սահմանափակումները

(վերնագիրը լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված ֆոնդերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ ֆոնդի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի կամ իրականացվող գործունեության վերաբերյալ:

2. Պայմանագրային ֆոնդի անվանումը պետք է պարունակի իր կառավարչի անվանումը: Միևնույն կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերը չեն կարող ունենալ միևնույն կամ շփոթելու աստիճան իրար նման անվանումներ:

3. Արգելվում է Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում չունեցող անձանց կողմից «ներդրումային ֆոնդ»,«կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց հոլովված ձևերի, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունների, թարգմանությունների կամ դրանց զուգորդությունների, ինչպես նաև գործարար ավանդույթի շրջանակներում ֆոնդերի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն բնութագրող անվանումների օգտագործումն իրենց անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց ածանցյալների կամ նշված անվանումների օգտագործման իմաստից չի բխում, որ խոսքը չի վերաբերում ներդրումային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի և արժեթղթավորման ֆոնդի` սույն օրենքով և (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված գործունեությանը, և եթե նման օգտագործման իրավունքը չի վերապահվել օրենքով կամ միջազգային պայմանագրով: 

(5-րդ հոդվածը լրաց., խմբ. 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

Հոդված 6.

Ֆոնդի գտնվելու վայրը

 

1. Ֆոնդի գտնվելու վայրը նրա կառավարչի գտնվելու վայրն է:

 

Հոդված 7.

Գործակալը

 

1. Ֆոնդը կարող է ունենալ գործակալ (գործակալներ):

2. Գործակալ կարող է լինել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներդրումային ծառայություններ մատուցող այն անձը, որի հետ կառավարիչը կնքել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագիր:

3. Գործակալը փայերի կամ բաժնետոմսերի վաճառքը և (կամ) հետգնումը (մարումը) իրականացնում է ֆոնդի (պայմանագրային ֆոնդի դեպքում` կառավարչի) անունից և ֆոնդի հաշվին համապատասխան հայտերի ընդունմամբ և կառավարչին փոխանցմամբ և (կամ) դրամական միջոցների ընդունմամբ, փոխանցմամբ և վճարումների կատարմամբ` պայմանագրային ֆոնդի դեպքում նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի գործակալ:

 

Հոդված 8.

Ոչ հրապարակային ֆոնդը

 

1. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդը չի կարող ունենալ բաց բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձև:

2. Ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հրապարակային տեղաբաշխում չի կարող իրականացվել:

3. Ոչ հրապարակային ֆոնդը կարող է ունենալ ոչ ավելի, քան 49 մասնակից: Մասնակիցների քանակը 49-ից անցնելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել իր մասնակիցների թիվը: Հակառակ դեպքում այն ենթակա է դատական կարգով լուծարման:

4. Կենտրոնական բանկի պահանջով ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել սույն օրենքի 92-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությունները:

5. Ոչ հրապարակային ֆոնդի (պայմանագրային ֆոնդի կանոնների), նրա կանոնադրությունում (կանոններում) կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների գրանցման և ոչ հրապարակային ֆոնդի վերակազմակերպման, տեսակի փոփոխման և լուծարման (դադարման) կարգի և պայմանների նկատմամբ տարածվում են սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով, 23-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 24-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, ինչպես նաև 8-րդ բաժնով որակավորված ներդրողների ֆոնդերի համար նախատեսված համապատասխան դրույթները, բացառությամբ վերակազմակերպման և տեսակի փոփոխման սահմանափակումների, ինչպես նաև լուծարման (դադարման) հիմքերին վերաբերող նորմերի: Ընդ որում, սույն մասի համաձայն կիրառման ենթակա դրույթները պահառուին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդերի նկատմամբ միայն համապատասխան առանձնացված պահառուի առկայության դեպքում, իսկ կառավարչին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու իրավունք ունեցող անձի (անկախ սույն օրենքի իմաստով կառավարիչ ճանաչվելու հանգամանքից) նկատմամբ միայն կիրառելիության դեպքում: Բացի այդ, ոչ հրապարակային ֆոնդի գրանցման ժամանակ պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն դրա գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները: Վերջինները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն նաև դրանց յուրաքանչյուր փոփոխության դեպքում փոփոխությունից հետո` տասը օրացուցային օրվա ընթացքում:

 

Հոդված 9.

Չտարատեսականացված ֆոնդը

 

1. Չտարատեսականացված ֆոնդի կանոններում (կանոնադրությունում) նշվում է դրա` չտարատեսականացված ֆոնդ լինելու մասին:

2. Չտարատեսականացված ֆոնդը համարվում է որակավորված ներդրողների ֆոնդ:

 

Հոդված 10.

Պայմանագրային և կորպորատիվ ֆոնդերը

 

1. Պայմանագրային ֆոնդը կառավարվում է կառավարչի կողմից` ֆոնդի կանոնների (ֆոնդի կառավարման պայմանագրերի) հիման վրա:

2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման շնորհիվ ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ինչպես նաև ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու իրավունքներով` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով: Փակ պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը դրսևորվում է նաև ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով ֆոնդի մասնակիցների ընդհանուր ժողովին (այսուհետ` ֆոնդի ժողով) վերապահված իրավասություններով առաջարկություններ ներկայացնելու և որոշումներ կայացնելիս իրենց պատկանող փայերի քանակին և հաշվարկային արժեքին համապատասխան ձայների քանակով ֆոնդի ժողովին մասնակցության իրավունքով, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Պայմանագրային ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման:

4. Պայմանագրային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի կառավարիչ, և որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին:

5. Պայմանագրային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով կառավարչի ստանձնած պարտավորությունների կատարման կարգի և պայմանների (այդ թվում` դրանց համար նրա պատասխանատվության շրջանակների) նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող պայմանագրային ֆոնդի կառավարչի համար սահմանված համապատասխան դրույթները:

6. Կորպորատիվ ֆոնդը կարող է հանդես գալ միայն հաստատուն կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերության, իսկ լրացուցիչ ռիսկով ֆոնդերի և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի դեպքում` նաև վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով:

7. Կորպորատիվ ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է տվյալ ֆոնդի անունից և նրա հաշվին: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարիչն իր գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն է կրում տվյալ ֆոնդի պարտավորությունների համար:

 

Հոդված 11.

Բաց, փակ և միջակայքային ֆոնդերը

 

1. Բաց ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն:

2. Փակ և միջակայքային ֆոնդերը կարող են հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ հաստատուն կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն, իսկ արժեթղթավորման ֆոնդերի, լրացուցիչ ռիսկով ֆոնդերի և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի դեպքում` նաև որպես վստահության վրա հիմնված ընկերակցություն: Այն միջակայքային կորպորատիվ ֆոնդը, որի կանոնադրությամբ իր բաժնետոմսերի հետգնման միջակայքը նախատեսված է տարեկան մեկ անգամից ոչ ավելի պարբերականությամբ, չի կարող ունենալ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձև:

(11-րդ հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

Հոդված 12.

Ենթաֆոնդերը

 

1. Պայմանագրային ֆոնդը կարող է բաժանվել ենթաֆոնդերի:

2. Ֆոնդի կանոններում պետք է նշվի առկա ենթաֆոնդերի և նրանցից յուրաքանչյուրի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի և կառավարչի պարգևավճարի առանձնահատկությունների մասին (առկայության դեպքում):

3. Յուրաքանչյուր ենթաֆոնդի մասնակից կարող է պահանջ ներկայացնել միայն իր ենթաֆոնդի ակտիվների նկատմամբ: Յուրաքանչյուր ենթաֆոնդ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով կարգավորվող հարաբերություններում դիտվում է որպես առանձին պայմանագրային ֆոնդ:

4. Կառավարիչը կարող է փոփոխել ենթաֆոնդի ներդրումային քաղաքականությունը կամ միացնել մի ենթաֆոնդը նույն ֆոնդի այլ ենթաֆոնդի` պայմանագրային ֆոնդերի տեսակի փոփոխության և միացման համար սույն օրենքով սահմանված կանոններին համապատասխան` ֆոնդի կանոնների մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:

5. Ֆոնդի կանոնների գրանցումից (ենթաֆոնդի ստեղծմամբ պայմանավորված` ֆոնդի կանոններում կատարված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից) հետո` 6 ամսվա ընթացքում, ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքի` սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունը ձեռք չբերվելու, ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունից 60 օրացուցային օրից ավելի ժամկետով նվազելու կամ ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծության 1/2-ից նվազելու դեպքում ենթաֆոնդը ենթակա է դադարեցման, և նրա ակտիվները պետք է վերադարձվեն ենթաֆոնդի մասնակիցներին սույն օրենքով պայմանագրային ֆոնդի դադարեցման համար սահմանված կարգով:

6. Սույն օրենքով ֆոնդի զուտ ակտիվների արժեքի և փայերի հաշվարկային արժեքի հաշվարկմանը և հրապարակմանը, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարներին վերաբերող դրույթները տարածվում են նաև ենթաֆոնդերի զուտ ակտիվների արժեքի և փայերի հաշվարկային արժեքի հաշվարկման և հրապարակման և տեղաբաշխման ու հետգնման (մարման) վճարների նկատմամբ:

 

Հոդված 13.

Ֆոնդում մասնակցությունը

 

1. Ֆոնդում մասնակցությունը հավաստվում է ֆոնդի փայով կամ ֆոնդի բաժնետոմսով:

2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի բաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և տվյալ ֆոնդի` շրջանառության մեջ գտնվող բոլոր փայերի ընդհանուր թվի հարաբերությամբ:

3. Եթե պայմանագրային ֆոնդը ունի տարբեր դասերի փայեր, ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և շրջանառության մեջ գտնվող տվյալ դասի բոլոր փայերի քանակի հարաբերությունը բազմապատկելով տվյալ դասի բոլոր փայերի զուտ ակտիվների արժեքի և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հարաբերությամբ:

4. Ֆոնդի մասնակից չեն կարող լինել տվյալ ֆոնդի պահառուն, տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստրավարը (եթե այդ գործառույթն իրականացնում է կառավարչից տարբերվող անձը), տվյալ ֆոնդի անկախ աուդիտն իրականացնող անձը և նրանց հետ փոխկապակցված անձինք:

5. Չտարատեսականացված ֆոնդի, ինչպես նաև մասնագիտացված ֆոնդի, բացառությամբ անշարժ գույքի ֆոնդի, արժեթղթավորման ֆոնդի և ֆոնդերի ֆոնդի թողարկած փայերը (բաժնետոմսերը), եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան տեսակի ֆոնդի գործունեությունը կարգավորող օրենքով, կարող են առաջարկվել միայն`

1) որակավորված ներդրողներին.

2) այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող փայի (բաժնետոմսի) գնման գինը (յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը) գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը:

 

Հոդված 14.

Նախապատվության իրավունքը

 

1. Ֆոնդի (բացառությամբ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի) մասնակիցները չունեն նոր թողարկվող փայերի (բաժնետոմսերի) ձեռքբերման նախապատվության իրավունք:

 

Հոդված 15.

Փայերի (բաժնետոմսերի) փոխանցելիությունը

 

1. Փակ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) չի կարող սահմանափակվել ֆոնդի մասնակիցների իրավունքը` վերավաճառել իրենց պատկանող փայերը (բաժնետոմսերը) կարգավորվող շուկայում:

2. Փակ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) ենթակա են պարտադիր թույլտվության կարգավորվող շուկայում առևտրին:

3. Կենսաթոշակային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) կարող են փոխանցվել այլ անձի բացառապես «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժառանգման կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն կիրառվում արժեթղթավորման ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) նկատմամբ, եթե արժեթղթավորման ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսվում է, որ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) ենթակա են տեղաբաշխման նախաձեռնողների, կառավարչի կամ նախապես սահմանված այլ անձանց միջև:

(15-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

Հոդված 16.

Ֆոնդի զուտ ակտիվները

 

1. Ֆոնդի, ինչպես նաև յուրաքանչյուր ենթաֆոնդի զուտ ակտիվների նվազագույն արժեքը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Այդ պահանջը կիրառվում է ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումից (ենթաֆոնդի ստեղծմամբ պայմանավորված` ֆոնդի կանոններում կատարված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից) 6 ամիս հետո:

2. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը, զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալների էականության չափանիշները և էական ճանաչված սխալների ուղղման (այդ թվում՝ ֆոնդի մասնակիցներին փոխհատուցման) կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

3. Ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեքների համագումարը միշտ պետք է հավասար լինի ֆոնդի զուտ ակտիվների արժեքին:

4. Կառավարիչը ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն չափից նվազելու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:

(16-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 17.

Ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը

 

1. Ֆոնդի ակտիվներից կարող են գանձվել միայն այն վճարները (այդ թվում` կառավարչի և պահառուի պարգևավճարները, ֆոնդի հարկերը), որոնք սահմանված են օրենքով:

2. Ֆոնդի ակտիվների հաշվին կարող են կատարվել միայն ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված ծախսերը, ինչպես նաև այն ծախսերը, որոնց կատարումը ֆոնդի ակտիվների հաշվին անմիջականորեն նախատեսված է սույն օրենքով: Արժեթղթավորման ֆոնդի հաշվին կարող են կատարվել նաև ֆոնդի թողարկած արժեթղթերի վարկանշման, արժեթղթերի գծով պարտավորությունների կատարման երաշխիքի կամ երաշխավորություն ձեռք բերելու կամ ակտիվների ապահովագրության, վարկային գրավչության այլ տեսակների հետ կապված ծախսերը, եթե դրանք նախատեսված են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վճարներն ու ծախսերը չեն կարող գերազանցել ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված առավելագույն սահմանաչափերը:

4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վճարների ու ծախսերի թույլատրելի ուղղությունները և դրանց առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև կառավարչի և պահառուի պարգևավճարների հաշվարկման կարգը: Այդ սահմանաչափերը կարող են տարբերակվել` կախված ֆոնդի տեսակից:

(17-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-213-Ն, լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

Հոդված 18.

Ֆոնդի շահաբաժինները

 

1. Ֆոնդը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի) կարող է ստացած զուտ եկամուտները բաշխել իր մասնակիցներին շահաբաժինների տեսքով` դրամական միջոցներով և (կամ) ֆոնդի կանոնադրությամբ (կանոններով) նախատեսված լինելու դեպքում իր թողարկած փայերով (բաժնետոմսերով):

2. Կորպորատիվ ֆոնդը պահուստային կապիտալ չի ստեղծում:

 

Հոդված 19.

Ֆոնդի ակտիվների բաժանումը և դրանցից բաժնի առանձնացումը

 

1. Արգելվում է պայմանագրային ֆոնդի ակտիվների բաժանումը կամ դրանցից որևէ մասնակցի բաժինը առանձնացնելը, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի դադարման ժամանակ ֆոնդի ակտիվները մասնակիցների միջև բաշխվելու դեպքի:

2. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող փայի (փայերի) (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի) նկատմամբ` փայի հաշվարկային արժեքի և ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով` հանելով փայի իրացման, այդ թվում` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը:

 

Հոդված 20.

Ֆոնդի վերակազմակերպումը

 

1. Սույն օրենքով ստեղծված ֆոնդը կարող է վերակազմակերպվել միայն սույն օրենքով նախատեսված այլ ֆոնդի: Հրապարակային ֆոնդը չի կարող վերակազմակերպվել ոչ հրապարակային ֆոնդի: Կենսաթոշակային ֆոնդը չի կարող վերակազմակերպվել կենսաթոշակային ֆոնդ չհամարվող այլ ներդրումային ֆոնդի:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 21.

Ֆոնդի ստեղծումը

 

1. Ֆոնդը ստեղծված է համարվում սույն օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից ֆոնդի (կորպորատիվ ֆոնդի դեպքում) կամ դրա կանոնների (պայմանագրային ֆոնդի դեպքում) գրանցման պահից:

2. Ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման համար հիմնադիրը (հիմնադիրները) կամ կառավարիչը (պայմանագրային ֆոնդի դեպքում` կառավարիչը) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում`

1) ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման միջնորդագիրը.

2) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը` ֆոնդ ստեղծելու մասին (կորպորատիվ ֆոնդի դեպքում).

3) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու (բացառությամբ, եթե կորպորատիվ ֆոնդն ստեղծվում է ոչ կառավարչի նախաձեռնությամբ) և կառավարելու մասին.

4) ֆոնդի կանոնադրության (կանոնների) նախագիծը.

4.1) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ (կորպորատիվ ֆոնդի դեպքում), որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով.

5) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը ֆոնդի կանոնները հաստատելու մասին (պայմանագրային ֆոնդի դեպքում).

6) կառավարչի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը (կորպորատիվ ֆոնդի դեպքում).

7) կառավարչի և պահառուի միջև կնքված (պայմանագրային ֆոնդի դեպքում) կամ պահառուի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված (կորպորատիվ ֆոնդի դեպքում) ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը.

8) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) (կորպորատիվ ֆոնդի դեպքում) կամ ֆոնդի ժողովի (փակ պայմանագրային ֆոնդի դեպքում, որի կանոններով նախատեսված չէ, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում) որոշումը ֆոնդի կանոնադրության (կանոնների) և ֆոնդի պահառության պայմանագրերի նախագծերը հաստատելու (պայմանագրային ֆոնդի կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու) մասին.

9) ֆոնդի ազդագիրը (բացառությամբ որակավորված ներդրողների ֆոնդի և բաց ֆոնդի).

10) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

11) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

3. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հավաստիությունը գնահատելու համար:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին, եթե ներկայացվել են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, և առկա չեն ֆոնդի կանոնների գրանցումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագիրը ներկայացնելու պահից 30 (որակավորված ներդրողների ֆոնդի դեպքում` 10) աշխատանքային օրվա ընթացքում:

6. Կենտրոնական բանկը պարտավոր է կորպորատիվ ֆոնդի գրանցման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցման վկայականը հանձնել միջնորդագիր ներկայացրած անձին: Սույն մասով նախատեսված գրանցման վկայականի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

7. Կենտրոնական բանկը ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազոր մարմնին` վերջինիս կողմից ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

8. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից կորպորատիվ ֆոնդը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

(21-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-141-Ն, փոփ. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 22.

Ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մերժման հիմքերը

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.

2) կառավարման պայմանագիրը չի բավարարում սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները (կորպորատիվ ֆոնդի դեպքում).

3) պահառության պայմանագրի նախագիծը և (կամ) ազդագիրը չեն բավարարում սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

4) ֆոնդի կանոնադրությունը (կանոնները) հակասում է օրենքին, դրա վրա հիմնված այլ նորմատիվ իրավական ակտերին և (կամ) չի բխում ֆոնդի մասնակիցների շահերից:

2. Որակավորված ներդրողների ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման ժամանակ ֆոնդի կանոնադրության (կանոնների), ֆոնդի կառավարման պայմանագրի և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերի բովանդակությունը չի ստուգվում:

 

Հոդված 23.

Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը

 

1. Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը, ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց կանոնադրությանը ներկայացվող պահանջներին, պետք է պարունակի`

1) ֆոնդի տեսակը (ըստ ներդրումային քաղաքականության և ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի) և կարգավիճակը (կորպորատիվ ֆոնդ).

2) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, այդ թվում` ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները, ներդրումների հետ կապված ռիսկերի համառոտ նկարագիրը.

3) ածանցյալներով գործարքների կնքման նպատակները, թույլատրելի ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, սահմանաչափերը, թույլատրելի ռիսկերի առավելագույն չափերը և դրանց հաշվարկման մեթոդը, եթե ֆոնդի կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ածանցյալ ֆինանսական գործիքներում.

4) ֆոնդի բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման), ինչպես նաև դրանց թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցման կարգը և պայմանները.

5) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը.

6) ֆոնդի ակտիվներից կառավարչին և պահառուին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը.

7) ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի տեսակները և դրանց առավելագույն չափը.

8) ֆոնդի բաժնետոմսերի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և հրապարակման կարգն ու ժամկետները.

9) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի ակտիվների զուտ արժեքի հաշվարկման կարգը.

10) կառավարչի և պահառուի փոփոխման կարգը և պայմանները.

11) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում).

12) տեղեկատվության հրապարակման կարգը.

13) ֆոնդի կանոնադրության փոփոխման կարգը.

14) ֆոնդի տեսակի փոփոխման, ֆոնդի վերակազմակերպման և ֆոնդի լուծարման կարգը.

15) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բաց կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունում ներառման ենթակա այլ դրույթներ և տեղեկություններ:

3. Ֆոնդի կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները և (կամ) լրացումները ենթակա են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից: Բաց կորպորատիվ ֆոնդի բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) հետևանքով կապիտալի փոփոխությունները չեն առաջացնում ֆոնդի կանոնադրության փոփոխության անհրաժեշտություն:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է գրանցել ֆոնդի կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները, եթե դրանք հակասում են օրենքին, դրա վրա հիմնված այլ նորմատիվ իրավական ակտերին և (կամ) չեն բխում ֆոնդի մասնակիցների շահերից:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում ֆոնդի կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների գրանցմանը վերաբերող դրույթները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա, և վերջինների կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ` Կենտրոնական բանկ ներկայացվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առանց այդ փոփոխությունների և (կամ) լրացումների բովանդակության ստուգման, եթե առկա չէ ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից դրանց` օրենքին և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին:

(23-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 24.

Պայմանագրային ֆոնդի կանոնները

 

1. Պայմանագրային ֆոնդի կանոնները առնվազն ներառում են`

1) ֆոնդի անվանումը և գործունեության ժամկետը (եթե նրա գործունեությունը սահմանափակված է որոշակի ժամկետով), կառավարչի, պահառուի և ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի (եթե այն կառավարչից տարբերվող այլ անձ է) անվանումը և գտնվելու վայրը.

2) ֆոնդի տեսակը (ըստ ներդրումային քաղաքականության և ըստ փայերի թողարկման և հետգնման կառուցակարգի) և կարգավիճակը (պայմանագրային ֆոնդ).

3) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, այդ թվում` ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները, ներդրումների հետ կապված ռիսկերի համառոտ նկարագիրը.

4) ածանցյալներով գործարքների կնքման նպատակները, թույլատրելի ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, սահմանաչափերը, թույլատրելի ռիսկերի առավելագույն չափերը և դրանց հաշվարկման մեթոդը, եթե ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ածանցյալ ֆինանսական գործիքներում.

5) փայերի դասերը և դրանցից յուրաքանչյուրով հավաստվող իրավունքները, փայի անվանական արժեքը (առկայության դեպքում).

6) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը.

7) ֆոնդի ակտիվներից կառավարչին և պահառուին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը, ֆոնդի հաշվին կատարվող ծախսերի տեսակները և դրանց առավելագույն չափը.

8) փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և հրապարակման կարգն ու ժամկետները.

9) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.

10) տեղեկատվության հրապարակման կարգը.

11) ֆոնդի կանոնների փոփոխման կարգը.

12) կառավարչի և պահառուի փոփոխման կարգը և պայմանները.

13) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում).

14) փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման), ինչպես նաև փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցման կարգը և պայմանները.

15) փայերի փոխանակման կարգը և պայմանները, եթե նախատեսվում է փայերի փոխանակման հնարավորություն.

16) ֆոնդի մասնակիցների և կառավարչի իրավունքները և պարտականությունները.

17) փակ ֆոնդի ժողովի գումարման նվազագույն պարբերականությունը, անցկացման և որոշումների ընդունման կարգը, արտահերթ ժողով գումարելու դեպքերը և կարգը, ինչպես նաև ֆոնդի ժողովին վերապահված բացառիկ իրավասությունները կամ նշում այն մասին, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում.

18) ֆոնդի տեսակի փոփոխման, ֆոնդի միացման և ֆոնդի դադարման կարգը.

19) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բաց պայմանագրային ֆոնդի կանոններում ներառման ենթակա այլ դրույթներ և տեղեկություններ:

3. Փայի ձեռքբերմամբ ֆոնդի կանոնները համարվում են ֆոնդի մասնակցի կողմից ընդունված:

4. Ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները և (կամ) լրացումները ենթակա են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցվելու պահից, բացառությամբ սույն օրենքի 26-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված դեպքի:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է գրանցել ֆոնդի կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները, եթե դրանք հակասում են օրենքին, դրա վրա հիմնված այլ նորմատիվ իրավական ակտերին և (կամ) չեն բխում ֆոնդի մասնակիցների շահերից:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում ֆոնդի կանոնների փոփոխությունների և (կամ) լրացումների գրանցմանը վերաբերող դրույթները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա, և վերջինների կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ` Կենտրոնական բանկ ներկայացվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առանց այդ փոփոխությունների և (կամ) լրացումների բովանդակության ստուգման, եթե առկա չէ ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից դրանց` օրենքին և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին:

(24-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն, 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 25.

Կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագիրը

 

1. Կորպորատիվ ֆոնդի և կառավարչի միջև կնքվող պայմանագիրը առնվազն պարունակում է`

1) կառավարչի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` նրա նկատմամբ ֆոնդի ժողովի (դրա առկայության դեպքում) և պահառուի փոխադարձ իրավասություններն ու պարտականությունները.

2) կառավարչին վճարվող պարգևավճարի չափը և հաշվարկման կարգը.

3) կառավարչի կառավարմանը փոխանցվող ակտիվների կազմը, կառուցվածքը և շուկայական արժեքը.

4) կառավարչի կողմից ֆոնդին տրամադրման ենթակա տեղեկատվությունը.

5) պայմանագրի փոփոխման և դադարեցման հիմքերն ու կարգը:

2. Կառավարիչը կարող է հրաժարվել կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրից միայն սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված դեպքում:

3. Կորպորատիվ ֆոնդը (բացառությամբ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի) կարող է միակողմանիորեն ուժը կորցրած ճանաչել կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագիրը միայն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով, որի համար պահանջվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը: Առանց սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերի առկայության` կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է միակողմանիորեն լուծվել կորպորատիվ ֆոնդի կողմից Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու դեպքում և ֆոնդի ժողովի կողմից նման որոշում կայացնելուց ոչ շուտ, քան վաթսուն օրացուցային օր հետո: Սույն մասով նախատեսված Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար:

4. Կենտրոնական բանկի պահանջով կորպորատիվ ֆոնդը (բացառությամբ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի) պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում ուժը կորցրած ճանաչել կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագիրը` ֆոնդի մասնակիցների օրինական շահերը պաշտպանելու նպատակով, եթե կառավարիչը չի կատարում օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոնադրությամբ սահմանված իր պարտականությունները կամ բազմիցս կամ չարամտորեն կամ կոպիտ կերպով խախտել է դրանց պատշաճ կատարման պահանջը:

5. Կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրի գործողությունը դադարում է կառավարչի լիցենզիան կամ, կենսաթոշակային ֆոնդի դեպքում, համապատասխան թույլտվությունը ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև ֆոնդի լուծարման պահից:

6. Կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարվելու, ինչպես նաև նոր կառավարչի հետ ֆոնդի կառավարման պայմանագիր կնքվելու դեպքում այդ փոփոխությունները (պայմանագիրը) պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները (պայմանագիրը) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով ենթակա են գրանցման Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և ուժի մեջ են մտնում գրանցվելու պահից, բացառությամբ սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դեպքի:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի փոփոխությունների կամ նոր պայմանագրի գրանցումը, եթե դրանք չեն բավարարում սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում ֆոնդի կառավարման պայմանագրում կատարված փոփոխությունների և նոր կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագրերի գրանցմանը վերաբերող դրույթները չեն տարածվում որակավորված ներդրողների կորպորատիվ ֆոնդերի վրա, և վերջինների կառավարման պայմանագրում կատարված փոփոխությունները և նոր կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագրերը գրանցում է Կենտրոնական բանկի նախագահը` առանց դրանց բովանդակության ստուգման, եթե առկա չէ ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից այդ փոփոխությունների կամ պայմանագրի` սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու մասին:

 

Հոդված 26.

Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը

 

1. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրի պայմանները սահմանվում են ֆոնդի կանոններով:

2. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրին միանալը կատարվում է ֆոնդի մասնակցի կողմից փայի ձեռքբերմամբ:

3. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է փայի օտարմամբ, այդ թվում` հետգնմամբ (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում), ինչպես նաև ֆոնդի դադարեցմամբ:

4. Կառավարիչը կարող է հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից միայն սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված դեպքում, ինչպես նաև պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

5. Կենտրոնական բանկը կարող է իր նախաձեռնությամբ կամ համապատասխան ֆոնդի պահառուի միջնորդության հիման վրա պահանջել կառավարչից հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից` ֆոնդի մասնակիցների օրինական շահերը պաշտպանելու նպատակով, եթե կառավարիչը չի կատարում օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունները կամ բազմիցս կամ չարամտորեն կամ կոպիտ կերպով խախտել է դրանց պատշաճ կատարման պահանջը:

6. Բացի սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերից, պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը դրա կողմ համարվող կառավարչի փոփոխության ձևով փոփոխվում է նաև կառավարչի լիցենզիան կամ կենսաթոշակային ֆոնդի դեպքում համապատասխան թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու և այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդին միանալու դեպքերում:

7. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը, որի համար պահանջվում է ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությունը, բացառությամբ բաց պայմանագրային ֆոնդերի և այն փակ պայմանագրային ֆոնդերի, որոնց կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում: Ընդ որում, փակ պայմանագրային ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխության դեպքում ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում ներկայացնելու իր փայերի հետգնման պահանջ: Եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում, ապա այդ ֆոնդի կանոնների փոփոխությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածով և 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները:

8. Մասնակիցների իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանց գրանցման պահից երկու ամիս հետո, եթե կանոններով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:

(26-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

 

Հոդված 27.

Ֆոնդի փայերը (բաժնետոմսերը)

 

1. Պայմանագրային ֆոնդը թողարկում է փայեր, որոնք հավաստում են ֆոնդի մասնակցի մասնաբաժինը ֆոնդի ակտիվներում:

2. Ֆոնդը (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) կարող է թողարկել տարբեր դասերի փայեր, որոնք կարող են տարբերվել փայի անվանական արժեքով, փայով հավաստվող ձայների քանակով (դրա բացակայությամբ), գանձվող վճարների և ֆոնդի մասնակիցներին վճարվող եկամուտների չափով: Տարբեր դասի փայերը պետք է տարբերվեն իրենց անվանումով:

2.1. Արժեթղթավորման ֆոնդի թողարկած տարբեր դասի փայերը, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատկանիշների, կարող են տարբերվել նաև ֆոնդի եկամուտների մեջ մասնաբաժնով, ֆոնդի դադարման (լուծարման) ժամանակ զուտ ակտիվների մեջ մասնաբաժնով և (կամ) ստացվող վճարումների հերթականությամբ: 

3. Նույն ֆոնդի նույն դասի փայերը դրանց տիրապետող ֆոնդի մասնակիցներին տալիս են միևնույն իրավունքները: Եթե փայն ունի անվանական արժեք, ապա նույն դասի փայերը ունեն միևնույն անվանական արժեքը:

4. Անձը կարող է ձեռք բերել ոչ ամբողջական թվով փայեր:

5. Բաժնետիրական ընկերություն համարվող կորպորատիվ ֆոնդը կարող է թողարկել միայն հասարակ անվանական բաժնետոմսեր:

6. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) կարող են չունենալ անվանական արժեք:

(27-րդ հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

Հոդված 28.

Փայերի (բաժնետոմսերի) թողարկումը և տեղաբաշխումը

 

1. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) թողարկվում են շարունակական ձևով` ապահովելով առաջնային շուկայում դրանց ամենօրյա առաջարկի առկայությունը: Բաց ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքն ու քանակը ֆիքսված չեն:

2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով:

2.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջներ կայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:

3. Առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը սահմանում է տվյալ ֆոնդի կառավարիչը:

4. Փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը կատարվում է դրամական միջոցներով:

5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, գործակալի կամ պահառուի կողմից կուտակային կամ կամավոր կենսաթոշակային վճարի ստացումը սույն հոդվածի իմաստով համարվում է պետության կամ համապատասխան մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) ձեռք բերման պահանջի ներկայացում:

(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 29.

Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների հաշվարկումը և հրապարակումը

 

1. Կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում և հրապարակում է իր կողմից կառավարվող բաց ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները: Ընդ որում, յուրաքանչյուր աշխատանքային օր հրապարակվող փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները պետք է արտահայտեն տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պահի (կտրման պահ) դրությամբ դրա արժեքը (գինը): Կտրման պահը չի կարող լինել ավելի վաղ, քան հրապարակման օրվան նախորդող աշխատանքային օրվա վերջը: Ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում օրվա տարբեր ժամանակահատվածների համար կարող է իրականացվել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների առանձին հաշվարկ և հրապարակում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հրապարակման առավելագույն ժամկետներ:

1.1. Կառավարիչը որոշակի աշխատանքային օրերի կարող է չհաշվարկել և չհրապարակել ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե՝

1) տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկումը պատվիրակված է այլ անձի, որը օտարերկրյա կազմակերպություն է, և

2) այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում: Ընդ որում, այդ օրերը կարող են ներառել միայն սույն կետի 1-ին ենթակետում նշված անձի համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից):

2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման ժամանակահատվածներում (միջակայքում կամ օրը կամ օրերին) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները տարածվում են նաև փակ և միջակայքային ֆոնդերի վրա: Ընդ որում, փակ կամ միջակայքային ֆոնդի կողմից փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխումը (միջակայքային ֆոնդի դեպքում` նաև դրանց հետգնումը) սկսելու օրվան նախորդող աշխատանքային օրվա համար փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները հաշվարկվում և հրապարակվում են ոչ ուշ, քան մինչև այդ օրվա վերջը:

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից` կառավարիչն իր կողմից կառավարվող փակ և միջակայքային ֆոնդերի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները հաշվարկում և հրապարակում է նաև ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պարբերականությամբ: Սույն մասով նախատեսված հաշվարկի և հրապարակման նվազագույն պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկը, և այն չի կարող պակաս լինել տարին մեկ անգամից՝ արժեթղթավորման ֆոնդի դեպքում, և ամիսը մեկ անգամից՝ այլ ֆոնդերի դեպքում:

4. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման և հետգնման գները (բացառությամբ փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի), ինչպես նաև առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գների) հաշվարկվում են այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի հիման վրա և կարող են տարբերվել դրանից միայն սույն հոդվածի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված դեպքերում և չափով: Փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը չի կարող պակաս լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից:

5. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը կարող է գերազանցել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (հավելատոկոսի) և ծախսերի չափով, բացառությամբ, եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:

6. Փայի (բաժնետոմսի) հետգնման գինը կարող է ցածր լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (զեղչատոկոսի) և ծախսերի չափով, բացառությամբ, եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:

(29-րդ հոդվածը խմբ. 12.11.12 ՀՕ-213-Ն, 21.06.14 ՀՕ-68-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-322-Ն )

 

Հոդված 30.

Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները

 

1. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսները, զեղչատոկոսները) վճարվում են փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերող (հետգնման ներկայացնող) անձի հաշվին:

2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարների չափերը սահմանվում են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ)` փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի նկատմամբ տոկոսի կամ հաստատագրված գումարի տեսքով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել այդ վճարների առավելագույն չափերը:

3. Ֆոնդի եկամուտները ֆոնդի թողարկած փայերով (բաժնետոմսերով) բաշխվելու դեպքում վերջինների համար տեղաբաշխման վճար չի կարող գանձվել:

4. Ֆոնդի լուծարման (դադարեցման) դեպքում ֆոնդի ակտիվները ֆոնդի մասնակիցների միջև բաշխելու, ներառյալ` այդ ակտիվների հաշվին այլ ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու համար, ինչպես նաև առանց իր համաձայնության ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու կամ ֆոնդի տեսակը փոփոխվելու դեպքում ֆոնդի մասնակցի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման պահանջ ներկայացվելիս հետգնման (մարման) վճար չի կարող գանձվել:

(30-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 31.

Փայերի փոխանակումը

 

1. Փայերը կարող են փոխանակվել տվյալ ֆոնդի այլ դասի փայերով կամ նույն կառավարչի կողմից կառավարվող և ըստ փայերի թողարկման և հետգնման կառուցակարգի միևնույն տեսակի այլ ֆոնդի փայերով, եթե ֆոնդի կանոններով փայերի փոխանակման հնարավորությունը նախատեսված է: Կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են փոխանակվել նաև այլ կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի փայերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են փոխանակվել միայն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով, իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերը` կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերով:

2. Մեկ ենթաֆոնդի փայերը կարող են փոխանակվել տվյալ ֆոնդի մեկ այլ ենթաֆոնդի փայերով` ֆոնդի կանոններին համապատասխան:

3. Փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրը (ժամին) հետգնվող (մարվող) և տեղաբաշխվող փայերի համար սույն գլխով սահմանված կարգով որոշվող համապատասխանաբար հետգնման (մարման) և տեղաբաշխման գներով` ֆոնդի կանոններով սահմանված կարգով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումը, ինչպես նաև տարբեր կառավարիչների կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) և նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:

4. Փայերի փոխանակումն իրականացվում է միայն ֆոնդի մասնակցի պահանջով:

(31-րդ հոդվածը խմբ. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 32.

Փայերի (բաժնետոմսերի) հետգնումը (մարումը)

 

1. Բաց ֆոնդի մասնակիցն իրավունք ունի յուրաքանչյուր աշխատանքային օր իրեն պատկանող փայերը (բաժնետոմսերը) ներկայացնելու համապատասխան ֆոնդին` հետ գնելու համար: Բաց ֆոնդը պարտավոր է ֆոնդի մասնակցի պահանջով հետ գնել (մարել) իր թողարկած փայերը (բաժնետոմսերը)` ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված ժամկետում: Այդ ժամկետը հաշվարկվում է ֆոնդի մասնակցի կողմից փայի (բաժնետոմսի) հետգնման պահանջը ներկայացնելու օրվանից և չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը:

2. Միջակայքային ֆոնդը պարտավոր է ֆոնդի մասնակցի պահանջով հետ գնել (մարել) իր թողարկած փայերը (բաժնետոմսերը) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված միջակայքային ժամանակահատվածում` հետգնման (մարման) հայտի ընդունումից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Միջակայքային ֆոնդի փայերի հետգնման (մարման) հայտի ընդունման ժամանակահատվածը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, իսկ հետգնման միջակայքերի պարբերականությունը` տարեկան մեկ անգամից:

3. Փակ պայմանագրային ֆոնդի այն մասնակիցները, ովքեր ֆոնդի ժողովում դեմ են քվեարկել ֆոնդի միացմանը կամ ֆոնդի կանոնների` իրենց իրավունքները սահմանափակող փոփոխություններին կամ լրացումներին կամ չեն մասնակցել այդ հարցով քվեարկությանը, ինչպես նաև սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ունեն իրենց փայերի հետգնման պահանջ ներկայացնելու իրավունք «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով պայմանագրային ֆոնդի առանձնահատկությունները:

4. Փակ կորպորատիվ ֆոնդերի բաժնետոմսերը ենթակա են հետգնման «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:

5. Փայը (բաժնետոմսը), բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի, հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) հետ է գնվում (մարվում է) հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:

5.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:

6. Հետգնման (մարման) ժամանակ փայի (բաժնետոմսի) հետգնման (մարման) գինը վճարվում է ֆոնդի ակտիվներից` դրամական միջոցներով:

7. Հետգնված փայը (բաժնետոմսը) չի տալիս ձայնի իրավունք, հաշվի չի առնվում ձայների, ինչպես նաև փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի հաշվարկի ժամանակ, և դրանով շահաբաժին չի հաշվարկվում: Հետգնված փայը (բաժնետոմսը) չի կարող կրկին վաճառվել և ենթակա է մարման:

8. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-68-Ն)

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 33.

Փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցումը

 

1. Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ կարգադրել կառավարչին (կորպորատիվ ֆոնդին)` որոշմամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև որոշման համար հիմք հանդիսացած պատճառների վերացումը, կասեցնել փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը), եթե խախտվել են կամ ակնհայտորեն կարող են խախտվել օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, կամ դա անհրաժեշտ է ներդրողների օրինական շահերի պաշտպանության համար:

2. Բաց կամ միջակայքային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկի սահմանած հիմքերով կարող է կասեցնել փայերի (բաժնետոմսերի) հետգնումը (մարումը) ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով` նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին և պահառուին փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման մասին` նշելով դրա հիմքերը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում հրապարակելով առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում: Սույն մասով նախատեսված տեղեկացման և հրապարակման պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա:

3. Մասնագիտացված ֆոնդերի կանոններով կարող են սահմանվել փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման ավելի երկար ժամկետներ, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, իսկ որակավորված ներդրողների ֆոնդի համար` մեկ տարի:

4. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ պահառուի միջնորդությամբ կարող է պահանջել կառավարչին վերսկսելու ֆոնդի բաժնետոմսերի հետգնումը (մարումը), եթե առկա չեն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կասեցման հիմքերը, կամ դրանք արդեն վերացել են:

5. Փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածում արգելվում է փայերի (բաժնետոմսերի) համապատասխանաբար թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը):

6. Նախքան սույն հոդվածով նախատեսված կասեցման ժամկետի սկիզբը կամ կասեցման ժամկետի ընթացքում ներկայացված փայերի (բաժնետոմսերի) ձեռք բերման, փոխանակման կամ հետգնման (մարման) պահանջի բավարարման համար սահմանված ժամկետի հաշվարկում չի ընդգրկվում համապատասխանաբար այդ փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածը: Ընդ որում, փայերի փոխանակման պահանջի ներկայացման այն դեպքերում, երբ կասեցված է ձեռք բերման ենթակա փայերի տեղաբաշխումը, ֆոնդի մասնակիցը ողջամիտ ժամկետում տեղեկացվում է դրա, ինչպես նաև հետգնվող (մարվող) փայերի փոխարեն այլ ֆոնդի փայերի ձեռք բերման պահանջ ներկայացնելու իր իրավունքի մասին:

(33-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 34.

Փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման (մարման) արգելումը

 

1. Փայերի (բաժնետոմսերի) թողարկումը և հետգնումը (մարումը) արգելվում է այն ժամանակահատվածում, երբ`

1) չկա կառավարիչ կամ պահառու.

2) կառավարիչը կամ պահառուն սնանկ է ճանաչվել և (կամ) լուծարման գործընթացում է.

3) ֆոնդը դադարեցման (լուծարման) գործընթացում է:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 35.

Ակտիվների ներդրման սկզբունքները

 

1. Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն այն ակտիվներում, որոնք նախատեսված են ֆոնդի կանոններով կամ կանոնադրությամբ` հաշվի առնելով սույն օրենքով տվյալ տեսակի ֆոնդի համար սահմանված ներդրումային քաղաքականության պահանջները:

2. Ֆոնդի ներդրումները պետք է ֆոնդի տվյալ տեսակի համար բավարար չափով տարատեսականացված լինեն` ռիսկերի արդյունավետ բաշխման նպատակով:

 

Հոդված 36.

Ռիսկերի կառավարումը

 

1. Կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու և գնահատելու դիրքերի ռիսկերը և դրանց բաժինը ֆոնդի պորտֆելի ընդհանուր ռիսկում: Կառավարիչը պարտավոր է ներդնել այնպիսի գործընթաց, որը կապահովի կարգավորվող շուկայից դուրս շրջանառվող ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքի պատշաճ և անկախ գնահատումը:

2. Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը:

3. Կառավարիչը պարտավոր է ապահովել, որ այն ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ընդհանուր ռիսկը, որոնցում ներդրվել են ֆոնդի ակտիվները, չգերազանցի ֆոնդի ակտիվների զուտ արժեքը, բացառությամբ լրացուցիչ ռիսկով ֆոնդերի: Ընդ որում, սույն մասով նախատեսված ռիսկի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում տվյալ ածանցյալ ֆինանսական գործիքների հիմքում ընկած ակտիվների ընթացիկ արժեքը, գործարքի մյուս կողմի հետ կապված ռիսկը, շուկայում առկա շարժը և դիրքերը փակելու ժամանակը:

(36-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 37.

Ֆոնդի ակտիվների ներդրման արգելքը և ֆոնդի ակտիվների ներդրմանը ներկայացվող այլ պահանջները

 

1. Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել տվյալ ֆոնդի կառավարչի, պահառուի, նրանց ղեկավարների, ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի և անկախ աուդիտն իրականացնող անձի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած, պատկանող և (կամ) նրանց կողմից վաճառվող արժեթղթերում կամ այլ ակտիվներում` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ (յուրաքանչյուր ներդրման դեպքի համար): Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կառավարիչը չունի բավարար ընթացակարգեր և պատշաճ ներքին հսկողության համակարգ, որոնք կապահովեն այդպիսի ներդրումների դեպքում մասնակիցների լավագույն շահերի պաշտպանությունը, և (կամ) այդ ներդրման արդյունքում կվտանգվեն մասնակիցների շահերը:

Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը չի պահանջվում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ֆոնդի ակտիվների հաշվին այդ արժեթղթերը ձեռք են բերվել կարգավորվող շուկայում իրականացված գործարքի արդյունքում:

Պահառուի ակտիվներում ներդրում չի համարվում ֆոնդի ակտիվների պահպանումը պահառուի մոտ, ներառյալ` համապատասխան տոկոսների ստացման դիմաց:

1.1. Ֆոնդի ակտիվները կարգավորվող շուկայից դուրս չեն կարող վաճառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց:

2. Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել տվյալ ֆոնդի կառավարչի (կամ դրա հետ փոխկապակցված անձի) կողմից կառավարվող (ուղղակիորեն կամ պատվիրակման ձևով) այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում) միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) ֆոնդերի ներդրումային քաղաքականություններն էապես տարբերվում են.

2) նման հնարավորությունը նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և

3) կառավարիչը դրա համար չի գանձում տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարներ:

3. Կառավարիչը, որը ֆոնդի ակտիվների էական մասը ներդնում է այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում), պետք է այդ ֆոնդի ազդագրում բացահայտի կառավարման վճարների առավելագույն չափը, որ կարող են գանձել այն կառավարիչները, որոնց կողմից կառավարվող ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում) նպատակադրվում է ներդնել ֆոնդի ակտիվները: Նա պարտավոր է նաև ֆոնդի տարեկան հաշվետվությունում նշել կառավարման վճարների առավելագույն հարաբերությունը, որոնք գանձում են ինքը և այն կառավարիչները, որոնց կողմից կառավարվող ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում) ներդրվել են ֆոնդի ակտիվները:

4. Ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել ոչ առևտրային կազմակերպությունների բաժնային արժեթղթերում:

5. Ֆոնդի ակտիվների հաշվին չի կարող փոխառություն տրամադրվել կամ փոխառություն ստացվել, ինչպես նաև ֆոնդի ակտիվների հաշվին չի կարող երաշխիք կամ երաշխավորություն տրամադրվել կամ ստանձնվել սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կամ անձանցից:

(37-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 38.

Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը

 

1. Սույն գլխով սահմանված պահանջները ներկայացվում են բացառապես ստանդարտ ֆոնդերին, բացառությամբ որակավորված ներդրողների ֆոնդ համարվող ստանդարտ ֆոնդերի:

 

Հոդված 39.

Փոխառության և այլ գործարքների սահմանափակումները

 

1. Ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել փոխառու միջոցների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված այնպիսի արժեթղթերի կամ ֆինանսական այլ գործիքների վաճառքի միջոցով, որոնց ֆոնդը չի տիրապետում գործարքի կնքման պահին (կարճ վաճառք):

2. Կառավարիչը կարող է փոխառու միջոցներ ներգրավել այն ֆոնդի ակտիվների 10 տոկոսը չգերազանցող չափով, որի համար ներգրավվում են այդ փոխառու միջոցները, եթե`

1) ներգրավվում են կարճաժամկետ (մինչև երեք ամիս մարման ժամկետով) փոխառու միջոցներ.

2) դա ուղղված է կորպորատիվ ֆոնդի գործունեության համար ուղղակիորեն անհրաժեշտ անշարժ գույքի ձեռքբերմանը:

3. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի ակտիվների հաշվին չի կարելի փոխառություններ կամ երաշխիք տրամադրել կամ երաշխավորություն ստանձնել:

4. Ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ համարվել այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն գլխով նախատեսված սահմանաչափերը:

(39-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 40.

Ֆոնդի ակտիվների ներդրումը

 

1. Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն հետևյալ ակտիվներում.

1) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկաներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող այն կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերով սահմանված արժեթղթերում (այսուհետ սույն գլխում` արժեթղթեր), որոնք ընդգրկված են Կենտրոնական բանկի սահմանած ցանկում.

2) օտարերկրյա պետություններում գործող` սույն մասի 1-ին կետում չնշված կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթերում, եթե համապատասխան կարգավորվող շուկան բաց է հանրության համար, գործում է կանոնավոր և նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ).

3) նոր թողարկված արժեթղթերում, որոնց թողարկման և (կամ) առաջարկի պայմանների համաձայն` դրանք պետք է թույլատրվեն սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կարգավորվող շուկայում դրանց թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում.

4) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված դրամական շուկայի գործիքներում, եթե դրանք`

ա. թողարկված կամ երաշխավորված են Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների, Կենտրոնական բանկի սահմանած ցանկում ընդգրկված միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, կամ

բ. թողարկողի որևէ այլ արժեթուղթը թույլատրված է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կարգավորվող շուկաներում առևտրին, կամ

գ. թողարկված կամ երաշխավորված են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպության կողմից.

5) Հայաստանի Հանրապետությունում գործող բաց ստանդարտ ֆոնդերի կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխանող օտարերկրյա բաց ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում.

6) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխանող օտարերկրյա բանկերում` որպես ցպահանջ կամ մինչև մեկ տարի ժամկետայնության ավանդ.

7) սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված ածանցյալ ֆինանսական գործիքներում.

8) կարգավորվող շուկայից դուրս շրջանառվող ածանցյալ ֆինանսական գործիքներում`

ա. որոնց առարկա են համարվում այն արժեթղթերը, բանկային ավանդները, ֆոնդերի փայերը կամ բաժնետոմսերը, բորսայական ինդեքսները, տոկոսադրույքները, արտարժույթի փոխարժեքները կամ արժույթը, որոնցում ֆոնդը, իր կանոնների կամ կանոնադրության համաձայն, կարող է ներդրում կատարել,

բ. որոնցով կատարվող գործարքի մյուս կողմը ֆինանսական վերահսկողության ենթակա սուբյեկտ է, և

գ. որոնց արժեքը կարող է արժանահավատորեն և հուսալիորեն գնահատվել յուրաքանչյուր օր, և որոնք կարող են ֆոնդի նախաձեռնությամբ ցանկացած պահի արդար գնով իրացվել (փակել դիրքը օֆսեթային գործարքի միջոցով).

9) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի պահպանմամբ սահմանված այլ իրացվելի ակտիվներում.

10) սույն մասի 1-9-րդ կետերով չնախատեսված արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը:

2. Բաց ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել թանկարժեք մետաղներում կամ դրանց ձեռքբերման իրավունք տվող արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում:

3. (մասն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-213-Ն) 

4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի դրույթները մանրամասնող պահանջներ, ինչպես նաև ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում սույն մասով նախատեսված տնտեսական նորմատիվները կարող են չտարածվել նոր ստեղծված ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում: Ֆոնդի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե սույն օրենքով կոնկրետ տնտեսական նորմատիվի խախտման մասին տեղեկացման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:

(40-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-213-Ն, խմբ., փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 41.

Ֆոնդի ակտիվների ներդրումների հետ կապված ռիսկերի բաշխումը

 

1. Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի գործիքներում ֆոնդի ակտիվների ներդրման սահմանափակումները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այդ սահմանափակումները կարող են վերաբերել`

1) ֆոնդի ակտիվների առավելագույն չափին, որը կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, այդ թվում` ըստ արժեթղթերի դասի.

2) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերի առավելագույն չափին, որը կարող է ձեռք բերվել ֆոնդի կողմից, այդ թվում` ըստ արժեթղթերի դասի.

3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափին, որը կարող է ներդրվել որպես ավանդ մեկ բանկում.

4) ֆոնդի ակտիվների նկատմամբ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց հետ ածանցյալ ֆինանսական գործիքով կնքված գործարքի կողմի հետ կապված ռիսկի ծավալին` կախված գործարքի կողմի տեսակից.

5) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմաններին և առավելագույն չափերին.

6) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերի, ներդրված բանկային ավանդների, տվյալ անձի (անձանց) հետ կնքված ածանցյալ ֆինանսական գործիքների ընդհանուր արժեքի և ֆոնդի ակտիվների արժեքի հարաբերակցության առավելագույն չափին.

7) այլ սահմանափակումներ, այդ թվում` ժամանակավոր գործողության:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձին սահմանափակումներ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքում կարող են չտարածվել նոր ստեղծված ստանդարտ ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում:

3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումներից շեղման դեպքեր և այդ շեղումների վերացման նվազագույն ժամկետներ և պայմաններ:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սահմանափակումները կարող են տարբեր լինել ինդեքսային և դրամական շուկայի ֆոնդերի համար:

(41-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 42.

Ինդեքսային ֆոնդերի ներդրումների առանձնահատկությունները

 

1. Բաժնետոմսերի կամ պարտատոմսերի ինդեքսը, որի կառուցվածքը կրկնօրինակում է ինդեքսային ֆոնդը, պետք է բավարարի հետևյալ պահանջները.

1) դրա կառուցվածքը պետք է բավականաչափ տարատեսականացված լինի.

2) այն պետք է բավականաչափ ներկայացուցչական լինի տվյալ արժեթղթերի շուկայի համար.

3) այն պետք է հրապարակված լինի պատշաճ ձևով:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով ինդեքսային ֆոնդի ակտիվների ներդրումների հիմքում ընկած արժեթղթերի ինդեքսին ներկայացվող պահանջները մանրամասնող չափանիշներ, ինչպես նաև ներկայացվել լրացուցիչ պահանջներ:

 

Հոդված 43.

Դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների առանձնահատկությունները

 

1. Դրամական շուկայի ֆոնդը ստանդարտ ֆոնդի տեսակ է, որի ակտիվների առնվազն 90 տոկոսը, ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն, կարող են ներդրվել միայն դրամական շուկայի գործիքներում, ներառյալ` մեկից ավելի տարի ժամկետով թողարկված այն պարտքային արժեթղթերում, որոնց մարմանը մնացել է մեկ տարուց պակաս ժամկետ, կարճաժամկետ բանկային ավանդներում, ածանցյալ ֆինանսական գործիքներում, այլ դրամական շուկայի ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների համար, որոնք վերաբերում են բանկերին, որոնցում կարող են ներդրվել ավանդներ, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներին, դրամական շուկայի գործիքներին և (կամ) դրանց թողարկողներին:

(43-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 Հոդված 44.

Մասնագիտացված ֆոնդի ակտիվների ներդրման նկատմամբ պահանջները

 

1. Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ չհամարվող մասնագիտացված ֆոնդերի կոնկրետ տեսակների համար կարող են սահմանվել`

1) ֆոնդի ակտիվների նվազագույն չափը, որը պետք է լինի իրացվելի ակտիվների տեսքով.

2) սահմանափակումներ` ըստ ակտիվների տեսակների և (կամ) դասերի.

3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերում.

4) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած նույն դասի արժեթղթերի առավելագույն չափը, որ կարող է ձեռք բերել ֆոնդը.

5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.

6) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ առանձին գույքում.

7) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմանները և առավելագույն սահմանաչափերը.

8) փոխառությունների ներգրավման պայմանները և ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի նկատմամբ ներգրավված փոխառությունների առավելագույն սահմանաչափը.

9) ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության.

10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:

2. Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդերի ներդրումային քաղաքականությանը կարող են ներկայացվել պահանջներ, որոնք պետք է ավելի մեղմ լինեն, քան որակավորված ներդրողների ֆոնդ չհամարվող ֆոնդերի համար սահմանված պահանջները, ինչպես նաև կարող են սահմանվել նրանց գործունեության տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում կարող են չտարածվել նոր ստեղծված մասնագիտացված ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում: Մասնագիտացված ֆոնդի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե սույն օրենքով կոնկրետ տնտեսական նորմատիվի խախտման մասին տեղեկացման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:

(44-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-198-Ն, լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն)

 

Հոդված 45.

Անշարժ գույքի ֆոնդի ակտիվների ներդրումը

 

1. Անշարժ գույքի ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների`

1) առնվազն 30 տոկոսը պետք է ներդրվի անշարժ գույքում, կամ

2) առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի անշարժ գույքում և (կամ) անշարժ գույքի հետ կապված արժեթղթերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անշարժ գույքի հետ կապված արժեթղթեր են համարվում`

1) այլ անշարժ գույքի ֆոնդերի փայերը և բաժնետոմսերը.

2) այլ կազմակերպությունների արժեթղթերը, որոնց հիմնական գործունեությունն է անշարժ գույքում ներդրումները կամ անշարժ գույքի կառավարումը.

3) բանկերի թողարկած ապահովված հիփոթեքային պարտատոմսերը.

4) սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված արժեթղթերի վրա հիմնված ածանցյալ ֆինանսական գործիքները:

3. Անշարժ գույքի ֆոնդի ձեռք բերած անշարժ գույքը ենթակա է պարտադիր ապահովագրության:

(45-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 46.

Լրացուցիչ ռիսկով ֆոնդի ակտիվների ներդրումը

 

1. Լրացուցիչ ռիսկով ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվները հիմնականում ձևավորվում են`

1) անսահմանափակ քանակի փոխառությունների ներգրավման և ածանցյալ ֆինանսական գործիքների օգտագործման և (կամ)

2) այնպիսի ակտիվների վաճառքի միջոցով, որոնց ֆոնդը չի տիրապետում գործարքի կնքման պահին (կարճ վաճառք):

2. Լրացուցիչ ռիսկով ֆոնդը համարվում է որակավորված ներդրողների ֆոնդ:

(46-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)

 

Հոդված 47.

Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի ակտիվների ներդրումը

 

1. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում:

2. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը կարող է հանդես գալ վենչուրային ֆոնդի տեսքով, եթե ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի նոր ստեղծված կամ զարգացման վաղ փուլում գտնվող կազմակերպությունների թողարկած կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում` այդ կազմակերպությունների աճի, զարգացման կամ դրանց թողարկած արժեթղթերը կարգավորվող շուկայում թույլատրելու նպատակով:

3. Ֆոնդի ձեռք բերած արժեթղթերը կարգավորվող շուկայում թույլատրվելու հետևանքով սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված նվազագույն սահմանաչափի խախտման դեպքում այդ արժեթղթերը վենչուրային ֆոնդի կողմից ենթակա են օտարման մեկամսյա ժամկետում` մինչև սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված սահմանաչափի պահանջի ապահովումը:

4. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը (այդ թվում` վենչուրային ֆոնդը) համարվում է որակավորված ներդրողների ֆոնդ:

 

Հոդված 48.

Ֆոնդերի ֆոնդի ակտիվների ներդրումը

 

1. Ֆոնդերի ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի այլ ֆոնդերի փայերում և (կամ) բաժնետոմսերում:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 49.

Կորպորատիվ ֆոնդի կառավարումը

 

1. Կորպորատիվ ֆոնդի (բացառությամբ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի) կառավարման բարձրագույն մարմինը ֆոնդի ժողովն է, որի բացառիկ իրավասությանն են պատկանում`

1) կառավարչի տնօրենների խորհրդում ֆոնդի մասնակիցների ներկայացուցչի ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն ֆոնդի կանոնադրության` այդպիսի ներկայացուցիչ չի ընտրվում.

2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-68-Ն)

3) ֆոնդի անկախ աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

4) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը և ժողովի վարման կարգի ընդունումը.

5) սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի պահառության և ֆոնդի կառավարման պայմանագրերի փոփոխման և գործողության դադարեցման և նոր կառավարչի և պահառուի հետ ֆոնդի պահառության և ֆոնդի կառավարման պայմանագրերի կնքման մասին որոշման կայացումը.

6) ֆոնդի կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների հաստատումը.

7) ֆոնդի վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների կայացումը, ինչպես նաև լուծարման հանձնաժողովի նշանակումը և միջանկյալ ու լուծարային հաշվեկշիռների հաստատումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման իրավասությունը չի կարող փոխանցվել կառավարչին:

3. Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությամբ ֆոնդի ժողովին կարող են վերապահվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված իրավասություններ, այդ թվում` կառավարչի կողմից սույն օրենքով ընդունվող առանձին որոշումների հաստատման իրավունք:

4. Ֆոնդի ժողովի նախապատրաստման, անցկացման, որոշումների ընդունման և նրա հետ կապված այլ հարաբերությունների վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի համար սահմանված դրույթները, եթե սույն օրենքով այլ կարգավորում չի նախատեսված:

5. Կորպորատիվ ֆոնդում տնօրենների խորհուրդ և վերստուգող հանձնաժողով (վերստուգող) չի ստեղծվում: «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովին կամ տնօրենների խորհրդին (դիտորդ խորհրդին) վերապահված բացառիկ իրավասությունները, որոնք սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոնադրությամբ չեն տրվել ֆոնդի ժողովին, իրականացնում է կառավարչի տնօրենների խորհուրդը որպես իր բացառիկ իրավասություն:

6. Կորպորատիվ ֆոնդի գործադիր կառավարումը, ինչպես նաև ֆոնդի ակտիվների կառավարումը պետք է հանձնվի ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ունեցող անձին: Ընդ որում, սույն մասով նախատեսված գործառույթները կառավարչի կողմից իրականացվում են կորպորատիվ ֆոնդի անունից` անկախ այն հանգամանքից, թե համապատասխան գործառույթը սույն օրենքով վերապահված է ֆոնդին, թե անմիջականորեն կառավարչին:

7. Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարումն իրականացվում է ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ունեցող լիակատար ընկերոջ կողմից:

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 50.

Փակ պայմանագրային ֆոնդի ժողովը

 

1. Սույն հոդվածի 3-րդ մասով կամ ֆոնդի կանոններով նախատեսված հարցերով որոշումներ ընդունելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ գումարվում է փակ պայմանագրային ֆոնդի ժողով, որին մասնակցելու իրավունք ունեն ֆոնդի բոլոր մասնակիցները` իրենց պատկանող փայերի քանակին և հաշվարկային արժեքին համապատասխան ձայների քանակով, ինչպես նաև ֆոնդի կանոններով նախատեսված այլ անձինք:

2. Ֆոնդում առնվազն 10 տոկոս մասնակցություն ունեցող ֆոնդի մասնակցի (մասնակիցների) պահանջով պետք է գումարվի արտահերթ ժողով:

3. Ֆոնդի ժողովի բացառիկ իրավասությանը պետք է վերապահվի առնվազն հետևյալ հարցերի վերաբերյալ որոշման կայացումը.

1) կառավարչի տնօրենների խորհրդում ֆոնդի մասնակիցների ներկայացուցչի ընտրությունը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն ֆոնդի կանոնների` այդպիսի ներկայացուցիչ չի ընտրվում.

2) ֆոնդի անկախ աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

3) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը և ժողովի վարման կարգի ընդունումը.

4) սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի պահառության պայմանագրի փոփոխման և գործողության դադարեցման և նոր պահառուի հետ ֆոնդի պահառության պայմանագրի կնքման մասին կառավարչի տնօրենների խորհրդի որոշումներին համաձայնության տրամադրումը.

5) ֆոնդի կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները հաստատելու մասին կառավարչի տնօրենների խորհրդի որոշմանը համաձայնության տրամադրումը.

6) ֆոնդի միացման և դադարեցման մասին կառավարչի տնօրենների խորհրդի որոշումներին համաձայնության տրամադրումը, ինչպես նաև միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը:

4. Փակ պայմանագրային ֆոնդի ժողովի` սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման իրավասությունը չի կարող փոխանցվել կառավարչին:

5. Փակ պայմանագրային ֆոնդի ժողովի նախապատրաստման, անցկացման, որոշումների ընդունման և նրա հետ կապված այլ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի համար սահմանված դրույթները, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով պայմանագրային ֆոնդի առանձնահատկությունները:

6. Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում այն փակ պայմանագրային ֆոնդերի վրա, որոնց կանոններով նախատեսված է, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում:

 

Հոդված 51.

Ֆոնդի կառավարումը

 

1. Ֆոնդի կառավարումը ֆոնդի գործունեության հետ կապված հարցերի լուծումն է, բացառությամբ սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) ֆոնդի ժողովին (դրա առկայության դեպքում) վերապահված լիազորությունների, որը մասնավորապես ներառում է`

1) ներդրումների կառավարումը, որը ենթադրում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում.

2) կառավարչական գործառույթները`

ա. փայերի կամ բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) կազմակերպում,

բ. ֆոնդի կառավարման հետ կապված իրավաբանական գործառույթներ և հաշվապահական հաշվառման կազմակերպում,

գ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի, ինչպես նաև փայերի կամ բաժնետոմսերի հաշվարկային արժեքի և տեղաբաշխման ու հետգնման (մարման) գնի հաշվարկում,

դ. ֆոնդի մասնակիցների ռեեստրի վարում,

ե. ֆոնդի եկամտի որոշում և ֆոնդի մասնակիցների միջև եկամտի բաշխման կազմակերպում,

զ. ֆոնդի մասնակիցների համար որպես պայմանագրային ֆոնդի միջոցով ստացված եկամուտների, ինչպես նաև կորպորատիվ ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերից ստացված շահաբաժնի և այդ արժեթղթերի հետգնումից ստացված եկամտի մասով հարկային գործակալ հանդես գալը,

է. ֆոնդի մասնակիցներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,

ը. կառավարչական այլ գործառույթներ.

3) փայերի կամ բաժնետոմսերի առաջարկի և տեղաբաշխման կազմակերպումը (մարկետինգ):

2. Սույն օրենքում ֆոնդի կառավարումը նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարումն է, եթե կոնկրետ դրույթի իմաստից չի բխում, որ տվյալ դեպքում ֆոնդի կառավարումը միայն կենսաթոշակային ֆոնդից տարբերվող այլ ֆոնդերի կառավարումն է:

3. Միևնույն ֆոնդի կառավարումն իրականացնում է միայն մեկ կառավարիչ:

4. Կառավարիչը կարող է կառավարել մեկից ավելի ֆոնդեր: Ընդ որում, նույն կառավարչի կողմից կառավարվող պայմանագրային ֆոնդերը պետք է միմյանցից տարբերվեն իրենց տեսակով, ներդրումային քաղաքականությամբ, ֆոնդի մասնակիցների` փայերով հավաստվող իրավունքներով և (կամ) ֆոնդի մասնակիցների շրջանակի սահմանափակումներով:

5. Սույն օրենքի իմաստով ֆոնդի կառավարումը միայն կառավարչի կողմից իրականացվող կառավարումն է, բացառությամբ սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված ֆոնդի ժողովի կողմից իրականացվող ֆոնդի կառավարման:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

 

Հոդված 52.

Կառավարիչը

 

 1. Կառավարիչը կարող է ստեղծվել միայն բաժնետիրական ընկերության կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպական-իրավական ձևով:

2. Կառավարիչը ստեղծվում է ֆոնդի (այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդի) կառավարման գործունեության իրականացման համար և չի կարող իրականացնել որևէ այլ գործունեություն, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Կառավարիչը կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար, բացի ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիայից, սույն օրենքով սահմանված կարգով պետք է ստանա նաև համապատասխանաբար կամավոր կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստացած կառավարչի կողմից կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում:

4. Սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում կառավարիչը ֆոնդի կառավարման գործունեության հետ կարող է մատուցել նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարում:

5. Սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում կառավարիչը, որպես լրացուցիչ ծառայություններ, կարող է մատուցել`

1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված խորհրդատվության տրամադրում` կապված իր կողմից կառավարվող արժեթղթերում ներդրումների հետ, և (կամ)

2) փայերի կամ ֆոնդի բաժնետոմսերի պահառություն:

6. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-68-Ն)

7. Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունները մատուցելիս կառավարչի վրա տարածվում են այդ ծառայությունների մատուցման համար նախատեսված պահանջները, բացառությամբ լիցենզավորման պահանջի:

8. Կառավարիչն իրավունք չունի իր անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ կառավարչի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի կամ իրականացվող գործունեության վերաբերյալ:

9. Արգելվում է Կենտրոնական բանկում համապատասխան լիցենզիա չունեցող անձանց կողմից «ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառակապակցության, դրա հոլովված ձևերի, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունների, թարգմանությունների կամ դրանց զուգորդությունների օգտագործումը իրենց անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործման իմաստից չի բխում, որ խոսքը չի վերաբերում սույն օրենքով սահմանված ֆոնդի կառավարման գործունեությանը, և եթե նման օգտագործման իրավունքը չի վերապահվել օրենքով կամ միջազգային պայմանագրով:

10. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կառավարչի համար սահմանված նորմերը տարածվում են նաև օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծած մասնաճյուղին:

(52-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 53.

Ֆոնդի կառավարման լիցենզիան

 

1. Ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրվող ֆոնդի կառավարման գործունեության թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Առանց լիցենզիայի (իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար` նաև առանց լրացուցիչ տրված համապատասխան թույլտվության) արգելվում է ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելը, դրա իրականացման առաջարկությամբ հանդես գալը կամ որպես այն իրականացնող անձ ներկայանալը:

2. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:

3. Լիցենզիան տրվում է անժամկետ:

4. Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը, կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը (օտարերկրյա կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը և նրա` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի անվանումը) և գրանցման համարը:

5. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

6. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:

7. Լիցենզիայի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կառավարիչն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հայտնել այդ մասին Կենտրոնական բանկին: Կառավարչի դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կառավարչին տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը:

 

Հոդված 54.

Կառավարչի գրանցումը և լիցենզավորումը

 

1. Կառավարչի գրանցման և լիցենզավորման կարգը սահմանվում է բացառապես սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այլ օրենքներով կառավարչի լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:

2. Կառավարչի գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ են ներկայացնում`

1) գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագիրը.

2) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը (եթե կառավարիչը մատուցելու է նաև համապատասխան ծառայությունը (ծառայությունները)).

3) կառավարչի գործարար ծրագիրը.

4) կառավարչի հիմնադիրների ժողովի հաստատած` կառավարչի կանոնադրությունը.

4.1) կառավարչի (բացառությամբ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի) ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով.

5) կառավարչի հիմնադիրների ցանկը և նրանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած տեղեկությունները.

6) կառավարչի հիմնադիրների ժողովի որոշումը` կառավարչի ղեկավարներ նշանակելու մասին.

7) տեղեկություններ կառավարչի ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների նոտարական կարգով վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.

8) կառավարչի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը` կից սույն օրենքով և Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերով.

9) կառավարչի գործունեության (աշխատանքի) կանոնակարգերի, ղեկավարների և աշխատակիցների գործունեությունը կարգավորող ներքին կանոնների (այսուհետ` գործունեության կանոններ) նախագծերը.

10) կառավարչի կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ կառավարչի հետ չփոխկապակցված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծված լինելը հավաստող փաստաթուղթը.

11) կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատողների ցուցակը և նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

12) կառավարչի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.

13) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

14) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր (եթե կառավարիչն իրականացնելու է նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարում).

15) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

3. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ` օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի, ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ:

5. Գործող կառավարիչը սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում`

1) համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը.

2) կառավարչի կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր (եթե հայցում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարում).

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

(54-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-141-Ն, փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 55.

Կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին որոշումը

 

1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման մասին, եթե ներկայացվել են 54-րդ հոդվածի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ և (կամ) 5-րդ մասերով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, և առկա չեն կառավարչի գրանցումը և լիցենզիայի տրամադրումը (համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրումը) մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը: Կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագրին կից ներկայացված համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման միջնորդագիրը մերժելու հիմքերի առկայությունը հիմք չէ կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագիրը մերժելու համար:

2. Կենտրոնական բանկը որոշում է կայացնում կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու (ինչպես նաև գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագրի հետ ներկայացված սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագրի բավարարման) կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը (ինչպես նաև գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագրի հետ ներկայացված սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագրի բավարարումը) մերժելու մասին կառավարչի հիմնադիրների կողմից միջնորդագիրը ներկայացնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում: Գործող կառավարչին սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման կամ թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է թույլտվության հայցման միջնորդագիրն ստանալու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Կենտրոնական բանկը պարտավոր է կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել կառավարչին: Սույն մասով նախատեսված գրանցման վկայականի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

4. Կենտրոնական բանկը կառավարչի գրանցման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազոր մարմնին` վերջինիս կողմից կառավարչի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից կառավարիչը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

 

Հոդված 56.

Կառավարչի գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման հիմքերը

 

1. Կենտրոնական բանկը մերժում է կառավարչի գրանցումը և լիցենզիայի տրամադրումը և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.

2) կառավարչի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ղեկավարներին ներկայացվող պահանջները.

3) կառավարիչը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կառավարչի գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.

4) կառավարչի կանոնադրությունը և (կամ) գործունեության կանոնները հակասում են օրենքին.

5) Կենտրոնական բանկը մերժել է կառավարչի կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու միջնորդագրերից թեկուզև մեկը.

6) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` կառավարիչը չի կարող ֆոնդի կառավարման բնականոն գործունեություն իրականացնել և (կամ) բնականոն մատուցել հայցվող ծառայությունները.

8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կառավարչի հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող է վտանգել հաճախորդների շահերը կամ խոչընդոտել կառավարչի կողմից ֆոնդի կառավարման գործունեության բնականոն իրականացմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.

9) չի վճարվել սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.

10) կառավարիչը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք և (կամ) տեխնիկական հագեցվածություն.

11) առկա են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մերժման այլ հիմքեր (կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվության տրամադրման համար):

 

Հոդված 57.

Ներդրումային ընկերության վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես կառավարիչ

 

1. Ներդրումային ընկերությունը, որն իրականացնում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարում, ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար սույն հոդվածով սահմանված կարգով որպես կառավարիչ ենթակա է վերագրանցման և վերալիցենզավորման: Սույն մասով նախատեսված վերագրանցումը և վերալիցենզավորումն իրականացվում են պարզեցված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վերագրանցման և վերալիցենզավորման համար ներդրումային ընկերությունը պետք է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ ներկայացնի`

1) վերագրանցման և վերալիցենզավորման միջնորդագիրը.

2) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը (եթե կառավարիչը մատուցելու է նաև համապատասխան ծառայությունը (ծառայությունները) և որպես ներդրումային ընկերություն` դրանց համար չի ստացել լիցենզիա).

3) իրեն տրված լիցենզիան, ըստ այն ներդրումային ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչելու մասին միջնորդագիրը, որոնք, սույն օրենքի համաձայն, չեն կարող իրականացվել կառավարչի կողմից (այդպիսի ծառայությունների համար լիցենզիա ստացած լինելու դեպքում).

4) կառավարչի գործարար ծրագիրը.

5) իր կանոնադրության մեջ կատարված համապատասխան փոփոխությունները.

6) իր կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկի կողմից կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափին ներկայացվող պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթը.

7) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

8) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր (եթե կառավարիչն իրականացնելու է նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարում).

9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

3. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ներկայացված միջնորդագրի (միջնորդագրերի) բավարարման մասին, եթե ներկայացվել են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և առկա չեն համապատասխան միջնորդագիրը (միջնորդագրերը) մերժելու` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը: Վերագրանցման և վերալիցենզավորման միջնորդագրին կից ներկայացված համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման միջնորդագիրը մերժելու հիմքերի առկայությունը հիմք չէ վերագրանցման և վերալիցենզավորման միջնորդագիրը մերժելու համար: Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով սահմանված հիմքով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված միջնորդագիրը մերժվելու դեպքում ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցվելու և վերալիցենզավորվելու միջնորդագիրը ենթակա է մերժման:

4. Կենտրոնական բանկը մերժում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագիրը (միջնորդագրերը), եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.

2) ներդրումային ընկերությունը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կառավարչի գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.

3) ներդրումային ընկերության կանոնադրության մեջ կատարված համապատասխան փոփոխությունները հակասում են օրենքին.

4) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

5) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` կառավարիչը չի կարող ֆոնդի կառավարման բնականոն գործունեություն իրականացնել և (կամ) բնականոն մատուցել հայցվող ծառայությունները.

6) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալը չի բավարարում սույն օրենքով կառավարչի համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.

7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ներկայացված միջնորդագիրը բավարարվելու դեպքում կարող են վնասվել հաճախորդների շահերը.

8) առկա են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մերժման այլ հիմքեր (կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվության տրամադրման համար):

5. Կենտրոնական բանկը որոշում է կայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագիրը (միջնորդագրերը) բավարարելու կամ մերժելու մասին ներդրումային ընկերության կողմից միջնորդագիրը ներկայացնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Կենտրոնական բանկը պարտավոր է ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցման և վերալիցենզավորման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել կառավարչին:

7. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից ներդրումային ընկերության` որպես կառավարիչ վերագրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

8. Կենտրոնական բանկում վերագրանցվելու և վերալիցենզավորվելու պահից ներդրումային ընկերությունը ձեռք է բերում կառավարչի կարգավիճակ, և ուժը կորցրած է ճանաչվում ներդրումային ընկերությանը նախկինում տրված ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան, որը եռօրյա ժամկետում ենթակա է վերադարձման Կենտրոնական բանկ:

 

Հոդված 58.

Գործարար ծրագիրը և դրա վերաբերյալ հաշվետվությունը

 

1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) կառավարչի ներքին կազմակերպական կառուցվածքը.

2) եկամուտների և ծախսերի հաշվարկը.

3) ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները.

4) գործունեության համար կանխատեսվող շուկաների նկարագրությունը.

5) հիմնական մրցակիցներին ու մրցակցությանը դիմակայելու մեթոդները.

6) կառավարման մեթոդներն ու հնարավոր ռիսկերի գնահատումը.

7) ֆոնդի կառավարման գործունեության, ինչպես նաև սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման (եթե սույն օրենքով սահմանված կարգով ստացվել է դրա թույլտվությունը) վերաբերյալ գործարար կանխատեսումների առավել մանրամասն նկարագրությունը.

8) այն ֆոնդը (ֆոնդերը), որի հետ նախատեսվում է կնքել ֆոնդի կառավարման պայմանագիր, և (կամ) այն ֆոնդի (ֆոնդերի) տեսակը (ըստ ներդրումային քաղաքականության և ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի), որը նախատեսվում է ստեղծել.

9) ներդրումային քաղաքականությունը, որը մտադիր է որդեգրել կառավարիչը, ֆոնդի ակտիվների ներդրման ուղղությունները և ռիսկերի կառավարման համակարգը.

10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Կառավարիչը կարող է գործարար ծրագրում ներկայացնել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված տեղեկություններ:

3. Գործունեության ընթացքում կառավարիչը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացված, ինչպես նաև հետագայում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:

4. Կառավարիչը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները:

 

Հոդված 59.

Լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելը և դրա իրավական հետևանքները

 

1. Լիցենզիան (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`

1) կառավարիչը լիցենզիա (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ չի իրականացրել ֆոնդի կառավարման գործունեություն (չի մատուցել համապատասխան ծառայությունը), ընդ որում, սույն կետի իմաստով ֆոնդի կառավարման գործունեություն է նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեությունը.

2) կառավարիչը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել (այդ թվում` լիցենզիա (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ստանալու համար դիմելիս) ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

3) կառավարիչը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու և ավելի) խախտումներ.

4) կառավարիչն իրականացրել է սույն օրենքի 52-րդ հոդվածով չնախատեսված գործունեություն.

5) կառավարիչն իրականացրել է այնպիսի գործունեություն, որը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգել է ներդրողների շահերը.

6) կառավարիչը չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները` սահմանված ժամկետում կամ չափով.

7) խախտվել են սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով.

8) ինքնալուծարման, այլ կառավարչի միանալու, սնանկացման դեպքերում.

9) առկա են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու այլ հիմքեր:

2. Օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա կառավարիչը իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու իրավունքից:

3. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել կառավարչի միջնորդագրի հիման վրա, պայմանով, որ կառավարչի հաճախորդների (կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների) օրինական շահերը բավարար չափով պաշտպանված են:

4. Կառավարչի` պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել միայն այն դեպքում, երբ այդ թույլտվության ուժը կորցրած ճանաչելու` Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստացած կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով այլ կառավարչի (կառավարիչների) է փոխանցել իր կողմից կառավարվող բոլոր պարտադիր (կամավոր) կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը կամ միակողմանիորեն հրաժարվել է այդ ֆոնդերի կառավարման պայմանագրերից: Սույն մասով նախատեսված Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

5. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդագիրը, եթե առկա են բավարար հիմքեր եզրակացնելու, որ սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության ուժը կորցրած ճանաչելը կարող է վնասել կառավարչի հաճախորդների (կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների) օրինական շահերը, իսկ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու միջնորդագրի դեպքում նաև, եթե կառավարչի կառավարման ներքո առկա է պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդ, որի կառավարումը չի փոխանցվել այլ կառավարչի, կամ համապատասխան ֆոնդի կառավարման պայմանագիրը դեռևս չի լուծվել:

6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդագիրը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված համապատասխան թույլտվության ուժը կորցրած ճանաչելը հիմնավորող փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու կամ միջնորդագիրը մերժելու վերաբերյալ:

7. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

8. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից կառավարիչը զրկվում է ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու իրավունքից և ենթակա է լուծարման (բացառությամբ այլ կառավարչի միանալու դեպքի) օրենքով սահմանված կարգով:

9. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կառավարիչը զրկվում է համապատասխան ծառայությունը (ծառայությունները) մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են տվյալ ծառայության մատուցման կապակցությամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը:

10. Լիցենզիան (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչվելու դեպքում (համապատասխան թույլտվության տրամադրման մասին որոշումը) պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ:

11. Լիցենզիան (սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է կառավարչին, իսկ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողին: Նշված որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում դրա գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:

 

Հոդված 60.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի մասնաճյուղի և ներկայացուցչության և օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելը

 

1. Օտարերկրյա կառավարիչը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդի կառավարման գործունեություն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում դուստր ընկերության կամ մասնաճյուղի ստեղծման միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի և օտարերկրյա կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցման և գրանցումը մերժելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելիս Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման և դրա մերժման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներդրումային ընկերությունների վերաբերյալ համապատասխան դրույթները:

 

Հոդված 61.

Փոփոխությունների գրանցումը

 

1. Կառավարիչները և օտարերկրյա կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում.

1) կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.

2) (կետն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-213-Ն)

3) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.

4) օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցել այդ փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված փոփոխությունների գրանցման արդյունքում կառավարչին տրամադրված լիցենզիայի, գրանցման վկայականի և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության վերաձևակերպման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կենտրոնական բանկը փոփոխությունները գրանցելու մասին որոշում կայացնելու դեպքում այդ որոշմամբ բավարարում է նաև փոփոխության գրանցման միջնորդագրին կից ներկայացված լիցենզիայի, գրանցման վկայականի և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության վերաձևակերպման միջնորդագիրը:

3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Փոփոխությունները գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցվելու պահից:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագրերի բավարարման որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը պարտավոր է վերաձևակերպված գրանցման վկայականը, լիցենզիան և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը հանձնել կառավարչին:

7. Կառավարիչն իր կանոնադրական կապիտալի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կառավարչի հետ չփոխկապակցված որևէ այլ բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են համապատասխան բանկի կողմից, և կառավարիչը չի կարող տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ միջոցները մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:

8. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, եթե սույն հոդվածով սահմանված փոփոխությունները գրանցելու կամ կառավարչի, օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության ղեկավարների մասնագիտական որակավորման վկայական ստանալու նպատակով կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ են ներկայացվել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

9. Կառավարչի գործունեության կանոնների փոփոխությունները դրանց տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով ներկայացվում են Կենտրոնական բանկ` ի գիտություն, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ դրանց գրանցման պահանջ:

(61-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ իրական շահառուները

(վերնագիրը լրաց. 03.06.21 ՀՕ-258-Ն)

 

Հոդված 62.

Կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերումը

 

1. Կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ համապատասխան նորմերը:

 

Հոդված 62.1. Իրական շահառուները

    

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ հանդիսացող ներդրումային ֆոնդերի, կառավարչի և օտարերկրյա կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության իրական շահառուների բացահայտման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներդրումային ընկերությունների վերաբերյալ համապատասխան դրույթները:

(62.1-ին հոդվածը լրաց. 03.06.21 ՀՕ-258-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 63.

Կառավարչի տնօրենների խորհուրդը

 

1. Կառավարիչը պարտավոր է ձևավորել տնօրենների խորհուրդ (այսուհետ` խորհուրդ)` բաղկացած առնվազն երեք անձից (բացի սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 50-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ֆոնդի մասնակիցների ներկայացուցիչներից), որի բացառիկ իրավասությանը, ի լրումն տվյալ կազմակերպաիրավական ձևի իրավաբանական անձի խորհրդին օրենքով վերապահված հարցերի, պատկանում է`

1) սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի ստեղծման և (կամ) դրա կառավարման մասին որոշման կայացումը` կորպորատիվ ֆոնդի հիմնադիրների ժողովին (հիմնադրին) ներկայացնելով ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը.

2) կառավարչի ստեղծած (նրա կողմից կառավարվող) պայմանագրային ֆոնդի կանոնների և դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների հաստատումը.

3) կառավարչի` որպես ֆոնդի նոր կառավարիչ հանդես գալու դեպքում այդ ֆոնդի կանոնների ընդունումը.

4) կառավարչի ստեղծած (նրա կողմից կառավարվող) պայմանագրային ֆոնդի պահառության պայմանագրի կնքման և դրա գործողության դադարեցման, ինչպես նաև պահառության պայմանագրի` պահառուի հետ փոխհամաձայնեցված փոփոխության մասին որոշման կայացումը.

5) կառավարչի կողմից կառավարվող պայմանագրային ֆոնդի միացման և դադարեցման մասին որոշումների կայացումը.

6) սույն օրենքով նախատեսված դեպքում ֆոնդի կառավարման պայմանագրից միակողմանի հրաժարման մասին որոշման կայացումը.

7) սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով կորպորատիվ ֆոնդի ժողովի իրավասությանը վերապահված հարցերով առաջարկությունների ներկայացումը կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ժողով.

8) սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ժողովի իրավասությանը վերապահված հարցերով ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) առնվազն երկու տոկոսի սեփականատեր ֆոնդի մասնակցի (մասնակիցների)` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված առաջարկությունների վերաբերյալ այդ օրենքով սահմանված կարգով որոշման կայացումը և ֆոնդի ժողովի օրակարգի հաստատումը.

9) կառավարչի կողմից կառավարվող վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական իրավական ձև ունեցող ֆոնդի վերաբերյալ սույն օրենքով կորպորատիվ ֆոնդի ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերով որոշումների կայացումը.

9.1) կառավարչի ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (բացառությամբ կառավարչի խորհրդի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի) հաստատումը.

10) սույն օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

2. Կառավարչի կողմից փակ պայմանագրային ֆոնդին վերաբերող` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հարցերով որոշումներ կայացվելու դեպքում նախքան սույն օրենքով նախատեսված համապատասխան գրանցման (համաձայնության տրամադրման) միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելը այդ որոշումները պետք է ստանան ֆոնդի ժողովի համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Կառավարչի խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում են կառավարչի կանոնադրությամբ: Կառավարչի խորհրդում ընդգրկվում է նաև կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ընտրած մեկական ներկայացուցիչ (բացառությամբ այն ֆոնդերի, որոնց կանոններով (կանոնադրությամբ) սահմանված է, որ այդպիսի ներկայացուցիչ չի ընտրվում, ինչպես նաև այն պայմանագրային ֆոնդերի, որոնցում ֆոնդի ժողով չի գումարվում), որոնք խորհրդի նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ, եթե դրանցում լուծվում են այն ֆոնդի հետ կապված կամ նրա շահերին առնչվող հարցեր, որի ներկայացուցիչն է խորհրդի տվյալ անդամը: Այդպիսի նիստերին վերջինս մասնակցում է խորհրդի մյուս լիարժեք անդամներին հավասար ձայնի իրավունքով: Կառավարչի խորհուրդը կարող է որոշում ընդունել խորհրդի նիստին (դրա որոշակի մասին) սույն մասով նախատեսված ֆոնդի մասնակիցների ներկայացուցիչների մասնակցությունը սահմանափակելու վերաբերյալ, եթե դրանում բացահայտվելու են կառավարչի համար առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ: Ընդ որում, կառավարչի խորհրդում համապատասխան ֆոնդի մասնակիցների ներկայացուցիչների բացակայությամբ չի կարող որոշում ընդունվել տվյալ ֆոնդի հետ կապված կամ նրա շահերին առնչվող հարցերի վերաբերյալ, եթե այդպիսի բացակայությունը պայմանավորված է սույն մասով նախատեսված մասնակցության սահմանափակումը կիրառելու մասին խորհրդի որոշմամբ: Սույն մասով նախատեսված ֆոնդի մասնակիցների ներկայացուցիչների վարձատրությունն իրականացվում է համապատասխան ֆոնդի միջոցների հաշվին` ֆոնդի ժողովի սահմանած պայմաններով:

(63-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 64.

Ներքին աուդիտը

 

1. Կառավարիչը պարտավոր է ունենալ համապատասխան ներքին հսկողության համակարգ, որը կներառի ֆոնդի կառավարման գործունեության բոլոր մակարդակները:

2. Կառավարիչը պարտավոր է ունենալ` իր այլ գործառնական ստորաբաժանումներից անկախ ներքին աուդիտի ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել իր գործառնական ստորաբաժանումներից և դրանց աշխատակիցներից անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն կառավարչի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չեն կարող լինել կառավարչի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կառավարչի ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:

Սույն մասը չի սահմանափակում ներքին աուդիտի գործառույթի իրականացումը կառավարչի հետ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միևնույն խմբին պատկանող ֆինանսական կազմակերպության ներքին աուդիտորի կողմից:

3. Ներքին աուդիտորները նշանակվում են կառավարչի խորհրդի կողմից: Ներքին աուդիտը պետք է հնարավորություն ունենա ապահովելու ներքին հսկողության արդյունավետ համակարգ: Այդ նպատակով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են պահանջներ սահմանվել ներքին աուդիտորների նվազագույն քանակի նկատմամբ` կախված տվյալ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի քանակից և (կամ) պորտֆելի չափից:

4. Ներքին աուդիտն իր իրավասություններն իրականացնելիս անկախ է և հաշվետու է խորհրդին:

5. Ներքին աուդիտոր կարող է լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող անձը:

6. Ներքին աուդիտը խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն`

1) հսկողություն է իրականացնում կառավարչի ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ.

2) ստուգում է կառավարչի գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կարգավորվող շուկայի կանոններով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ:

7. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել կառավարչի կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:

8. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը, որն առնվազն ներառում է`

1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում.

2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:

9. Կառավարչի գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտի իրավասությունների արդյունավետ իրականացման համար:

10. Ներքին աուդիտը պարտավոր է կառավարչի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև ֆոնդի մասնակիցների և (կամ) հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին դրանց հայտնաբերման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտնել կառավարչի խորհրդին, գործադիր մարմնին և Կենտրոնական բանկին:

11. Կառավարչի մոտ վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:

(64-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 65.

Կառավարչի ղեկավարների և կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ պահանջները

 

1. Կառավարչի ղեկավարներն են կառավարչի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ինչպես նաև տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

2. Կառավարչի ղեկավար չի կարող լինել, կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն չի կարող իրականացնել, ինչպես նաև նման գործունեություն իրականացնելու առաջարկությամբ չի կարող հանդես գալ այն անձը, որը`

1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) չունի սույն օրենքով սահմանված համապատասխան մասնագիտական որակավորում.

3) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի չմարված (չհանված) դատվածություն.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

5) ճանաչված է սնանկ կամ ունի ժամկետանց պարտավորություններ.

6) նախկինում, բայց ոչ շուտ, քան երեք տարի առաջ զրկվել է սույն օրենքով կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնագիտական որակավորումից.

7) անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը` որպես կառավարչի ղեկավար կամ կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձ, չի կարող պատշաճ կերպով կառավարել կառավարչի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել կառավարչի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

3. Կառավարչի խորհրդի նախագահը կամ անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ կառավարչի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ կառավարչի կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի խորհրդի նախագահ կամ անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ, եթե կառավարիչներից մեկը (ներդրումային ծառայություն մատուցող այլ անձը) մյուսի դուստր ընկերությունն է:

4. Կառավարչի գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները չեն կարող միևնույն կառավարչի մոտ զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ կառավարչի կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի մոտ լինել ղեկավար (բացառությամբ դուստր կամ հիմնական ընկերության խորհրդի նախագահի և անդամի, ինչպես նաև սույն օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի) կամ այլ աշխատակից: Կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը կամ անդամը կամ գործադիր տնօրենի տեղակալը կարող է իրականացնել միևնույն կառավարչի ֆոնդի կառավարման գործունեություն: Սույն մասում նշված անձինք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, վճարովի այլ աշխատանք կարող են կատարել միայն խորհրդի համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կառավարչի ղեկավարների և (կամ) այլ աշխատակիցների համար կարող են նախատեսվել պաշտոնների համատեղելիության այլ սահմանափակումներ` ուղղված շահերի հնարավոր բախումների և այլ ռիսկերի կանխարգելմանը:

5. Կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձին արգելվում է սույն օրենքով սահմանված ֆոնդի կառավարման գործունեությունը այլ կառավարչի կազմում կամ անունից իրականացնելը, ինչպես նաև ներդրումային ծառայություն մատուցող անձի կազմում կամ անունից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված ներդրումային ծառայությունների մատուցումը: Սույն պահանջի խախտումը անձին մասնագիտական որակավորումից զրկելու հիմք է:

6. Կառավարչի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):

(65-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 66.

Մասնագիտական որակավորումը

 

1. Կառավարչի ղեկավարների, կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգի և մասնագիտական համապատասխանության չափանիշների նկատմամբ տարածվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների, ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նրանց համար այլ կարգ և (կամ) լրացուցիչ չափանիշներ չեն սահմանվել:

2. Սույն հոդվածով սահմանված մասնագիտական որակավորումը տրվում է ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով:

3. Կառավարիչը պարտավոր է իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի (ենթաֆոնդի) համար մշտապես ունենալ կառավարչի ղեկավար չհամարվող սույն օրենքով սահմանված ֆոնդի կառավարման մասնագիտական որակավորում ունեցող առնվազն մեկ անձ: Կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող միևնույն անձը կարող է միաժամանակ կառավարել տվյալ կառավարչի կողմից կառավարվող մեկից ավելի ֆոնդեր:

4. Եթե կառավարիչը իրականացնում է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում, ապա վերջինիս վրա տարածվում են նաև այդ օրենքով սահմանված` անձանց որակավորմանը ներկայացվող պահանջները:

(66-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 67.

Կառավարչի գործունեության տնտեսական նորմատիվները

 

 1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում է կառավարչի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, որը պետք է կախված լինի կառավարչի կողմից կառավարվող պորտֆելի չափից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը համարվում է կառավարչի կողմից պահպանված, եթե վերջինս ունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և կառավարչի մոտ առկա ընդհանուր կապիտալի տարբերության չափին համարժեք բանկի կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիքներ: Այդ տարբերությունը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 50 տոկոսը:

4. Կառավարիչը պարտավոր է իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդում ունենալ առնվազն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված արժեքին համապատասխան մասնակցություն: Կառավարչի` սույն մասով նախատեսված պարտադիր նվազագույն մասնակցության պահանջը գործում է տվյալ ֆոնդի ստեղծումից երեք տարվա ընթացքում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել կառավարչի կողմից ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելու դեպքում տվյալ ֆոնդում իր մասնակցության դադարեցման կարգը, ներառյալ` պահը:

5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ներդրողների իրավունքների պաշտպանության նկատառումներով կարող են սահմանվել կառավարչի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության: Ընդ որում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում առանձին տնտեսական նորմատիվներ կարող են չտարածվել նոր ստեղծված կառավարիչների վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում, կամ նրանց համար կարող են սահմանվել այլ տնտեսական նորմատիվներ կամ դրանց նվազագույն չափեր:

6. Եթե կառավարիչը իրականացնում է նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարում և (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում, ապա վերջինիս վրա տարածվում են այդ օրենքներով նախատեսված առավել խիստ հիմնական տնտեսական նորմատիվները:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը հաշվարկելիս կառավարվող պորտֆելի մեջ ընդգրկվում են`

1) կառավարչի կողմից կառավարվող պայմանագրային ֆոնդերը, ներառյալ այն պորտֆելները, որոնց կառավարման գործառույթը պատվիրակված է այլ կառավարչի, և բացառությամբ այն պորտֆելների, որոնց կառավարումը այլ կառավարիչների կողմից պատվիրակված է տվյալ կառավարչին.

2) կորպորատիվ ֆոնդերը, որոնց կառավարիչ նշանակված է տվյալ կառավարիչը.

3) կառավարչի կողմից կառավարվող ոչ հրապարակային ֆոնդերը, ներառյալ այն պորտֆելները, որոնց կառավարման գործառույթը պատվիրակված է այլ կառավարչի, և բացառությամբ այն պորտֆելների, որոնց կառավարումը այլ կառավարիչների կողմից պատվիրակված է տվյալ կառավարչին:

7.1. Կառավարչի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

8. Կառավարչի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:

(67-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 68.

Կառավարչի պարտականությունները

 

1. Կառավարիչը պարտավոր է`

1) իր պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների և իր հաճախորդների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել ֆոնդի մասնակիցների և իր հաճախորդների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն).

2) ձեռնպահ մնալ իր և ֆոնդի մասնակիցների կամ իր հաճախորդների միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից` դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով ֆոնդի մասնակիցների և հաճախորդի շահերին.

3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և ֆոնդի մասնակիցների ու իր հաճախորդների, ինչպես նաև իր տարբեր հաճախորդների, վերջինների և իր կողմից կառավարվող ֆոնդերի և տարբեր ֆոնդերի միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք նվազեցնելու համար.

4) ներդնել կազմակերպական և կառավարչական արդյունավետ միջոցներ` իր կողմից ներդրումային առաջարկությունների կազմման և տարածման հետ կապված շահերի բախումները կանխելու համար.

5) հաճախորդի միջոցները ներդնել իր կողմից կառավարվող ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում միայն հաճախորդի նախնական գրավոր համաձայնությամբ.

6) պահպանել իր գործունեության կանոնները, որոնք ներառում են`

ա. մատուցվող ծառայությունների (իրականացվող գործառնությունների) տեսակները, դրանց մատուցման կարգն ու պայմանները,

ա.1. շահերի բախումների կանխարգելման միջոցները,

բ. կառավարչի` ֆոնդի կառավարման գործունեության իրականացման հետ կապված փաստաթղթաշրջանառության, տվյալների էլեկտրոնային մշակման և պահպանման, տեղեկատվության փոխանակման ընթացակարգը,

գ. ներքին աուդիտի գործունեության կանոնները,

դ. գործարար վարվելակերպի կանոնները,

ե. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ընթացակարգեր.

7) սույն օրենքով նախատեսված ներդրումային ծառայություններ մատուցելու դեպքում պահպանել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված այլ պարտականությունները:

2. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել կառավարչի գործունեության կանոնների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:

3. Կառավարիչը պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների համար), բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարիչը գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել:

4. Ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառած վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի պահառուն:

5. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-72-Ն)

6. Եթե խախտվել են սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնց արդյունքում ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառվել է վնաս, ապա կառավարիչը պարտավոր է խախտման մասին Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ժամկետներում որոշել յուրաքանչյուր մասնակցին (ֆոնդին) պատճառված վնասի չափը և վնաս կրած մասնակիցներին որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ծանուցել պատճառված վնասի, դրա չափի և վնասի հատուցումն ստանալու կարգի ու ժամկետների մասին:

7. Կառավարիչը պետք է որոշի պատճառված վնասի չափը՝ ելնելով բոլոր գույքային վնասներից, ներառյալ՝ բաց թողնված օգուտը այն իրավիճակի համեմատությամբ, որը կլիներ, եթե խախտումը տեղի չունենար, և խախտման հետ կապված ակտիվները կառավարվեին այլ ակտիվներին համանման ձևով:

8. Կառավարչի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներին կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու կամ ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները, այդ թվում՝ հատուցման եղանակի ընտրության չափանիշները:

9. Սույն հոդվածը չի սահմանափակում օրենքով սահմանված այլ հիմքերով վնասների հատուցման պահանջի ներկայացումը:

(68-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 69.

Ակտիվների տարանջատումը

 

1. Կառավարիչը պարտավոր է իրականացնել սեփական ակտիվների, իր կողմից կառավարվող յուրաքանչյուր պայմանագրային ֆոնդի ակտիվների ու արժեթղթերի փաթեթի, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում:

2. Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներն օգտագործում է բացառապես ի կատարումն այդ ֆոնդի կառավարման հետ կապված` սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կնքված գործարքների, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված վճարների և ծախսերի և չի կարող այդ ակտիվներն օգտագործել ի շահ իրեն կամ որևէ այլ անձի:

3. Կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կնքված պայմանագրային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ստանձնած պարտավորությունների: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարչի անձնական պարտքերի համար ֆոնդի ակտիվներում նրա բաժնեմասի վրա բռնագանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել անհրաժեշտ պարտադիր կանոններ` ֆոնդի մասնակիցների` սույն հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

 

Հոդված 70.

Գործառույթների պատվիրակումը և հանձնումը

 

1. Կառավարիչը կարող է ֆոնդի կառավարման գործառույթների մի մասը (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` Հայաստանի Հանրապետությունում կատարվող ներդրումների կառավարման գործառույթի) պատվիրակել երրորդ անձին (այսուհետ` կոնտրագենտ)` առավել արդյունավետ կառավարման նպատակով, եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ): Այդ դեպքում կառավարիչը շարունակում է պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթների պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացման համար:

2. Ներդրման կառավարման գործառույթը կարող է պատվիրակվել միայն տվյալ ֆոնդի պահառուի հետ չփոխկապակցված` սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած անձին, ինչպես նաև տվյալ ֆոնդի պահառուի հետ չփոխկապակցված այն բանկին կամ ներդրումային ընկերությանը, որը օրենքին համապատասխան, ունի արժեթղթերի փաթեթի կառավարման իրավունք:

3. Փայերի կամ բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) կազմակերպումը կարող է պատվիրակվել նաև Կենտրոնական դեպոզիտարիային:

4. Փակ և միջակայքային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման գործառույթը ենթակա է պարտադիր հանձնման Կենտրոնական դեպոզիտարիային: Ընդ որում, ռեեստրի վարման գործառույթը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնած կառավարիչն ազատվում է այն վարելու համար սահմանված պատասխանատվությունից:

5. Կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագիրը առնվազն ներառում է`

1) պատվիրակվող գործառույթների կոնկրետ շրջանակը.

2) կոնտրագենտի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կոնտրագենտի) անվերապահ և անհետկանչելի համաձայնությունն իր նկատմամբ կառավարչի, նրա աուդիտի և Կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն իրականացնելու և դրա հետ կապված տեղեկությունների տրամադրման մասին.

2.1) ոչ ռեզիդենտ կոնտրագենտի համաձայնությունն իրեն պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կառավարչի կողմից վերահսկողության, այդ թվում՝ կառավարչի աուդիտի կամ Կենտրոնական բանկի համապատասխան պահանջի դեպքում պատվիրակված գործառույթների վերաբերյալ պահանջվող տեղեկությունների՝ կառավարչին տրամադրման մասին.

3) կոնտրագենտի պատասխանատվությունը պատվիրակված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

4) կոնտրագենտի կողմից գործառույթների կատարման բարեխղճության չափանիշների մանրամասն նկարագիրը.

5) կոնտրագենտին պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կառավարչի վերահսկողության կարգը և պայմանները.

6) պայմանագրի փոփոխման և լուծման կարգը, որը պետք է համապատասխանի սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դրույթներին:

6. Կառավարման գործառույթների պատվիրակման նպատակով կառավարիչը պարտավոր է նախապես ստանալ Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով գործառույթների պատվիրակման պայմանագրի պատճենը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված նախնական համաձայնությունն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմը և դրանց ներկայացման կարգը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագրի կնքման համար նախնական համաձայնությունը տալու կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

8. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված համաձայնության տրամադրումը, եթե Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում չեն ներկայացվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով պահանջվող փաստաթղթերը, կամ դրանք չեն բավարարում սույն օրենքով կամ այլ օրենքներով առաջադրվող պահանջները, կամ համապատասխան պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները կամ դրանց մի մասն այլ անձի փոխանցելու հետևանքով Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով`

1) կարող են վտանգվել ֆոնդի մասնակիցների օրինական շահերը (այդ թվում` կոնտրագենտի մոտ պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացման համար բավարար կազմակերպական, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսների և կարողության բացակայության պատճառով), կամ կարող են առաջանալ շահերի բախումներ երրորդ անձի և կառավարչի, ֆոնդի կամ ֆոնդի մասնակիցների միջև.

2) անհնարին կդառնա կառավարչի և (կամ) պահառուի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը.

3) անհնար կդառնա կառավարչի կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացման նկատմամբ անընդհատ և արդյունավետ վերահսկողության իրականացումը կամ ֆոնդի ակտիվների կառավարման կապակցությամբ այն անձին հետագա ցուցումներ տալը, որին պատվիրակվել է գործառույթների կատարումը.

4) ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որի դեպքում կառավարիչը փաստացի չի իրականացնում ֆոնդի կառավարումը:

9. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում է ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների այն առավելագույն մասը, որի նկատմամբ ներդրման կառավարման գործառույթը կարող է պատվիրակվել երրորդ անձին (անձանց):

10. Ֆոնդի ազդագիրը (բաց ֆոնդի կանոնները (կանոնադրությունը)) պետք է սահմանի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձին:

11. Կառավարչի նկատմամբ սույն օրենքով սահմանված վերահսկողության իրականացման և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթները տարածվում են նաև կոնտրագենտների վրա` պատվիրակված գործառույթների իրականացման մասով:

12. Եթե կառավարիչը բացահայտում է, որ կոնտրագենտի գործողությունները խախտում կամ կարող են խախտել սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի կամ կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագրի պահանջները, ապա նա պարտավոր է կոնտրագենտից պահանջել անմիջապես վերացնել խախտումը: Եթե կառավարչի նշված պահանջի ներկայացումից հետո կառավարչի սահմանած ողջամիտ ժամկետում կոնտրագենտը չի վերացնում խախտումը, ապա կառավարիչը կարող է միակողմանի լուծել կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագիրը:

13. Կառավարման գործառույթների պատվիրակման պայմանագրի` սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված լուծումը կարող է պահանջել նաև Կենտրոնական բանկը, եթե կոնտրագենտը թույլ է տվել սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի խախտումներ, որոնք կարող են վտանգել ֆոնդի մասնակիցների օրինական շահերը: Կենտրոնական բանկի պահանջը պարտադիր է կողմերի համար և պետք է կատարվի Կենտրոնական բանկի սահմանած ողջամիտ ժամկետում և կարգով:

(70-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 71.

Ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելը

 

1. Կառավարիչը (փոխանցող կառավարիչը) կարող է այլ կառավարչի (ստանձնող կառավարչի) փոխանցել իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարումը միայն ֆոնդի ժողովի (դրա առկայության դեպքում) կողմից ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագրի հաստատման և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված նախնական համաձայնության դեպքում: Կառավարչի այդ իրավունքը և դրա իրականացման կարգը պետք է ամրագրված լինեն ֆոնդի կառավարման պայմանագրում (ֆոնդի կանոններում): Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարման` այլ կառավարչի փոխանցումն իրականացվում է կառավարչի կողմից ֆոնդի ակտիվներում իր բաժնեմասն այլ կառավարչի փոխանցելու և վերջինի հետ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիրը կնքելու միջոցով:

2. Ֆոնդի կառավարման փոխանցման համար փոխանցող և ստանձնող կառավարիչները կնքում են ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիր, որը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Այն չի կարող պարունակել դրույթներ, որոնք խախտում կամ կարող են խախտել ֆոնդի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը:

3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրի կնքումն այն պետք է հաստատվի փոխանցող և ստանձնող կառավարիչների խորհուրդների կողմից: Եթե փոխանցող կառավարիչը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո կամ լուծարման գործընթացում, ապա փոխանցման պայմանագիրը ստորագրում է ադմինիստրացիայի ղեկավարը կամ լուծարային կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի նախագահը:

4. Ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում այդ պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան Կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածով նախատեսված նախնական համաձայնությունը տրամադրելու օրը:

5. Ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ստանձնող կառավարիչը դառնում է համապատասխան ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ` տվյալ ֆոնդի կառավարչի կարգավիճակով, և նրան են փոխանցվում այդ պայմանագրից բխող` փոխանցող կառավարչի բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

6. Ֆոնդի կառավարման փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու համար փոխանցող և ստանձնող կառավարիչները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

1) ֆոնդի կառավարման փոխանցման համաձայնություն տալու միջնորդագիրը.

2) ֆոնդի կառավարման փոխանցման կնքված պայմանագիրը.

3) ֆոնդի ժողովի (դրա առկայության դեպքում) որոշումը ֆոնդի կառավարման պայմանագիրը հաստատելու մասին.

4) ստանձնող և փոխանցող կառավարիչների` սույն օրենքով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկը.

5) ֆոնդի կառավարման փոխանցմամբ պայմանավորված ստանձնող և փոխանցող կառավարիչների գործարար ծրագրերում կատարված փոփոխությունները.

6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ:

7. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում ֆոնդի կառավարման փոխանցմանը համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին:

8. Ֆոնդի կառավարման փոխանցմանը համաձայնություն տալու որոշմամբ Կենտրոնական բանկը գրանցում է նաև ֆոնդի կառավարման պայմանագրում (ֆոնդի կանոններում) կատարված համապատասխան փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:

9. Կենտրոնական բանկը մերժում է ֆոնդի կառավարման փոխանցմանը համաձայնություն տալու միջնորդագիրը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, որոնք չեն վերացվել սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.

2) ֆոնդի կառավարման փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել ֆոնդի մասնակիցների իրավունքները կամ օրինական շահերը.

3) ֆոնդի կառավարման փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել փոխանցող կամ ստանձնող կառավարչի ֆինանսական վիճակի վատթարացմանը.

4) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ֆոնդի կառավարման փոխանցման դեպքում ստանձնող Ընկերությունը չի բավարարի սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

5) գործարար ծրագրերում կատարվող փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով փոփոխված գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով դրան համապատասխան` կառավարիչը չի կարող ֆոնդի կառավարման բնականոն գործունեություն իրականացնել.

6) ֆոնդի կառավարման փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

10. Ֆոնդի կառավարման փոխանցմանը համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի որոշումն ստանալու պահից հնգօրյա ժամկետում ստանձնող կառավարիչը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով և իր ինտերնետային տնային էջում:

11. Ֆոնդի ժողով ունեցող ֆոնդի կառավարման փոխանցման դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հայտարարության մեջ պետք է նշվի նաև համապատասխան ֆոնդի մասնակիցների` սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված իրավունքի մասին:

12. Ֆոնդի ժողով ունեցող ֆոնդի այն մասնակիցները, ովքեր ֆոնդի ժողովում դեմ են քվեարկել ֆոնդի կառավարման փոխանցմանը կամ չեն մասնակցել այդ հարցով քվեարկությանը, ունեն իրենց բաժնետոմսերի (փայերի) հետգնման պահանջ ներկայացնելու իրավունք «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն օրենքով: Փայերի հետգնման ներկայացման դեպքում հաշվի են առնվում նաև պայմանագրային ֆոնդի առանձնահատկությունները:

13. Ֆոնդի ժողովի կողմից ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրը չհաստատվելու դեպքում կառավարիչը կարող է հրաժարվել ֆոնդի կառավարման պայմանագրից, եթե ապահովված են ֆոնդի մասնակիցների օրինական շահերը, և եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ստացվել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

14. Որակավորված ներդրողների ֆոնդի կառավարման փոխանցման և սույն հոդվածով նախատեսված դեպքում որակավորված ներդրողների ֆոնդի կառավարման պայմանագրից կառավարչի հրաժարման համար չի պահանջվում սույն հոդվածով նախատեսված` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

15. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարումը կարող է փոխանցվել այլ կառավարչի միայն այդ ֆոնդի կառավարչի լիցենզիան (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև ինքնալուծարման (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու) համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու դեպքում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հոդված 72.

Կառավարչի վերակազմակերպումը

 

1. Կառավարիչը կարող է վերակազմակերպվել բացառապես մեկ այլ կառավարչի միանալու կամ վերակազմավորման միջոցով:

2. Կառավարչի վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 73.

Միացման կարգը

 

1. Կառավարչի կամ մի քանի կառավարիչների` մեկ այլ կառավարչի միանալու դեպքում միացող կառավարիչները կնքում են միացման պայմանագիր` ստանալով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:

2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն ստանալու համար կառավարիչը (կառավարիչները) Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում`

1) միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին միջնորդագիր.

2) վերակազմակերպվող կառավարիչների կառավարման համապատասխան մարմինների որոշումը միացման մասին.

3) գործարքի էական պայմանները.

4) միացման արդյունքում պահպանվող կառավարչի առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը.

5) տեղեկություններ այն անձանց մասին, որոնցում պահպանվող կառավարիչը և նրա հետ փոխկապակցված անձինք ձեռք են բերելու մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին միջնորդագրի հետ մեկտեղ պահպանվող կառավարիչը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև այլ անձանց մոտ օրենքով սահմանված մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին միջնորդագիր և այլ պահանջվող փաստաթղթեր.

6) տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պահպանվող կառավարչի մոտ ձեռք են բերելու նշանակալից մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին միջնորդագրի հետ մեկտեղ պահպանվող կառավարիչը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի և նրա հետ փոխկապակցված անձի միջնորդագիրը և այլ պահանջվող փաստաթղթեր.

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից մեկամսյա ժամկետում կայացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե`

1) կառավարչի (կառավարիչների) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերին (մասնավորապես, կենսաթոշակային ֆոնդի կառավարման իրավունք ունեցող կամ ձեռք բերած պահպանվող կառավարիչը միացման հետևանքով չի համապատասխանի «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին), կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, որոնք չեն վերացվել Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում.

2) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում պահպանվող կառավարչի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի, կամ նրա կողմից կխախտվեն սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

3) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում կառավարիչը կամ կառավարչի մոտ նշանակալից մասնակցություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն արժեթղթերի շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհային դիրք.

4) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում կողմերից որևէ մեկի կողմից կառավարվող ֆոնդի մասնակիցների կամ կողմերից որևէ մեկի հաճախորդների շահերը կվտանգվեն.

5) Կենտրոնական բանկը մերժել է սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կամ 6-րդ կետերում նշված նախնական համաձայնության տալու միջնորդագրերից թեկուզև մեկը.

6) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով այն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` պահպանվող կառավարիչը չի կարող ֆոնդի կառավարման բնականոն գործունեություն իրականացնել:

5. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում միացող կառավարիչները միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր ու տեղեկություններ: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է միացման պայմանագիրն այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատասխանում է ստացված նախնական համաձայնության պայմաններին:

 

Հոդված 74.

Միացման իրավական հետևանքները

 

1. Միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած կառավարիչներն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող կառավարչի կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ` գրանցման: Կենտրոնական բանկ է ներկայացվում նաև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված այն ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության մասին որոշման վերաձևակերպման մասին հայտ, որն ստացել է միացող կառավարիչը (կառավարիչները), սակայն առկա չէ պահպանվող կառավարչի մոտ:

2. Պահպանվող կառավարչի կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից միացած կառավարչի (կառավարիչների) գործունեության դադարման վերաբերյալ կառավարիչների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն մասում նշված գրառման պահից պահպանվող կառավարիչը համարվում է վերակազմակերպված:

 

Հոդված 75.

Միացման մասին ծանուցումը

 

1. Միացող կառավարիչները պարտավոր են Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկի սահմանած կարգով այդ մասին հայտարարություն հրապարակել իրենց ինտերնետային կայքերում և առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:

 

Հոդված 76.

Կառավարչի վերակազմավորումը

 

1. Բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձև ունեցող կառավարիչը կարող է վերակազմավորվել բացառապես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպական-իրավական ձև ունեցող կառավարիչը կարող է վերակազմավորվել բացառապես բաժնետիրական ընկերության:

 

Հոդված 77.

Կառավարչի լուծարման հիմքերը

 

1. Կառավարիչը լուծարվում է`

1) կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում).

2) սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

3) կառավարչի սնանկության դեպքում:

 

Հոդված 78.

Կառավարչի լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում)

 

1. Կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կառավարչի լուծարման մասին, եթե կառավարիչը կատարել է ֆոնդի կառավարման և սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները, և կառավարիչն ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:

2. Ընդհանուր ժողովի որոշմամբ կառավարչի լուծարման դեպքում ընդհանուր ժողովն ընդունում է որոշում` նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին: Այդ որոշման հիման վրա կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիր` դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է կառավարչի լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը և որոշում է ընդունում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կառավարչի լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի մասնակիցների և (կամ) կառավարչի հաճախորդների իրավունքները և օրինական շահերը, կամ կառավարիչը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները:

5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կառավարչին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում կառավարիչը միջոցներ է ձեռնարկում իր կողմից կառավարվող բոլոր ֆոնդերի կառավարումը սույն օրենքով սահմանված կարգով այլ կառավարչի (կառավարիչների) փոխանցելու կամ ֆոնդի կառավարման պայմանագրերից միակողմանիորեն հրաժարվելու, ինչպես նաև իր հաճախորդների հետ կնքված սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:

6. Կառավարչի կողմից կառավարվող բոլոր ֆոնդերի կառավարումը այլ կառավարչի (կառավարիչների) փոխանցելու կամ ֆոնդի կառավարման պայմանագրերից միակողմանիորեն հրաժարվելու և իր հաճախորդների հետ կնքված` սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել:

7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո կառավարիչը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիր` դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30 աշխատանքային օրվա ընթացքում քննում է կառավարչի լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիրը և որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին:

9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե կառավարչի կառավարման ներքո առկա է ֆոնդ, որի կառավարումը չի փոխանցվել այլ կառավարչի, կամ համապատասխան ֆոնդի կառավարման պայմանագիրը դեռևս չի լուծվել, և (կամ) առկա են սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ, և (կամ) կառավարիչն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները:

10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև կառավարչի` ֆոնդի կառավարման լիցենզիան, ինչպես նաև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման մասին որոշումը (եթե կառավարիչն ստացել է այդպիսի թույլտվություն) ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում:

 

Հոդված 79.

Կառավարչի լուծարային հանձնաժողովը

 

1. Կառավարչի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչի լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում:

2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչին լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով:

3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ստացած անձինք:

4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ կառավարչի գործադիր մարմինը, եթե կառավարչի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող կառավարչի կառավարման լիազորությունները:

6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից 5-օրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին կառավարչի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրացուցային օրից:

7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

 

Հոդված 80.

Կառավարչի լուծարման ընթացակարգը

 

1. Կառավարչի կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովին հանձնել կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ:

2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազոր մարմնին` լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը: Պետական լիազոր մարմինը դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը:

3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը` ներառելով «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը:

4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը`

1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող կառավարչի ակտիվներն ու պասիվները.

2) ձեռնարկում է կառավարչի բոլոր պարտատերերին հայտնաբերելու և կառավարչի դեբիտորական պարտքերը ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ.

3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող կառավարչի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.

4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող կառավարչի նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.

5) որոշում է կառավարչի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:

5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ`

1) լուծարվող կառավարչի գույքի կազմի մասին.

2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում` կառավարչի հաշվեկշռում արտացոլված կամ կառավարչին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր մերժած պահանջների առանձին ցանկը.

3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:

7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 81-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հրապարակման օրվանից:

(80-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-73-Ն)

 

Հոդված 81.

Պահանջների բավարարման հերթականությունը

 

1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց համարվող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից` արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց համարվող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:

2. Կառավարչի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ.

1) առաջին հերթին` լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.

2) երկրորդ հերթին` ֆոնդի կառավարման և սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող պահանջները.

3) երրորդ հերթին` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները.

4) չորրորդ հերթին` պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ կառավարչի պարտավորությունները.

5) հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.

6) վեցերորդ հերթին` կառավարչի մասնակիցների, ինչպես նաև կառավարչի կամ դրա մասնակցի հետ փոխկապակցված անձանց պահանջները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված` կառավարչի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ և հինգերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում կառավարչի մասնակիցները, ինչպես նաև կառավարչի կամ դրա մասնակցի հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ կառավարչի պարտավորությունները բավարարվում են վեցերորդ հերթին:

4. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:

5. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև կառավարչի լուծարային հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը` մինչև որոշման կայացումը:

6. Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:

7. Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի հաշվառած պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում են ի պահ:

8. Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովն առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակում է տեղեկություններ տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակվելու հաջորդ օրվանից:

9. Սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրացուցային օրից պակաս լինել: Պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևէ հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:

10. Լուծարային հանձնաժողովի մերժած պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված:

 

Հոդված 82.

Լուծարային հանձնաժողովի նկատմամբ վերահսկողությունը և հաշվետվությունները

 

1. Կառավարչի լուծարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով լուծարման գործընթացում գտնվող կառավարչի մոտ Կենտրոնական բանկը կարող է իրականացնել վերստուգում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ:

3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ձևով իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ տեղեկություններ հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:

4. Կենտրոնական բանկն իրավունք ունի լուծարային հանձնաժողովից պահանջելու ցանկացած տեղեկություն նրա գործունեության վերաբերյալ:

 

Հոդված 83.

Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը

 

1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և լուծարվող կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից այն հաստատվելու պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ:

2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները:

3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում լուծարային հանձնաժողովը 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարային հաշվեկշիռը լուծարվող կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր միջնորդագիր է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ միջնորդագիրը քննում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը լուծարվող կառավարչին գրանցումից հանելու մասին գրառում է կատարում կառավարիչների գրանցումների մատյանում, որից հետո կառավարիչը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:

5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը կառավարչի լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է կառավարչի լուծարման հետ կապված պարտավորություններից:

 

Հոդված 84.

Լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրությունը

 

1. Լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրությունը կատարվում է լուծարվող կառավարչի գույքի հաշվին:

2. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրության սահմանաչափեր:

 

Հոդված 85.

Կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու և սնանկության հիմքերով կառավարչի լուծարումը

 

1. Սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կառավարչի լուծարման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով և 79-84-րդ հոդվածներով սահմանված դրույթները: Ընդ որում, կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում, որի վրա էլ դրվում է սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը:

2. Կառավարչի սնանկության հետևանքով նրա լուծարման կարգը և կառավարչի անվճարունակության և սնանկության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՊԱՀԱՌՈՒՆ

 

Հոդված 86.

Պահառուն

 

1. Ֆոնդի ակտիվները պահառության պայմանագրի հիման վրա պետք է հանձնվեն պահառության կառավարչի հետ չփոխկապակցված պահառուին: Սույն մասով նախատեսված պայմանագրի գործողության ընթացքում կառավարիչը և պահառուն պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկեն իրենց միջև փոխկապակցվածության առաջացմանը հանգեցնող հանգամանքների ի հայտ գալը կանխարգելելու ուղղությամբ, իսկ նման հանգամանքների ի հայտ գալու դեպքում վեց ամսվա ընթացքում վերացնել դրանք: Կառավարիչը և (կամ) պահառուն պատասխանատվություն են կրում իրենց մեղքով սույն մասով նախատեսված փոխկապակցվածության հանգեցնող հանգամանքների առաջացման համար:

2. Պահառու կարող է լինել Կենտրոնական դեպոզիտարիան կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկը, որն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատուցում է արժեթղթերի պահառության ծառայություն: Կենսաթոշակային ֆոնդի պահառուին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ:

3. Միևնույն ֆոնդի ակտիվների պահառությունը կարող է իրականացվել միայն մի պահառուի կողմից` անձամբ կամ սույն գլխով սահմանված դեպքերում ենթապահառուի (ենթապահառուների) միջոցով:

4. Պահառուն չի կարող միաժամանակ գործել որպես տվյալ ֆոնդի կառավարիչ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերում կառավարչի բացակայությամբ պահառուի կողմից ֆոնդի ժամանակավոր կառավարման: Ընդ որում, նման դեպքերում պահառուն պարտավոր է միջոցներ ձեռնարկել հնարավոր սեղմ ժամկետներում սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելու կամ նրա կողմից կառավարվող ֆոնդին միացնելու համար` վերջինի ընտրության ժամանակ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանության սկզբունքից: Պահառուն ֆոնդի կառավարումն իրականացնում է նաև ֆոնդի լուծարման (դադարեցման) ժամանակ` սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում: Սույն մասով նախատեսված դեպքերում ֆոնդի կառավարումն իրականացնելիս պահառուի նկատմամբ տարածվում են օրենքով, այլ իրավական ակտերով և տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կառավարչի համար սահմանված դրույթները, եթե այլ բան չի սահմանված կամ չի բխում սույն օրենքից:

(86-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 87.

Պահառուի պարտականությունները

 

1. Պահառուն ի պահ է ընդունում, պահպանում և հաշվառում է ֆոնդի ակտիվները, իրականացնում է ֆոնդի անունից կատարվող գործարքների սպասարկումը և դրանց հիման վրա ակտիվների փոխանցումը:

2. Ֆոնդի պահառությունը կարող է չներառել ակտիվների ի պահ ընդունումը:

3. Ի լրումն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահառուի համար սահմանված լիազորությունների` պահառուն, սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, պարտավոր է`

1) ապահովել, որ փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումը, հետգնումը (մարումը) և փոխանակումն իրականացվեն օրենքին, դրանից բխող նորմատիվ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին (կանոնադրությանը) համապատասխան.

2) ապահովել, որ ֆոնդի ակտիվների զուտ արժեքը և փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեքը հաշվարկվեն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին (կանոնադրությանը) համապատասխան.

3) ֆոնդի ակտիվներով գործարքների նկատմամբ իրականացնել հսկողություն, որպեսզի դրանց հետ կապված գործառնություններն իրականացվեն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, իսկ դրանց բացակայության դեպքում` նման գործառնությունների իրականացման համար սովորաբար ընդունված ժամկետներում.

4) կատարել կառավարչի հանձնարարականները, եթե դրանք չեն հակասում օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին (կանոնադրությանը).

5) ապահովել, որ ֆոնդի ակտիվները օգտագործվեն, այդ թվում` ֆոնդի եկամուտը բաշխվի օրենքին, նորմատիվ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին (կանոնադրությանը) համապատասխան.

6) կառավարչի հետ պարբերաբար իրականացնել ֆոնդի ակտիվների կազմի և շարժի համեմատում.

7) օրենքով սահմանված դեպքերում կառավարչի` ֆոնդի կառավարման իրավասությունը դադարելու դեպքում իրականացնել ֆոնդի կառավարումը մինչև սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելը կամ նրա կողմից կառավարվող ֆոնդին միացնելը.

8) իրականացնել ֆոնդի լուծարումը (դադարեցումը), եթե բացակայում է կառավարիչը.

9) իրականացնել սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

4. Պահառուն պարտավոր է իր պարտականությունների կատարման ընթացքում օրենքի, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի և ֆոնդի կանոնների (կանոնադրության) պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում դրանց մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել Կենտրոնական բանկին, կառավարչին:

5. Պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով կառավարչին, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պահառուն գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի կառավարիչը: Սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-9-րդ մասերը կիրառվում են պահառուի կողմից ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցման նկատմամբ:

(87-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ., խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 88.

Պահառուին ներկայացվող լրացուցիչ պահանջները

 

1. Պահառուի նկատմամբ տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արժեթղթերի պահառուին վերաբերող դրույթները, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:

2. Պահառուի ներքին կազմակերպման կառուցվածքը և գործառնական համակարգը, ֆինանսական դրությունը, գործունեության տարածքը, տեխնիկական համակարգերը և միջոցները, նրա գործառույթների իրականացման գործընթացում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստվածությունը և փորձառությունը պետք է համարժեք լինեն օրենքով, նորմատիվ իրավական ակտերով և պահառության պայմանագրով նախատեսված գործառույթների իրականացումն ապահովելու համար:

3. Կենտրոնական բանկը պահառուների կառուցվածքի և գործունեության նկատմամբ կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ:

4. Պահառուն իր պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր է գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իր պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):

5. Ֆոնդի (պայմանագրային ֆոնդի կառավարչի) և պահառուի միջև կնքված պայմանագիրը չի կարող սահմանափակել պահառուի` սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պատասխանատվությունը:

 

Հոդված 89.

Պահառության գործառույթների պատվիրակումը

 

1. Պահառուն կարող է օրենքով սահմանված իր գործառույթների մի մասը կամ ֆոնդի ակտիվների մի մասի պահառության իր բոլոր գործառույթները պատվիրակել երրորդ անձին` վերջինիս հետ կնքված ենթապահառության պայմանագրին համապատասխան: Ընդ որում, պահառուի կողմից իր գործառույթների պատվիրակման արդյունքում չպետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի դեպքում պահառուն փաստացի չի իրականացնում ֆոնդի պահառությունը:

2. Ենթապահառության պայմանագրով պետք է հստակ սահմանվեն այն գործառույթների կոնկրետ շրջանակը, որոնք պատվիրակվում են, կամ այն ակտիվները, որոնց պահառության գործառույթները պատվիրակվում են ենթապահառուին, ինչպես նաև սույն օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով կառավարչի գործառույթների պատվիրակման պայմանագրի համար սահմանված այլ դրույթներ:

3. Պահառուն պետք է համոզվի, որ երրորդ կողմը, որին պատվիրակվում են պահառուի գործառույթները, ունի բավարար կազմակերպական, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսներ և կարողություն պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացման համար:

4. Ենթապահառու կարող է լինել միայն համապատասխան տեսակի ակտիվների պահառության իրավունք ունեցող անձը, իսկ սույն օրենքով սահմանված լրացուցիչ գործառույթների պատվիրակման դեպքում` սույն օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները բավարարող անձը (Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գործառույթների մասով` համապատասխան օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն` ֆոնդի ակտիվների պահառության իրավունք ունեցող անձը): Ենթապահառության պայմանագիր չի կարող կնքվել տվյալ ֆոնդի կառավարչի կամ նրա հետ փոխկապակցված այլ անձի հետ, բացառությամբ սույն օրենքի 86-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի: Ենթապահառության գործողության ընթացքում ենթապահառուի և կառավարչի միջև փոխկապակցվածության հանգեցնող հանգամանքների առաջացման դեպքում պահառուն պարտավոր է այդ հանգամանքների առաջացման պահից 6 ամսվա ընթացքում դադարեցնել ենթապահառության պայմանագիրը, եթե դրանք չեն վերանում նախքան 6-ամսյա ժամկետի ավարտը:

5. Պահառուի նկատմամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված վերահսկողության և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթները տարածվում են նաև ենթապահառուի վրա` պատվիրակված գործառույթների իրականացման մասով, բացառությամբ այն դեպքի, երբ նա պարտավոր է միայն ի պահ ընդունել (պահպանել) ֆոնդի ակտիվները, ինչպես նաև եթե ենթապահառուի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս օտարերկրյա իրավաբանական անձը:

6. Պահառուն պարտավոր է վերահսկել ենթապահառուի կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացումը և ֆոնդի մասնակիցների օրինական շահերի պահպանումը և պատասխանատվություն է կրում նրա գործողության կամ անգործության հետևանքով առաջացած վնասների համար: Այդ դեպքում նա հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում ենթապահառուի նկատմամբ:

7. Պահառության գործառույթների պատվիրակման նպատակով պահառուն պարտավոր է նախապես ստանալ Կենտրոնական բանկի համաձայնությունը` սույն օրենքի 70-րդ հոդվածով կառավարչի գործառույթների պատվիրակման պայմանագրի համար սահմանված դրույթներին համապատասխան:

8. Ենթապահառուն պարտավոր է ապահովել պահառուի կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված վերահսկողության պատշաճ իրականացումը:

9. Եթե պահառուն բացահայտում է, որ ենթապահառուի գործողությունները խախտում են կամ կարող են խախտել սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի կամ ենթապահառության պայմանագրի պահանջները, ապա նա պարտավոր է ենթապահառուից պահանջել անմիջապես վերացնել խախտումը: Եթե պահառուի նշված պահանջը ներկայացնելուց հետո պահառուի սահմանած ողջամիտ ժամկետում ենթապահառուն չի վերացնում խախտումը, ապա պահառուն կարող է միակողմանի լուծել ենթապահառության պայմանագիրը:

10. Ենթապահառության պայմանագրի` սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված լուծումը կարող է պահանջել նաև Կենտրոնական բանկը, եթե ենթապահառուն թույլ է տվել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներ, որոնք կարող են վտանգել ֆոնդի մասնակիցների օրինական շահերը: Կենտրոնական բանկի պահանջը պարտադիր է կողմերի համար և պետք է կատարվի Կենտրոնական բանկի սահմանած ողջամիտ ժամկետում և կարգով:

(89-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 90.

Պահառուի փոփոխությունը

 

1. Ֆոնդի պահառության պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել պայմանագրային ֆոնդի կառավարչի կամ կորպորատիվ ֆոնդի և պահառուի փոխադարձ համաձայնությամբ, եթե նման հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) և ֆոնդի պահառության պայմանագրով, եթե ստացվել է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը, և եթե ապահովված են ֆոնդի մասնակիցների օրինական շահերը: Սույն մասով նախատեսված` Կենտրոնական բանկի համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար: Կորպորատիվ ֆոնդի (պայմանագրային ֆոնդի կառավարչի) հետ սույն մասով նախատեսված փոխադարձ համաձայնությունը ձեռք չբերելու դեպքում պահառուն իրավասու է սույն մասով նախատեսված մյուս բոլոր պահանջների պահպանմամբ միակողմանիորեն դադարեցնելու ֆոնդի պահառության պայմանագրի գործողությունը` այդ մասին նախապես, բայց ոչ ուշ, քան պայմանագրի դադարեցման օրվանից 90 օր առաջ գրավոր տեղեկացնելով կառավարչին: Ընդ որում, սույն մասով նախատեսված տեղեկացմանը պետք է կցվի նաև պայմանագրի դադարեցմանը նախնական համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենը, բացառությամբ որակավորված ներդրողների ֆոնդերի պահառության պայմանագրերի դադարեցման դեպքերի:

2. Պայմանագրային ֆոնդի կառավարիչը կամ կորպորատիվ ֆոնդը կարող է միակողմանիորեն ուժը կորցրած ճանաչել պահառուի հետ կնքված ֆոնդի պահառության պայմանագիրը միայն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով, որի համար պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Սույն մասով նախատեսված համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար:

3. Կենտրոնական բանկի պահանջով պայմանագրային ֆոնդի կառավարիչը կամ կորպորատիվ ֆոնդը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում ուժը կորցրած ճանաչել պահառուի հետ կնքված ֆոնդի պահառության պայմանագիրը` ֆոնդի մասնակիցների օրինական շահերը պաշտպանելու նպատակով, եթե պահառուն չի կատարում օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված իր պարտականությունները կամ բազմիցս կամ չարամտորեն կամ կոպիտ կերպով խախտել է դրանց պատշաճ կատարման պահանջը, ինչպես նաև եթե կառավարչի և պահառուի միջև փոխկապակցվածության հիմք համարվող հանգամանքներ առաջանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, դրանք չեն վերացվել, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով` խաթարվել է պահառուի բավարար անկախությունը կառավարչից:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով ֆոնդի պահառության պայմանագրի դադարեցման դեպքում պահառուն պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված իր պարտականությունները մինչև նոր պահառուի հետ պայմանագրի կնքումը և վերջինիս ֆոնդի ակտիվների փոխանցումը:

5. Ֆոնդի պահառության պայմանագրի գործողությունը դադարում է պահառուի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, իսկ կենսաթոշակային ֆոնդերի պահառության դեպքում` նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան կենսաթոշակային ֆոնդի պահառության գործունեություն իրականացնելն արգելելու պահից:

6. Պայմանագրային ֆոնդի կառավարչի կամ կորպորատիվ ֆոնդի և նոր պահառուի միջև ֆոնդի պահառության պայմանագիր կնքվելու, ինչպես նաև ֆոնդի պահառության պայմանագրում էական փոփոխություններ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները (պայմանագիրը) պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները (պայմանագիրը) ենթակա են գրանցման Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և ուժի մեջ են մտնում գրանցվելու պահից: Նոր պահառուի հետ կնքված պայմանագրի գրանցումը կատարվում է պայմանագրային ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու հետ միաժամանակ: Սույն մասի իմաստով էական է համարվում պահառուի, մատուցվող ծառայությունների շրջանակի, վճարների վերաբերյալ փոփոխությունը, ինչպես նաև գործարար շրջանառությունում նմանատիպ պայմանագրերի համար էական հանդիսացող այլ պայմանների փոփոխությունը:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրի փոփոխությունների կամ նոր պայմանագրի գրանցումը, եթե դրանք չեն բավարարում սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում ֆոնդի պահառության պայմանագրում կատարված փոփոխությունների և նոր պահառուի հետ կնքված ֆոնդի պահառության պայմանագրերի գրանցմանը վերաբերող դրույթները (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասության) չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա, և վերջինների պահառության պայմանագրում կատարված փոփոխությունները և նոր պահառուի հետ կնքված ֆոնդի պահառության պայմանագրերը գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից` առանց դրանց բովանդակության ստուգման, եթե առկա չէ ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից այդ փոփոխությունների կամ պայմանագրի` սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու մասին:

(90-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԱԶԴԱԳԻՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 91.

Ազդագիրը

 

1. Ֆոնդի, բացառությամբ բաց ֆոնդի, ազդագրի կառուցվածքի, կիրառելիության ժամկետի, գրանցման, հրապարակման և ազդագրի հետ կապված այլ իրավահարաբերությունների վրա տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները: Ֆոնդի թողարկած արժեթղթերի ազդագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների առանձնահատկությունները սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

2. Բաց ֆոնդերի կանոնները (կանոնադրությունը) դիտվում են որպես ազդագիր, որի վրա չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթները: Բաց ֆոնդի կառավարիչը պարտավոր է ապահովել ֆոնդի կանոնների (կանոնադրության) մշտապես մատչելիությունը ներդրողների համար: Սույն մասով նախատեսված ֆոնդի կանոնների (կանոնադրության) մատչելիության ապահովման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ֆոնդի կանոնների (կանոնադրության) հրապարակմանը վերաբերող պահանջներ:

 

Հոդված 92.

Հաշվետվությունները

 

1. Կառավարիչը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ է ներկայացնում իր և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի տարեկան և միջանկյալ հաշվետվությունները: Հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, դրանց ներկայացման և հրապարակման կարգը, ժամկետներն ու պարբերականությունը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք կենսաթոշակային ֆոնդերի մասով պետք է համապատասխանեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան դրույթներին:

2. Կառավարիչն իր վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է Կենտրոնական բանկի կողմից ընդունելի և միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքներին համապատասխան:

3. Կենտրոնական բանկի նորմատիվ ակտով կարող են սահմանվել կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացնելու պարտականությունը և տեղեկացման կարգը:

4. Կառավարչի կողմից հրապարակվող և (կամ) Կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական և արժանահավատ:

5. Կառավարչի կազմած որակավորված ներդրողների ֆոնդի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ միայն վերջինիս պահանջով, և սույն հոդվածով նախատեսված հրապարակման պահանջը դրանց վրա չի տարածվում:

(92-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 93.

Ֆոնդի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը

 

1. Կառավարիչը պարտավոր է ֆոնդի մասնակցի առաջին իսկ պահանջով նրան տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը ենթակա է հրապարակման սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Ընդ որում, վերջին տարեկան հաշվետվության և դրա վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենների, ինչպես նաև ֆոնդի ազդագրի (բաց ֆոնդի կանոնների (կանոնադրության)) տրամադրման համար վճար չի կարող գանձվել:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին տրամադրման ենթակա տեղեկությունների, հաշվետվությունների և նման այլ փաստաթղթերի կազմի, ձևի, բովանդակության, ինչպես նաև դրանց տրամադրման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ:

 

Հոդված 94.

Պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը

 

1. Կառավարիչը պարտավոր է մշտապես ունենալ գործող ինտերնետային կայք և այդտեղ առնվազն հայերենով հրապարակել իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացությունը: Ընդ որում, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և արտաքին աուդիտի եզրակացությունը ենթակա են հրապարակման նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում.

2) յուրաքանչյուր ֆոնդի զուտ ակտիվների արժեքը և նրանց թողարկած փայերի (բաժնետոմսերի)` սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հաշվարկված վերջին հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները, ինչպես նաև յուրաքանչյուր ֆոնդի պորտֆելի կառուցվածքը: Ընդ որում, սույն կետով նախատեսված տեղեկատվությունը բովանդակող ցանկացած հրապարակում պետք է նշում պարունակի այն մասին, որ հրապարակված տեղաբաշխման (հետգնման) գինն այն փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման (հետգնման) գինն է, որոնց ձեռքբերման կամ բաժանորդագրման (հետգնման) պահանջը ներկայացվել է որոշակի ժամանակահատվածում` սահմանելով այդ ժամանակահատվածը.

3) ֆոնդի հերթական և արտահերթ ժողովների գումարման մասին հայտարարությունը, ինչպես նաև ֆոնդի ժողովի ընդունած որոշումները: Ընդ որում, սույն կետում նշված հայտարարությունը և ֆոնդի ժողովի որոշումները ենթակա են հրապարակման նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում.

4) ֆոնդի մասնակիցներին շահաբաժիններ վճարելու մասին որոշումները.

5) տեղեկություններ կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, կառավարչի ղեկավարների, ինչպես նաև ղեկավարների լիազորությունների և պատասխանատվության ոլորտների վերաբերյալ.

6) կառավարչի և յուրաքանչյուր ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) և դրանցում կատարված փոփոխություններն ու լրացումները.

7) տեղեկություններ յուրաքանչյուր ֆոնդի պահառուի վերաբերյալ.

8) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ տեղեկություններ (կենսաթոշակային ֆոնդերի կառավարում իրականացնելու դեպքում).

9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված առևտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկատվություն չհամարվող այլ տեղեկություններ:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաև այլ տեղեկությունների (բացառությամբ օրենքով սահմանված առևտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկատվություն կազմող տեղեկությունների) հրապարակման ձևը, կարգը (այդ թվում` հրապարակման միջոցները) և պարբերականությունը:

3. Ֆոնդի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը տեղադրելիս պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող կառավարիչն առաջին հերթին նշում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասին:

4. Սույն հոդվածի համաձայն հրապարակման ենթակա տեղեկատվությունը պետք է մատչելի լինի կառավարչի գտնվելու վայրում, ինչպես նաև նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների տարածքում և տրամադրվի ցանկացած անձի առաջին իսկ պահանջով: Ընդ որում, տրամադրման համար պահանջվող վճարի չափը չի կարող գերազանցել դրանց պատրաստման (փոստային առաքման դեպքում` նաև փոստային առաքման) համար անհրաժեշտ ողջամիտ ծախսի գումարը: Սույն մասում նշված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի մասին հայտարարությունը պետք է փակցված լինի կառավարչի գտնվելու վայրում, ինչպես նաև նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների տարածքում` տեսանելի վայրում:

5. Կառավարչի կողմից սույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ամբողջական:

6. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում բացառապես որակավորված ներդրողների ֆոնդի կառավարում իրականացնող կառավարիչների նկատմամբ:

(94-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-213-Ն, խմբ., փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 95.

Ֆոնդի և (կամ) կառավարչի գովազդը

 

1. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-68-Ն)

2. Ֆոնդի վերաբերյալ ցանկացած գովազդ, հայտարարություն կամ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) առաջարկին և (կամ) վաճառքին ուղղված ցանկացած գործողություն, փաստաթուղթ (այդ թվում` ազդագիր) կամ տեղեկատվության փոխանցման այլ միջոց պետք է հստակ տեսանելի և այլ տեղեկատվությունից առանձնացող նշում պարունակի այն մասին, որ ֆոնդը և նրա կառավարիչը չեն կարող երաշխավորել ֆոնդի կողմից հռչակված ֆոնդի նպատակների ձեռքբերումը: Սույն մասով նախատեսված տեղեկատվության փոխանցման միջոցը չպետք է պարունակի որևէ պնդում, որը հակասում է ազդագրում պարունակվող որևէ տեղեկատվության կամ նվազեցնում է դրա նշանակությունը, և պետք է նշում պարունակի ազդագրի առկայության և այն մասին, թե ինչպես ներդրողները կամ պոտենցիալ ներդրողները կարող են այդ փաստաթուղթը ձեռք բերել կամ ծանոթանալ դրան:

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող կառավարչի վերաբերյալ ցանկացած գովազդ կամ հայտարարություն պետք է նշում պարունակի նրա` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լինելու մասին:

4. Կառավարիչներին արգելվում է գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ`

1) օգտագործել ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ ակտիվների կառավարչի վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ կառավարչի և (կամ) նրա կողմից կառավարվող ֆոնդերի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ.

2) երաշխավորել իր կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների կանխատեսված կամ ակնկալվող աճ, ինչպես նաև վճարման ենթակա շահաբաժինների, կուտակային կենսաթոշակների կանխատեսված գումարների չափերը.

3) չհիմնավորված կամ ապակողմնորոշիչ խոստումների միջոցով ազդել անձի վրա` նրան դրդելով ընտրել տվյալ ակտիվների կառավարչին.

4) օգտագործել անբարեխիղճ մրցակցության մեթոդներ` նշելով այլ կառավարիչների և (կամ) ֆոնդերի ցանկացած թերություններ` անկախ այն հանգամանքից, թե այդ տեղեկություններն իրականում հավաստի են, թե ոչ:

(95-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-213-Ն, 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 96.

Արտաքին աուդիտը

 

1. Յուրաքանչյուր տարի կառավարչի և նրա կողմից կառավարվող ֆոնդի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով կառավարիչը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ` արտաքին աուդիտ): Ֆոնդի արտաքին աուդիտն իրականացնող անձին ընտրում է ֆոնդի ժողովը (կառավարչի խորհուրդը, եթե ֆոնդը չունի ժողով)` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձին ընտրում է կառավարչի ժողովը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ֆոնդի (կառավարչի) արտաքին աուդիտ իրականացնող անձին ներկայացվող լրացուցիչ պահանջներ: Ֆոնդի (կառավարչի) արտաքին աուդիտ իրականացնող անձի անդամ (ղեկավար) չի կարող լինել կառավարչի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, կառավարչի ներքին աուդիտն իրականացրած անձի անդամը և ղեկավարը, ինչպես նաև կառավարչի, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:

3. Ցանկացած ժամանակ ֆոնդի արտաքին աուդիտ կարող է հրավիրվել ֆոնդի ժողովի կամ կառավարչի խորհրդի կողմից` ֆոնդի միջոցների հաշվին, կամ ֆոնդի մասնակցի կամ պահառուի նախաձեռնությամբ` նրա միջոցների հաշվին: Ցանկացած ժամանակ կառավարչի արտաքին աուդիտ կարող է հրավիրվել կառավարչի խորհրդի կողմից` կառավարչի միջոցների հաշվին, կամ կառավարչի մասնակցի նախաձեռնությամբ` նրա միջոցների հաշվին: Ընդ որում, ֆոնդի (կառավարչի) մասնակցի կամ պահառուի կողմից արտաքին աուդիտ հրավիրվելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան արտաքին աուդիտն իրականացնող անձին ընտրում և նրա հետ պայմանագիր է կնքում արտաքին աուդիտ պահանջող մասնակիցը (պահառուն), որը կարող է կառավարչից պահանջել իր կատարած ծախսերի հատուցում ֆոնդի միջոցների հաշվին, եթե կառավարչի խորհրդի որոշմամբ այդ աուդիտն արդարացված է եղել ֆոնդի (կառավարչի) համար:

4. Արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելուց, պետք է նախատեսվի նաև աուդիտորական հաշվետվություն (նամակ կառավարչի ղեկավարությանը) կազմելը:

5. Կառավարիչը արտաքին աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից եզրակացություն ներկայացնելը`

1) կառավարչի` ֆինանսական հաշվետվությունների կազմման համար ներքին հսկողության համակարգի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

2) Կենտրոնական բանկ ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին:

6. Աուդիտորական ստուգում իրականացնելու ընթացքում ֆոնդի (կառավարչի) ֆինանսական վիճակի` իր կարծիքով էական վատթարացման փաստեր, ինչպես նաև ներքին համակարգերի (այդ թվում` ներքին հսկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում արտաքին աուդիտն իրականացնող անձը պարտավոր է դրանց մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին:

7. Կենտրոնական բանկը կարող է կառավարչին պարտադրել չորս ամսվա ընթացքում հրավիրել կառավարչի և (կամ) նրա կողմից կառավարվող ֆոնդի արտաքին աուդիտ և առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակել արտաքին աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:

8. Արտաքին աուդիտն իրականացնող անձի տարեկան եզրակացությունը և հաշվետվությունը կառավարիչը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Որակավորված ներդրողների ֆոնդի արտաքին աուդիտն իրականացնող անձի տարեկան եզրակացությունը և հաշվետվությունը Կենտրոնական բանկ են ներկայացվում միայն Կենտրոնական բանկի պահանջով:

9. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ֆոնդի (կառավարչի) աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, նույնիսկ եթե դրանք պարունակում են ծառայողական տեղեկություններ, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք: Սույն մասով նախատեսված տեղեկությունների տրամադրումը Կենտրոնական բանկ չի համարվում օրենքով պահպանվող գաղտնիքի կամ ծառայողական տեղեկատվության ապօրինի հրապարակում (տրամադրում) և չի առաջացնում պատասխանատվություն: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար արտաքին աուդիտն իրականացնող անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

10. Կենտրոնական բանկի և կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են արտաքին աուդիտն իրականացնող անձի համար սահմանվել արտաքին աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին և բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ:

11. Կենտրոնական բանկը կարող է պահանջել արտաքին աուդիտն իրականացնող անձից լրացուցիչ բացատրություններ և պարզաբանումներ իր եզրակացության և հաշվետվության վերաբերյալ:

12. Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ արտաքին աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն և պահանջել ֆոնդի և (կամ) կառավարչի հաշվին այլ արտաքին աուդիտ իրականացնող անձի կողմից նոր արտաքին աուդիտ:

(96-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 97.

Ծառայողական տեղեկատվությունը

 

1. Ֆոնդը (ֆոնդի մասնակցին) սպասարկելու կապակցությամբ կառավարչին, պահառուին, ինչպես նաև ֆոնդի կառավարման առանձին գործառույթներ իրականացնող այլ անձին (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիային) ֆոնդի (ֆոնդի մասնակցի) հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, ֆոնդի (ֆոնդի մասնակցի) առևտրային կամ ծառայողական գաղտնիքը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը ֆոնդը (ֆոնդի մասնակիցը) մտադիր է եղել գաղտնի պահել, և կառավարիչը, պահառուն կամ սույն մասով նախատեսված այլ անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին, համարվում է ծառայողական տեղեկատվություն:

2. Ծառայողական տեղեկատվություն է համարվում նաև սույն օրենքով վերահսկման ենթակա անձանց կողմից վերահսկողության իրականացման կապակցությամբ ֆոնդի (ֆոնդի մասնակցի) վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծառայողական տեղեկատվության վրա տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ծառայողական տեղեկատվության պահպանմանը, տրամադրմանը և հրապարակմանը վերաբերող դրույթները:

4. Եթե Կենտրոնական բանկի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը վերլուծելիս պարզվում է, որ տեղի է ունեցել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին:

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԵՐԸ

 

Հոդված 98.

Օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքը Հայաստանի Հանրապետությունում

 

1. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար օտարերկրյա ֆոնդը կամ նրա կառավարիչը պետք է ստանա Կենտրոնական բանկի խորհրդի նախնական թույլտվությունը:

2. Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ են ներկայացվում`

1) նախնական թույլտվության տրամադրման միջնորդագիրը.

2) համապատասխան օտարերկրյա պետության` օտարերկրյա կառավարչի և (կամ) ֆոնդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ֆոնդը և (կամ) օտարերկրյա կառավարիչն ունի համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն և գործում է տվյալ պետության օրենսդրության համաձայն.

3) օտարերկրյա կառավարչի կամ ֆոնդի գրանցման երկրի օրենսդրության համաձայն` կառավարչի և (կամ) ֆոնդի գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և լիցենզիայի, պայմանագրային ֆոնդի կանոնների` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները.

4) ֆոնդի կամ կառավարչի գործարար ծրագիրը.

5) ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի կամ որակավորված ներդրողների ֆոնդի թողարկած արժեթղթերի).

6) վերջին տարեկան և կիսամյակային հաշվետվությունները (եթե կիսամյակային հաշվետվությունը կազմվել է վերջին տարեկան հաշվետվությունից հետո)` հաստատված արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից.

7) Հայաստանի Հանրապետությունում փայերի կամ բաժնետոմսերի վաճառքի և հետգնման (մարման) ընթացակարգի մանրամասն նկարագիրը, այդ թվում` փայերի կամ բաժնետոմսերի վաճառքի և հետգնման (մարման) հետ կապված վճարումների կատարման պայմանները.

8) տեղեկություններ գործակալի վերաբերյալ, որի միջոցով իրականացվելու են արժեթղթերի վաճառքն ու հետգնումը (մարումը) և նրա հետ կնքված համապատասխան պայմանագիրը.

9) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում գրանցված գործակալի միջոցով (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի)` սույն օրենքի, այլ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ: Նման գործակալին Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ:

5. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը կարող են վաճառվել նաև տվյալ ֆոնդի կառավարիչ համարվող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կողմից, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախնական թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են կառավարչին (եթե Կենտրոնական բանկում առկա համապատասխան տեղեկություններում չեն կատարվել փոփոխություններ) և գործակալին:

 

Բ Ա Ժ Ի Ն  8

 

ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ (ԼՈՒԾԱՐՈՒՄԸ)

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 99.

Կորպորատիվ ֆոնդի տեսակի փոփոխումը և վերակազմակերպումը

 

1. Կորպորատիվ ֆոնդի տեսակի փոփոխումը և ֆոնդի վերակազմակերպումը կատարվում են ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) որոշման հիման վրա:

2. Ստանդարտ (մասնագիտացված) կորպորատիվ ֆոնդը կարող է վերափոխվել մասնագիտացված (ստանդարտ) կորպորատիվ ֆոնդի, կամ ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի կոնկրետ տեսակը կարող է վերափոխվել ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի մեկ այլ տեսակի, ինչպես նաև բաց, միջակայքային կամ փակ կորպորատիվ ֆոնդը կարող է վերափոխվել փակ, բաց կամ միջակայքային կորպորատիվ ֆոնդի (ֆոնդի տեսակի փոփոխում):

3. Ֆոնդի տեսակի փոփոխումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կանոնադրության փոփոխության միջոցով:

 4. Եթե ստանդարտ ֆոնդը վերափոխվում է մասնագիտացված ֆոնդի, կամ բաց ֆոնդը վերափոխվում է փակ ֆոնդի, ապա ֆոնդի կանոնադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից առնվազն երեք ամիս հետո:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա: Որակավորված ներդրողների բաց ֆոնդը փակ ֆոնդի վերափոխվելու դեպքում ֆոնդի կանոնադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում ֆոնդի տեսակի փոփոխման մասին ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) կողմից որոշում կայացվելուց առնվազն մեկ ամիս հետո:

6. Կորպորատիվ ֆոնդը կարող է վերակազմակերպվել բացառապես իր կառավարչի կողմից կառավարվող այլ կորպորատիվ ֆոնդին միանալու, սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում` այլ կառավարչի կողմից կառավարվող կորպորատիվ ֆոնդին միանալու, ինչպես նաև վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդը բաժնետիրական ընկերություն հանդիսացող ֆոնդի վերակազմավորվելու միջոցով:

7. Սույն օրենքով սահմանված դեպքերում առանց կառավարչի մնացած ֆոնդը կարող է միանալ այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդին, որի դեպքում պետք է պահպանվեն սույն օրենքի` նոր կառավարչի հետ ֆոնդի կառավարման պայմանագիր կնքելուն վերաբերող կանոնները:

8. Բաց կամ միջակայքային ֆոնդը չի կարող միանալ փակ ֆոնդին: Բաց ֆոնդը չի կարող միանալ միջակայքային ֆոնդին: Ստանդարտ ֆոնդը չի կարող միանալ մասնագիտացված ֆոնդին: Կամավոր կենսաթոշակային ֆոնդը կարող է միանալ միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդի:

9. Կորպորատիվ ֆոնդի` մեկ այլ կորպորատիվ ֆոնդի հետ միանալու ձևով վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միացող ֆոնդի (ֆոնդերի) գործունեության դադարման մասին Կենտրոնական բանկի ֆոնդերի գրանցման համապատասխան մատյանում գրառում կատարելու և այն ֆոնդի կանոնադրության մեջ կատարված համապատասխան փոփոխությունների գրանցման միջոցով, որին միացել են:

10. Կորպորատիվ ֆոնդին միանալու համար պահանջվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդի միացման համար:

11. Կորպորատիվ ֆոնդի տեսակի փոփոխման և ֆոնդի վերակազմակերպման հետ կապված ֆոնդի կանոնադրության փոփոխությունները ենթակա են հրապարակման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա:

12. Կորպորատիվ ֆոնդի տեսակի փոփոխման կամ ֆոնդի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են կառավարչի հաշվին:

 

Հոդված 100.

Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը

 

1. Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը կատարվում են կառավարչի խորհրդի որոշման և ֆոնդի ժողովի (առկայության դեպքում) կողմից դրան տրված համաձայնության հիման վրա:

2. Ստանդարտ (մասնագիտացված) պայմանագրային ֆոնդը կարող է վերափոխվել մասնագիտացված (ստանդարտ) պայմանագրային ֆոնդի, կամ ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի կոնկրետ տեսակը կարող է վերափոխվել ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի մեկ այլ տեսակով, ինչպես նաև բաց, միջակայքային կամ փակ պայմանագրային ֆոնդը կարող է վերափոխվել փակ, բաց կամ միջակայքային պայմանագրային ֆոնդի (ֆոնդի տեսակի փոփոխում):

3. Ֆոնդի տեսակի փոփոխումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով:

4. Եթե ստանդարտ ֆոնդը վերափոխվում է մասնագիտացված ֆոնդի, կամ բաց ֆոնդը վերափոխվում է փակ ֆոնդի, ապա ֆոնդի կանոնների փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից առնվազն երեք ամիս հետո:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա: Որակավորված ներդրողների բաց ֆոնդը փակ ֆոնդի վերափոխվելու դեպքում ֆոնդի կանոնների փոփոխություններն ուժի մեջ են մտնում ֆոնդի տեսակի փոփոխման մասին կառավարչի խորհրդի կողմից որոշում կայացվելուց առնվազն մեկ ամիս հետո:

6. Ֆոնդի միաձուլումը, բաժանումը և առանձնացումն արգելվում են:

7. Ֆոնդի` մեկ այլ ֆոնդին միացումն իրականացվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միացող ֆոնդի (ֆոնդերի) կանոնների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և այն ֆոնդի կանոնների մեջ կատարված համապատասխան փոփոխությունների գրանցման միջոցով, որին միացել են:

8. Ֆոնդի միացման համար պահանջվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդի միացման համար:

9. Պայմանագրային ֆոնդը կարող է միանալ միայն նույն կառավարչի կողմից կառավարվող մեկ այլ պայմանագրային ֆոնդի: Սույն օրենքով սահմանված դեպքերում առանց կառավարչի մնացած ֆոնդը կարող է միանալ այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդին, որի դեպքում պետք է պահպանվեն սույն օրենքի` ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելուն վերաբերող կանոնները: Բաց կամ միջակայքային ֆոնդը չի կարող միանալ փակ ֆոնդին: Բաց ֆոնդը չի կարող միանալ միջակայքային ֆոնդին: Ստանդարտ ֆոնդը չի կարող միանալ մասնագիտացված ֆոնդին: Կամավոր կենսաթոշակային ֆոնդը կարող է միանալ միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդի: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կարող է միանալ միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույն տեսակի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի:

10. Միացման դեպքում միացող ֆոնդի ակտիվները և պարտավորությունները փոխանցվում են այն ֆոնդին, որին միանում է փոխանցման ակտին համապատասխան:

11. Ֆոնդի տեսակի փոփոխման և միացման հետ կապված ֆոնդի կանոնների փոփոխությունները ենթակա են հրապարակման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա:

12. Ֆոնդի տեսակի փոփոխման կամ միացման հետ կապված ծախսերը կատարվում են կառավարչի հաշվին:

(100-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ՖՈՆԴԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ (ԼՈՒԾԱՐՈՒՄԸ)

 

Հոդված 101.

Կորպորատիվ ֆոնդի լուծարումը

 

1. Ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերի` կորպորատիվ ֆոնդը լուծարվում է, եթե`

1) լրացել է ֆոնդի կանոնադրությամբ նախատեսված ֆոնդի գործունեության ժամկետը.

2) ֆոնդի գրանցումից հետո` 6 ամսվա ընթացքում, ձեռք չի բերվել ֆոնդի զուտ ակտիվների` սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունը.

3) ֆոնդի զուտ ակտիվների արժեքը նվազել է սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունից վեց ամսից ավելի ժամկետով.

4) ֆոնդի զուտ ակտիվների արժեքը նվազել է սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծության 1/2-ից.

5) սույն օրենքով սահմանված կարգով դադարեցվել (դադարել) է ֆոնդի պահառության և (կամ) ֆոնդի կառավարման պայմանագրի գործողությունը, և այդ պահից 2 ամսվա ընթացքում չի նշանակվել նոր պահառու և (կամ) կառավարիչ, կամ ֆոնդը սույն օրենքով սահմանված կարգով չի միացել այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի.

6) օրենքով և ֆոնդի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) կողմից ֆոնդի լուծարման մասին որոշում չկայացվելու դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է պահառուի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ ֆոնդի լուծարման պահանջով հայցադիմում ներկայացնել դատարան:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) որոշման հիման վրա ֆոնդը կարող է լուծարվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության առկայության դեպքում, եթե նրա լուծարմամբ չեն վտանգվի ֆոնդի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Սույն մասով նախատեսված համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդը կառավարչի խորհրդի որոշման հիման վրա կարող է լուծարվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված հիմքերով` նախապես առնվազն վեց ամիս առաջ հայտարարելով այդ մասին:

4. Ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) նշանակած լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամներ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխան որակավորում ունեցող անձինք: Կենտրոնական բանկը վերահսկողություն է իրականացնում ֆոնդի լուծարման գործընթացի նկատմամբ, և լուծարման հանձնաժողովը իր գործունեության համար հաշվետու է Կենտրոնական բանկի առջև:

5. Ֆոնդի ակտիվներն ամբողջությամբ բաշխելուց հետո ֆոնդի լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) կողմից հաստատվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ փաստաթղթերի հետ ներկայացվում է Կենտրոնական բանկ` ֆոնդի լուծարման մասին գրանցում կատարելու համար:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու պահից տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջները:

7. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում լուծարային հանձնաժողովը 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարային հաշվեկշիռը լուծարվող ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր միջնորդագիր է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ միջնորդագիրը քննում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

8. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը լուծարվող ֆոնդին գրանցումից հանելու մասին գրառում է կատարում ֆոնդերի գրանցումների մատյանում:

9. Ֆոնդը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած Կենտրոնական բանկի կողմից ֆոնդի լուծարման մասին համապատասխան գրանցում կատարելու պահից, որի մասին Կենտրոնական բանկը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազոր մարմնին` վերջինիս կողմից ֆոնդի լուծարման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

10. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը ֆոնդի լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է ֆոնդի լուծարման հետ կապված պարտավորություններից:

11. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի լուծարման դեպքում ֆոնդի մասնակիցն իրավունք ունի պահանջելու տվյալ ֆոնդի պահառուից, որ իրեն բաշխման ենթակա ակտիվների հաշվին իր անունից ձեռք բերվեն այլ (իր ընտրած) կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր (բաժնետոմսեր): Պահառուն պարտավոր է գրավոր և պատշաճ ձևով տեղեկացնել լուծարվող ֆոնդի բոլոր մասնակիցներին` սույն մասով նախատեսված իրենց իրավունքների և դրանց հետևանքների մասին: Սույն մասով սահմանված ծանուցումն ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան ակտիվները միանվագ վճարվում են ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցներին:

 

Հոդված 102.

Պայմանագրային ֆոնդի դադարեցումը

 

1. Ֆոնդը դադարեցվում է, եթե`

1) լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված` ֆոնդի գործելու ժամկետը.

2) ֆոնդի կանոնների գրանցումից հետո` 6 ամսվա ընթացքում, ձեռք չի բերվել ֆոնդի զուտ ակտիվների արժեքի` սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունը.

3) ֆոնդի զուտ ակտիվների արժեքը իջել է սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունից վեց ամսից ավելի ժամկետով.

4) ֆոնդի զուտ ակտիվների արժեքը իջել է սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծության 1/2-ից.

5) սույն օրենքով սահմանված կարգով դադարեցվել (դադարել) է ֆոնդի պահառության և (կամ) ֆոնդի կառավարման պայմանագրի գործողությունը, և այդ պահից երեք ամսվա ընթացքում չի նշանակվել նոր պահառու և (կամ) կառավարիչ, կամ ֆոնդը սույն օրենքով սահմանված կարգով չի միացել այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի.

6) օրենքով և ֆոնդի կանոններով նախատեսված այլ դեպքերում:

2. Ֆոնդի դադարեցման մասին որոշումը կայացնում է կառավարիչը, իսկ նրա բացակայության դեպքում` պահառուն, որը ենթակա է համաձայնեցման ֆոնդի ժողովի հետ (դրա առկայության դեպքում): Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության դեպքում ֆոնդի դադարեցման մասին որոշում չկայացվելու կամ ֆոնդի ժողովի կողմից այդ որոշմանը համաձայնություն չտրամադրվելու դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է պահառուի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ ֆոնդի դադարեցման պահանջով հայցադիմում ներկայացնել դատարան:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում կառավարչի (պահառուի) կողմից ֆոնդի դադարեցման մասին որոշման հիման վրա ֆոնդը կարող է դադարեցվել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության առկայության դեպքում, եթե նրա դադարեցմամբ չեն վտանգվի ֆոնդի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Սույն մասով նախատեսված համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար:

4. Ֆոնդի դադարեցումը իրականացվում է կառավարչի, իսկ նրա բացակայության դեպքում` պահառուի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը վերահսկողություն է իրականացնում ֆոնդի դադարեցման գործընթացի նկատմամբ, և կառավարիչը (պահառուն) հաշվետու է նրա առջև իր գործողությունների համար:

5. Ֆոնդի դադարեցման և ֆոնդի պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետների (որը չի կարող պակաս լինել երկու ամսից) ու կարգի մասին հայտարարությունը, ինչպես նաև պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետների ավարտից հետո կառավարչի (պահառուի) կազմած դադարեցման միջանկյալ հաշվեկշիռը կառավարիչը կամ պահառուն (եթե կառավարիչ չկա) պետք է հրապարակի առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:

6. Ֆոնդի դադարեցման ժամանակ կառավարիչը (պահառուն) կարող է իրականացնել միայն այնպիսի գործողություններ և կնքել այնպիսի գործարքներ, որոնք ուղղված են ֆոնդի ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և ֆոնդի ակտիվների բաշխմանը:

7. Ֆոնդի պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ դադարեցման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ֆոնդը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, ֆոնդի ակտիվները բաշխվում են ֆոնդի մասնակիցների միջև ֆոնդում նրանց մասնակցության չափին համամասնորեն: Ֆոնդի մասնակիցներին նրանց փայերի դիմաց վճարումը կատարվում է բացառապես դրամական միջոցներով:

8. Ֆոնդի ակտիվներն ամբողջությամբ բաշխելուց հետո կառավարիչը (պահառուն) կազմում է դադարեցման հաշվեկշիռ, որը ֆոնդի ժողովի առկայության դեպքում հաստատվում է նրա կողմից և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ փաստաթղթերի հետ ներկայացվում է Կենտրոնական բանկ` ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու պահից տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը կայացնում է դադարեցման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է դադարեցման հաշվեկշռի հաստատումը, եթե կառավարիչը (պահառուն) խախտել է օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ֆոնդի դադարեցմանը ներկայացվող պահանջները:

10. Կենտրոնական բանկի կողմից դադարեցման հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում կառավարիչը (պահառուն) 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից դադարեցման հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և դադարեցման հաշվեկշիռը դադարեցվող ֆոնդի ժողովի (առկայության դեպքում) կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր միջնորդագիր է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ միջնորդագիրը քննում է սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

11. Կենտրոնական բանկի կողմից դադարեցման հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը դադարեցվող պայմանագրային ֆոնդի կանոնները գրանցումից հանելու մասին գրառում է կատարում պայմանագրային ֆոնդերի կանոնների գրանցումների մատյանում:

12. Ֆոնդը համարվում է դադարած Կենտրոնական բանկի կողմից ֆոնդի դադարման մասին համապատասխան գրանցում կատարելու պահից, որի մասին Կենտրոնական բանկը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազոր մարմնին` վերջինիս կողմից ֆոնդի դադարման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

13. Կենտրոնական բանկի կողմից դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում կառավարիչը (պահառուն) ֆոնդի դադարեցման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո կառավարիչը (պահառուն) ազատվում է ֆոնդի դադարեցման հետ կապված պարտավորություններից:

14. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դադարեցման դեպքում ֆոնդի մասնակցի ակտիվները ենթակա չեն վերադարձման նրան, այլ դրանց հաշվին և վերջինի անունից տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գնվում են սույն մասով սահմանված կարգով ընտրված այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ֆոնդի ընտրությունը կատարվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ֆոնդի մասնակցի կողմից սույն մասով նախատեսված ֆոնդի ընտրությունը կատարելու անհրաժեշտության և դրա կարգի մասին գրավոր և պատշաճ ձևով տեղեկացվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ընտրությունը չկատարվելու դեպքում ֆոնդի ընտրությունը կատարվում է տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծրագրային մոդուլի միջոցով պատահականության սկզբունքով:

15. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի դադարեցման դեպքում ֆոնդի ակտիվները բաշխվում են ֆոնդի մասնակիցների միջև սույն օրենքի 101-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  9

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 103.

Վերահսկողության իրականացման ընդհանուր հիմունքները

 

1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

2. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում կարգավորում և վերահսկում է կորպորատիվ ֆոնդերը, այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդերը, կառավարիչներին և պահառուներին (այսուհետ` վերահսկվող անձինք), ինչպես նաև դրանց ղեկավարների և դրանց կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձանց գործունեությունը:

3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողության իր իրավասությունն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ հեռակա վերահսկողության և նրանց մոտ ստուգումների իրականացման միջոցով:

4. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:

5. Կենտրոնական բանկն իրավասու է վերահսկողության ընթացքում վերահսկվող անձանց վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնելու օտարերկրյա պետության` ֆոնդերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնին, որոնք անհրաժեշտ են նրան` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան վերահսկվող անձի կողմից տվյալ պետության տարածքում դուստր ընկերություն (այդ թվում` որպես գործակալ հանդես եկող դուստր ընկերություն) կամ տարածքային ստորաբաժանում ստեղծելուն համաձայնություն տալու կամ տվյալ պետության տարածքում ստեղծված այդպիսի դուստր ընկերության (այդ թվում` որպես գործակալ հանդես եկող դուստր ընկերության) կամ տարածքային ստորաբաժանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար` Կենտրոնական բանկի և օտարերկրյա պետության` ֆոնդերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 104.

Կենտրոնական բանկի հեռակա վերահսկողությունը

 

1. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունն իրականացնում է սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից Կենտրոնական բանկի կողմից պահանջվող` Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, տեղեկանքների, բացատրագրերի և նմանատիպ այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման միջոցով:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգն ու ժամկետները:

 

Հոդված 105.

Կենտրոնական բանկի կողմից ստուգումների իրականացումը

 

1. Կենտրոնական բանկն ստուգումներն իրականացնում է օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված հաճախականությամբ և կարգով` ըստ իր կազմած ստուգումների ծրագրի (ծրագրված ստուգումներ) և (կամ) ըստ անհրաժեշտության:

2. Վերահսկվող անձանց մոտ ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 106.

Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը

 

1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները, կառավարիչների մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները (կիրառելիության դեպքում).

1) նախազգուշացում` խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտում չկրկնելու և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով (հանձնարարականներով) (այսուհետ` նաև նախազգուշացում).

2) տուգանք.

3) մասնագիտական որակավորումից զրկում.

4) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2. Մեկ խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ պատասխանատվության միջոց, բացառությամբ այն դեպքի, երբ նախազգուշացման հետ կիրառվում է նաև տուգանք:

3. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը չի բացառում միաժամանակ այլ ընթացակարգով նշանակված քրեական, վարչական, քաղաքացիական կամ պատասխանատվության այլ ձևերի կիրառման հնարավորությունը:

4. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(106-րդ հոդվածը լրաց. 12.11.15 ՀՕ-138-Ն)

 

Հոդված 107.

Նախազգուշացումը

 

1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ նախազգուշացում տալու նման խախտում թույլ տված անձին:

2. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը, և խախտում թույլ տված անձը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:

3. Նախազգուշացման մեջ տրվում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական (հանձնարարականներ): Այդ հանձնարարականով (հանձնարարականներով) կարող են նախատեսվել նաև վերահսկվող անձի կողմից կնքվող որոշակի գործարքների և (կամ) գործառնությունների դադարեցում և (կամ) դրանց պայմանների փոփոխություն և (կամ) նրանց գործունեությունն օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու վերաբերյալ անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացման ցուցումներ: Հանձնարարականի (հանձնարարականների) կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:

 

Հոդված 108.

Տուգանքը

 

1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում, եթե վերահսկվող անձի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) նախազգուշացում տալու արդյունքում այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները չեն վերացվել կամ չեն կարող վերացվել, Կենտրոնական բանկի նախագահն իրավասու է նման խախտում թույլ տված անձի նկատմամբ իր որոշմամբ կիրառելու տուգանք:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում նշանակված տուգանքի առավելագույն չափի նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սահմանված տուգանքի առավելագույն չափի մասին դրույթները, եթե այլ օրենքներով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ:

3. Տուգանքի չափը որոշելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում`

1) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը).

2) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.

3) անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.

4) նախկինում նույն անձի կողմից նույն կամ այլ խախտում թույլ տված լինելը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության բնույթն ու չափը.

5) Կենտրոնական բանկի կողմից էական ճանաչված այլ հանգամանքներ:

4. Բոլոր դեպքերում տուգանքի չափը չպետք է հանգեցնի վերահսկվող անձի` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական վիճակին:

5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները կամովին չվճարվելու դեպքում գանձվում են դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա: Ընդ որում, վերահսկվող անձի ղեկավարի կամ դրա կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձի նկատմամբ կիրառված տուգանքը գանձվում է նրա անձնական միջոցներից:

6. Սույն գլխով նախատեսված կարգով գանձված տուգանքներն ուղղվում են պետական բյուջե:

 

Հոդված 109.

Մասնագիտական որակավորումից զրկելը

 

1. Վերահսկվող անձի ղեկավարը կամ դրա կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է զրկվել մասնագիտական որակավորումից, եթե նա`

1) դիտավորությամբ խախտել է օրենքները կամ այլ իրավական ակտերը.

2) կատարել է այնպիսի գործողություններ կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որի հետևանքով վերահսկվող անձը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնասներ.

3) պաշտոնավարման ընթացքում վարել է անհիմն և ներդրողների շահերը վտանգող գործունեություն կամ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների, այդ թվում` վերահսկվող անձի և նրա հաճախորդների հանդեպ ստանձնած պարտականությունների նկատմամբ.

4) խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին կամ չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականը (հանձնարարականները).

5) մասնագիտական որակավորում ստանալու համար ներկայացրել է կեղծ և (կամ) անարժանահավատ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ:

 

Հոդված 110.

Լիցենզիայի (թույլտվության) ուժը կորցրած ճանաչելը

 

1. Կենտրոնական բանկի կողմից կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սույն օրենքով նախատեսված դեպքերում:

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառումը Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետ սահմանել կառավարչի համար, որի ընթացքում վերջինը պարտավոր է վերացնել լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու համար հիմք համարվող խախտումները:

3. Պահառուի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Բ Ա Ժ Ի Ն  10

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 111.

Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի թերությունների մասին ծանուցումը և կատարված փոփոխությունների մասին տեղեկացումը

 

1. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված սույն օրենքով նախատեսված միջնորդագրին կից չեն ներկայացվել սույն օրենքով և (կամ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող բոլոր փաստաթղթերը և (կամ) դրանցում առկա են թերություններ, ապա Կենտրոնական բանկը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել միջնորդագիր ներկայացրած անձին: Սույն մասով սահմանված կարգով ծանուցված անձը պարտավոր է տասը օրացուցային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) վերացնել դրանցում առկա թերությունները: Այդ դեպքում միջնորդագիրը ներկայացված է համարվում բոլոր պատշաճ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրվելու պահից:

2. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված` սույն օրենքով նախատեսված միջնորդագրի քննության ընթացքում ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա միջնորդագիր ներկայացրած անձը պարտավոր է ողջամիտ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև Կենտրոնական բանկի կողմից ներկայացված միջնորդագրի բավարարման կամ մերժման մասին որոշման ընդունումը, այդ փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով նաև փոփոխված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը: Այդ դեպքում միջնորդագիրը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրվելու պահից:

 

Հոդված 112.

Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը

 

1. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող են կասեցվել նրա կողմից, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

2. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելու համար սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի կողմից միջնորդագիր ներկայացրած անձի միջնորդագիրը չմերժելու և սահմանված ժամկետը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կասեցնելու մասին որոշում չկայացնելու դեպքում համարվում է, որ Կենտրոնական բանկը կայացրել է դրական որոշում, և Կենտրոնական բանկը պարտավոր է իրականացնել այն գործողությունները, որոնք, համաձայն սույն օրենքի, նա պետք է իրականացներ, եթե սահմանված ժամկետներում ընդունած լիներ համապատասխան դրական որոշումը: Ընդ որում, այդ գործողությունների համար սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացնելու համար նախատեսված ժամկետի վերջին օրը լրանալու պահից:

 

Հոդված 113.

Կենտրոնական բանկի կայացրած որոշումները և դրանց ուղարկումը

 

1. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կայացրած որոշումները պետք է լինեն հիմնավորված և աներկիմաստ:

2. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կայացրած որոշումը այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է միջնորդագիր ներկայացրած անձին:

 

Բ Ա Ժ Ի Ն  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 114.

Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 115.

Անցումային դրույթներ

 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուների համար սույն օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետից:

2. Ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման և կառավարչի գրանցման և լիցենզավորման համար սույն օրենքով նախատեսված միջնորդագիրը կարող է Կենտրոնական բանկ ներկայացվել միայն Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գրանցման (գրանցման և լիցենզավորման) կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-245-Ն 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան