Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-201-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.07.2021-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) համագործակցության վարույթով մեղադրյալի կողմից իր կատարած այլ հանցագործությունը բացահայտելը.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Համագործակցության վարույթ կիրառելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 67.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 67.2. Պատիժ նշանակելը համաձայնեցման կամ համագործակցության վարույթի դեպքում

 

1. Համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի առավելագույն չափի կամ ժամկետի երկու երրորդը։ Եթե առավել խիստ պատժատեսակի երկու երրորդը փոքր է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից։

2. Չավարտված հանցագործություններով համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որը ստացվել է հաշվարկի արդյունքով։

3. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակը կամ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում:

4. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ սանկցիայի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափը, կամ ժամկետը կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում։

5. Սույն հոդվածով նախատեսված կանոններով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 67.1-ին հոդվածով սահմանված կանոնները կիրառելի չեն։

6. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելիս սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառելի են համակցության մեջ ընդգրկված յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 75-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է նաև, եթե անձի հետ կնքվել է մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է համագործակցությունը դադարեցվելու կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին միջնորդությունը դատարան ներկայացնելու պահից:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 103.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Համաձայնության և համագործակցության վարույթների կիրառման դեպքում սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են, եթե համաձայնության արձանագրությամբ կամ մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով բռնագանձման ենթակա գույքի կամ դրա չափի վերաբերյալ այլ բան նախատեսված չէ, բացառությամբ շրջանառությունն արգելված կամ անձանց ու հասարակության համար վտանգ ներկայացնող գույքի, որը ենթակա է պարտադիր բռնագանձման՝ հօգուտ պետության: Բանակցությունների արդյունքում համաձայնեցված՝ բռնագրավման ենթակա գույքի չափը չի կարող պակաս լինել ընդհանուր կարգով բռնագրավման ենթակա գույքի արժեքի 75 տոկոսից։»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-201-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան