Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-18-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
      

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

           
 Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

     

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ապոստիլ՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված թղթային կամ էլեկտրոնային հավաստագիր, որը հավաստում է պաշտոնական փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը.

2) պաշտոնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության դատարանների, վարչական և այլ մարմինների, այդ մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև նոտարների կողմից իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում թղթային կրիչով կամ էլեկտրոնային ձևաչափով կազմված և տրամադրված փաստաթղթեր:

        
 Հոդված 3. Պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման գործընթացը

      

1. Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են Կոնվենցիային անդամակցող պետությունների տարածքում:

2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կազմած և տված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացման ենթակա չեն:

3. Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից, բացառությամբ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդման, հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկանքների, որոնք ապոստիլով վավերացվում են արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից:

4. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ներկայացված պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացվում են արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից:

5. Պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու կարգը, ապոստիլի ձևանմուշը, տեսակները, վավերապայմանները, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը գործածելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու ժամկետները և կարգը, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանը վարելու, օգտագործելու և տեխնիկական ապահովումն իրականացնելու կարգը, ինչպես նաև ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի ցանկը սահմանվում են արդարադատության և արտաքին գործերի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարների համատեղ հրամանով:

6. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով:

7. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումին կից ներկայացվում են դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթը, սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը:

8. Այլ անձի պատկանող պաշտոնական փաստաթուղթը երրորդ անձանց կողմից ապոստիլով վավերացնելու նպատակով դիմում ներկայացնելիս լիազորագիր չի պահանջվում:

9. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, եթե «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանում բացակայում են ապոստիլով վավերացնելու համար ներկայացված պաշտոնական փաստաթուղթն ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնավարման, պաշտոնեական դիրքի, ստորագրության, կնիքի կամ դրոշմակնիքի վերաբերյալ տեղեկությունները:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքերում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը հարցում է կատարում պաշտոնական փաստաթուղթը տրամադրած մարմին՝ այն կազմող և հաստատող անձի վերաբերյալ տեղեկությունները, ստորագրության, կնիքի կամ դրոշմակնիքի նմուշներն ստանալու նպատակով, որն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացված փաստաթուղթը վավերացնում է ապոստիլով:

12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված մարմինները հայցվող տեղեկությունները տրամադրում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության հարցումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու ժամկետի երկարաձգման մասին դիմողը տեղեկացվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային կամ փոստային նամակով կամ իր տրամադրած կապի այլ միջոցներով:

14. Ապոստիլով վավերացման ենթակա չեն՝

1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների տված փաստաթղթերը.

2) առևտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:

                 
 Հոդված 4. Օտարերկրյա պետության կազմած փաստաթղթի վավերականությունը Հայաստանի Հանրապետությունում

      

1. Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի ապոստիլով վավերացված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը, կամ փաստաթուղթն ազատվել է օրինականացումից:

             
 Հոդված 5. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումի մերժման հիմքերը

           

1. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`

1) փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը.

2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձևաչափին.

3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ.

4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի և փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ.

5) անընթեռնելի են փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը.

6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ.

7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը.

8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր.

9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:

             
  Հոդված 6. Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթուղթը կազմող և տրամադրող մարմնի կողմից տեղեկությունների տրամադրումը

         

1. Ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթ կազմող և տրամադրող մարմինները և պաշտոնատար անձինք արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն են ներկայացնում իրենց կողմից կազմվող պաշտոնական փաստաթուղթը հաստատող պաշտոնատար անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշները: Պաշտոնական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձևանմուշ սահմանված լինելու դեպքում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությանն է տրամադրվում նաև այդ ձևանմուշը:

2. Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձևանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը, այդ տեղեկությունների պահպանման պայմանները և ժամկետները սահմանում է Կառավարությունը:

            
 Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

            

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

      

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 9
Երևան
ՀՕ-18-Ն

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան